040.1072.080811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2011 թվականի N 1072-Ն
i
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 21-ի
N 1072-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված` ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու հետ կապված իրավահարաբերությունները:
2. Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար ոչ պետական, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունն օտար լեզվով ուսումնական ծրագրերի իրականացումն սկսելու ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում իր կողմից մշակված`
1) դիմում օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն ստանալու մասին.
2) տեղեկանք ուսումնական հաստատության գործունեության մասին, պետռեգիստրի վկայականի, կանոնադրության և հանրակրթական համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենները.
3) ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանները, որոնցում նշված են, թե որ առարկաներն են դասավանդվելու հայերեն և, որոնք` օտար լեզվով.
4) տեղեկանք այն մասին, որ միջազգային կրթական տվյալ ծրագիրը չի հակասում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.
5) տեղեկանք միջազգային կրթական ծրագրի և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող գնահատման համակարգերի համապատասխանության վերաբերյալ.
6) տեղեկանք այն մասին, թե միջազգային ծրագրով ներկայացված յուրաքանչյուր առարկա և համապատասխան գրականությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված որ բնագավառին (բնագավառներին) է վերաբերում` ըստ կրթական աստիճանի.
7) տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների համար հայագիտական առարկաների ուսուցումը հայերենով կազմակերպելու մասին.
8) տեղեկանք սովորողներին տրվելիք` Հայաստանի Հանրապետության պետական ավարտական վկայականում գրանցվող առարկաների ցանկի մասին.
9) տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող սովորողների համար իրենց ընտրած լեզվով հայոց պատմություն առարկայի պարտադիր դասընթացներ կազմակերպելու մասին.
10) միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրի կամ առնվազն տասը պետություններում գործող միջազգային որևէ կրթական ծրագիր իրականացնելու համապատասխան թույլտվության պատճենը: Համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները պարտավոր են հաշվի առնել տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները:
3. Նախարարությունը հատուկ գրանցամատյանի միջոցով վարում է օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար ոչ պետական, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններից ստացված դիմումների (այսուհետ` դիմում) հաշվառում:
4. Դիմումները քննարկվում են` ըստ դրանց նախարարություն ներկայացվելու հերթականության: Նախապատվությունը տրվում է առավել վաղ ներկայացված դիմումին:
5. Դիմումը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի կամ սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նախարարությունը հնգօրյա ժամկետում դիմումը ներկայացնողին տեղեկացնում է դրա մասին և առաջարկում տասնօրյա ժամկետում վերացնել նշված թերությունը, ինչը դիմումը ներկայացնողի կողմից չկատարվելու դեպքում դիմումը վերադարձվում է:
6. Դիմումը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` տվյալ ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու վերաբերյալ:
i
7. Տվյալ ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում են`
1) թույլտվության ժամկետը (3 տարի).
2) իրականացվող միջազգային կրթական ծրագիրը.
3) ինչ օտար լեզվով (լեզուներով) է կազմակերպվելու կրթությունը:
8. Օրենքով նախատեսված թվով ուսումնական հաստատություններին օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն տալուց հետո նախարարությունը դրա մասին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնում է հանրությանը, և դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է:
9. Թույլտվության եռամյա ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ համապատասխան կրթական հաստատությունը կարող է նախարարություն ներկայացնել թույլտվությունը ևս 3 տարով երկարաձգելու մասին դիմում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվության երկարաձգումը կատարվում է նախարարության ներկայացմամբ` թույլտվության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ:
10. Տվյալ ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ հսկողությունն իրականացնում է նախարարությունը:
11. Տվյալ ուսումնական հաստատության կողմից օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվության տրամադրման համար հիմք հանդիսացող` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերին համապատասխան նախարարություն ներկայացված փաստաթղթերի տվյալների և փաստացի դասավանդման ընթացքի միջև անհամապատասխանության հայտնաբերման դեպքում նախարարությունն ուսումնական հաստատությանը գրավոր նախազգուշացնում է մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու անհրաժեշտության մասին:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախարարության ներկայացմամբ որոշում է ընդունում օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվության դադարեցման մասին`
1) սույն կարգի 11-րդ կետին համապատասխան նախազգուշացում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնական հաստատության կողմից խախտումը չվերացվելու դեպքում.
2) առնվազն տասը պետություններում գործող միջազգային որևէ կրթական ծրագիր իրականացնելու համապատասխան թույլտվության դադարեցման կամ չեղյալ ճանաչման դեպքում.
3) տվյալ ուսումնական հաստատության կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի դադարեցման դեպքում.
4) թույլտվություն տալու համար հիմք հանդիսացող միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրի դադարեցման կամ չեղյալ ճանաչման դեպքում: