Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/21060/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21060/02/18       2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Անահիտ Բոյախչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Անահիտ Բոյախչյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.565.520 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2019 թվականի որոշմամբ Անահիտ Բոյախչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է:

Դատարանի 23.01.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, Ընկերության հայցն ընդդեմ Անահիտ Բոյախչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Ռոբերտ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները, չի կիրառել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները, որը պետք է կիրառեր, կիրառել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 18.02.2016 թվականի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված թիվ RL 1-001 կանոնների (այսուհետ` Կանոններ) Հավելված 1.1-ի 13.1 կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից ներկայացրած ապացույցները ոչ թույլատրելի ճանաչելու հիմքում դրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները, որը չպետք է կիրառեր:

Ստորադաս դատարանը նշել է, որ հայցվորի կողմից ներկայացված ապացույցը խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, քանի որ հայցվորը չի ունեցել պատասխանողի համաձայնությունը:

Տվյալ դեպքում հայցվորը, համաձայն ԱՊՊԱ պայմանագրի, ստացել է պատասխանողի համաձայնությունն իր անձնական տվյալները օգտագործելու վերաբերյալ, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է, ավելին այս մասին որևէ խոսք չկա անգամ վերաքննիչ բողոքում:

Մասնավորապես, Կողմերի միջև կնքված թիվ SP036061 վկայագրի 13.1-ին կետի բ) ենթակետի համաձայն. «Սույն պայմանագրի կնքմամբ հայտնում եմ իմ համաձայնությունն (լիազորում եմ) առ այն, որ Բ) Սույն պայմանագրի կնքման ներկայացված փաստաթղթերը կարող են օգտագործվել կամ փոխանցվել այլ ապահովագրական ընկերություններին, Բյուրոյին կամ այլ անձանց այդ փաստաթղթերում կամ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տեղեկությունների ստուգման որևէ ԱՊՊԱ պատահարում ինձ պատճառված վնասների հատուցման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու հատուցման վճարմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար: ...»:

Այսպիսով պատասխանողը, կողմերի միջև կնքված թիվ SP 036061 վկայագրի 13.1-ին կետով տվել է իր համաձայնությունը և ավելին` լիազորել է հայցվորին` հատուցման գործընթացի և հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման համար վկայագրի կնքման ժամանակ ներկայացված փաստաթղթերը և դրանցում առկա տվյալները ցանկացած կարգով օգտագործելու, փոխանցելու այլ անձանց, տեղեկություններ ստուգելու և այլն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.01.2019 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության և Անահիտ Բոյախչյանի միջև կնքվել է Օպել մակնիշի 35AԼ939 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոցի (այսուհետ` Ավտոմեքենա) օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏH030061 վկայագիրը (այսուհետ` ԱՊՊԱ պայմանագիր), որով ապահովագրվել է Ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ապահովագրական պատահար(ներ)ի հետևանքով տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 56).

2. Ավտոմեքենայի, Toyota մակնիշի 10ՍQ055 պետհամարանիշի և Օպել մակնիշի 33ՏD306 պետհամարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ 25.09.2016 թվականին տեղի Է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որում, ըստ 19.10.2016 թվականի ՀՀ ՃՈ ՃՏՊ բաժնի ՀԿՀ ավագ տեսուչ Գ. Հրաչյանի կողմից կազմված եզրակացության մեղավոր Է հանդիսացել Ավտոմեքենայի վարորդ Վարդան Բոյախչյանը (հատոր 1-ին, գ.թ. 57).

3. Համաձայն ԱՊՊԱ ոլորտում պատճառված վնասի գնահատման թիվ 2879 և թիվ 2693 հաշվետվությունների, 07.12.2016 թվականի ԱՊՊԱ ոլորտում անձնական վնասների գնահատման ակտի թիվ ՏH94185_A1, թիվ ՏH94185_A2 և թիվ ՏH94185_B1 հատուցման որոշումներ 01.11.2016 թվականի, 01.11.2016 թվականի և 23.12.2016 թվականի վճարման հանձնարարագրերի` որոշվել Է տուժողներին վճարել ընդհանուր 1.186.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 58-61, 63-65).

4. ԱՊՊԱ պայմանագրով որպես Ավտոմեքենայի շահագործման նպատակ Ապահովագիրը նշել Է «անձնական», սակայն Police.am կայքից հանված լուսանկարներով հաստատվում Է, որ Ավտոմեքենան օգտագործվել Է որպես «տաքսի» (հատոր 1-ին, գ.թ. 85).

5. Գրությունով Անահիտ Բոյախչյանը տեղեկացվել Է տուժողին ապահովագրական հատուցման վճարման հետադարձ պահանջի կիրառման հիմքերի մասին (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պայմանագրային հարաբերություններում անձնական տվյալների մշակման և օգտագործման պայմանների վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում:

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը, արդյո՞ք ապահովագրական պայմանագրի մեջ մատնանշված և պայմանագիրը կնքելու պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ընդունված և հաստատված RL 1-001 կանոններին հղում կատարելն ինքնին համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տվյալների սուբյեկտի կողմից համաձայնություն տալու պահանջներին:

 

i

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

i

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի ((այսուհետ` Կոնվենցիա) ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01.09.2012 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն):

i

Համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի` Կոնվենցիայի նպատակներով`

ա. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: (....):

i

Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:

i

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է անձնական տվյալների` որպես հիմնական իրավունքի պաշտպանությունը: Նշված իրավունքի պաշտպանությունը երաշխավորված է նաև Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որի մեկնաբանությանն անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում: Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանության ենթակա ոլորտի շրջանակը: Նմանօրինակ զարգացումը ներհատուկ է տվյալ հոդվածի բնույթին, քանի որ հիմնական հատկանիշը դրանց կիրառման ընթացքում հավասարակշռության հաստատման անհրաժեշտությունն է մարդու իրավունքների պաշտպանության և Պայմանավորվող պետության կողմից թույլատրելի հայեցողության շրջանակի միջև:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձնական կյանքի գաղափարը տարածվում է անձի ինքնությանն առնչվող տարրերի վրա, ինչպիսիք են` նրա անունը, լուսանկարը, ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունը, ինչպես նաև այն, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը հիմնականում կոչված է ապահովել յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումն իր նմանների հետ հարաբերություններում առանց արտաքին միջամտությունների: Ուստի գոյություն ունի անհատի` այլոց հետ շփման գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել անձնական կյանքին (տե՛ս Von Hannover v. Germany, 07.02.2012 թվականի վճիռ, կետ 95): Եվրոպական դատարանը նաև նշել է, որ անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում նախատեսված անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացման համար (տե՛ս Satakunnan Markkinaporssi Oy and Satamedia Oy v. Finland, 27.06.2017 թվականի վճիռ, կետ 133): Եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ, արձանագրելով, որ անհատի «անձնական կյանքին» վերաբերող տվյալների պահպանումը ևս ենթակա է պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, միաժամանակ նշել է, որ «անձնական կյանք» եզրույթը չպետք է չափազանց նեղ մեկնաբանել: Մասնավորապես, հարգանքն անձնական կյանքի նկատմամբ ներառում է այլոց հետ հարաբերությունների հաստատումը և զարգացումը, այդուհանդերձ, որևէ կերպ չի կարող արդարացվել այնպիսի մեկնաբանությունը, որը բացառում է «անձնական կյանք» եզրույթից մասնագիտական կամ աշխատանքային գործունեությունը: Եվրոպական դատարանի դիտարկմամբ նման լայն մեկնաբանությունը բխում է նաև «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի դրույթներից, որի նպատակն է «ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, (...) իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն)» (տե՛ս Amann v. Switzerland, 16.02.2000 թվականի վճիռ կետ 65):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի առաջնային նպատակն է պաշտպանել անձնական և ընտանեկան կյանքը, բնակարանը և նամակագրությունը պետական մարմինների կամայական միջամտություններից (տե՛ս, Libert v. France, 22.02.2018 թվականի վճիռ, կետ 40-42): Այդուհանդերձ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անդամ պետությունները կրում են նաև նույնիսկ մասնավոր անձանց միջև Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքների պահպանումը երաշխավորելու դրական պարտավորություն (տե՛ս Barbulescu v. Romania, 05.09.2017 թվականի վճիռ, կետ 108-111): Այս պարտավորությունները կարող են ենթադրել այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կոչված կլինեն ապահովել հարգանքն անձնական կյանքի նկատմամբ` ընդհուպ մինչև անհատների փոխհարաբերություններում (տե՛ս, Evans v. The United Kingdom, 10.04.2007 թվականի վճիռ, կետ 75):

Եվրոպական կոնվենցիայի ներքո պետության համար սահմանված դրական և բացասական պարտավորությունների գնահատման դեպքում կիրառելի սկզբունքները նմանատիպ են: Հարկավոր է հաշվի առնել արդար հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է ապահովել հանրության` որպես մեկ ամբողջության և անհատի մրցակցող շահերի միջև, ընդ որում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակները հստակ դերակատարում ունեն (տե՛ս, Hamalainen v. Finland, 16.07.2014 թվականի վճիռ, կետ 65): Եվրոպական դատարանը նշել է, որ երբ գործն առնչվում է բացասական պարտավորությանը, անհրաժեշտ է գնահատել, թե արդյո՞ք տվյալ միջամտությունը համապատասխանել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված 2-րդ մասի պահանջներին, այն է` թե արդյո՞ք տվյալ միջամտությունը եղել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք հետապնդել է իրավաչափ նպատակ և արդյոք անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:

Վերոնշյալ ներպետական և միջազգային կարգավորումներից հետևում է, որ անձնական տվյալները, լինելով անձի հիմնական` պաշտպանության ենթակա իրավունք, կարող են միջամտության առարկա հանդիսանալ: Մասնավորապես, սահմանադիրը նախատեսել է անձնական տվյալների մշակման իրավական հնարավորությունը` միաժամանակ սահմանելով դրա իրականացման չափանիշները, որոնք, ըստ էության, բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած վերաբերելի միջազգային փաստաթղթերի բովանդակությունից: Այսպես, անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Վերը թվարկված չափանիշներն առավել մանրամասն կարգավորված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Այսպես`

i

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

i

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը բացահայտել է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը, այն է`

1) անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.

2) անձնական տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.

3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.

4) անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.

...

6) տվյալների սուբյեկտ` ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.

7) տվյալների բազա` որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.

(....)

15) հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ.

(....):

i

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

i

Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ և անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:

i

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե`

1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

i

Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, և մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ`

1) մշակողին հասցեագրած և տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն.

2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա և օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով.

3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները:

i

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձնական տվյալներ մշակողը կամ նույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցման մեջ նշվում են`

1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.

2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակը.

3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.

4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.

5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.

6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.

7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.

8) հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով վերոնշված իրավանորմերին արձանագրել է, որ անձնական տվյալների մշակումն օրինական կարող է որակվել միայն այն դեպքում, երբ տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ երբ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Վերոգրյալից հետևում է, որ թե սահմանադիրը, և թե օրենսդիրը կարևորել է անձնական տվյալների մշակման պարագայում տվյալների սուբյեկտի կողմից տրված համաձայնությունը: Իրավակիրառ պրակտիկայում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում այդպիսի համաձայնության բովանդակության բացահայտումը (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Ռաֆիկ Մանուկյանի թիվ ԵԴ/6046/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2022 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանը մի շարք գործերով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, երբ տվյալները մշակողի կողմից անձնական տվյալների բացահայտումը տեղի է ունեցել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության (տե՛ս, օրինակ Radu v. The Republic of Moldova, 15.04.2015 թվականի վճիռ, կետեր 30,32; Mockute v. Lithuania, 27.02.2018 թվականի վճիռ, կետեր 103,106; Soro v. Estonia, 03.09.2015 թվականի վճիռ, կետեր 17-19,64): Ընդ որում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է ուղիղ և միանշանակ արտահայտված լինի, որպեսզի այն անձնական տվյալն օգտագործելու համար վավեր պայման դիտարկվի (տե՛ս, Konovalova v. Russia, 09.10.2014 թվականի վճիռը, կետեր 47-48):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի նախագիծը մշակվել է Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 24.10.1995 թվականի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի (այսուհետ` Դիրեկտիվ) դրույթների հիման վրա(1), հետևաբար «տվյալների սուբյեկտի համաձայնություն» արտահայտությունը հարկ է համարում բացահայտել նաև դիրեկտիվի դրույթների վերաբերելի կարգավորումների համատեքստում: Այսպես` համաձայն Դիրեկտիվի 2-րդ հոդվածի` «տվյալների սուբյեկտի համաձայնություն» նշանակում է որոշակի և տեղեկացված, ազատ տրված ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը` իր անձնական տվյալները մշակելու համար: Փաստորեն, Դիրեկտիվը սահմանում է, որ համաձայնություն է`

_______________________

1) Տես «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և »»Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման հիմնավորում http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6953&Reading=0

1) «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը», և այն պետք է լինի`

2) «ազատ տրված»,

3) «որոշակի» և

4) «տեղեկացված»:

Դիրեկտիվով համաձայնության համար սահմանված վերոնշյալ չափանիշներին անդրադարձել է Եվրամիության Հոդված 29 Անձնական տվյալների պաշտպանության աշխատանքային խումբը /Article 29 Data Protection Working Party/ (այսուհետ` Հոդված 29) Համաձայնության հասկացության վերաբերյալ 2011թ.-ի հուլիսի 13-ի իր 15/2011 կարծիքում:

Հոդված 29-ը, անդրադառնալով «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը» չափանիշին, նշել է, որ սկզբունքորեն չկան սահմանափակումներ, թե համաձայնությունն ինչ ձևով պետք է վերցվի, սակայն այն պետք է լինի կամահայտնություն: Համաձայնությունը կարող է տրվել գրավոր` հաստատված ստորագրությամբ, բանավոր, գործողության միջոցով, որն ակնհայտ վկայում է համաձայնության մասին: Թեև համաձայնությունը կարող է տրվել ցանկացած ձևով, սակայն այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ»: Սա նշանակում է, որ չպետք է որևէ կասկած մնա, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն ուղղված է հենց անձնական տվյալների մշակմանը: Այլ կերպ ասած` տվյալների սուբյեկտի կամահայտնությունը, որով նա տալիս է իր հավանությունն անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է միանշանակորեն վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել միանշանակորեն տրված:

Հոդված 29-ը, անդրադառնալով «ազատ տրված» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե տվյալների սուբյեկտը համաձայնությունը տվել է իր իրական ընտրությամբ (ազատ, կամավոր որոշմամբ), առանց խաբեության, սպառնալիքի, հարկադրանքի կամ համաձայնություն չտալու դեպքում իր համար բացասական հետևանքի: Եթե համաձայնություն տալ կամ չտալու հետևանքները խաթարում են անձի ազատ ընտրությունը (freedom of choice), ապա համաձայնությունը չի համարվի ազատ տրված:

Հոդված 29-ը, անդրադառնալով «որոշակի» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե այն կոնկրետ է: Այլ կերպ ասած, ընդհանուր համաձայնությունը, առանց անձնական տվյալի ճշգրիտ նպատակը մանրամասնելու, ընդունելի չէ: Համաձայնությունը պետք է լինի հասկանալի, այսինքն, այն պետք է վերաբերի անձնական տվյալների մշակման հստակ և ճշգրիտ շրջանակի:

Հոդված 29-ը, անդրադառնալով «տեղեկացված» լինելու չափանիշին, նշել է, որ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է հիմնված լինի անձնական տվյալների մշակման հանգամանքները և հետևանքները գիտակցելու և հասկանալու, անձնական տվյալների մշակման (մշակվող տվյալների, մշակման նպատակի, այլ անձանց հնարավոր փոխանցման, տվյալների սուբյեկտի իրավունքների և այլնի) վերաբերյալ ճշգրիտ և լիարժեք տեղեկությունների վրա: Ընդ որում, տեղեկությունները պետք է հասանելի, հասկանալի և տեսանելի լինեն տվյալների սուբյեկտի համար, այլ ոչ թե «հասանելի ինչ-որ տեղ»:

Անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության վերոնշյալ չափանիշներն, ըստ էության, արտացոլված են նաև Օրենքում, համաձայն որի` տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակումը պետք է առնվազն համապատասխանի Օրենքով նախատեսված անձնական տվյալների մշակման համաձայնության «որոշակիության» և «տեղեկացվածության» չափանիշներին:

Համաձայնության` «որոշակի» լինելու չափանիշը ենթադրում է, որ այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ», ինչը նշանակում է, որ այն չպետք է որևէ կասկած հարուցի տվյալների սուբյեկտի համաձայնությունը հենց անձնական տվյալների մշակմանն ուղղված լինելու առնչությամբ: Այլ կերպ ասած, տվյալների սուբյեկտի համաձայնությունը, որով նա տալիս է իր հավանությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է հաստատապես վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել հաստատապես տրված: «Որոշակի» լինելու չափանիշը վերաբերում է նաև ինչպես փոխանցման ենթակա անձնական տվյալների, այնպես էլ` այն նպատակների հստակ սահմանմանը, ի իրագործումն որոնց` պետք է մշակվեն այդ անձնական տվյալները: Այսինքն` համաձայնությունից պետք է հստակ լինի և մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, և դրանց մշակման նպատակների շրջանակը:

Միաժամանակ, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ համաձայնությունը միշտ ենթադրում է անձնական տվյալի մշակման վերաբերյալ անձնական տվյալների սուբյեկտների իրազեկվածություն: Հենց այս նպատակով օրենսդիրը սահմանել է անձնական տվյալներ մշակողի կամ Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձի կողմից տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցման կառուցակարգ, որը կոչված է ապահովելու համաձայնության` «տեղեկացված» լինելու չափանիշին համապատասխանությունը:

Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ գտնում է, որ պայմանագրով սահմանված և որպես պայմանագրային դրույթ` անձնական տվյալների մշակման մասին համաձայնությունը, պետք է հստակ պարունակի անձնական տվյալների համաձայնության բոլոր էական պայմանները: Հետևաբար` որևէ պայմանագրով տվյալների սուբյեկտի «քողարկված» համաձայնությունը չի կարող համարվել վերջինիս կողմից տրված և Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրային հարաբերությունների պարագայում անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի բացառապես տվյալների սուբյեկտի կողմից նման անձնական տվյալների մշակման մասին պարտադիր ծանուցմամբ, ընդ որում` ծանուցումը պետք է պարունակի Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` ծանուցման մեջ նշվող պարտադիր պայմանները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միևնույն անձնական տվյալները կարող են օգտագործվել, մշակվել տարբեր նպատակներով: Տվյալների սուբյեկտի կողմից իր կողմից տրամադրված անձնական տվյալները պետք է օգտագործվեն բացառապես այն նպատակով, որ նպատակով տվյալների սուբյեկտը տվել է նման համաձայնություն: Ավելին, միևնույն տեղեկատվության ընդհանուր օգտագործումը` առանց անձնական տվյալների համաձայնության մեջ որոշակի նպատակների մատնանշման, ինքնին հակասում է Օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձնական տվյալների համաձայնության մեջ մատնանշված միևնույն տեղեկատվության մշակման մասին ընդհանուր (բոլոր նպատակներով) օգտագործման մասին համաձայնությունը չի կարող համարվել Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարան ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցի հիմքում Ընկերությունը դրել է այն հանգամանքը, որ ապահովադիր Անահիտ Բոյախչյանի կողմից չի կատարվել 19.08.2016 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏH030061 պայմանագրով և դրա անբաժանելի մասը հանդիսացող ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով ստանձնած պարտավորությունը: Մասնավորապես` Ընկերությունը Անահիտ Բոյախչյանին պատկանող Օպել մակնիշի 35AԼ939 համարանիշով մեքենան ապահովագրել է անձնական օգտագործման նպատակով, սակայն պատահարի պահին պատահարի վայրում արված լուսանկարներով հաստատվում է, որ Ավտոմեքենան օգտագործվել է, որպես տաքսի ծառայություն իրականացնող մեքենա: Ընկերության կողմից հայցադիմումին կից լազերային կրիչով ներկայացվել են լուսանկարներ, որում երևում է, որ Ավտոմեքենան օգտագործվել է որպես տաքսի: Հաշվի առնելով վերոգրյալը, Ընկերությունը գտել է, որ նշված հանգամանքը հակասում է Կանոնների նորմերին և համարվում է կեղծ տեղեկատվության տրամադրում Ապահովագրողին:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը` պատճառաբանելով, որ «ԱՊՊԱ պայմանագրով որպես Ավտոմեքենայի շահագործման նպատակ Ապահովագիրը նշել Է «անձնական», սակայն Police.am կայքից հանված լուսանկարներով հաստատվում Է, որ Ավտոմեքենան օգտագործվել Է որպես «տաքսի»: Գրությունով Անահիտ Բոյախչյանը տեղեկացվել Է տուժողին ապահովագրական հատուցման վճարման» հետադարձ պահանջի կիրառման հիմքերի մասին: Դատարանը, հաշվի առնելով շարադրված փաստերը, այն հանգամանքը, որ պատասխանողն առարկություն չի ներկայացրել, հավաստում է պատասխանողի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտման փաստը և վիճելի ավտոմեքենան որպես տաքսի շահագործելու հանգամանքը»:

Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը, հայցը մերժել է, պատճառաբանելով, որ` «հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ պատասխանողը տվել է իր համաձայնությունը պետական մարմիններից իր անձնական տվյալները ստանալու վերաբերյալ (...), Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված լազերային կրիչը չէր կարող հայցի բավարարման հիմքում դրվել»:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապահովագրական ընկերությունը, օգտագործելով ապահովագրական պայմանագրով իրեն հասու դարձած ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, մուտք է գործել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնական կայքէջի տեխնիկական միջոցով հայտնաբերված իրավախախտումների բաժին և ներբեռնել պատասխանողին պատկանող ավտոտրանսպորտային միջոցով կայացված վարչական իրավախախտման տեսանյութը այն դեպքում, երբ պատասխանողի կողմից իր անձնական տվյալները Ընկերությանն է փոխանցվել բացառապես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ակնկալիքով, և Պայմանագրով իր կողմից փոխանցված անձնական տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելու վերաբերյալ համաձայնություն պատասխանողը չի տվել:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում խոսքը գնում է գրավոր և ավտոմեքենայի սեփականատիրոջ ուղղակի կամքն արտահայտող համաձայնության մասին, իսկ տվյալ դեպքում Անահիտ Բոյախչյանի կողմից անձնական տվյալներն Ընկերությանը ներկայացնելը հետապնդել է միայն կողմերի միջև ավտոապահովագրական պայմանագրի կնքման նպատակ, ինչը նշանակում է, որ այդ նպատակից և պայմանագրում կոնկրետ նշված (սահմանված) գործողություններ կատարելու նպատակից դուրս որևէ այլ նպատակով Ընկերությունն իրավասու չէր պատասխանողին պատկանող անձնական տվյալներն օգտագործել:

Բացի այդ, անձնական տվյալները չեն կարող մշակվել աննպատակ, և անձնական տվյալների մշակումն իրավաչափ կլինի, եթե առկա լինի տվյալները մշակելու օրինական և որոշակի նպատակ: Ավելին, գործում առկա չէ նաև որևէ ապացույց այն մասին, որ սույն գործով պատասխանողի համաձայնությունը ստանալու նպատակով համապատասխան անձնական տվյալը մշակելու մտադրության մասին վերջինս Ընկերության կողմից ծանուցվել է:

Ընկերության և Անահիտ Բոյախչյանի միջև 19.08.2016 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏH030061 Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 12-րդ կետի համաձայն` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ընդհանուր պայմանները (սույն Պայմանագրում, նաև ԱՊՊԱ պայմաններ)` սահմանված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (այսուհետ` Բյուրո) իրավասու մարմնի կողմից հաստատված և Բյուրոյի` www.paap.am պաշտոնական ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնում հրապարակված կանոններով, որոնք կիրառվում են անմիջականորեն (...)»:

Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 12-րդ կետը բովանդակում է միայն ապահովագրողի և ապահովադիրի կողմից ԱՊՊԱ ընդհանուր պայմանների շուրջ ձեռք բերված համաձայնություն: Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 12-րդ կետն անմիջականորեն չի պարունակում անձնական տվյալների մշակման նպատակները: Այս մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վկայագրի 12-րդ կետով նախատեսված համաձայնությունն ինքնին հանդիսանում է «քողարկված» համաձայնություն, քանի որ նրանում անձնական տվյալների մասով նույնպես հղում է կատարվում Կանոններին:

Հետևաբար` պետք է արձանագրել, որ պատասխանողի կողմից իր անձնական տվյալները Ընկերությանն է փոխանցվել բացառապես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ակնկալիքով, ինչը նշանակում է, որ Ընկերությունը սկզբնական և պայմանագրում կոնկրետ նշված (սահմանված) գործողություններ կատարելու նպատակների հետ անհամատեղելի որևէ այլ նպատակով` ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգ մուտք գործելու միջոցով պատասխանողի անձնական տվյալներն օգտագործելու որևէ իրավունք չի ունեցել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է ամփոփիչ եզրահանգման, որ Ընկերության հայցի հիմքում վկայակոչված` պատասխանողի կողմից ավտոմեքենան ոչ թե անձնական նկատառումներով, այլ որպես տաքսի շահագործելու փաստն ապացուցելու համար Դատարան ներկայացրած ապացույցը` պատահարի վերաբերյալ լուսանկարները լազերային կրիչով, ձեռք է բերվել Սահմանադրության և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ: Առկա չէ նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված այն դեպքը, որը, թերևս, կարող էր բավարար լինել անձնական տվյալների մշակումը, առանց տվյալների սուբյեկտի համաձայնության առկայության, օրինական համարելու համար:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքի խախտմամբ ձեռքբերված ապացույցի օգտագործումն արգելվում է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 63, մաս 3), ուստի լուսանկարները (ապացույցը) չեն կարող հիմք հանդիսանալ Ընկերության կողմից հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի իրացման համար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերությունից հօգուտ Անահիտ Բոյախչյանի պետք է բռնագանձել 35.600 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար: Իսկ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը այդ մասով պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքի գումարից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Անահիտ Բոյախչյանի բռնագանձել 35.600 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 հունիսի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203889793

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2022
N ԵԴ/21060/02/18
Որոշում