ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0197/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0197/02/08
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 1.116.000 ՀՀ դրամ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետը, 399-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 338-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ընկերության կողմից վկայակոչված փաստերի ապացուցման բեռը դրված է միմիայն նրա վրա: Այդ փաստերն են` 1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ 1.216.000 ՀՀ դրամի չափով Կազմակերպության պարտքը փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը, 2) պարտավորության սկիզբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնավորեցման օրվան (31.10.2002 թ-ին) հաջորդող օրն է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը սույն փաստերի ապացուցման հիմքում դրել է միայն 28.06.2005 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը, 24.02.2006 թվականի համաձայնագիրը, պարտապանների ցանկը, ՀՀ կառավարության որոշումները, որոնցով չի ապացուցվում վերը նշված փաստը:
Դատարանը, հաստատված համարելով, որ Ընկերության և Կազմակերպության միջև պահանջի իրավունքի զիջման հիմքով առկա է պարտավորություն, առաջին հերթին պարտավոր էր պարզել, թե այդ պարտավորությունն ի սկզբանե երբ և ինչ ծավալով է ծագել, այնուհետև փոխանցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Հայգազարդ» ՓԲԸ-ին, իսկ դրանից հետո` Ընկերությանը:
06.05.2008 թվականին Կազմակերպությունը դիմում է ներկայացրել և խնդրել է կիրառել հայցային վաղեմություն:
Եթե Կազմակերպության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքի գումարը պահանջի զիջման իրավունքի պայմանագրի հիման վրա անցել է «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը, այնուհետև` Ընկերությանը, ապա գործարք կնքելը Կառավարության որոշմամբ սահմանված պահանջ է, իսկ այդ որոշումը պարտքերի փոխանցման (ակնհայտ է, որ գոյություն ունեցող պարտքի) մասին է: Հետևաբար, պահանջի զիջման պայմանագրի առարկա կարող էր լինել գոնե Կառավարության որոշման ընդունման պահին (22.08.2002 թ-ին) առկա պարտքը: Դատարանը պարտավոր էր արձանագրել, որ Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:
i
Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին Կազմակերպության դիմումի մերժման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Տվյալ դեպքում պարտքի վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից 11.10.2005 թվականին 100.000 ՀՀ դրամի չափով պարտքը վճարվել է, այսինքն` վերջինս ընդունել է իր պարտավորությունը և մասամբ կատարել է այն, իսկ ընդհատված վաղեմության ժամկետի ընթացքը նորից սկսվել է 11.10.2005 թվականին»: Մինչդեռ, Կազմակերպության կողմից 11.10.2005 թվականին կատարված վճարումը չի կարող դիտվել որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում, քանի որ այդ գումարի վճարման ժամկետը լրացել էր 22.08.2005 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննարկել է ներկայացված ապացույցները և գործող օրենսդրությանը համապատասխան կայացրել է որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
i
1) ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ բոլոր տեսակի դեբիտորական պարտքերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Հայգազարդ» ՓԲ ընկերության միջև կնքվող պահանջի իրավունքի զիջման պայմանագրով փոխանցվում են «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը:
2) «Հայգազարդ» ՓԲԸ-ի հողմից հաստատված ակտի համաձայն` Կազմակերպության 1.216.000 ՀՀ դրամ պարտքն առաջացել է էլեկտրաէներգիայի սպառումից, որը կատարվել է մինչև 2002 թվականի փետրվար ամիսը:
3) «Հայգազարդ» ՓԲԸ-ի` որպես ցեդենտի, և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի` որպես ցեսիոնարի միջև կնքված «Պահանջի իրավունքի զիջման մասին» 28.01.2005 թվականի պայմանագրով (պայմանագրի անբաժանելի մաս համարվող թիվ 1 հավելվածով) և «Պահանջի իրավունքի զիջման պայմանագրի փոփոխման մասին» 24.02.2006 թվականի համաձայնագրով ամրագրվել է, որ Կազմակերպության նկատմամբ 1.216.000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը փոխանցվել է Ընկերությանը: Նշված պայմանագրում ոչ մի նշում չկա այն մասին, թե Կազմակերպության պարտքը երբ է առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ:
4) Սույն գործում որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առկա չէ ի հիմնավորումն այն հանգամանքի, որ Կազմակերպության պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ ծագել է ոչ թե 22.08.2002 թ-ից առաջ, այլ` 31.10.2002 թ-ին հաջորդող օրը, այն է` 01.11.2002 թ-ին:
