Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է ԴԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                      Վարչական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՎԴ/6921/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ/6921/05/21            2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` Վարդիթեր Գևորգյան` պատասխանողին Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Վարդիթեր Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանը պահանջել են պատասխանողին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) 28.06.2021 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է, և ձեռնարկված հայցի ապահովումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Վարդիթեր Գևորգյանը (ներկայացուցիչ` Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ծառայությունը, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 83-րդ, 91-րդ, 93-րդ, 145-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ, 13-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորներն անխուսափելիորեն պետք է վտարվեն բնակարանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ անգամ եթե Ծառայությունը թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի արդյունքում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում թույլ տա որևէ օրենսդրական խախտում, միևնույն է, դրա արդյունքում չի կարող չկատարվել օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը, ինչին ամեն գնով փորձում են հասնել հայցվորները:

Բողոք բերած անձը գտնում է, որ Դատարան ներկայացված հայցվորների «պատասխանողին Երևան քաղաքի Պուշկինի 21/3 փողոցի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցապահանջը միտում ունի խոչընդոտելու թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը, ինչը բացառվում է օրենքի ուժով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարել վճռաբեկ բողոքը` բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» 27.07.2021 թվականի որոշմանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Վարդիթեր Գևորգյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է: Վերջինիս որևէ իրավունքի, այդ թվում նաև սեփականության իրավունքի խախտում, ձեռնարկված հայցի ապահովման արդյունքում տեղի չի ունեցել և չէր էլ կարող տեղի ունենալ: Սույն գործի քննությունը դեռևս ավարտված չէ: Թեև Առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ, որով մերժել է հայցվորների հայցապահանջը, սակայն հայցվորների կողմից նշված վճռի դեմ 11.02.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք: Ուստի սույն գործով հայցի ապահովման միջոց չձեռնարկելու դեպքում խախտվում են Արտավազդ և Նարինե Փարսադանյանների իրավունքները, ավելին` հայցի ապահովման միջոց չձեռնարկելու արդյունքում և Արտավազդ և Նարինե Փարսադանյաններին վտարելու դեպքում իրենց կողմից ներկայացված հայցը կլինի առարկայազուրկ, իսկ կայացվելիք դատական ակտի կատարումը կդառնա ուղղակի անհնարին:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության պատասխանի հիմնավորումները.

Թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռից և թիվ 20122018-01-024 վկայականից բխում է, որ վիճելի բնակարանի սեփականատերը հանդիսանում է Վարդիթեր Գևորգյանը, ուստի վերջինս իրավունք ունի պահանջել հայցի ապահովման վերացում, քանի որ տվյալ դեպքում սահմանափակվում է վերջինիս` որպես սեփականատիրոջ, սեփականության իրավունքից օգտվելու իրավունքը, այնինչ սկսած սեփականության իրավունքի պետական գրանցման պահից բողոքաբերը զրկված է իր սեփականության իրավունքի իրացման հնարավորությունից:

Ծառայությունը նշել է, որ թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով կատարողական թերթի պահանջն է` «Պատասխանողների ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Պուշկինի փողոց, 21/3 շենք թիվ 6 բնակարանը` Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նարինե Ժիրայրի Փարսադանյանին, Ժիրայր Արտավազդի Փարսադանյանին, Անդրանիկ Արտավազդի Փարսադանյանին, Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նատալի Անդրանիկի Փարսադանյանին, Դանիելլա Ժիրայրի Փարսադանյանին վտարելով այդ բնակարանից»: Իսկ կատարողական թերթի պահանջների կատարումը հարկադիր կատարողի հայեցողական լիազորություն չէ, այլ պարտականություն է: ՈՒստի, օրինական ուժի մեջ մտած վճռի առկա լինելու պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան գործողություններ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար: ՈՒստի, հարկադիր կատարողի գործողություններն իրավաչափ են: Վերոգրյալից հետևում է, որ հայցվորների նպատակն է խոչընդոտել թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Ծառայությունը գտնում է, որ Վարդիթեր Գևորգյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. ինչպիսի՞ պայմանների առկայության պարագայում է դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոց կիրառելը համարվում իրավաչափ:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը. (...):

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված` անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունն այն է, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում` անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն` օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու` օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն` նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե՛ս, «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ  վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ Սահմանադրական դատարանը 24.11.2020թ. թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան` ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից` կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: ՈՒստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր` մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը` հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

i

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում: Սահմանադրական դատարանը, 10.03.2016 թ. ՍԴՈ-1257 որոշմամբ վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222) արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ` «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ...»:

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք և բավարար հիմքերի առկայության պայմաններում` մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն` հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Պուշկին փողոցի 21/3 շենքի թիվ 6 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Արտավազդ Փարսադանյանին և Նարինե Փարսադանյանին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2016 թվականի թիվ ԵԿԴ/0059/04/16 քաղաքացիական գործով կայացված վճռով Արտավազդ Փարսադանյանը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի և Վարդիթեր Գևորգյանի միջև 14.12.2018 թվականին կնքվել է վերը նշված գույքի առուվաճառքի պայմանագիր, որով 95.000.000 ՀՀ դրամով այն վաճառվել է Վարդիթեր Գևորգյանին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 16.06.2020 թվականի թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով վճռել է Վարդիթեր Գևորգյանի հայցը բավարարել: Պատասխանողների ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 բնակարանը` Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նարինե Ժիրայրի Փարսադանյանին, Ժիրայր Արտավազդի Փարսադանյանին, Անդրանիկ Արտավազդի Փարսադանյանին, Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նատալի Անդրանիկի Փարսադանյանին, Դանիելլա Ժիրայրի Փարսադանյանին վտարելով այդ բնակարանից: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2020 թվականի թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով վճիռը 31.03.2021 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով 03.06.2021 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 07691490 կատարողական վարույթը, որով որոշվել է Արտավազդ Փարսադանյանի, Ժիրայր Փարսադանյանի, Անդրանիկ Փարսադանյանի, Նատալի Փարսադանյանի, Դանիելլա Փարսադանյանի ապօրինին տիրապետումից ազատել Երևան քաղաքի Պուշկին փողոցին 21/3 շենքի թիվ 6 բնակարանը և այդ բնակարանից վտարել վերջիններիս:

Սույն վարչական գործը հարուցվել է Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով խնդրել են պարտավորեցնել Ծառայությանը ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Պուշկինի 21/3 շենքի թիվ 6 բնակարան հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց:

Միաժամանակ, վերջիններս ներկայացրել են հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են արգելել Ծառայությանը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 բնակարան հասցեի անշարժ գույքում իրականացնել վտարման գործողություններ:

Վարդիթեր Գևորգյանի ներկայացուցիչը 11.04.2022 թվականին ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրած դիմումին կից ներկայացրել է 02.11.2021 թվականի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը, համաձայն որի` 29.07.2021 թվականին ՀՀՈ ՔՈՎԳ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված թիվ 58159021 քրեական գործը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի 02.11.2021 թվականի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` կարճվել է` հանցագործության դեպքի և հանցագործության հանցակազմի բացակայության հիմքերով:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Ավագյան) 28.06.2021 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ, բավարարվել է. արգելվել է Ծառայությանը իրականացնել վտարման գործողություն Երևան քաղաքի Պուշկին փողոցին 21/3 շենքի թիվ 6 բնակարան հասցեում:

Վարդիթեր Գևորգյանը կողմից 12.07.2021 թվականին Դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է վերացնել Դատարանի 28.06.2021 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:

Դատարանը, 27.07.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ վերացնելով ձեռնարկված հայցի ապահովման միջոցը, արձանագրել է, որ երրորդ անձը, տվյալ պահին ունենալով վիճելի հասցեի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք, ըստ էության, իրավունք ունի պահանջել սույն գործով հայցի ապահովման միջոցի վերացում, քանի որ սույն հայցի պահանջն ուղղված է ոչ թե երրորդ անձի սեփականության իրավունքի վիճարկմանը, այլ վարչական մարմնի գործողությունների իրավաչափությանը, ուստի այդ պահանջով կիրառված հայցի ապահովման արդյունքում կարող է տեղի ունենալ երրորդ անձի սեփականության իրավունքի սահմանափակում, ինչը չի բխում հայցի ապահովման` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի նպատակից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արտավազդ և Նարինե Փարսադանյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ հայցադիմումի պահանջի բովանդակությունից հետևում է, որ հայցվորները նպատակ են հետապնդում հասնելու հնարավոր բարենպաստ դատական ակտի կայացմանը` իրենց «Երևան ք., Պուշկինի 21/3 թիվ 6» հասցեում գտնվող անշարժ գույքից չվտարելուն: Ուստի վտարման գործողություններ կատարելու և ըստ այդմ հայցվորներին վտարելու պարագայում ներկայացված հայցն այլևս կլինի առարկայազուրկ: Հայցվորներին խնդրո առարկա բնակարանից չվտարելը որոշակիորեն սահմանափակում է երրորդ անձի իրավունքը` որպես այդ բնակարանի սեփականատիրոջ, սակայն դա չի կարող դիտվել որպես երրորդ անձի սեփականության իրավունքի խախտում: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման կայացման ժամանակ որևէ փաստական տվյալ փոփոխված չի եղել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է կիրառված հայցի ապահովման վերացման հնարավորությունը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի կողմից ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայց, որով պահանջել են պարտավորեցնել Ծառայությանը ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց: Հետևաբար, նման պայմաններում կարող են կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի ապահովման միջոցներ:

Անդրադառնալով սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են: Այսպես, հայցվորները հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից չեն ներկայացրել որևէ փաստական հիմք կամ հիմնավորում, որը կվկայեր կայացվելիք դատական ակտի կատարման անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հանգամանքը:

Ավելին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի 02.11.2021 թվականի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` 29.07.2021 թվականին հարուցված թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճվել է, հետևաբար սույն դեպքում առկա չէ Ծառայությանը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու որևէ իրավական կամ փաստական հիմք, ինչպես նաև առկա չէ որևէ իրավական հիմք կամ ապացույց կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի խախտմամբ հարուցված լինելու, իսկ կատարողական գործողությունները` կատարվելու, վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն գտել է, որ հայցվորներին խնդրո առարկա բնակարանից չվտարելը որոշակիորեն սահմանափակում է երրորդ անձի իրավունքը` որպես այդ բնակարանի սեփականատիրոջ, սակայն դա չի կարող դիտվել որպես երրորդ անձի սեփականության իրավունքի խախտում, իսկ հայցի ապահովում կիրառելու և հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումների կայացման ժամանակ որևէ փաստական տվյալ փոփոխված չի եղել: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ վտարման գործողություններ կատարելու և հայցվորներին վտարելու պարագայում ներկայացված հայցը կլինի առարկայազուրկ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել հայցի ապահովման միջոց կիրառելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի` հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքում դրված այն պատճառաբանությունը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու արդյունքում խախտվում է երրորդ անձի սեփականության իրավունքը, քանի որ անձի սեփականության իրավունքը չի կարող գերակա լինել այլ իրավունքների` տվյալ պարագայում, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի նկատմամբ: Այսինքն, Դատարանի դիրքորոշումը չի բխում իրավահավասարության սկզբունքից:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում երրորդ անձ Վարդիթեր Գևորգյանի կողմից ներկայացված դիրքորոշումն առ այն, որ սույն գործով հայցապահանջը միտում ունի խոչընդոտելու թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը, քանի որ մի դատական ակտի կատարումը չի կարող խոչընդոտել անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի կողմից ներկայացված` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդության բավարարման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում առկա չեն բավարար փաստական հիմքեր առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը: Այսպիսով, թեև Դատարանը սխալ է պատճառաբանել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին երրորդ անձ Վարդիթեր Գևորգյանի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը, այդուհանդերձ, եկել է ճիշտ եզրահանգման հայցի ապահովման միջոց ձեռնարկելու հարցի դատավարական ելքի վերաբերյալ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն եղել բավարար հիմքեր Դատարանի 27.07.2021թ. «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը» վերացնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Անդրադառնալով Ծառայության կողմից 15.03.2022 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը:

Ծառայությունը 15.03.2022 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը Ծառայությունն ստացել է 14.02.2022 թվականին (հիմք` փոստային հավաստագիր): Հետևաբար վճռաբեկ բողոքի պատասխան կարող էր ներկայացվել մինչև 07.03.2022 թվականը ներառյալ (հաշվարկում ներառված չեն ոչ աշխատանքային օրերը): Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է 15.03.2022 թվականին` սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/6921/05/21

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6921/05/21

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով 29.06.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

    29 հունիսի 2022թ.                          ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 29.06.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Վարդիթեր Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` Վարդիթեր Գևորգյան` պատասխանողին Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս և Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանը պահանջել են պատասխանողին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) 28.06.2021 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է, և ձեռնարկված հայցի ապահովումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Վարդիթեր Գևորգյանը (ներկայացուցիչ` Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ծառայությունը, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 83-րդ, 91-րդ, 93-րդ, 145-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ, 13-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորներն անխուսափելիորեն պետք է վտարվեն բնակարանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ անգամ եթե Ծառայությունը թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի արդյունքում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում թույլ տա որևէ օրենսդրական խախտում, միևնույն է, դրա արդյունքում չի կարող չկատարվել օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը, ինչին ամեն գնով փորձում են հասնել հայցվորները:

Բողոք բերած անձը գտնում է, որ Դատարան ներկայացված հայցվորների «պատասխանողին Երևան քաղաքի Պուշկինի 21/3 փողոցի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցապահանջը միտում ունի խոչընդոտելու թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը, ինչը բացառվում է օրենքի ուժով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարել վճռաբեկ բողոքը` բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» 27.07.2021 թվականի որոշմանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Վարդիթեր Գևորգյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է: Վերջինիս որևէ իրավունքի, այդ թվում նաև սեփականության իրավունքի խախտում, ձեռնարկված հայցի ապահովման արդյունքում տեղի չի ունեցել և չէր էլ կարող տեղի ունենալ: Սույն գործի քննությունը դեռևս ավարտված չէ: Թեև Առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ, որով մերժել է հայցվորների հայցապահանջը, սակայն հայցվորների կողմից նշված վճռի դեմ 11.02.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՈՒստի սույն գործով հայցի ապահովման միջոց չձեռնարկելու դեպքում խախտվում են Արտավազդ և Նարինե Փարսադանյանների իրավունքները, ավելին` հայցի ապահովման միջոց չձեռնարկելու արդյունքում և Արտավազդ և Նարինե Փարսադանյաններին վտարելու դեպքում իրենց կողմից ներկայացված հայցը կլինի առարկայազուրկ, իսկ կայացվելիք դատական ակտի կատարումը կդառնա ուղղակի անհնարին:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության պատասխանի հիմնավորումները.

Թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռից և թիվ 20122018-01-024 վկայականից բխում է, որ վիճելի բնակարանի սեփականատերը հանդիսանում է Վարդիթեր Գևորգյանը, ուստի վերջինս իրավունք ունի պահանջել հայցի ապահովման վերացում, քանի որ տվյալ դեպքում սահմանափակվում է վերջինիս` որպես սեփականատիրոջ, սեփականության իրավունքից օգտվելու իրավունքը, այնինչ սկսած սեփականության իրավունքի պետական գրանցման պահից բողոքաբերը զրկված է իր սեփականության իրավունքի իրացման հնարավորությունից:

Ծառայությունը նշել է, որ թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով կատարողական թերթի պահանջն է` «Պատասխանողների ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Պուշկինի փողոց, 21/3 շենք թիվ 6 բնակարանը` Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նարինե Ժիրայրի Փարսադանյանին, Ժիրայր Արտավազդի Փարսադանյանին, Անդրանիկ Արտավազդի Փարսադանյանին, Արտավազդ Անդրանիկի Փարսադանյանին, Նատալի Անդրանիկի Փարսադանյանին, Դանիելլա Ժիրայրի Փարսադանյանին վտարելով այդ բնակարանից»: Իսկ կատարողական թերթի պահանջների կատարումը հարկադիր կատարողի հայեցողական լիազորություն չէ, այլ պարտականություն է: ՈՒստի, օրինական ուժի մեջ մտած վճռի առկա լինելու պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան գործողություններ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար: ՈՒստի, հարկադիր կատարողի գործողություններն իրավաչափ են: Վերոգրյալից հետևում է, որ հայցվորների նպատակն է խոչընդոտել թիվ ԵԴ/8366/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Ծառայությունը գտնում է, որ Վարդիթեր Գևորգյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման:

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են Ծառայությանը պարտավորեցնել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալ:

Դատարանը, 27.07.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ վերացնելով ձեռնարկված հայցի ապահովման միջոցը, արձանագրել է, որ երրորդ անձը, տվյալ պահին ունենալով վիճելի հասցեի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք, ըստ էության, իրավունք ունի պահանջել սույն գործով հայցի ապահովման միջոցի վերացում, քանի որ սույն հայցի պահանջն ուղղված է ոչ թե երրորդ անձի սեփականության իրավունքի վիճարկմանը, այլ վարչական մարմնի գործողությունների իրավաչափությանը, ուստի այդ պահանջով կիրառված հայցի ապահովման արդյունքում կարող է տեղի ունենալ երրորդ անձի սեփականության իրավունքի սահմանափակում, ինչը չի բխում հայցի ապահովման` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի նպատակից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արտավազդ և Նարինե Փարսադանյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ հայցադիմումի պահանջի բովանդակությունից հետևում է, որ հայցվորները նպատակ են հետապնդում հասնելու հնարավոր բարենպաստ դատական ակտի կայացմանը` իրենց «Երևան ք., Պուշկինի 21/3 թիվ 6» հասցեում գտնվող անշարժ գույքից չվտարելուն: ՈՒստի վտարման գործողություններ կատարելու և ըստ այդմ հայցվորներին վտարելու պարագայում ներկայացված հայցն այլևս կլինի առարկայազուրկ: Հայցվորներին խնդրո առարկա բնակարանից չվտարելը որոշակիորեն սահմանափակում է երրորդ անձի իրավունքը` որպես այդ բնակարանի սեփականատիրոջ, սակայն դա չի կարող դիտվել որպես երրորդ անձի սեփականության իրավունքի խախտում: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման կայացման ժամանակ որևէ փաստական տվյալ փոփոխված չի եղել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է կիրառված հայցի ապահովման վերացման հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերանայել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ, այն հիմնավորմամբ, որ «(...) հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են: Այսպես, հայցվորները հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից չեն ներկայացրել որևէ փաստական հիմք կամ հիմնավորում, որը կվկայեր կայացվելիք դատական ակտի կատարման անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հանգամանքը: Ավելին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի 02.11.2021 թվականի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` 29.07.2021 թվականին հարուցված թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճվել է, հետևաբար սույն դեպքում առկա չէ Ծառայությանը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու որևէ իրավական կամ փաստական հիմք, ինչպես նաև առկա չէ որևէ իրավական հիմք կամ ապացույց կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի խախտմամբ հարուցված լինելու, իսկ կատարողական գործողությունները` կատարվելու, վերաբերյալ: (...) առկա չեն բավարար փաստական հիմքեր առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը: Այսպիսով, թեև Դատարանը սխալ է պատճառաբանել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին երրորդ անձ Վարդիթեր Գևորգյանի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը, այդուհանդերձ, եկել է ճիշտ եզրահանգման հայցի ապահովման միջոց ձեռնարկելու հարցի դատավարական ելքի վերաբերյալ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն եղել բավարար հիմքեր Դատարանի 27.07.2021թ. «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը» վերացնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս և Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս` Beles-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս` Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս` ըստ դիմումի «Բի լայն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում` անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն` օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու` օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն` նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե՛ս` «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան` ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից` կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր` մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը` հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում: Սահմանադրական դատարանը, 10.03.2016 թվականի ՍԴՈ-1257 որոշմամբ վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222) արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ` «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ...»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը` անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված` ի վնաս մի կողմի: Ըստ Եվրոպական դատարանի` եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը` Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս` Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված` անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե՛ս` Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ հարուցված հայցով հետագա վճռի կատարումն ապահովելու և դատավարության մասնակիցների օրինական շահերը բացասական հետևանքներից պաշտպանելու համար: Հետևաբար, հայցի ապահովումը կիրառվում է ներկայացված հայցը, հայցվորի պահանջները բավարարվելու դեպքում` դրանց կատարումն ապահովելու համար:

Այսինքն` հայցի ապահովում ձեռնարկվում է այն դեպքում, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոց է, որի նպատակն է հայցը բավարարելու դեպքում երաշխիքներ ապահովել հարուցված հայցով ապագա վճռի կատարման համար:

Ավելին, յուրաքանչյուր գործով կիրառվող դատավարական միջոցները պետք է ուղղված լինեն անձի արդար դատաքննության իրավունքն ապահովելուն: Հայցի ապահովման միջոցի` որպես ապագա վճռի կատարման երաշխիքներ ապահովելու դատավարական միջոցի կիրառման համար բավարար չէ միայն օրենքով նախատեսված հիմքերի վկայակոչումը, այն պետք է պատճառաբանվի և յուրաքանչյուր գործով պատճառաբանությունները պետք է ներկայացվեն տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Միևնույն ժամանակ, հայցի ապահովման միջոցների կիրառման մասին որոշում կայացնելիս դատարանը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ անձի` արդար դատական քննության իրավունքը` որպես իրավունքների պաշտպանություն իրականացնելու մեթոդ, չդառնա ձևական և անարդյունավետ, ուստի դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս պետք է ելնի ոչ միայն հայցվորի, այլ կողմերի և գործին մասնակցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից:

Կոնկրետ հայցի ապահովման համար կիրառվող ապահովման միջոցների տեսակը և բովանդակությունը որոշելիս դատարանը պետք է հիմք ընդունի նաև համաչափության սկզբունքը: Ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածից, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև` համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի:

Այդ իսկ պատճառով, հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

Համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից` պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Ըստ այդմ` կոնկրետ պահանջի ապահովման նպատակով կարող են կիրառվել բացառապես այն ապահովման միջոցները, որոնք պիտանի, անհրաժեշտ և բավարար (չափավոր) են` կայացվելիք դատական ակտի կատարումը երաշխավորելու կամ իրավատիրոջն անդառնալի վնաս պատճառելու հավանականությունը բացառելու համար:

Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից դատարանը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից` այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին:

Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:

Հայցի ապահովման միջնորդությունը քննարկելիս դատարանի խնդիրն է պարզել հայցվող միջոցի կամ միջոցների իրավաչափությունը, ինչի արդյունքում համապատասխան ապահովման միջոցը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը պետք է կա՛մ բավարարվի, կա՛մ մերժվի:

Ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոցը վերացնելու դեպքերին, ապա կարող ենք արձանագրել, որ հայցի ապահովման միջոցի վերացումը այն անձի շահերի պաշտպանության դատավարական միջոցն է, որի նկատմամբ կիրառվել է համապատասխան ապահովման միջոցը:

Միևնույն ժամանակ, տվյալ դեպքում օրենսդիրը հստակ չի նախատեսել դրա հիմքերը: Սակայն, հայցի ապահովման ինստիտուտի համալիր ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ինչպես հայցի ապահովման միջոց կիրառելու համար են անհրաժեշտ որոշակի հիմքեր, այդպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու համար են անհրաժեշտ որոշակի հիմքեր: Մասնավորապես, հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմք է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերացումը:

Ընդ որում, հարկ է նշել, որ ինչպես հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի պարագայում անհրաժեշտ են ներկայացնել նման հիմքերը հավաստող փաստական հանգամանքների վերաբերյալ ապացույցներ, այդպես էլ անհրաժեշտ է որոշակի իրավիճակի փոփոխություն կամ այլ փաստական հանգամանքների վերաբերյալ հստակ ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ այլևս բացակայում է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, որպիսի պայմաններում հայցի ապահովման միջոցը ենթակա կլինի վերացման:

Այսինքն` հայցի ապահովման միջոցի վերացման լիազորության կիրառումը չի կարող կրել զուտ հայեցողական բնույթ, նման լիազորության կիրառման համար պետք է հիմնավորվի այնպիսի փաստական հանգամանքների առկայությունը, որոնց համակցությունը թույլ կտա ձևավորելու հիմնավոր կասկած առ այն, որ այլևս վերացել և (կամ) փոփոխվել է այն իրավիճակը, օբյեկտիվ իրականությունը, որի պարագայում հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող էր անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Անհրաժեշտ է ոչ միայն միջնորդության մեջ վկայակոչել իրավիճակի փոփոխությունը, այլև հիմնավորել դատողությունները փաստական հանգամանքներով և կից ապացույցներով:

Ամփոփելով վերոգրյալը` կարող ենք արձանագրել, որ հայցի ապահովման միջոցը ենթակա է վերացման միայն այն իրավիճակի փոփոխության պարագայում, որի ընթացքում առկա էր հայցի ապահովման միջոց կիրառելու հիմք: Ընդ որում, նման իրավիճակի փոփոխությունը ենթակա է ապացուցման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ապացուցման կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանը, վերացնելով Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնելով նոր դատական ակտ, այն է` Դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առկա չէին բավարար փաստական հիմքեր առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող էր անհնարին դարձնել կամ դժվարացնել կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը:

Մինչդեռ ակնհայտ է, որ հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու ժամանակ Դատարանի մոտ առկա չի եղել այնպիսի փաստական տվյալ, որը բացակայել է հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու ժամանակ: Նշված երկու որոշումների կայացման ժամանակ ՀՀ վարչական դատարանը տիրապետել է միևնույն փաստական հանգամանքներին, այդ թվում նաև առ այն, որ խնդրո առարկա գույքի սեփականատեր է հանդիսանում սույն գործով երրորդ անձը:

Ավելին, առարկայազուրկ է Վճռաբեկ դատարանի կողմից նշված այն դիտարկումը, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի 02.11.2021 թվականի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` 29.07.2021 թվականին հարուցված թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճվել է, հետևաբար սույն դեպքում առկա չէ Ծառայությանը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 21/3 շենքի թիվ 6 հասցեի անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու որևէ իրավական կամ փաստական հիմք, ինչպես նաև առկա չէ որևէ իրավական հիմք կամ ապացույց կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի խախտմամբ հարուցված լինելու, իսկ կատարողական գործողությունները` կատարվելու, վերաբերյալ»:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը կայացվել է 02.11.2021 թվականին, մինչդեռ Դատարանը «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը կայացրել է 27.07.2021 թվականին, այսինքն` Վճռաբեկ դատարանի կողմից նշված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի «թիվ 58159021 քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը կայացնելուց 4 ամիս առաջ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման կայացման ժամանակ որևէ փաստական տվյալ փոփոխված չի եղել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է կիրառված հայցի ապահովման վերացման հնարավորությունը:

Ավելին, հայցվորները խնդրել են պարտավորեցնել պատասխանողին ձեռնպահ մնալու «Երևան ք., Պուշկինի 21/3 թիվ 6» հասցեում գտնվող անշարժ գույքում վտարման գործողությունն իրականացնելուց: Իսկ նշված պահանջի բովանդակությունից հետևում է, որ հայցվորները նպատակ են հետապնդում հասնելու հնարավոր բարենպաստ դատական ակտի կայացմանը` իրենց «Երևան ք., Պուշկինի 21/3 թիվ 6» հասցեում գտնվող անշարժ գույքից չվտարելուն:

Վերաքննիչ դատարանը կրկին իրավացիորեն նշել է, որ վտարման գործողություններ կատարելու և ըստ այդմ հայցվորներին վտարելու պարագայում ներկայացված հայցն այլևս կլինի առարկայազուրկ:

Նման պարագայում, Վճռաբեկ դատարանը ոչ միայն անտեսել է այն հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո չի փոխվել որևէ իրավիճակ և չի վերացել նման միջոց կիրառելու հիմքը, այլև ինքնին պատշաճ գնահատականի չի արժանացրել սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, վերացնելով Դատարանի 27.07.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, կատարել է իրավաչափ եզրահանգումներ և կայացրել օրինական դատական ակտ:

 

Դատավորներ` Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հունիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2022
N ՎԴ/6921/05/21
Որոշում