Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1116.240913

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված` Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի հուլիսի 10-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին` Քիշնևում:

Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրն ստորագրել է վերապահումով, ըստ որի` Համաձայնագրի 16-րդ հոդվածն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. «Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և դրա անբաժանելի մասն է»:

 

2. Համաձայնագրով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր) համագործակցությունն իրականացնելու են` ա) Կողմերի համագործակցության իրավական-պայմանագրային հենքի կատարելագործման և հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի ոլորտում Կողմերի պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը աջակցության, բ) հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի համաձայնեցված ռազմավարության ու համատեղ միջոցների մշակման, գ) հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման բնագավառում իրավասու մարմինների փոխգործակցության մեխանիզմների համակարգման և կատարելագործման, դ) հրազենի անօրինական պատրաստմանը և շրջանառությանը մասնակից անդրազգային հանցավոր խմբերի, դրանց առաջնորդների և մասնակիցների մասին տվյալների համատեղ բանկի ստեղծման, ե) հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման հարցերի հետ կապված միջազգային կազմակերպություններում և միջազգային ֆորումներում փոխգործակցության և զ) հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության կանխման ուղղությամբ համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման ուղղություններով:

3. Համաձայնագրով Կողմերը համագործակցությունն իրականացնելու են` 1) տեղեկատվության փոխանակման, 2) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ հարցումների կատարման, 3) համատեղ և/կամ համակարգված` պրոֆիլակտիկ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծրագրման և իրականացման, այդ թվում` վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործմամբ, 4) աշխատանքային փորձի փոխանակման, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, գործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացման, 5) կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում աջակցության, 6) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ գիտական հետազոտությունների անցկացման, 7) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական հանձնարարականների փոխանակման ձևերով:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով Կողմերի հետ իրականացնել համագործակցություն զենքի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում,

բ) Կողմերի հետ համագործակցությունն իրականացնել Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներում սահմանված ուղղություններով և ձևերով,

գ) փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա օգտագործել վերահսկվող մատակարարման մեթոդը հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված հանցագործությունները խափանելու և բացահայտելու, ինչպես նաև դրանց մասնակից անձանց հայտնաբերելու նպատակով,

դ) Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացնել աջակցություն ցուցաբերելու մասին հայցի հիման վրա, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու միջոցով,

ե) որպես հայցվող Կողմ` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հայցը կատարի հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց առավելագույնը` հայցը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում` բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հայցերի կատարման, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա, և այդ մասին տեղեկացնի հայցող Կողմի պետության իրավասու մարմնին,

զ) ապահովել, որպեսզի հայցվող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն անմիջապես ծանուցի հայցող Կողմի պետության իրավասու մարմնին հայցի կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ուշացնող հանգամանքների մասին, իսկ եթե հայցի կատարումը հայցն ստացած մարմնի իրավասության մեջ չէ, ապա երաշխավորել, որ նա կփոխանցի հայցը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարմնի, որն իրավասու է այն կատարելու, և այդ մասին անմիջապես կտեղեկացնի հայցող Կողմի իրավասու մարմնին,

է) ապահովել, որպեսզի հայցի կատարման ամբողջական կամ մասնակի մերժման կամ հետաձգման մասին հայցվող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ծանուցի հայցող Կողմի պետության իրավասու մարմնին` նշելով մերժման կամ հետաձգման պատճառները,

ը) ապահովել Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվության և փաստաթղթերի պաշտպանությունն ու պահպանվածությունը,

թ) երաշխավորել, որ Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը կամ հայցի կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի գրավոր համաձայնության, չեն օգտագործվի այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել կամ տրամադրվել են, իսկ տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք Համաձայնագրի հիման վրա ստացվել է մյուս Կողմից, չփոխանցել երրորդ կողմի`առանց դրանք տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության,

ժ) սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերն իրականացնել ինքնուրույն, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցված:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ Համաձայնագրի 9-րդ հոդվածում սահմանված տեղեկատվության պաշտպանության ապահովման պարտավորությունը շարունակելու է կրել նույնիսկ Համաձայնագրի գործողության դադարեցումից կամ դրանից դուրս գալուց հետո:

 

6. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ, իրականացնելով ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետագա կատարման հուսալիությունն առավելագույնս ամրապնդելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ քննության առարկա Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ընդհանուր բնույթը և, միաժամանակ, հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պահանջում են Համաձայնագրի կատարման նկատմամբ վերահսկողության հստակ և անընդհատ իրականացվող մեխանիզմ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված` Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1116

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.09.2013
N ՍԴՈ-1116
Որոշում