ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Քաղաքացիական գործ թիվ 3-1859(Ա)
համայնքների առաջին ատյանի 2006թ.
դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ս. Հովսեփյան
Քաղաքացիական գործ թիվ 2-6976/2005թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.07.2005 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի Ալբերտ Մովսեսյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը` ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ա. Մովսեսյանը խնդրել է իրեն ճանաչել հոր` Կարապետ Մովսեսյանի ժառանգական գույքի` Երևանի Դարաբաղի թիվ 41-Ա հասցեի հողամասի նկատմամբ փաստացի տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել սեփականության իրավունքն այդ հողամասում գտնվող, իր ընտանիքի կողմից կառուցված 494քմ մակերեսով շինության նկատմամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2005 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործի քննությանը մասնակից չդարձած Կամո Մարտիրոսյանը:
Ա. Մովսեսյանը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
i
1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Դատարանը հաշվի չի առել, որ շինությունն ինքնակամ կառույց է: Դատարանը դրա նկատմամբ կարող էր ճանաչել հողի սեփականատիրոջ սեփականության իրավունքը, իսկ հողը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի քաղաքապետարանին` չնայած այն հանգամանքին, որ Մովսեսյանները 1991 թվականին այն ինքնակամ զավթել են, ինչի արդյունքում խախտվել են և՛ քաղաքապետարանի և իր (բողոք բերած անձի) գույքային իրավունքները: Ի հիմնավորումն իր իրավունքի խախտման վերաբերյալ պնդման, բողոք բերած անձը բերել է այն փաստարկը, որ ապօրինի հողազավթման պատճառով ինքը զրկվել է 50,4քմ ավելի հողամաս օրինական ճանապարհով ձեռք բերելու տեսական հնարավորությունից:
Վիճելի հողամասը պետական սեփականություն հանդիսանալու փաստարկը բողոք բերած անձը որևէ կերպ չի հիմնավորել:
i
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 189-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Դատարանը պարտավոր էր գործի քննությանը մասնակից դարձնել հողի սեփականատիրոջ գործառույթներն իրականացնող Երևանի քաղաքապետարանին, հարակից հողամասերի սեփականատերերին (ներառյալ` բողոք բերած անձին) և Դարաբաղի 41 հասցեի սեփականատիրոջը: Դատարանի վճռում չեն նշվել հողամասի չափերը, դիմումատուն չի ներկայացրել ապացույցներ դիմումի առարկայի նկատմամբ ժառանգատուների գույքային իրավունքների, նոտարական կարգով ժառանգությունն ընդունելու անհնարինության վերաբերյալ և այն մասին, որ հնարավորություն չունի այլ կարգով ստանալու ժառանգության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Դատարանի 02.07.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի որոշմամբ Կարապետ Մովսեսյանի` Երևանի Դարաբաղի թիվ 41ա տունը հրդեհվելու և այն վերանորոգումով բնակելի դարձնելու անհնարինության պատճառով թույլատրվել է նրա որդուն` Ռուբեն Մովսեսյանին, նույն հասցեի հողամասի վերջնամասում կառուցել նոր տուն:
2) Կարապետ Մովսեսյանը մահացել է 1994 թվականի հունվարին: ՈՒնեցել է երեք ժառանգ` Ալբերտ, Սուրեն և Ռուբեն Մովսեսյանները: Ռուբեն Մովսեսյանը մահացել է 2002 թվականի հուլիսին, ամուսնացած չի եղել, բնակվել է Երևանի Դարաբաղի 41ա տանը: Սուրեն Մովսեսյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ հրաժարվել է ժառանգությունից:
3) Ալբերտ Մովսեսյանը 1993 թվականից մինչև հոր մահը և մահից հետո բնակվում է Երևանի Դարաբաղ 41ա տանը, փաստացի տիրապետում և կառավարում է այդ տունը և հողամասը:
4) «Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ-ի 02.07.2005 թվականի եզրակացությամբ Երևանի Դարաբաղի 41ա հասցեում Ալբերտ Մովսեսյանի կողմից կառուցված տան աշխատանքները կատարվել են շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վճիռը կայացնելու ժամանակահատվածում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իրականացվել է շինարարությունը:
i
ՀՀ 1991 թվականի հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվել են նրանց` որպես սեփականություն:
Երևանի Դարաբաղի փողոցի 41ա հասցեի հողամասը սեփականության իրավունքով պատկանել է Ա. Մովսեսյանի հորը` Կարապետ Մովսեսյանին: Վերջինս մինչև մահը նշված հողամասի նկատմամբ օրենքի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք: Նշված հողամասում վիճելի տունը կառուցվել է 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի որոշմամբ և թույլտվությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի և 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ա. Մովսեսյանը նշված հողամասի ժառանգությունն ընդունած միակ ժառանգն է, և նշված հողամասը պատկանում է նրան` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, այսինքն` վիճելի տունը կառուցվել է Ա. Մովսեսյանի հողամասում: Հետևաբար, դատարանը կարող էր ճանաչել Ա. Մովսեսյանի սեփականության իրավունքը նշված հողամասի և տան նկատմամբ:
Վիճելի հողամաս պետական սեփականություն հանդիսանալու` բողոքի հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ բողոք բերած անձն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ որևէ ապացույց չի ներկայացրել ի հիմնավորումն իր տեսակետի: Ավելին, նույնիսկ նման փաստարկների ներկայացման դեպքում դրանք չէին կարող դրվել բողոք բերած անձի պահանջը բավարարելու հիմքում, քանի որ տվյալ դեպքում այդ փաստարկները վերաբերում են այլ անձի` Երևանի քաղաքապետի իրավունքների խախտմանը:
Բացի այդ, բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված նյութերի համաձայն` Երևանի քաղաքապետի 21.08.2000 թվականի թիվ 1042 որոշմամբ Երևանի Դարաբաղի փողոցին հարող տարածքում վարձակալությամբ Կ. Մարտիրոսյանին հատկացվել է 420քմ հողամաս, իսկ 07.10.2002 թվականի թիվ 1745-Ա որոշմամբ նշված հողամասից 369,6քմ մակերեսն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է նրան: 369,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ Կ. Մարտիրոսյանին 25.11.2002թ. տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայագիր:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված 25.07.2001 թվականի գրությամբ Երևանի քաղաքապետի 21.08.2000 թվականի թիվ 1042 որոշմամբ Կ. Մարտիրոսյանին վարձակալությամբ տրամադրված 420քմ մակերեսով հողամասի և 29.05.2001 թվականի անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականում նշված 369,6քմ մակերեսով հողամասի չափերի տարբերությանը, ապա Երևանի քաղաքապետի 07.10.2002 թվականի թիվ 1745-Ա որոշմամբ հատկացված հողամասի չափը փոփոխվել է, և Կ. Մարտիրոսյանին սեփականության իրավունքով վաճառվել է 369,6քմ մակերեսով հողամաս, այսինքն` այնքան, որքան նշված է վարձակալության իրավունքի գրանցման վկայականում: Հետևաբար, Կ. Մարտիրոսյանին հատկացված հողամասի սահմանները խախտելու վերաբերյալ ապացույցներ տվյալ պահին առկա չեն:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 189-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի պահանջներին համապատասխան` դատարանի վճիռը հիմնավորված է դատական նիստում հետազոտված ապացույցներով, որոնք բավարար են եղել դիմումը բավարարելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.07.2005 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