i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1010/02/12
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1010/02/12
Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Գ. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի հոկտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Գագիկ Սիմոնյանի, Լիլիթ Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սիմոնյանի, Լիլիթ Սարգսյանի ընդդեմ Բանկի` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Գագիկ Սիմոնյանից և Լիլիթ Սարգսյանից համապարտության կարգով բռնագանձել 03.05.2012 թվականի դրությամբ առկա պարտքը` 95.952 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որից վարկային գծի պայմանագրով պարտավորություններ` 7.675,5 ԱՄՆ դոլար, այդ թվում` վարկային գիծ` 5.832,59 ԱՄՆ դոլար (ներառյալ` ժամկետանց վարկային գիծ` 3.032,90 ԱՄՆ դոլար), տոկոսագումար` 621,76 ԱՄՆ դոլար, ժամկետանց վարկային գծի տույժ և տուգանք` 956,62 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսագումարի տույժ և տուգանք` 264,53 ԱՄՆ դոլար, վարկային պայմանագրով պարտավորություններ` 88.276,58 ԱՄՆ դոլար, այդ թվում` վարկ` 75.067,59 ԱՄՆ դոլար (ներառյալ` ժամկետանց վարկ` 6.947,10 ԱՄՆ դոլար), տոկոսագումար` 7.604,91 ԱՄՆ դոլար, ժամկետանց վարկի տույժ և տուգանք` 2.361,74 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսագումարի տույժ և տուգանք` 3.242,34 ԱՄՆ դոլար, վճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև բռնագանձումը տարածել գրավադրած Երևանի Դեմիրճյան փողոցի 43-րդ շենքի թիվ 123 բնակարանի վրա և պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գագիկ Սիմոնյանը և Լիլիթ Սարգսյանը պահանջել են գրավի առարկան ընդունման-հանձնման ակտով Բանկին հանձնելու փաստի հիման վրա Բանկի գործողությունները ճանաչել պայմանագրի 5.1 կետով նախատեսված արտադատական կարգով բռնագանձման տարածման իրավունքի իրականացում 30.06.2011 թվականի դրությամբ և պարտավորեցնել Բանկին ավարտել գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձման տարածման մասով պայմանագրի 5.1 կետով նախատեսված գործընթացը` գրավի առարկայի նկատմամբ հիմնական պարտավորության դիմաց հիմնական պարտավորության արժեքով Բանկի սեփականությունը գրանցելով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գագիկ Սիմոնյանը և Լիլիթ Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 238-րդ, 249-րդ, 251-րդ, 253-րդ, 254-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 53-րդ, 130-րդ, 131-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ գրավի առարկան գրավառուի և գրավատուի փոխադարձ գրավոր համաձայնությամբ գրավառուի տիրապետմանը հանձնելը բռնագանձում տարածելու գործընթաց սկսել է` չուղարկելով բռնագանձման ծանուցում, այնինչ գրավադրված գույքը գրավառուի տիրապետմանը հանձնելու գործողությունը ՀՀ գործող որևէ օրենսդրությամբ պարզապես հնարավոր չէ որակել բռնագանձման գործընթացի մեկնարկ, քանի որ նման եզրահանգումը չափազանց սուբյեկտիվ և վտանգավոր է, մասնավորապես, բանկային համակարգի և հատկապես ֆինանսական շուկայի այն մասնակիցների համար, որոնք իրենց նկատմամբ պարտավորություններն ապահովում են` ապավինելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ կանոնակարգված գրավի ինստիտուտին:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ եզրահանգել է նաև, որ գույքը բանկի տիրապետման ներքո վերցնելով` Բանկն օգտվել է գրավի պայմանագրի 5.1.1 կետով նախատեսված իր իրավունքից, և գրավի առարկան հիմնական պարտավորության դիմաց հիմնական պարտավորության արժեքով վերցրել է ի սեփականություն: Նման եզրահանգումն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել իրավիճակը և չի նկատել նույնիսկ, որ գրավի առարկան Բանկի տիրապետմանը հանձնելը գրավի պայմանագրից ածանցյալ, բայց և առանձին գործարք է` կնքված կողմերի փոխադարձ համաձայնությամբ և պայմանագրի 5.1.1 կետով սահմանված արտադատական կարգով բռնագանձման իրավունքից օգտվելու համար նման ակտի կնքման անհրաժեշտությունը բացակայում էր, ու 5.1.1 կետից օգտվելու համար Բանկի կողմից որևէ ջանք գործադրելու անհրաժեշտություն չկար: Գրավի առարկան ի տիրապետումն ձեռք բերելը նպատակ է հետապնդել պահպանել այն հնարավոր վնասներից:
