i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0036/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0036/02/08
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Էդ. Մուրադյան
Ա. Մկրտչյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ «Էքսոլթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` բաց թողնված օգուտը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 45.000.000 ՀՀ դրամ որպես բաց թողնված օգուտի հատուցում:
Երևանի քաղաքացիական դատարանի 16.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 16.06.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, 49-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ կետը:
Նշված պնդումը պատճառաբանվում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով ենթակա էր պարզման, թե հայցվորի կողմից հիմնավորվել են այն հանգամանքները, թե առկա է արդյոք Կազմակերպության մեղքը, արդյոք Կազմակերպության կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ (մեղավորությամբ) իրավական ակտերի պահանջները խախտվելու արդյունքում Ընկերությանը պատճառվել է վնաս (պատճառահետևանքային կապ), արդյոք Ընկերությունը կրել է վնաս, թե դատարանին ներկայացված հաշվարկները կրում են տեսական բնույթ:
Վերոնշյալ հանգամանքները պարզելու նպատակով դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնները, ինչը նրան հնարավորություն կտար հիմնավորելու այն հանգամանքը` արդյո՞ք Ընկերությունը կրել է վնաս, թե` ոչ: Ընկերության «կամայական» հաշվարկները կամ հարկային հաշվետվությունները քննարկվող պարագայում թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն կարող համարվել, քանի որ դրանք վերաբերում են Ընկերության 2003 թվականի շահույթին, ընդ որում չի հիմնավորվում, որ դրանք ստացել է Կազմակերպության կողմից տրամադրված Ե 1 կապուղիների (վարձակալած գծերի) շահագործման հետևանքով:
i
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին տվել է տարածական մեկնաբանություն: Ընկերությունը չէր կարող կրել վնաս այնքանով, որքանով վերջինիս կողմից չեն ներկայացվել այն հիմնավորող պատշաճ ապացույցներ:
Ներկայացված հաշվարկներում Ընկերությունն ըստ էության առաջնորդվել է բաց թողնված օգուտ հաշվարկելու տեսական մոտեցումներով, ելնելով այն նկատառումներից, որ եթե 2002 թվականի նոյեմբերի 11-ից սկսած առաջին երեք ամիսների ընթացքում նոր բաժանորդագրությունների թիվն ամսական կտրվածքով կազմել է 306,67 բաժանորդ, ապա նույնքան բաժանորդ Ընկերությունը կարող էր ունենալ նաև իր գործունեությունը Կազմակերպության ենթադրյալ կետանցը թույլ տալու ժամանակահատվածում սկսելու դեպքում, իսկ այնուհետ պահանջը հիմնավորել է բացառապես հարկային հաշվետվություններով:
Երևանի քաղաքացիական դատարանը, նկատի ունենալով վերոնշյալ փաստական հանգամանքները, օբյեկտորեն հանգել է այն հետևության, որ պատասխանողի կողմից հայցվորին ծառայություններ փաստացի մատուցելու օրվանից հետո ընկած ժամանակահատվածում Ընկերությունը Կազմակերպության մեղքով որևէ կերպ չէր կարող բաց թողնել օգուտ, իսկ Կազմակերպությունը չէր կարող խախտել Ընկերության իրավունքը, քանի որ Կազմակերպության կողմից այդ ժամանակահատվածում ծառայությունն արդեն իսկ մատուցվում էր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2008 թվականի որոշումը և Ընկերության հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 25.06.2002 թվականին Ընկերությունը հայտ է ներկայացրել Կազմակերպությանը Ե1 կապուղիներ տրամադրելու վերաբերյալ:
2. Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման թիվ 653 պայմանագիրը կողմերի միջև կնքվել է 26.09.2002 թվականին:
3. ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.06.2005 թվականի թիվ S-1696 վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կազմակերպությունը լիցենզիայով վերագրված պարտավորությունը` կապված Ընկերության 25.06.2002 թվականի հայտի հիման վրա ծառայություններ մատուցելու հետ, կատարել է անպատշաճ` ողջամիտ ժամկետի ակնհայտ խախտմամբ. ողջամիտ է ճանաչվել 45-օրյա ժամկետը: Նշված դատական ակտով Կազմակերպությունից ամբողջությամբ բռնագանձվել է Ընկերությանը պատճառված իրական վնասի գումարը` 22.395.767 ՀՀ դրամի չափով:
4. Կազմակերպությունը փաստացի մատուցել է ծառայություններ Ընկերությանը 24.10.2002 թվականից:
5. Ընկերության ներկայացրած հաշվարկի համաձայն` հայցագինն իր մեջ չի ներառում հայտ ներկայացնելու օրվանից մինչև 11.11.2002 թվականը (Ընկերության գործունեության փաստացի սկսելու օրը) ընկած ժամանակահատվածում բաց թողնված օգուտը, այլ ներառում է այդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, բաց թողնված օգուտի հաշվարկը կատարվել է 36 ամսվա համար` հիմք ընդունելով մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդագրության միջին օգուտը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
i
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թ-ի որոշումը):
Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի` համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բաց թողնված օգուտի առկայությունը, այսինքն` անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը, յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները:
i
Ընդ որում, բաց թողնված օգուտի առկայությունը որոշելու համար նախևառաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (տես` Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանն ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին, թիվ 3-691 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.07.2007 թ. որոշումը): Մասնավորապես, սույն գործով այդպիսիք կարող են համարվել Ընկերության և բաժանորդների միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրերը, Ընկերության և երրորդ անձանց միջև կնքված նախնական պայմանագրերը, մտադրությունների վերաբերյալ արձանագրությունները, գրագրությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ և այլ պայմանավորվածություններ:
Սույն գործով Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել այն հիմքով, որ Կազմակերպության կողմից ողջամիտ ժամկետում կապուղիներ չտրամադրելու պատճառով Ընկերությունը կապուղիներ տրամադրելուց հետո կրել է բաց թողնված օգուտի տեսքով վնաս 45.000.000 ՀՀ դրամի չափով, որպիսի վնասի հաշվարկն էլ կատարվել է 36 ամսվա համար` հիմք ընդունելով մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդագրության միջին օգուտը:
Երևանի քաղաքացիական դատարանն Ընկերության հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Ընկերության ներկայացված ապացույցներով չի կարող հաստատվել այն փաստը, որ Կազմակերպության կողմից իր պարտավորությունները ողջամիտ ժամկետում չկատարելու հետևանքով Ընկերությունը պատասխանողի կողմից ծառայություններ փաստացի մատուցելու օրվանից հետո կրել է բաց թողնված օգուտի տեսքով վնաս:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բաց թողնված օգուտի առկայությունն առանց բավարար ապացույցների առկայության, քանի որ գործում առկա և դատարանի կողմից հետազոտված ապացույցներով կարող է հաստատվել միայն Կազմակերպության կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու հանգամանքը, որի առկայությունն անհրաժեշտ, բայց որ բավարար պայման է վնասի գումարի բռնագանձման համար: Սույն գործով հայցվորի կողմից որևէ կերպ չի ապացուցվել բաց թողնված օգուտի տեսքով վնասի առկայության, ենթադրյալ վնասի ու վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքները:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժի տալ Երևանի քաղաքացիական դատարանի 16.06.2008 թվականի վճռին:
2. «Էքսոլթ» ՍՊԸ-ից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան