ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-171 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3608/2007թ.
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ Դ. Խաչատրյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի ապրիլի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ Ռուբեն Ավետիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
i
Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է Ռուբեն Ավետիսյանից բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ որպես առուվաճառքի պայմանագրով գնված ապրանքի համար վճարվելիք գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` մինչև վճռի փաստացի կատարման պահը:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճռով հայցը 1.040.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով` մերժվել:
Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը բեկանվել է, իսկ գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը 1.040.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Ավետիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը, 53-րդ և 218-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են քննվող քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող գործողություններ և դրանք կատարած անձինք: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով տվյալ հանգամանքները, վճռով հաստատել է դրանց հակասող փաստեր` նշելով, որ Սամվել Խաչատրյանի և Անուշ Համբարյանի միջև որևէ իրավահարաբերություն առկա չէ:
Այսպես, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև առկա են եղել պայմանագրային պարտավորություններ, այն դեպքում, երբ վերոհիշյալ դատավճռով հաստատված է այն հանգամանքը, որ պարտավորական հարաբերություններ առաջացել են Սամվել Խաչատրյանի և Անուշ Համբարյանի միջև:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2007 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճիռն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 18.06.2004 թվականին Ռուբեն Ավետիսյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ հետևյալ բովանդակությամբ. «Ես Ռուբեն Ավետիսյանս Սամվել Խաչատրյանից ստացա 5200 կգ կարտոֆիլի տնկանյութ, որի համար ստորագրում եմ»:
2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի 27.12.2007 թվականի դատավճռով (այսուհետ` դատավճիռ) հաստատված է համարվել այն փաստը, որ Անուշ Համբարյանը, չարաշահելով Կոոպերատիվի նախագահ Սամվել Խաչատրյանի վստահությունը, Ռուբեն Ավետիսյանի միջոցով ստացել է 1 կիլոգրամը 200 ՀՀ դրամ արժողության 5200 կգ կարտոֆիլի տնկանյութ, սակայն հետագայում հրաժարվել է վճարել ստացված 1.040.000 ՀՀ դրամ կազմող սերմացուի արժեքը:
3. Քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները` առանց բավարարման:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճիռ թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի և իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Սույն քաղաքացիական գործով հայցապահանջի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավճռով հաստատված հանգամանքները սույն գործի համար նախադատելի նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ Սամվել Խաչատրյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումն անհիմն է, քանի որ դատավճռով հաստատվել են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, որոնք նախադատելի նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի համար, քանի որ դրանցով հիմնավորվում է Անուշ Համբարյանի և Սամվել Խաչատրյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև առկա են եղել «որոշակի իրավահարաբերություններ, որոնք սույն քաղաքացիական վեճի առարկա չեն հանդիսանում», չի հիմնավորել նշված պնդումը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնության առկայության հանգամանքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է ուղարկել նոր քննության` Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը հիմնավորող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան