Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ թիվ 3-1857 (ՏԴ)

    քաղաքացիական գործ թիվ Տ-752-2006թ.                        2006թ.

նախագահող դատավոր` Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   Նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 07.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ «Տոնական» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` նաև կոոպերատիվ) դիմումի ընդդեմ ծառայության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` նաև տեսչություն)` ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել տեսչության 10.03.2005 թվականի թիվ ՍԱ-148084 ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 07.06.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակի` ՀՀ ԿԱ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչության 10.03.2005 թվականի թիվ 148084 ակտի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերը ճանաչվել են անվավեր: Պարտադրվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչությանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում կատարել վերահաշվարկ և «Տոնական» արտադրական կոոպերատիվի անձնական հաշվի քարտից դուրս գրել 10.03.2005 թվականի թիվ 148084 ակտի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով վճարման առաջադրված պարտավորությունների գումարը:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության պետը:

Կոոպերատիվը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1) Տնտեսական դատարանը խախտել կամ սխալ է կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.2-րդ ենթակետի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով` կոոպերատիվին 17.12.2001 թվականին տրամադրվել է քաղաքաշինության քաղաքացիական ոլորտում կապիտալ շինարարության իրականացման թիվ XXX 6494 լիցենզիան: Տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով 23.12.2002 թվականին նշված լիցենզիայի գործողությունը կասեցվել է, սակայն կոոպերատիվի մոտ ստուգումներ իրականացնելիս պարզվել է, որ այդ ժամանակահատվածում կոոպերատիվն իրականացրել է առանց լիցենզիայի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն:

i

2) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման համաձայն` փաստաթղթերը հիմնավորված են համարվում, երբ դրանք ներառում են նշված որոշման 2-րդ կետի «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե» ենթակետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող վավերապայմանները:

Կոոպերատիվի մոտ կատարված ծախսերը եղել են փաստաթղթերով չհիմնավորված: Կոոպերատիվի կողմից հաշվարկային փաստաթղթերում ներառված է եղել «Ա» ենթակետից միայն տարեթիվը, «Բ» ենթակետն ամբողջությամբ բացակայել է, «Գ» ենթակետի պահանջներից ներառվել են միայն Տոնական Մելքոնյանի անունը և ստորագրությունը, որով պարզ չէր, թե այդ փաստաթղթերը որ իրավաբանական անձին են պատկանում, «Դ» և «Ե» ենթակետերի պահանջները ներառված են մասնակիորեն: Նշված որոշման վավերապայմաններից համարյա ոչ մեկը արտացոլված չեն կոոպերատիվի կողմից որպես ծախս ընդունված հաշվարկային փաստաթղթերում` միակողմանի գնման ակտերում, առկա չէ նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր կամ լիազորագիր, ինչպես նաև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը չեն կազմվել առնվազն երկու օրինակից:

Տնտեսական դատարանը ՀՀ կառավարության վերը նշված որոշման դրույթներում «հակասությունների և երկիմաստությունների» առկայությունը որոշելիս հիմք է ընդունել փորձագետի կարծիքը այն պայմաններում, երբ փորձագետն իրավասու չէ իրավական գնահատականներ տալ իրավական ակտին և դրանում ընդգրկված իրավական նորմերին:

i

3) Տնտեսական դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով` կոոպերատիվը տրամադրված լիցենզիայի համար տարեկան հերթական վճարումը չի կատարել, որի հետևանքով օրենքի պահանջներին համապատասխան հաշվարկվել է տույժ:

i

4) Տնտեսական դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները:

Տնտեսական դատարանը հաստատված է համարել, որ տեսչությունը տնտեսավարող սուբյեկտին պատշաճ կարգով չի տրամադրել հանձնարարագրի և հրամանների օրինակները, այսինքն պատշաճ չի ծանուցել ստուգման անցկացման մասին:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով` կոոպերատիվի տնօրենը ստորագրել է 26.01.2005 թվականի թիվ 148084 հանձնարարագիրը և անձամբ ներկայացրել է հաշվապահական փաստաթղթերը, իսկ ինչ վերաբերում է ծառայության պետի 21.02.2005 թվականի թիվ 1-07/137-Ա և 03.03.2005 թվականի թիվ 1-07/177-Ա հրամաններին, ապա «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան կոոպերատիվի տնօրենը տեղեկացվել է փոստային առաքմամբ` դրանք տնօրենի կողմից անձամբ չստանալու պատճառով: Տնօրենի կողմից հրամաններն ստանալու ապացույցը ներկայացվել է դատարանին, որը դատարանն անտեսել է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա/ 17.12.2001 թվականի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կոոպերատիվին տրվել է կապիտալ շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության քաղաքացիական ոլորտի թիվ XXX 6494 պետական լիցենզիա, և սահմանվել է գործողության ժամկետ մինչև 17.12.2004 թվականը (գ.թ.47):

բ/ Կոոպերատիվի կողմից առաջին անգամ պետական տուրքի վճարումը կատարվել է 20.12.2001 թվականին, հետևաբար օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի վճարումն առաջացել է 20.12.2002 թվականին:

գ/ ՀՀ քաղաքաշինության նախարարի 23.12.2002 թվականի թիվ 23-Լ հրամանի համաձայն` կասեցվել է նշված լիցենզիայի գործողությունը (գ.թ.48-49):

դ/ ՀՀ վարչապետի 18.01.2005 թվականի թիվ 084-213 գրավոր հանձնարարության հիման վրա` ծառայության պետի 26.01.2005 թվականի թիվ 148084 հանձնարարագրի, 21.02.2005 թվականի թիվ 1-07/137-Ա և 04.03.2005 թվականի թիվ 1-07/177-Ա հրամանների համաձայն` տեսչությունը կոոպերատիվի մոտ իրականացրել է 01.04.2002 թվականից մինչև 01.04.2004 թվականն ընկած ժամանակաշրջանի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու և պետական տուրքի վճարման ստուգում:

ե/ Վերը նշված ստուգման արդյունքում 10.03.2005 թվականին կազմվել է թիվ ՍԱ-148084 ստուգման ակտը, և արձանագրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ 13.496.200 ՀՀ դրամ շահութահարկի գծով, 21.943.400 ՀՀ դրամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու և 830.500 ՀՀ դրամ պետական տուրքի համար:

զ/ Նշված լիցենզիայի կասեցման ընթացքում կոոպերատիվը 2002 թվականին և 2003 թվականին «Հայաստանի արդի արվեստի թանգարանի» շենքում և Արագածոտնի մարզի Դիանի գյուղում գտնվող դպրոցում իրականացրել է շինարարական աշխատանքներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է քաղաքաշինության բնագավառում կապիտալ շինարարության իրականացում` ըստ քաղաքաշինության, քաղաքացիական ոլորտը: Մինչդեռ կոոպերատիվն իրականացրել է առանց լիցենզիայի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեություն Արագածոտնի մարզի Դիանի գյուղում գտնվող դպրոցում, որպիսի հանգամանքը հաստատվել է նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 30.06.2005 թվականի թիվ 12490509, 30.01.2006 թվականի թիվ 37780609 փորձագիտական եզրակացություններով (գ.թ.99-117, 144-176), իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` առանց լիցենզիայի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

«Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման կարգի 2-րդ կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է, որում արտացոլված են (ներառված են ըստ էության) հետևյալ վավերապայմանները, այդ թվում նաև`

ա/ հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը,

բ/ ակտիվներ առաքող (վաճառող, տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարողի` իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը կամ դրոշմակնիքը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) ՀՀ քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռներեց լինելու դեպքում` նաև «անհատ ձեռներեց» նշումը...:

Մինչդեռ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ 06-0011 փորձագիտական եզրակացության համաձայն` կոոպերատիվի կողմից 2002 թվականի ընթացքում ընդհանուր 34.914.300 ՀՀ դրամի պահանջվող շինանյութերի ձեռքբերման և վարձակալված շինարարական տեխնիկայի համար կազմված վեց գնման ակտերում մատակարարների տվյալները և դուրսգրման ամսաթվերը ցույց չտալը համարվում է ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման կարգի 2-րդ կետի բ/ ենթակետի պահանջների խախտում: Միաժամանակ ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման կարգի 2-րդ կետի բ/ ենթակետի պահանջների խախտման արդյունքում, երբ 2002 թվականի միակողմանի գնման ակտերում արտացոլված 34.914.300 ՀՀ դրամ ծախսերը ստացված հասույթում կազմում են էական մասնաբաժին` 73.5%, թույլ է տալիս համարել այն «էական խախտում», և կիրառել նշված որոշման 6-րդ կետի դրույթները, որի արդյունքում և ծագում է լրացուցիչ 14.995.800 ՀՀ դրամ հարկային պարտավորություններ շահութահարկի գծով (գ.թ.177-184):

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրք վճարող իրավաբանական անձանց համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց համար` նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում: Նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում` մինչև առաջին անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:

Փաստորեն, կոոպերատիվի կողմից առաջին անգամ պետական տուրքի վճարումը կատարվել է 20.12.2001 թվականին, իսկ հետագայում օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի վճարումները չեն կատարվել, որի հիմքով ինչպես կասեցվել է լիցենզիայի գործողության ժամկետը, այնպես էլ նշված խախտումը հայտնաբերվել է տեսչության կողմից ստուգումն իրականացնելիս և ստուգման ակտում նշվել է այն իրավական ակտը, որի հիման վրա` կոոպերատիվին առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված հանգամանքը հաստատվել է նաև վերը նշված փորձագիտական եզրակացություններով (գ.թ.99-117, 144-176):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ միասին: Մինչդեռ տնտեսական դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա վերը նշված փորձագիտական եզրակացությունները (գ.թ.99-117, 144-176, 177-184):

4) բողոքի չորրորդ հիմքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը արձանագրեց.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին: Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

Կոոպերատիվի տնօրենը 03.02.2005թ.-ին ստացել է ծառայության պետի 26.01.2005թ. թիվ 148084 հանձնարարագիրը, 22.02.2005թ.-ին` ծառայության պետի 21.02.2005թ. թիվ 1-07/137-Ա հրամանը, իսկ ծառայության պետի 03.03.2005թ. թիվ 1-07/177-Ա հրամանն առաքվել է փոստի միջոցով (գ.թ.33,35,36):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ծառայության կողմից թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված առանձին ժամկետների խախտումներ, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ կետի ուժով ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք են:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:

2. Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1857(ՏԴ)
Որոշում