Վերաքննիչ դատարանը որոշմամբ նշել է նաև, որ Բանկը, գրավի առարկան իր տիրապետման տակ վերցնելով, պատասխանողներին զրկել է գույքն իրացնելու և ստացված գումարը ստանձնած պարտավորությունների մարմանն ուղղելու հնարավորությունից: Նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ գույքի գրավադրման պայմանագրի կնքմամբ և անշարժ գույքի դեպքում գրավի իրավունքը գրանցելով` արդեն իսկ սեփականատերն իր կամքով և իր կողմից տրված համաձայնությամբ «զրկված» է եղել այդ գույքն առանց գրավատուի համաձայնության իրացնելու հնարավորությունից:
Բացի այդ, թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանրապես քննարկման առարկա չի հանդիսացել փաստաբանական ծառայության մատուցման պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը, թերի քննելով գործը և լիարժեք ու ամբողջական լուծում չտալով կողմերի միջև առկա վեճին, ակնհայտորեն չի գնահատել գործում եղած ապացույցները: Ավելին, հանձնման ակտով գույքը Բանկի կողմից ի տիրապետումն ընդունելը որակելով որպես գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձում` Դատարանն ակնհայտորեն անտեսել է ինչպես այդ ակտն ու դրա բովանդակությունը, այնպես էլ գործում եղած այլ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու անհրաժեշտությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում և վերը նշված փաստական հանգամանքների հետազոտմամբ և դրանց վերաբերելի օրենքների կիրառմամբ կայացրել է հիմնավորված որոշում:
Բացի այդ, այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված են եղել ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ինչի վերաբերյալ դատարանների կողմից կատարվել են համապատասխան տրամաբանական հետևություններ:
Տվյալ դեպքում պատասխանողները դիմել են Դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու պահանջով, և թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը գտել են, որ Բանկի գործողությունները հակասել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և կողմերի միջև կնքված պայմանագրերի դրույթներին, և կայացրել են հիմնավոր դատական ակտեր` ելնելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության սկզբունքներից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 30.04.2010 թվականի թիվ ՀԱՎ 100432 վարկային պայմանագրով Բանկը համավարկառու Գագիկ Սիմոնյանին և Լիլիթ Սարգսյանին տրամադրել է 80.600 ԱՄՆ դոլարի վարկ` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով, 120 ամիս մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 30-34):
2) 30.04.2010 թվականին թիվ ՔՎԳ-100432-1 քարտով վարկային գծի տրամադրման պայմանագրով Բանկը Գագիկ Սիմոնյանին տրամադրել է 8.400 ԱՄՆ դոլարի վարկ` տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 36 ամիս մարման ժամկետով մինչև 30.04.2013 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 26-29):
3) 30.04.2010 թվականի թիվ Ե 100432 երաշխավորության պայմանագրով վարկային գծի տրամադրման պայմանագրով սահմանված պարտավորություններն ապահովվել են Լիլիթ Սարգսյանի երաշխավորությամբ, որով վերջինս պարտավորվել է պատասխանատվություն կրել Բանկի նկատմամբ Գագիկ Սիմոնյանի կողմից նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար(հատոր 1-ին, գ.թ. 35-36):
4) 30.04.2010 թվականի թիվ ՀԳ 100432 անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրով, որպես վարկային և վարկային գծի պայմանագրերով սահմանված պարտավորությունների ապահովման միջոց, գրավադրել է Երևանի Կենտրոն համայնքի Դեմիրճյան փողոցի 40-րդ շենքի թիվ 123 բնակարանը` 73,4 քմ ընդհանուր մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 20-24):
5) 30.04.2010 թվականի թիվ ՀԳ100432 անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի 5-րդ կետով սահմանվել է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պայմանները: Նշված պայմանագրի 5.1 կետով Գագիկ Սիմոնյանը տվել է իր անվերապահ համաձայնությունն առ այն, որ իր կողմից հիմնական պարտավորությամբ և կամ պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավի առարկայի վրա Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել արտադատական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 22):
6) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակից Սմբատ Անտոնյանի և Նարինե Հարությունյանի միջև 30.06.2011 թվականին կազմված ակտի համաձայն` «Սույնով Նարինե Բաբկենի Հարությունյանը հաստատում է առ այն, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավադրված ՀՀ, ք. Երևան, Դեմիրճյան 40 շենք, բն. 123 հասցեում գտնվող ամբողջ շարժական գույքը հանձնված է իրեն` Նարինե Բաբկենի Հարությունյանին:
Սույնով Նարինե Բաբկենի Հարությունյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` ի դեմս բանկի աշխատակից Սմբատ Անտոնյանի, հավաստում և արձանագրում են, որ նշված գույքի կապակցությամբ միմյանց նկատմամբ որևէ պարտք և/կամ պահանջ չունեն, և տվյալ գույքը պատշաճ կարգով և վիճակում հանձնված է Նարինե Բաբկենի Հարությունյանին` ամբողջությամբ, ինչի համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում:
Սույնով Նարինե Բաբկենի Հարությունյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` ի դեմս բանկի աշխատակից Սմբատ Անտոնյանի, արձանագրում և հաստատում են, որ ՀՀ, ք. Երևան, Դեմիրճյան 40 շենք, բն. 123 հասցեում գտնվող անշարժ գույքը 30.06.2011 թվականի դրությամբ հանձնված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տիրապետմանը` ի դեմս Սմբատ Անտոնյանի, ամբողջությամբ դատարկ վիճակում, և նույն օրվա դրությամբ այնտեղ որևէ գույք առկա չէ»:
7) 30.03.2012 թվականին դադարեցվել է վարկային գծի պայմանագրով սահմանված տոկոսների և տույժերի հաշվարկը, որի դրությամբ պարտքն ընդհանուր գումարով կազմել է 95.952,08 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 18-19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է գրավառուի պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգ, արդյո՞ք Բանկն իրավունք ունի իր պահանջի բավարարման նպատակով դիմել դատարան գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Նույն օրենսգրքի 249.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գրավառուի պահանջները բավարարելու համար օրենսդիրը նախատեսել է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու երկու եղանակ` առանց դատարան դիմելու և դատարանի վճռի հիման վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249.1-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարվում են դատարանի վճռով գրավառուի և գրավատուի միջև գրավոր համաձայնության բացակայության դեպքում, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ նման համաձայնության առկայության դեպքում գրավառուն իրավունք չունի օգտվելու դատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածը նախատեսել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբեր եղանակներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավադրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել` գրավառուի պահանջները բավարարելու համար: Ընդ որում, գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու իրավունք ունի գրավի վրա բռնագանձում տարածելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ: Բացի այդ, Բանկն իրավունք ունի նաև պահանջ ներկայացնել դատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու համար: Տվյալ դեպքում գրավառուի իրավունքն է ընտրելու իրավունքի պաշտպանության եղանակներից մեկը:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հարցին և արձանագրել, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով անձին իր իրավունքների պաշտպանության լրացուցիչ եղանակ ընձեռելու պայմաններում վերջինս իր հայեցողությամբ է իրականացնում իր իրավունքների պաշտպանությունը: ՈՒստի նյութական իրավունքի որևէ նորմ (այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը) չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող դրույթ (տե՛ս ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Սպարտակ, Էդգար, Էրիկ, Նավասարդ Մկրտչյանների, Նաիրա Արուստամյանի` վարկային պայմանագրով պարտքը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջների մասին թիվ 3-678(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Այսինքն` չնայած այն հանգամանքին, որ Բանկի և պատասխանողների միջև կնքված պայմանագիրը նախատեսում է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգ, սակայն դա հանդիսանում է ոչ թե Բանկի պարտականությունը, այլ նրա իրավունքը, հետևաբար վարկառուն չի կարող պարտադրել Բանկին, թե վերջինս օրենքով նախատեսված պաշտպանության որ եղանակն ընտրի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին և արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործով հայցը բավարարելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ «Պատասխանողների կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարվել, որից ելնելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պահանջով գրավի առարկա Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 40 շենքի թիվ 123 բնակարանը 30.06.2011 թվականին հանձնվել է հայցվոր կազմակերպության տիրապետմանը համապատասխան կարգով կազմված ակտի հիման վրա: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետով և անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրով նախատեսված ծանուցումն առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին Գրավատուին չի ուղարկվել, և դրա բացակայությամբ սկսվել է վերը նշված գործընթացը», բացի այդ, «հայցվոր կազմակերպությունը, անշարժ գույքը վերցնելով իր տիրապետման ներքո, գույքի նկատմամբ որևէ հետագա գործողություն չկատարելով, օգտվել է անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի 5.1.1 կետով նախատեսված իր իրավունքից` գրավի առարկան Հիմնական պարտավորության դիմաց Հիմնական պարտավորության արժեքով վերցրել է ի սեփականություն», «հայցվոր կազմակերպությունը 30.06.2011 թվականին արդեն իսկ օգտվելով անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի 5.1 կետով նախատեսված իր իրավունքից` սկսել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացը, որը նույն պայմանագրի 5.1.1 կետով նախատեսված հնարավորությամբ, բնակարանն իր տիրապետման տակ վերցնելով, ըստ էության ավարտել է, սակայն 17.04.2012 թվականին այլ իրավունքից օգտվելու վերաբերյալ պատասխանողներին ուղարկել է պահանջագիր, այնուհետև դիմել է դատարան` գումարի բռնագանձման պահանջով»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ գրավադրված գույքի արտադատական բռնագանձումը Բանկի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, որի իրականացման գործընթացը կանոնակարգված է ՀՀ օրենսդրությամբ: Այսինքն` բռնագանձման ծանուցում չուղարկելը և գրավի առարկան պարզապես Բանկի տիրապետմանը վերցնելն ինքնանպատակ չպետք է լինի, իսկ տվյալ դեպքում գրավի առարկան հանձնման ակտով ի տիրապետումն ձեռք է բերվել միայն գրավի առարկան հնարավոր վնասվածքներից պահպանելու նպատակով: Բացի այդ, Բանկի ներկայացուցչի և ոչ սեփականատիրոջ միջև կնքված ակտը դեռևս չի նշանակում, որ բռնագանձման գործընթացը կարելի է համարել սկսված:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ըստ էության, տեղի է ունեցել գրավադրված գույքի հանձնում Բանկին, իսկ գրավի առարկան Բանկին հանձնելու հիմքով գրավատուն, ըստ էության, զրկվել է սեփականության իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունից, մասնավորապես, դրա տարր հանդիսացող օգտագործման և տնօրինման հնարավորությունից, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգմամբ անտեսվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, մասնավորապես, գույքի գրավադրման պայմանագրի կնքմամբ և անշարժ գույքի դեպքում գրավի իրավունքը գրանցելով` արդեն իսկ սեփականատերն իր կամքով և իր կողմից տրված համաձայնությամբ զրկված էր այդ գույքն առանց գրավատուի համաձայնության իրացնելու իրավունքից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի և գրավի պայմանագրի 2.2.1 կետի հիման վրա: Բացի այդ, գրավի առարկան Բանկի տիրապետմանը հանձնելու համաձայնությունը ձեռք է բերվել երկկողմանի և գրավատուների կամքի ազատ արտահայտման պայմաններում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան