Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0031/11/08

վերաքննիչ քրեական դատարանի

ԵԿԴ/0031/11/08 որոշում

Նախագահող դատավոր` Հ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի     

                                              Ա. Մկրտումյանի  

                                              Վ. Աբելյանի     

                                                  

                                                          ք. Երևանում

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վալերի Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

1. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Մ. Բադալյանի 2008 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Վալերի Գրիգորյանի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստի առթիվ:

2. Քրեական գործ հարուցելու մասին որոշումը Վ. Գրիգորյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 2008 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. 2008 թվականի մարտի 31-ին Վ. Գրիգորյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը վերացնելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Վ. Գրիգորյանի բողոքը մերժել է:

5. Վ. Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը և բավարարել իր բողոքը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով Վ. Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ուղարկել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով բողոքը մերժել:

i

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, 2008 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական

հանգամանքները

 

7. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Վալերի Գրիգորյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «որոշումն օրինական է, դիմողի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, որոշումը վերացնելու հիմքեր չկան»:

i

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա պատճառաբանելով սխալ պատճառաբանված, սակայն գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա չի կարող լինել, քանի որ այդպիսի որոշման` դատական կարգով բողոքարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված չէ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոք բերած անձը գտնում է, որ որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության և դատավարական իրավունքի խախտումներով. վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է օրենքի տառին և կամայական է. քրեական գործ հարուցելու մասին որոշման դատական կարգով բողոքարկումն իրավաչափ է, քանի որ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հանդիսանում է դատական վերահսկողության առարկա. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելով և կիրառելով որպես վերաքննիչ բողոքը մերժելու հիմք` վերաքննիչ դատարանը անհիմն կերպով սահմանափակել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքը:

Բողոք բերած անձը գտնում է նաև, որ քրեական գործը հարուցվել է առանց օրինական առիթի և բավարար հիմքերի:

10. Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջում է վերանայել վերաքննիչ դատարանի դատական ակտը և դատախազին պարտավորեցնել վերացնելու իր նկատմամբ կայացված` քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

11. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, անթույլատրելի համարելով քրեական գործ հարուցելու մասին որոշման` դատական կարգով բողոքարկումը, իր որոշումը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական կարգավորումները տրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխում, որի մեջ է ներառված նաև օրենսգրքի 290-րդ հոդվածը:

Նշված գլխի 278-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

Օրենքի բովանդակությունից հետևում է, որ մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինների ոչ բոլոր գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան: Բողոքարկման ենթակա որոշումների ցանկը օրենսդիրը նախատեսել է քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներում, այդ թվում նաև 290-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն` դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում: Իսկ նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների դեմ բողոքները դատարան ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, և առաջադրում պայման` որ նրանց բողոքները պետք է բավարարված չլինեն դատախազի կողմից:

Այստեղից հետևում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա չի կարող լինել, քանի որ դատական կարգով այդպիսի որոշման բողոքարկում ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, ոչ քրեական գործ հարուցելու կարգը սահմանող 182-րդ հոդվածով և ոչ էլ որևէ այլ հոդվածով նախատեսված չէ»:

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության ոլորտից բացառելը միայն այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ հոդվածում սահմանված չէ, որ այն կարող է բողոքարկվել դատական կարգով, թերի է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական վերահսկողության առարկա կարող են լինել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը: Անձի իրավունքները և օրինական շահերը խախտելու դեպքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները դատական բողոքարկման առարկա լինելու հանգամանքն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքից, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ... համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Ինչը ենթադրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նույնպես կարող է դատական բողոքարկման առարկա լինել, եթե այն խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասին, որում թվարկվում են բողոքարկման ենթակա որոշումները, որի վրա հիմնվելով, վերաքննիչ դատարանը հիմնավորել է իր որոշումը, ապա այն 290-րդ հոդվածի 1-ին մասի համեմատ կրում է լրացուցիչ բնույթ, քանի որ նրանում օգտագործվում է «նաև» շաղկապը, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ նրանում սպառիչ չի թվարկված դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումները:

Այսպիսով` վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման:

13. Քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի, որպեսզի մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական բողոքարկման առարկա, ապա պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը, թե ոչ:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 27-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է` քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի (արարքների) կապակցությամբ, այլ կերպ` փաստի առթիվ, և որևէ անձի համար քրեական դատավարությունում այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում, ուստիև` քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ քրեական դատավարությունում որևէ մեկի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում:

Այսպիսով` քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, քանի որ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ անձի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում:

15. ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի պնդումն այն մասին, որ վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշմամբ սահմանափակվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իր իրավունքը, անհիմն է, և հետևանք այն բանի, որ նա սխալ է մեկնաբանում ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

16. Վերոհիշյալ հոդվածի 1-ին մասում ամրագրված որևէ իրավունք վերաքննիչ դատարանը չի խախտել այն պարզ պատճառով, որ ինչպես նշվեց վերևում, քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ և քրեական դատավարությունում անձի համար այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում, հետևաբար որևէ անձի իրավունքները և օրինական շահերը քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ չի խախտվում, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում խոսվում է «խախտված իրավունքները վերականգնելու» մասին:

17. Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ դրույթին (իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք), ապա այս իրավունքը վերաբերում է քրեական գործի դատական քննության փուլին, և իր այդ իրավունքից Վալերի Գրիգորյանը կկարողանա օգտվել, երբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատարան ըստ էության քննելու համար:

18. Նկատի ունենալով, որ քրեական գործ հարուցվում է «քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի (արարքների) կապակցությամբ», և այդ որոշումը որևէ անձի համար իրավական որևէ հետևանք չի առաջացնում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև բողոքաբերի այն պնդումը, թե «քրեական գործը հարուցվել է անձի դեմ, ինչի հետևանքով Վալերի Գրիգորյանը փաստացիորեն հայտնվել է կասկածյալի կարգավիճակում»:

Նախ` սույն գործով քրեական գործ հարուցելու մասին որոշման եզրափակիչ մասում ուղղակիորեն նշված է, որ քրեական գործը հարուցվել է, ոչ թե անձի դեմ, այլ քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի կապակցությամբ, այսինքն` փաստի առթիվ, ինչպես պահանջում է օրենքը:

Այսպես` քրեական գործ հարուցելու մասին որոշման եզրափակիչ մասում գրված է. «Վալերի Գրիգորյանի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

i

Երկրորդ` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի` կասկածյալ կարող է ճանաչվել այն անձը`

1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.

2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ տալիս է այն հիմքերը, որոնց հիման վրա անձը դառնում է կասկածյալ, և դրանց մեջ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի նշվում:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսդրության իմաստով քրեական գործ հարուցելու հիմնական նպատակը ոչ թե անձին դատավարական կարգավիճակ տալն է, այլ օրինական քննության համար քրեադատավարական հիմք ստեղծելն է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները` քննչական գործողություններ, դատավարական հարկադրանքի միջոցներ և այլն:

i

20. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերով օրենքի էական խախտում թույլ չի տրվել, ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

21. Քննվող բողոքի կապակցությամբ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի չափանիշների, քրեական դատավարությունում քրեական գործ հարուցելու փուլի նշանակության վերաբերյալ հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վալերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 6-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Հ. Մանուկյան

Դատավորներ` Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N ԵԿԴ/0031/11/08
Որոշում