5) Էլեկտրոնային վճարման 11.10.2005 թվականի թիվ 004-64-64 հանձնարարագրի համաձայն` էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց Կազմակերպությունը 11.10.2005 թվականին Ընկերությանն է փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար:
6) Դատարանում Կազմակերպությունը 07.05.2008 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա: Նույն օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն` սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պարտավորական հարաբերություններում պարտատիրոջ փոփոխվելու դեպքում զիջվող իրավունքները նոր պարտատիրոջն են անցնում (փոխանցվում) որոշակի` անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով:
Սույն գործի փաստերից հետևում է, որ «Հայգազարդ» ՓԲ ընկերությունը 28.01.2005 թվականին կնքված «Պահանջի իրավունքի զիջման մասին» պայմանագրով (պայմանագրի անբաժանելի մասն համարվող թիվ 1 հավելվածով) «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերությանն է զիջել «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած 1.216.000 ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը: Նշված գումարի պահանջի իրավունքն իր հերթին «Հայգազարդ» ՓԲ ընկերությանն էր փոխանցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից` ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման հիմքով կնքված պայմանագրի ուժով, իսկ Կազմակերպության 1.216.000 ՀՀ դրամ պարտքն առաջացել էր մինչև 2002 թվականի փետրվար ամիսը կատարված էլեկտրաէներգիայի սպառումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ հոդվածների համաձայն` իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այն է` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանվել են հատուկ ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն` պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա, և հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպությունը 07.05.2008 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում: Նշված դիմումն ստորադաս դատարանի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Կազմակերպության վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, սակայն 11.10.2005 թվականին վերջինս 100.000 ՀՀ դրամի չափով պարտքը վճարել է, որով և հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում պարտքի վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, պատշաճ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքները, որ Կազմակերպության պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է մինչև 2002 թվականի փետրվար ամիսը կատարված էլեկտրաէներգիայի սպառումից ու այդ պարտքի վճարման պարտավորությունը ծագել է մինչև ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման կայացումը, քանի որ պարտավորության կատարման ժամկետի մասին Ընկերության կողմից այլ բան ապացուցված չլինելու պարագայում պահանջի զիջման պայմանագրի առարկա կարող էր լինել գոնե ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման պահին (22.08.2002 թ-ին) առկա, եթե ոչ ավելի շուտ ծագած պարտքը: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը կատարելու համար ստորադաս դատարանը պարտավոր էր հաշվի առնել Կազմակերպության պարտավորության խախտման պահը` պարտավորության ծագման փաստի հիման վրա, այլ ոչ թե դրանից հետո տեղի ունեցած պահանջի իրավունքի փոխանցման գործարքի օրը:
Նշված փաստերի հաշվառմամբ ստորադաս դատարանը պարտավոր էր արձանագրել, որ Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետն այլ լրանալու պատճառով, քանի որ այդ ժամկետը սկսել է հոսել 22.08.2002 թվականից ոչ ուշ և լրացել է 22.08.2005 թվականից ոչ ուշ, այնինչ Ընկերության կողմից հայցադիմում ներկայացվել է 14.04.2008 թվականին:
Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, թե Կազմակերպության կողմից 11.10.2005 թվականին էլեկտրոնային վճարային թիվ 004-64-64 հանձնարարագրով Ընկերությանը 100.000 ՀՀ դրամ փոխանցելու ուժով կատարվել է պարտքը ճանաչող գործողություն, որն էլ հիմք է հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար, անհիմն է, քանի որ վերոնշյալ փաստական հանգամանքներից բխում է, որ Կազմակերպության կողմից վճարումը կատարվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ուստի նման վճարումը չի կարող դիտվել որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման հիմք, քամի որ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող ընդհատվել: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի բովանդակությունից:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2008 թվականի որոշումը, և այն փոփոխել. «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերության հայցը մերժել:
2. «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ից հօգուտ «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի բռնագանձել 66.960 ՀՀ դրամ` վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան