Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՎԴ/2217/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/2217/05/17             2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 6-ին

գրավոր ընթացակարգով, քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Նիկողոսյան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Նիկողոսյանը պահանջել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտը` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ, որպես անվավեր վարչական ակտ ամբողջությամբ վերացնել, կիրառելով անվավերության հետևանքներ` վերացնելով նաև զուգորդվող` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2019 թվականի որոշմամբ Վարդան Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.04.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, ինչպես նաև նույն հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականին կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ծառայությունների մատուցման դիմաց հայցվորի կողմից ստացված 100 ԱՄՆ դոլար գումարով դիմում բողոք կազմելը և 1500 ԱՄՆ դոլար գումարով իրավաբանական ծառայություն մատուցելը չի դիտարկել որպես պարբերական գործունեություն, որպիսի հանգամանքը հանդիսանում է ձեռնարկատիրական գործունեություն որակելու պարտադիր հատկանիշ:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ ձեռնարկատիրական գործունեության պարտադիր հատկանիշ հանդիսացող գործունեության պարբերական բնույթ-հատկանիշը հայցվորի արարքում առկա չէ և հայցվորի կողմից մատուցած ծառայությունների դիմաց ստացված գումարները չի դիտարկել որպես պարբերական գործունեությունից ստացած եկամուտ:

Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը որպես ձեռնարկատիրական գործունեության հատկանիշ հանդիսացող պարբերականությանն իր կողմից տվել է ենթահատկանիշ կամ լրացուցիչ հատկանիշ, ըստ որի պարբերականությունը պետք է արտահայտվի տարբեր սուբյեկտների ապրանքներ վաճառելով, կամ նրանց համար աշխատանքներ կատարելով կամ ծառայություններ մատուցելով, ինչը շեղում է ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսվող պարբերական հատկանիշի բուն էությունից:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքները, որ հայցվորը իր 1.600 ԱՄՆ դոլար եկամուտը ստացել է տարբեր գործարքներից, տարբեր ժամանակահատվածներում և մի քանի տեսակի իրավաբանական ծառայություն մատուցելու դիմաց, որից առաջին անգամ ստացված 100 ԱՄՆ դոլար գումարը վերցրել է առանձին դիմում-բողոք կազմելու, այնուհետև 1.500 ԱՄՆ դոլար գումարն իրավաբանական ծառայություն մատուցելու նպատակով և միայն կարևոր հանգամանք է համարել այն, որ ծառայությունը մատուցվել է միևնույն անձին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2018 թվականի վճռին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանել Դատարանի դատական ակտը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության, և սահմանել նոր քննության ծավալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վարդան Պետրոսի Նիկողոսյանը Հռիփսիմե Հարությունյանից 02.04.2015 թվականին ստացել է 100 ԱՄՆ դոլար գումար` դիմում-բողոք կազմելու համար: /Հիմք` Վարդան Պետրոսի Նիկողոսյանի կողմից 02.04.2015 թվականին տրված ստացականը/:

2. Հռիփսիմե Միսակի Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԻՀ և ՎՎԻ վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ Մ. Խաչատրյանին 19.10.2016 թվականին տվել է հայտարարություն առ այն, որ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով 2015 թվականի մարտ ամսին ծանոթի միջոցով հանդիպել է Վարդան Նիկողոսյանին, ով ներկայացել է որպես փաստաբան: Ինքը հայտնել է եղելությունը, որից հետո ասել է, որ աշխատանքի համար անհրաժեշտ է 3000 /երեք հազար/ ԱՄՆ դոլար: Հանդիպումը տեղի է ունեցել Ներսիսյան 10ա հասցեում գտնվող փաստաբան Գագիկ Սարդարյանի գրասենյակում: Հանդիպման հենց օրը Վարդանը պահանջել է իրենից 100 ԱՄՆ դոլար` դիմումը գրելու համար, որն ինքն ապրիլի սկզբին տվել է ԱՄՆ դոլարով, ինչից հետո Վարդանն իրեն տվել է ստացական, որ ինքը տվել է 100 ԱՄՆ դոլար: Ապրիլ ամսին ինքը Վարդանին տվել է 1500 /հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլար, որի դիմաց կրկին տվել է ստացական, որտեղ նշել է տված գումարի մասին: Այդ գումարը նրա կողմից մատուցվող ծառայության վճարն էր: Այդ դեպքում նույնպես գումարը հանձնվել է Ներսիսյան 10ա հասցեում, որին ներկա էր նաև Գագիկ Սարդարյանը: Դրանից հետո 2015 թվականի օգոստոս ամսին /հստակ չի հիշում օրը/ Վարդան Նիկողոսյանին կրկին ծառայությունների մատուցման համար տվել է 1500 ԱՄՆ դոլար, որին ներկա է գտնվել հորաքրոջ դուստրը` Սուսաննա Եսայանը: 2015 թվականի մայիս հունիս ամիսներին Վարդան Նիկողոսյանն իրեն ծանոթացրել է փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի հետ, ասել է, որ իր փոխարեն դատարան կգա Ռոբերտը: ...: Նշել է, որ մինչ այդ Վարդան Նիկողոսյանին 2016 թվականի հունվար ամսին տվել է 1000 ԱՄՆ դոլար, որից հետո արդեն այդ 1000 ԱՄՆ դոլարից 500 ԱՄՆ դոլարն իրեն հետ է վերադարձրել Վարդանը և դա հենց այն գումարն է, որն ինքը տվել է Ռոբերտ Գրիգորյանին: Գումարները մշտապես վճարել է ԱՄՆ դոլարով: Նշել է, որ այդ ընթացքում մեկ անգամ իր համար նիստի է մասնակցել Գագիկ Սարդարյանը, ում` ծառայությունների համար, վճարել է 20.000 ՀՀ դրամ: Հայտնել է, որ լրացուցիչ կներկայացնի ստացականների և պայմանագրերի պատճենները, որոնց մեջ նշված են նաև վերը նշված անձանց արտոնագրերի համարները: Հայտարարությունը գրված է իր կողմից, ճիշտ է, որի համար ստորագրել է: /Հիմք` Հռիփսիմե Միսակի Հարությունյանի 19.10.2016 թվականի հայտարարությունը/:

3. Սուսաննա Կոլյայի Եսայանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԻՀ և ՎՎԻ վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ Մ. Խաչատրյանին 07.11.2016 թվականին տվել է հայտարարություն առ այն, որ հանդիսանում է Հռիփսիմե Հարությունյանի բարեկամուհին: Նրա հետ շատ մտերիմ է: Հռիփսիմեն մի քանի հարցերի շուրջ դատական գործընթացների մեջ է գտնվել և կարիք էր առաջացել դիմել փաստաբանի ծառայությունների: Գիտեր, որ դիմել է ինչ-որ փաստաբան Վարդան Նիկողոսյանին և անցած տարի օգոստոս ամսին /կոնկրետ օրը չի հիշում/, նա զանգել է իրեն և ասել, որ փաստաբան Վարդան Նիկողոսյանին ծառայությունների մատուցման համար պետք է հանձնի 1500 ԱՄՆ դոլար, չէր ուզում միայնակ գնալ և խնդրել է իր հետ գնալ: Իրենք միասին գնացել են Արաբկիրի դատարանի մոտ գտնվող բարձրահարկ շենքի բակ, որտեղ ինքը սպասել է փողոցում, իսկ Հռիփսիկը մտել է շենք, մեկ րոպե անց դուրս է եկել Վարդանի հետ, կանգնել աստիճանների վրա, որտեղ Հռիփսիկը պայուսակի միջից հանել է գումարը, հաշվել և տվել Վարդանին: Գումարը տվել է ԱՄՆ դոլարով, քանի որ նրա մոտ դրամ չկար և իրենք ոչ մի տեղ չէին կանգնել այն փոխելու դրամի, ինչպես նաև Հռիփսիկն իրեն ասել է, որ Վարդանը գումարն ուզել է դոլարով: Ինքն այդ օրը տեղյակ չէր, թե որքան գումարի շուրջ էր Հռիփսիկը պայմանավորվել, հետագայում իմացել է, որ ընդհանուր Վարդանին ծառայությունների մատուցման դիմաց վճարել է 4300 ԱՄՆ դոլար: Հայտարարությունը գրված է իր կողմից, ճիշտ է, որի համար ստորագրել է: /Հիմք` Սուսաննա Կոլյայի Եսայանի 07.11.2016 թվականի հայտարարությունը/:

4. Վարդան Պետրոսի Նիկողոսյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԻՀ և ՎՎԻ վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ Մ. Խաչատրյանին 05.12.2016 թվականին տվել է հայտարարություն առ այն, որ մինչև 2015 թվականին հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գրանցված է եղել Նոր Նորքի հարկային տեսչությունում: Լուծարվելուց հետո որևէ գործունեություն չի ծավալել, այլ ուսանել է ՀՀ փաստաբանների դպրոցում: Ծավալել է իրավաբանական գործունեություն Հր. Ներսիսյան 10ա հասցեում և այդ գործունեության ընթացքում ծանոթացել է նշված Հռիփսիմե Միսակի Հարությունյանի հետ: Նրա համար մատուցել է իրավաբանական ծառայություններ, որի դիմաց 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն գործը ավարտելուց հետո կրկին դիմել է իրեն, չի հիշում, թե որ ամսին վճարել է ևս 250.000 ՀՀ դրամ, սակայն մի քանի օր անց հետ է պահանջել և ինքը վերադարձրել է նրան: Ինչ վերաբերում է իր կողմից դիմում գրելու համար կազմված ստացականում նշված 100 ԱՄՆ դոլար ստանալու մասին, հայտնել է, որ ինքն այն ստացել է դրամով, սակայն դոլարով գրել է Հռիփսիմեի պահանջով, ավելացնելու ոչինչ չունի, իսկ իր անհատ ձեռնարկատիրոջ հետ կապված փաստաթղթերի պատճենները կներկայացնի լրացուցիչ: Հայտարարությունը գրված է իր կողմից, ճիշտ է, որի համար ստորագրել է: /Հիմք` Վարդան Պետրոսի Նիկողոսյանի 05.12.2016 թվականի հայտարարությունը/:

5. Հռիփսիմե Միսակի Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 14-րդ բաժնի աշխատակիցներին 23.12.2016 թվականին տվել է հայտարարություն առ այն, որ 2015 թվականին իրավաբանական օգնություն ստանալու նպատակով ծանոթացել է Վարդան Նիկողոսյանի հետ /փաստաբան/, ներկայացել է նրան իր գանգատները, եղելությունը և նա խոստացել է պաշտպանել իր շահերը դատարանում` որպես փաստաբան: Իր մատուցած ծառայությունների դիմաց` ըստ իրենց պայմանավորվածության, պետք է վճարեր 3000 ԱՄՆ դոլար: Ըստ իրենց պայմանավորվածության, 2015 թվականի ապրիլի սկզբին գործի դիմում գրելու համար նրան վճարել է 100 ԱՄՆ դոլար և ստացել է ստացական: Ապա գործի ընթացքում` 2015 թվականի ապրիլ ամսվա մեջ, Վ. Նիկողոսյանին վճարել է 1500 ԱՄՆ դոլար` գործի ընթացքն ապահովելու նպատակով, և ևս 1500 ԱՄՆ դոլար վճարել է 2015 թվականի օգոստոս ամսին: 2016 թվականի հունվար ամսին տվել է ևս 1000 ԱՄՆ դոլար, որից մի քանի ամիս հետո հետ է վերադարձրել 500 ԱՄՆ դոլարը և իրեն տվել է ստացական 500 ԱՄՆ դոլարի համար: Նշել է նաև, որ ապրիլ ամսին տված 1500 ԱՄՆ դոլարի համար իրեն տվել է ստացական, իսկ օգոստոս ամսվա վճարած 1500 ԱՄՆ դոլարի համար մինչ օրս ստացական չի տվել: Միաժամանակ, հայտնել է, որ վերը նշված գործարքների ընթացքում /Վ. Նիկողոսյանի կողմից իրականացված իրավաբանական ծառայությունների մատուցում, որոնց դիմաց իր կողմից վճարվել է նրան 3600 ԱՄՆ դոլար/ Վ. Նիկողոսյանը զրկված է եղել փաստաբանների պալատի արտոնագրից: Հայտարարությունը գրված է իր կողմից, ճիշտ է, որի համար ստորագրել է: /Հիմք` Հռիփսիմե Միսակի Հարությունյանի 23.12.2016 թվականի հայտարարությունը/:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր Լյովա Խաչատրյանի և օպերլիազոր Գեորգի Մարգարյանի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմել են արձանագրություն այն մասին, որ. «ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունից ստացված նյութերի և ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ պետի 21.12.2016 թվականի թիվ 1412499 որոշմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում հիմնավորվել է, որ 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ֆիզիկական անձ Վարդան Պետրոսի Նիկողոսյանը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառվելու, իրավաբանական ծառայություններ է մատուցել ֆիզիկական անձ Հռիփսիմե Միսակի Հարությունյանին: Մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանը ֆիզիկական անձ Հ. Հարությունյանից ստացել է ընդամենը 1600 ԱՄՆ դոլար, որից 100 ԱՄՆ դոլարը` դիմում-բողոք կազմելու համար, իսկ 1500 ԱՄՆ դոլարը` իրավաբանական ծառայության մատուցման համար: Այսպիսով` ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ստանալով 1600 դոլար համախառն եկամուտ, որը ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների միջին փոխարժեքով արտահայտված կազմում է 761.600 դրամ/1600x476/: Ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում ենթակա է կիրառման «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նորմերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն արձանագրությամբ հարուցվում է վարչական վարույթ: Արձանագրության մեջ նշված է, որ սույն արձանագրությանը կցվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող հայտարարությունները և ստացականը: /Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր Լյովա Խաչատրյանի և օպերլիազոր Գեորգի Մարգարյանի 28.12.2016 թվականին թիվ 1412499 արձանագրությունը/:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի կողմից կայացվել է «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412499 վարչական ակտը, որի «Խախտման նկարագրությունը» բաժնում նշված է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունից ստացված նյութերի և ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ պետի 21.12.2016 թվականի թիվ 1412499 որոշմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հիմնավորվել է, որ 2015 թվականին ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ֆիզիկական անձ Վարդան Պետրոսի Նիկողոսյանը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառվելու, իրավաբանական ծառայություններ է մատուցել ֆիզիկական անձ Հռիփսիմե Միսակի Հարությունյանին: Մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանը ֆիզիկական անձ Հ. Հարությունյանից ստացել է ընդամենը 1600 ԱՄՆ դոլար, որից 100 ԱՄՆ դոլարը` դիմում-բողոք կազմելու համար, իսկ 1500 ԱՄՆ դոլարը` իրավաբանական ծառայության մատուցման համար: Այսպիսով` ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ստանալով 1600 դոլար համախառն եկամուտ, որը ՀՀ կենտրոնական բանկի 2015 թ.-ի ապրիլ-մայիս ամիսների միջին փոխարժեքով արտահայտված կազմում է 761.600 դրամ/1600x476/: Ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում ենթակա է կիրառման «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նորմերը, և որոշվել է Վարդան Նիկողոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 380.800 դրամի չափով` համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերության: Հիմք` 28.12.2016թ. թիվ 1412499 արձանագրությունը»: /Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 13.01.2017 թվականին թիվ 1412499 վարչական ակտը/:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 340483/01 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169-րդ հոդվածի մասի համաձայն` Վարդան Նիկողոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք` 30.000 դրամի չափով: /Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականին թիվ 340483/01 որոշումը/:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սխալ մեկնաբանման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձի գործունեության` որպես ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար անհրաժեշտ հատկանիշներին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Իրավախախտման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին նախադասության համաձայն` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական խնդրին: Մասնավորապես` թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանափակ տառացի մեկնաբանության արդյունքում անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում, կարող է մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեության տարր, և նման իրավիճակը գնահատելով որպես մարդու և քաղաքացու` միջազգային իրավական փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով (27.11.2005 թվականի խմբագրությամբ) երաշխավորված` իր գույքից անարգել օգտվելու, սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքի սահմանափակման իրական վտանգի առաջացման նախադրյալ, գտել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշները (տե՛ս, Նունե Սահակյանն ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր հատկանիշ է անհատի` շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը, և ոչ թե փաստացի շահույթ (եկամուտ) ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ (եկամուտ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Սերգեյ Մկրտչյանի թիվ ՎԴ3/0169/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և հաշվի առնելով անձի կողմից իրականացվող գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական հարցի կարգավորման կարևորությունը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված պարտադիր հատկանիշների առկայությունը հավաստելու` անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բացահայտել վերոգրյալ հանգամանքների առկայությունը:

Սույն գործով Դատարանը 19.04.2018 թվականի վճռով Վարդան Նիկողոսյանը հայցն ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը վերացնելու պահանջների մասին, մերժվել է:

Վարդան Նիկողոսյանը Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոքը, որը Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշմամբ բավարարվել է:

Վերաքննիչ դատարանը բավարարելով վերաքննիչ բողոքը պատճառաբանել է, որ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտի և վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում չի հաստատվում այն հանգամանքը, որ Վարդան Նիկողոսյանի կողմից առանց պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառման իրավաբանական ծառայությունների մատուցումը կրել է պարբերական բնույթ և բացի Հռիփսիմե Հարությունյանին իրավաբանական ծառայություններ մատուցելուց նմանատիպ ծառայություններ են մատուցվել նաև այլ անձանց: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա չեն Վարդան Նիկողոսյանի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու բավարար հիմքեր:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն բողոքի քննության համար էական է պարզել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու «պարբերական» եզրույթի բովանդակությունը:

Սույն գործով բարձրացված իրավական հարցին պատասխան տալու համար անհրաժեշտ է բացահայտել «պարբերական» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը:

Այսպես` ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «պարբերական» է` պարբերական կերպով, որոշակի ընդմիջումներով երևան եկող, տեղի ունեցող, կատարվող 1 (1):

 

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարբերական եզրույթը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համատեքստում չի կարող մեկնաբանվել որպես մեկից ավելի անձանց մատուցված ծառայություն: Շահ ստանալու նպատակով գործունեության պարբերականությունը գնահատելիս պետք է հաշվի առնել մեկից ավել անգամ նման արարքի կրկնումը, որպիսի հանգամանքը կարող է գնահատվել գործունեության իրականացում:

Սույն գործում առկա փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վարդան Նիկողոսյանը շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով Հռիփսիմե Հարությունյանի հետ բանավոր համաձայնության է եկել իրավաբանական ծառայություն մատուցելու համար: Ծառայությունը մատուցվել է պարբերաբար` այն է սկզբում Հռիփսիմե Հարությունյանից ստացել է 100 ԱՄՆ դոլար` դիմում-բողոք կազմելու համար, այնուհետ 1500 ԱՄՆ դոլար իրավաբանական ծառայության մատուցման համար, Վարդան Նիկողոսյանը նշված գործունեությունը իրականացվել է որպես մասնագիտություն: Այդ հանգամանքները հաստատվում են Հռիփսիմե Հարությունյանի 19.10.2016 թվականին, 23.12.2016 թվականին, Սուսաննա Եսայանի 07.11.2016 թվականին և Վարդան Նիկողոսյանի կողմից 05.12.2016 թվականին տրված հայտարարություններով: Այսպիսով վերը նշված իրավանորմերի և սույն վարչական գործով հաստատված փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վարդան Նիկողոսյանի կողմից 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն, որը դրսևորվել է Հռիփսիմե Հարությունյանին իրավաբանական ծառայություններ մատուցելով: Վարդան Նիկողոսյանի կողմից գործունեությունն ի սկզբանե իրականացվել է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և կրել է պարբերական բնույթ: Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի առանձնահատկություններից ելնելով գտնում է, որ Վարդան Նիկողոսյանի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը, լինելով գրանցված որպես ձեռնարկատեր և հետագայում դադարեցնելով պետական գրանցումը, ըստ էության շարունակել է ձեռնարկատիրական գործունեությունը:

Վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո գնահատելով նաև այն հանգամանքը, որ Վարդան Նիկողոսյանն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ունեցել կամ հարկային մարմիններում որպես ձեռնարկատեր հաշվառված չի եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտով իրավախախտման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառումն իրավաչափ է, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով այն ենթակա չէր անվավեր ճանաչման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

- Վարդան Նիկողոսյանից հօգուտ Կոմիտեի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

- Վարդան Նիկողոսյանից հօգուտ Կոմիտեի ենթակա է բռնագանձման նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 19.04.2018 թվականի վճռին:

2. Վարդան Նիկողոսյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վարդան Նիկողոսյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

06.06.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/2217/05/17 վարչական գործով 06.06.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 06.06.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը վերացնելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.04.2018 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Վարդան Նիկողոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտը` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ, որպես անվավեր վարչական ակտ ամբողջությամբ վերացնել, կիրառելով անվավերության հետևանքներ` վերացնելով նաև զուգորդվող` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը:

Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով, որ 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ, նշված վարչական ակտով հայցվորի իրավունքները չեն խախտվել, օպերատիվ-հետախուզական գործողություններն իրականացվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով տրված որոշման հիմքով, ուստի առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք` վերը նշված ակտն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Վարդան Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտի և վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում չի հաստատվում այն հանգամանքը, որ Վարդան Նիկողոսյանի կողմից առանց պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառման իրավաբանական ծառայությունների մատուցումը կրել է պարբերական բնույթ և բացի Հռիփսիմե Հարությունյանին իրավաբանական ծառայություններ մատուցելուց, նմանատիպ ծառայություններ են մատուցվել նաև այլ անձանց: Հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա չեն Վարդան Նիկողոսյանի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու բավարար հիմքեր:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2018 թվականի վճռին:

 

I. Նախևառաջ հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-րդ բաժինը)` սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սխալ մեկնաբանման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վերոգրյալը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը չի պարունակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի մասին որևէ փաստարկ:

Նշվածը հիմնավորելու նպատակով հարկ ենք համարում ամբողջությամբ և բառացի արտատպել Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի 4-րդ բաժինը, որից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու հետևանքով արդարադատության բուն էության խաթարումը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, Կոմիտեն իր վճռաբեկ բողոքում չի վկայակոչել:

 

Մեջբերում Կոմիտեի վճռաբեկ բողոքից.

«IV. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.

«1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր»:

Ղեկավարվելով վերոգրյալ իրավանորմով` գտնում ենք, որ սույն գործով առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից է բխում իրավունքի զարգացմանը նպաստելը, որն ամրագրված է ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում: Հարկ է նկատել, որ սույն պարագայում առկա է իրավունքի զարգացման խնդիր հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանի թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թ.-ի որոշմամբ վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով ձեռնարկատիրական գործունեությունը բնորոշող թվարկված հատկանիշների սահմանափակ մեկնաբանությունը հնարավորություն չի ստեղծում ամբողջությամբ բացահայտելու ձեռնարկատիրական գործունեության էությունը տվել է գործունեությունը ձեռնատիրական որակելու պարտադիր հատկանիշներ, որոնցից է գործունեության պարբերական բնույթը, որը տարամեկնաբանումների տեղիք է տալիս: Ելնելով նշվածից կարծում ենք, որ առկա է իրավունքի զարգացան խնդիր:

Բացի այդ սույն վճռաբեկ բողոքի հիմնավորումներում նշվում է, որ Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ՎԴ/5367/05/13 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը հակասում է վիճարկվող դատական ակտին:

Այսպիսով` առկա վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքեր:

Ելնելով բողոքարկվող դատական ակտի ուսումնասիրությունից անհրաժեշտ ենք համարում, որ վճռաբեկ դատարանն անդրադառնա ներքոնշյալ խնդրահարույց հարցերի պատասխաններին, որոնք կապահովեն իրավունքի զարգացումը.

1. Սույն վարչական գործի շրջանակներում անհրաժեշտ է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, Վարդան Նիկողոսյանի կողմից կատարած արարքը որպես պարբերական գործունեություն որակելու մասով` հստակեցնելով ինչպիսի պայմանների միաժամանակյա առկայությունը ծառայությունների մատուցումը կդիտարկի որպես պարբերական:

2. Արդյոք ծառայությունների մատուցման նույնաբնույթ լինելու հանգամանքը, այն պայմաններում, երբ դրանք իրականացվել են տարբեր գործարքների շրջանակներում կարող է բացառել գործունեության պարբերական բնույթը:

3. Արդյոք նույն անձին մատուցվող ծառայությունները տարբեր գործարքների շրջանակներում կարող է համարվել պարբերական գործունեություն թե ոչ:

Հաշվի առնելով վերոգրյալ փաստական և իրավական հանգամանքները, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մեկնաբանությունների նման էական տարբերությունը լիովին հիմնավորվում է իրավունքի զարգացման խնդրի անհրաժեշտությունը»:

Առավել քան ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող սույն գործով Կոմիտեի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ինչպես որ նշվել է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հիմքով Վճռաբեկ դատարանն իրավասու չէ գնահատել Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, որի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, ըստ էության, ամրագրվել է Վճռաբեկ դատարանի` որպես բարձրագույն դատական ատյանի, տեղն ու դերը դատական իշխանության համակարգում: Գտնում ենք, որ դատական իշխանության համակարգում Վճռաբեկ դատարանի դերով ու նշանակությամբ են պայմանավորված վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման օրենսդրական առանձնահատուկ կարգավորումները:

Վճռաբեկ դատարանն իրավունքի դատարան է, որի հիմնական գործառույթն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է: Այսինքն` դատական այս ատյանի կողմից քննության են առնվում այնպիսի գործեր, որոնցով իրավական ասելիքի անհրաժեշտություն կա` օրենքի միատեսակ կիրառություն կամ իրավունքի զարգացում ապահովելու առումներով: Միակ բացառությունն այս ընդհանուր կանոնից սահմանադիրը նախատեսել է այն դեպքի համար, երբ տեղի են ունեցել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և խնդիրների ամրագրումը սահմանափակում է այդ ատյան մուտք գործելու հնարավորությունը` օրենսդրորեն սահմանելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հստակ չափորոշիչներ, որոնց առկայության պարագայում միայն կարող է հաղթահարվել վճռաբեկ բողոքի ընդունելիության փուլը:

Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական առանձնահատուկ կարգավիճակով պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի պետք է համարվեն այն վճռաբեկ բողոքները, որոնցով իրավական ասելիքի անհրաժեշտություն կա` օրենքի միատեսակ կիրառություն կամ իրավունքի զարգացում ապահովելու առումներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով:

Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցով է պայմանավորված դատական ակտի վերանայման նպատակը. արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սխալների ուղղումը հետապնդում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու, թե մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են նաև բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները, նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

 

Տվյալ դեպքում Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, մատնանշված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի իմաստով, բավարար չի եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու եզրահանգման գալու համար, ինչի պատճառով սույն հատուկ կարծիքը հայտնած դատավորներից Ռուզաննա Հակոբյանը, որպես զեկուցող դատավոր, դեմ է քվեարկել Կոմիտեի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին և գործը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերաբաշխվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին կողմ քվեարկած դատավոր Սուրեն Անտոնյանին:

Վճռաբեկ դատարանը, անտեսելով վճռաբեկ բողոքով Կոմիտեի կողմից ներկայացված պահանջը, այն է` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր լիազորությունների շրջանակներում Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հիմքով վերանայելու մասին, ինքն իր նախաձեռնությամբ (Կոմիտեի փոխարեն) առաջադրել է դատական սխալի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու պահանջ և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու լիազորությունն իրացնելու հիմքի բացակայության պայմաններում դատական ակտը վերանայել է Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությանը խաթարող դատական սխալ թույլ տալու հիմքով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում առերևույթ առկա լինելու հիմքով, որպիսին, ինչպես նշվեց, բողոքաբերը չի ներկայացրել:

 

II. Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ եզրահանգում է արել Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու, ուստի և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանման ենթակա լինելու մասին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին:

Այսպես.

Վճռաբեկ դատարանը, նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում սույն գործով անդրադառնալով ֆիզիկական անձի գործունեության` որպես ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար անհրաժեշտ հատկանիշներին, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, իրավախախտման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին նախադասությունը, անձի կողմից իրականացվող գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական հարցի վերաբերյալ թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով թիվ ՎԴ3/0169/05/08 վարչական գործով համապատասխանաբար 01.08.2007 թվականի և 26.12.2008 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները և կարևորելով «պարբերական» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը բացահայտելու անհրաժեշտությունը, մասնավորապես արձանագրել է հետևյալը.

«(...) ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «պարբերական» է` պարբերական կերպով, որոշակի ընդմիջումներով երևան եկող, տեղի ունեցող, կատարվող(1):

 

1 Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976) էջ 1202:

 

(...) պարբերական եզրույթը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համատեքստում չի կարող մեկնաբանվել որպես մեկից ավելի անձանց մատուցված ծառայություն: Շահ ստանալու նպատակով գործունեության պարբերականությունը գնահատելիս պետք է հաշվի առնել մեկից ավել անգամ նման արարքի կրկնումը, որպիսի հանգամանքը կարող է գնահատվել գործունեության իրականացում:

Սույն գործում առկա փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վարդան Նիկողոսյանը շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով Հռիփսիմե Հարությունյանի հետ բանավոր համաձայնության է եկել իրավաբանական ծառայություն մատուցելու համար: Ծառայությունը մատուցվել է պարբերաբար` այն է սկզբում Հռիփսիմե Հարությունյանից ստացել է 100 ԱՄՆ դոլար` դիմում-բողոք կազմելու համար, այնուհետ 1500 ԱՄՆ դոլար իրավաբանական ծառայության մատուցման համար, Վարդան Նիկողոսյանը նշված գործունեությունը իրականացվել է որպես մասնագիտություն: Այդ հանգամանքները հաստատվում են Հռիփսիմե Հարությունյանի 19.10.2016 թվականին, 23.12.2016 թվականին, Սուսաննա Եսայանի 07.11.2016 թվականին և Վարդան Նիկողոսյանի կողմից 05.12.2016 թվականին տրված հայտարարություններով: Այսպիսով վերը նշված իրավանորմերի և սույն վարչական գործով հաստատված փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վարդան Նիկողոսյանի կողմից 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն, որը դրսևորվել է Հռիփսիմե Հարությունյանին իրավաբանական ծառայություններ մատուցելով: Վարդան Նիկողոսյանի կողմից գործունեությունն ի սկզբանե իրականացվել է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և կրել է պարբերական բնույթ: Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի առանձնահատկություններից ելնելով գտնում է, որ Վարդան Նիկողոսյանի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը, լինելով գրանցված որպես ձեռնարկատեր և հետագայում դադարեցնելով պետական գրանցումը, ըստ էության շարունակել է ձեռնարկատիրական գործունեությունը:

Վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո գնահատելով նաև այն հանգամանքը, որ Վարդան Նիկողոսյանն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ունեցել կամ հարկային մարմիններում որպես ձեռնարկատեր հաշվառված չի եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտով իրավախախտման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառումն իրավաչափ է, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով այն ենթակա չէր անվավեր ճանաչման»:

 

Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հետ և գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ պատճառաբանված և հիմնավորված է, իսկ այն բեկանելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր Լյովա Խաչատրյանը և օպերլիազոր Գեորգի Մարգարյանը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմել են արձանագրություն այն մասին, որ «Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունից ստացված նյութերի և Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 21.12.2016 թվականի թիվ 1412499 որոշմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում հիմնավորվել է, որ 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ֆիզիկական անձ Վարդան Պետրոսի Նիկողոսյանը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառվելու, իրավաբանական ծառայություններ է մատուցել ֆիզիկական անձ Հռիփսիմե Միսակի Հարությունյանին: Մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանը ֆիզիկական անձ Հ. Հարությունյանից ստացել է ընդամենը 1.600 ԱՄՆ դոլար, որից 100 ԱՄՆ դոլարը` դիմում-բողոք կազմելու համար, իսկ 1.500 ԱՄՆ դոլարը` իրավաբանական ծառայության մատուցման համար: Այսպիսով` ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ստանալով 1.600 դոլար համախառն եկամուտ, որը ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների միջին փոխարժեքով արտահայտված կազմում է 761.600 դրամ /1600x476/: Ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում ենթակա է կիրառման «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նորմերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն արձանագրությամբ հարուցվում է վարչական վարույթ»: Արձանագրության մեջ նշված է, որ սույն արձանագրությանը կցվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող հայտարարությունները և ստացականը:

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի կողմից 13.01.2017 թվականին կայացվել է «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412499 վարչական ակտը, որի «Խախտման նկարագրությունը» բաժնում նշված է, որ»Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունից ստացված նյութերի և Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 21.12.2016 թվականի թիվ 1412499 որոշմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հիմնավորվել է, որ 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ֆիզիկական անձ Վարդան Պետրոսի Նիկողոսյանը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառվելու, իրավաբանական ծառայություններ է մատուցել ֆիզիկական անձ Հռիփսիմե Միսակի Հարությունյանին: Մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանը ֆիզիկական անձ Հ. Հարությունյանից ստացել է ընդամենը 1.600 ԱՄՆ դոլար, որից 100 ԱՄՆ դոլարը` դիմում-բողոք կազմելու համար, իսկ 1.500 ԱՄՆ դոլարը` իրավաբանական ծառայության մատուցման համար: Այսպիսով` ֆիզիկական անձ Վ. Նիկողոսյանն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ստանալով 1.600 դոլար համախառն եկամուտ, որը ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսների միջին փոխարժեքով արտահայտված կազմում է 761.600 դրամ /1600x476/: Ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում ենթակա է կիրառման «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նորմերը, և որոշվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերության հիմքով Վարդան Նիկողոսյանի նկատմամբ նշանակել տուգանք 380.800 դրամի չափով»:

Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 340483/01 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի մասի համաձայն` Վարդան Նիկողոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք` 30.000 դրամի չափով:

Վիճարկվող վարչական ակտի կայացման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` նույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն գործով վիճարկվող 21.12.2016 թվականի թիվ 1412499 որոշմամբ Վարդան Նիկողոսյանը տուգանվել է առանց պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու համար, իսկ 31.01.2017 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 340483/01 որոշմամբ, որի անվավերության պահանջը ներկայացվել է որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` Վարդան Նիկողոսյանը տուգանվել է առանց պետական հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափ հետևություն է արել այն մասին, որ սույն գործի ճիշտ լուծման համար նախևառաջ էական է պարզել Վարդան Նիկողոսյանի կողմից իրականացված գործունեության բնույթը և դրա ձեռնարկատիրական լինելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական խնդրին: Մասնավորապես` թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանափակ տառացի մեկնաբանության արդյունքում անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում, կարող է մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեության տարր, և նման իրավիճակը գնահատելով որպես մարդու և քաղաքացու` միջազգային իրավական փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով (27.11.2005 թվականի խմբագրությամբ) երաշխավորված` իր գույքից անարգել օգտվելու, սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքի սահմանափակման իրական վտանգի առաջացման նախադրյալ, գտել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշները (տե՛ս, թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականի և թիվ ՎԴ/0047/05/09 վարչական գործով 05.02.2010 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և հաշվի առնելով անձի կողմից իրականացվող գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական հարցի կարգավորման կարևորությունը, գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված պարտադիր հատկանիշների առկայությունը հավաստելու` անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բացահայտել վերոգրյալ հանգամանքների առկայությունը (տե՛ս, թիվ ՎԴ/5367/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` գտնում ենք, որ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտի և վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում չի հաստատվում այն հանգամանքը, որ Վարդան Նիկողոսյանի կողմից առանց պետական գրանցման կամ հարկային մարմիններում հաշվառման իրավաբանական ծառայությունների մատուցումը կրել է պարբերական բնույթ, քանի որ առկա չէ որևէ փաստ առ այն, որ բացի Հռիփսիմե Հարությունյանին իրավաբանական ծառայություններ մատուցելուց Վարդան Նիկողոսյանը շարունակաբար նմանատիպ ծառայություններ է մատուցել նաև այլ անձանց: Այլ կերպ ասած գտնում ենք, որ մեկ քաղաքացուն մատուցված մեկանգամյա ծառայությունը, թեկուզև մատուցվող ծառայության շրջանակներում կատարվել են մեկից ավելի գործողություններ, որևէ կերպ չի կարող համարվել պարբերական բնույթ ունեցող, քանի որ ծառայության մատուցումը կարող է դրսևորվել ինչպես մեկ, այնպես էլ մեկից ավելի գործողությունների կատարմամբ, ուստի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու համար դրա պարբերականությունը գնահատելիս որոշիչ նշանակությունը պետք է տրվի նրան, թե ինչ բնույթի ծառայություն է մատուցվել, այլ ոչ թե նրան, թե այդ ծառայության մատուցման ընթացքում քանի գործողություն է կատարվել:

Տվյալ դեպքում Վարդան Պետրոսի Նիկողոսյանի կողմից Հռիփսիմե Միսակի Հարությունյանին մատուցվել է իրավաբանական ծառայություն, որի համար վերջինս վճարել է 1.500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 100 ԱՄՆ դոլար դիմում-բողոք կազմելու համար: Այսինքն` մատուցվել է մեկ ծառայություն, որի ընթացքում կատարվել են մեկից ավելի գործողություններ, ուստի խոսք չի կարող լինել մատուցված ծառայության պարբերական լինելու մասին:

Այսպիսով, գտնում ենք, որ առկա չեն Վարդան Նիկողոսյանի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու բավարար հիմքեր, ուստի հիմնավոր ենք համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Վարդան Նիկողոսյանի նկատմամբ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի 13.01.2017 թվականի թիվ 1412499 վարչական ակտով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառումն իրավաչափ չէ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով ենթակա է անվավեր ճանաչման: Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի ուժով, որպես ածանցյալ, բավարարման ենթակա է նաև Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.01.2017 թվականի թիվ 340483/01 որոշումը վերացնելու հայցվորի պահանջը:

Ամբողջ վերոգրյալի արդյունքում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է պատճառաբանված, հիմնավորված և օրինական դատական ակտ, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափ լինելու մասին բավարար հիմնավորումներ, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին, հետևաբար գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր  Ռ. Հակոբյան

Դատավոր  Հ. Բեդևյան

Դատավոր  Ս. Միքայելյան

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.06.2022
N ՎԴ/2217/05/17
Որոշում