020.1144.150414
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
15 ապրիլի 2014թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող` քաղաքացի Լ. Պողոսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Լ. Պողոսյանի` 2013 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ մասը սահմանում է.
«4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն»:
2. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Լևոն Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 09.12.2011թ. որոշումը: Դատարանի 08.02.2012թ. որոշմամբ բողոքը մերժվել է, ինչը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ 15.03.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է: Նշված որոշման դեմ Լ. Պողոսյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 17.05.2012թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:
Հիմք ընդունելով թիվ 16541106 տեսաձայնագրային փորձագիտական եզրակացությունը` Լևոն Պողոսյանը 01.11.2012թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով հիշյալ եզրակացությունը դիտել որպես նոր երևան եկած հանգամանք և վարույթ հարուցել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սինանյանի կողմից 13.11.2012թ. որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը մերժելու մասին, քանի որ Լ. Պողոսյանի կողմից նշված եզրակացությունն առկա է քրեական գործում, որը քննիչի կողմից ներկայացվել է դատարան և այն ուսումնասիրվել է: Նշված որոշումը բողոքարկվել է, ինչի արդյունքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս. Խաչատրյանի կողմից 06.12.2012թ. բողոքը մերժելու մասին որոշում է կայացվել:
Լևոն Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սինանյանի կողմից 13.11.2012թ. կայացված` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը մերժելու մասին ու Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս. Խաչատրյանի կողմից 06.12.2012թ. կայացված` բողոքը մերժելու մասին որոշումները: Դատարանը 29.01.2013թ. «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ Լ. Պողոսյանի բողոքը մերժել է: Նշված որոշման դեմ Լ. Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2013թ. որոշմամբ մերժվել է` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ. որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Լ. Պողոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 14.05.2013թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:
3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ դրանք լիարժեք չեն ապահովում անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումը, արդար ու անաչառ դատաքննությունը` հակասելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին:
Դիմողի կարծիքով, ըստ վիճարկվող նորմի` վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում ինչ նյութեր տրամադրել դատարանին և ինչ նյութեր թաքցնել դատարանից: Այս հանգամանքն ստեղծում է արդարադատության իրականացման և օրինականության համար ծանր վիճակ, չարաշահումների հող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը տրամադրում է դատարանին միայն այն նյութերը, որոնք չեն ժխտում իր որոշումը և չեն բացահայտում քննչական մարմնի կողմից արված կոպիտ խախտումները: Այս դեպքում դատարանը զրկված է լինում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի տեղեկությունից:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին:
Ըստ պատասխանողի` վիճարկվող նորմն իր առաքելությամբ, կարգավորումներով և գործող խմբագրությամբ չի կարող դիտվել հակասահմանադրական, քանի որ հստակ և միանշանակ ամրագրում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողություն իրականացնելու հնարավորությունն ու դեպքերը: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ վիճարկվում են նախաքննության փուլում գտնվող քրեական գործի վերաբերյալ համապատասխան մարմինների և/կամ անձանց գործողությունները կամ որոշումները, ապա այս պարագայում նախաքննության գաղտնիությունը, իհարկե, պետք է պահպանել, և համապատասխան սուբյեկտներն իրավունք ունեն չներկայացնելու գործում առկա որոշ նյութեր: Շեշտվել է նաև, որ օրենսդիրը նախատեսում է «...ոչ թե քրեական գործի ողջ նյութերի ներկայացումը դատարան, ...այլ միայն այն նյութերը, որոնք անմիջականորեն առնչվում են դատարան ներկայացված բողոքի առարկային»:
5. Սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումները, ըստ էության, առնչվում են սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2012թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2012թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2012թ. որոշումներին:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «... դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Իսկ, ինչպես արդեն վերը նշվել է, սույն գործով դիմումը սահմանադրական դատարան մուտքագրվել է 2013 թվականի նոյեմբերի 20-ին: Հետևաբար, Լ. Պողոսյանը սույն գործով սահմանադրական դատարան վերոհիշյալ դատական ակտերով դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը չի պահպանել:
Ինչ վերաբերում է Լ. Պողոսյանի կողմից սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2013թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2013թ. որոշումներին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ դատական ակտերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում` օրենքի դրույթի կիրառման պայմանը:
i
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...»Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
i
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:
Դիմողի կողմից սահմանադրական դատարան ներկայացված դատական ակտերում սույն գործով վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի վերաբերյալ որևէ ուղղակի հիշատակում չկա, կիրառում առկա չէ:
Բացի դրանից, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի սահմանադրականությունը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
15 ապրիլի 2014 թվականի
ՍԴՈ-1144