Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՐԴ/3713/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3713/02/20       2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Կ. Համբարձումյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աստղիկ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի (այսուհետ` Մարզպետ)` որոշումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` գումար բռնագանձելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Մարզպետի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աստղիկ Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 13.10.2020 թվականի` իրեն «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Դպրոց) տնօրենի պաշտոնից ազատելու և իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ ՄՈ/420-2020 որոշումը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել իր միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ նախկին աշխատանքում իրեն վերականգնելու անհնարինության դեպքում Մարզպետին պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Մարզպետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզպետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աստղիկ Մխիթարյանը (ներկայացուցիչ Արամ Օրբելյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 2-րդ կետը և 265-րդ հոդվածը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աստղիկ Մխիթարյանը, հանդիսանալով դպրոցի տնօրեն` իրավաստեղծ մարմին, ունեցել է պարտավորություն իրականացնելու իր կողմից ընդունված հրամանների ներքին հաշվառում և պահպանում` իր իսկ կողմից սահմանված կարգով, որպիսի պարտավորությունը չի կատարել, ինչպես նաև այդ կարգը չի սահմանել:

i

Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանն իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում արձակված հրամաններում չի պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-22-րդ հոդվածների պահանջները:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Աստղիկ Մխիթարյանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը խախտվել է ինչպես Դպրոցի ուսուցիչ Քնարիկ Կարապետյանի, այնպես էլ նույն Դպրոցի մի խումբ աշխատակիցների պարագայում, ում նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` միաժամանակ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Աստղիկ Մխիթարյանի կողմից 25.09.2020 թվականին տրված հայտարարության համաձայն` վերջինս կարգապահական տույժերի մասին աշխատակիցներին տեղեկացրել է բանավոր:

Քնարիկ Կարապետյանին աշխատանքից ազատելուց հետո «Ազգային երգ ու պար» առարկայի կրճատում չի կատարվել, սակայն Դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա պլանը հաստատված է եղել առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու:

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հարություն Հովհաննիսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, սկզբում որպես ժամանակավոր` տնօրենի 10.09.2019 թվականի թիվ 69 հրամանով, ապա որպես ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից, հաղթող ճանաչվելով, Աստղիկ Մխիթարյանի տնօրենի 01.10.2019 թվականի թիվ 82 հրամանով նշանակվել է Դպրոցի զինղեկ, որով խախտվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 14.10.2010 թվականի թիվ 1391-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ՀՀ-ում հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի 11-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի 15.04.2013 թվականի թիվ 396-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 15-րդ կետի պահանջները, ինչպես նաև Աստղիկ Մխիթարյանի` որպես Դպրոցի տնօրենի կողմից հայտարարված և «Հայրենականչ» հասարակական-քաղաքական, մշակութային թերթով 2019 թվականի սեպտեմբերի 2-11-ին հրապարակված մրցույթի պարտադիր պահանջները:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դպրոցում «Կերպարվեստ» առարկայի ուսուցչին փոխարինել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետն ավարտած և «Գրաֆիկա» մասնագիտությամբ մանկավարժի որակավորում չունեցող Մանե Աբելյանը, որով Աստղիկ Մխիթարյանը խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Աստղիկ Մխիթարյանի 07.10.2019 թվականի թիվ 85 հրամանով 07.10.2019 թվականից մինչև 05.11.2019 թվականը Դպրոցի 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը վերապահվել են պարապելու բարձրագույն կրթություն և մանկավարժի որակավորում չունեցող դպրոցի պահակ Սամվել Մկրտչյանին, որով խախտվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, Մարզպետի 25.02.2020 թվականի թիվ ՄՈ/50-2020 որոշմամբ հաստատված Դպրոցի կանոնադրության 76-րդ, 81-րդ և 82-րդ կետերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 31.08.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 1-ին կետի պահանջների` 25.09.2020 թվականի դրությամբ դեռևս հաստատված չեն եղել Դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի կազմը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, դասացուցակն ամբողջությամբ, իսկ 2020-2021 ուսումնական տարվա պլանը հաստատվել է առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունների գրանցամատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանում գրանցված վերջին արձանագրությունը 29.06.2020 թվականի թիվ 8 նիստն է: Մինչդեռ Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի և 2019-2020 ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի քարտուղար Քրիստինե Հովհաննիսյանի կողմից տրված գրավոր հայտարարությունների համաձայն` 11.09.2020 թվականին կայացել է մանկավարժական խորհրդի նիստ, որը չի արձանագրվել: Աստղիկ Մխիթարյանը նշել է, որ նիստը չարձանագրելը Քրիստինե Հովհաննիսյանի բացթողումն է, իսկ վերջինս իր գրավոր բացատրագրում նշել է, որ նիստը չի արձանագրել Դպրոցում տիրող լարված իրավիճակի և իր առողջական խնդիրների պատճառով:

Աստղիկ Մխիթարյանի և վերջինիս` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի բանավոր պարզաբանումների համաձայն` աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններ կատարելու ժամանակ Դպրոցում դասաբաշխումը դեռևս ավարտված չի եղել, քանի որ դեռ անորոշ վիճակում են մնացած եղել «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվելիք և սեպտեմբերի 25-ի դրությամբ դեռևս չհատկացված դասաժամերի բաշխման հարցերը:

Վերը նշված խախտումները թույլ տալու արդյունքում Աստղիկ Մխիթարյանը խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, Մարզպետի 25.02.2020 թվականի թիվ ՄՈ/50-2020 որոշմամբ հաստատված Դպրոցի կանոնադրության 76-րդ, 81-րդ և 82-րդ կետերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 31.08.2020 թիվ 25-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 1-ին կետի պահանջները:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դպրոցում շեղումներով և խախտումներով է կատարվել Դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը, որով Աստղիկ Մխիթարյանը խախտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 31.08.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի 13.09.2017 թվականի թիվ 081-Ա/2 հրամանի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դպրոցի ուսուցիչների կողմից ներկայացված բողոքների հիման վրա ուսումնասիրվել է 2020 թվականից սկսած «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաների դասաժամերը բաժանելու` կիսելու հարցը, որի արդյունքում պարզվել է, որ 2020-2021 ուսումնական տարվա համար կազմված ուսումնական պլանով նախատեսված չեն նշված առարկաների կիսված դասաժամեր, որի արդյունքում Աստղիկ Մխիթարյանը խախտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 31.08.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 24-րդ կետի պահանջը:

Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական չի տվել վերը նշված փաստերը հաստատելու նպատակով Դատարան ներկայացրած ապացույցներին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ նույնիսկ հրամանն անվավեր ճանաչելու հիմքերի առկայության դեպքում Աստղիկ Մխիթարյանը չէր կարող վերականգնվել նախկին աշխատանքում, քանի որ ակնհայտ բացակայել է դրա հնարավորությունը` հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և Դպրոցի տնօրենի պաշտոնում Մարզպետի 01.02.2021 թվականի որոշմամբ նշանակվել է Լիլիթ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր նաև այն առումով, որ «անհամատեղելի արարք»-ի մասով օրենսդիրն ու դատական պրակտիկան չեն տվել որևէ սպառիչ հիմքեր և դեպքեր ու, ըստ էության, այդ հասկացության բացահայտումը թողնված է դատարանների հայեցողությանը: Խնդիրը բարդանում է նաև այս դեպքում նրանով, որ որպես գործատու և աշխատող հանդես է գալիս նույն անձը: Այս դեպքում պետք է իրավունքի զարգացումը տանել այն ուղղությամբ, որ պետք է հաշվի առնել աշխատանքի էությունը, խախտման բնույթը, այդ մասով մասնագիտության բարոյական ընկալումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա չէ վարույթ ընդունելու, քանի որ վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք վկայակոչվածը` օրենքի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կապակցությամբ, առկա չէ:

Առկա չէ նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը:

Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանը` որպես Դպրոցի տնօրեն, ուսումնադաստիարակչական գործառույթներ չի իրականացրել ինչպես աշխատանքային պայմանագրով, այնպես էլ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ: Վերջինս իրականացրել է ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման վերաբերյալ իր լիազորությունները, որը որևէ կերպ չի կարող նույնացվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու հետ, քանի որ առաջինը վերաբերում է այդ աշխատանքը համակարգելուն, և ոչ թե դրանք փաստացի իրականացնելուն:

Անգամ Աստղիկ Մխիթարյանին ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող դիտարկելու պարագայում վերջինիս հետ աշխատանքային պայմանագիրը չէր կարող լուծվել վերը նշված հիմքերով, քանի որ նրան վերագրված խախտումները չեն հանդիսանում ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացման հետ անհամատեղելի արարքներ:

Ինչ վերաբերում է Մարզպետի այն փաստարկին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք» հասկացությունն ընդգրկում է նաև աշխատողի մասնագիտական ունակությունների անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին, ապա աշխատողի մասնագիտական ունակությունների անհամապատասխանության պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է աշխատանքային պայմանագրի լուծման բոլորովին այլ հիմք, այն է` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանին նախկին աշխատանքում վերականգնումն անհնարին դարձնող որևէ խոչընդոտող պատճառ առկա չէ, և եթե ազատված աշխատակցի փոխարեն արդեն իսկ նշանակված է նոր աշխատող, ապա գործատուն պարտավոր է լուծել նոր կնքված աշխատանքային պայմանագիրը` վերականգնելով նախկին աշխատակցին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարզպետի 24.07.2019 թվականի թիվ ՄՈ/308-2019 որոշմամբ Աստղիկ Մխիթարյանը նշանակվել է Դպրոցի տնօրենի պաշտոնում, ինչպես նաև որոշվել է 24.07.2019 թվականից նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 59).

2) վերը նշված որոշման հիման վրա Մարզպետի (այսուհետ` նաև Գործատու) և Աստղիկ Մխիթարյանի (այսուհետ` նաև Տնօրեն) միջև 24.07.2019 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնել է Տնօրենին, իսկ վերջինս պարտավորվել է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, ի շահ կազմակերպության: Պայմանագրի 5.1 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտել կնքման պահից և գործում է հինգ տարի ժամկետով` մինչև 24.07.2024 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 45-47).

3) Մարզպետի 23.09.2020 թվականի թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 23.09.2020 թվականից մինչև 25.09.2020 թվականը Դպրոցում իրականացվել է Դպրոցի մի շարք աշխատակիցների և ծնողների կողմից Մարզպետին հասցեագրված դիմումներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ու ՀՀ Արմավիրի մարզպետարան վերահասցեագրված ահազանգում բերված փաստարկների իսկության ուսումնասիրություն, որի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ստուգվել է Դպրոցի բնականոն գործունեությունը, ուսումնասիրվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում դպրոցում գործունեության կազմակերպման ուղեցույցի պահանջների ներդրման ու պահպանման, ինչպես նաև աշխատանքային փոխհարաբերությունները, և կազմվել է Դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն, որում արձանագրվել են Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված որոշակի խախտումներ: Նշված արձանագրությունը ստորագրել են աշխատանքային խմբի անդամները, Դպրոցի տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալը, հաշվապահը, Դպրոցի մանկավարժներն ու աշխատակազմի ներկայացուցիչները (հատոր 1-ին, գ.թ. 97-106).

4) Մարզպետի կողմից Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին ուղղված գրությամբ վերջինիցս պահանջվել է գրավոր բացատրություն ներկայացնել վերը նշված արձանագրության մեջ նշված խախտումների վերաբերյալ, որի համար տրամադրվել է երեք աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 85).

5) Աստղիկ Մխիթարյանը, ի պատասխան Մարզպետի վերը նշված գրության, ներկայացրել է բացատրագիր` Դպրոցում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների հիման վրա կազմված արձանագրության դրույթների և կետերի մասին, որն ամփոփելով` նշել է, որ «բնական և տեղին է համարում իրականացված ստուգումները, որոնք եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան հստակեցրին, ցանկացած ստուգում միտված է աշխատանքային գործընթացի բարելավմանը, ինքը պատրաստ է հայտնաբերված թերությունների հետ կապված գրավոր հանձնարարագրերի ամբողջական կատարմանը» (հատոր 1-ին, գ.թ. 86-96).

i

6) Մարզպետը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով և 226-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով իր 07.10.2020 թվականի թիվ 01/13/06194-2020 գրությունն ու Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից 12.09.2020 թվականի թիվ 12 գրությամբ ներկայացված բացատրությունը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջները չպահպանելու, վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով 13.10.2020 թվականին կայացրել է թիվ ՄՈ/420-2020 որոշումը, որով Աստղիկ Մխիթարյանին ազատել է Դպրոցի տնօրենի պաշտոնից` լուծելով նրա հետ կնքված Պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 58):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

- արդյո՞ք հանրակրթական դպրոցի տնօրենը հանդիսանում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող,

- արդյո՞ք սույն գործով հայցվորի կողմից թույլ տրված արարքներն իրենց բնույթով համարվում են վերջինիս աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ գործատուն իրավունք ունի որոշակի ժամկետով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու նաև այն դեպքում, երբ աշխատողի նկատմամբ կորցնում է վստահությունը: Որպես աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու ինքնուրույն դեպք օրենսդիրը նախատեսել է նաև վերջինիս կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ տրված` աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը:

Այսինքն` որպեսզի գործատուի մոտ ծագի վերը նշված հիմքով նախքան աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն այն իր նախաձեռնությամբ լուծելու իրավունքը, անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

1. աշխատողը հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և

2. թույլ տրված լինի համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:

Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված այն հարցերին, թե արդյոք հանրակրթական դպրոցի տնօրենը հանդիսանում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող, և արդյոք սույն գործով հայցվորի կողմից թույլ տրված արարքներն իրենց բնույթով համարվում են վերջինիս աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ բացահայտել «ուսումնադաստիարակչական գործառույթներ» տերմինը, այնուհետև` սույն որոշմամբ անդրադառնալ հանրակրթական դպրոցի տնօրենի գործառույթներին` բացահայտելու համար դրանց ուսումնադաստիարակչական բնույթ ունենալու հանգամանքը, որից հետո պարզել` հայցվորի կողմից թույլ տրված արարքների անհամատեղելիության հարցը տվյալ աշխատանքը շարունակելու առումով: Այսպես`

Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի` «ուսումնական» նշանակում է «ուսման համար կատարվող` տեղի ունեցող, ուսման բնույթ կրող», «ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու` իրականացնելու հետ կապված», «ուսումնական մեթոդներ», իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի` «ուսուցողական (ուսմանը վերաբերող` հատկացված)»:

Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի` «դաստիարակչական» նշանակում է «դաստիարակության հատուկ», «դաստիարակության` դաստիարակելուն ծառայող», իսկ ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի` «դաստիարակչության վերաբերող` հատուկ, դաստիարակիչ, կրթիչ»:

Նկատի ունենալով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ուսումնադաստիարակչական գործառույթներ» իրականացնող կարող է համարվել այն անձը, ով վերը նշված բառարանների իմաստով միաժամանակ` համալիր կերպով, իրականացնում է ինչպես ուսումնական, այնպես էլ` դաստիարակչական գործառույթներ:

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

i

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատության տնօրենը`

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.

4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

5) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով (...):

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

i

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: ՈՒսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը: ՈՒսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

i

Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե նույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել: ՈՒսուցչի թափուր տեղը համալրվում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

i

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:

Շարադրված նորմերից բխում է, որ հանրակրթական դպրոցի տնօրենը, նշված իրավական նորմերով օրենսդրի կողմից վերապահված գործառություններն իրականացնելիս մի դեպքում հանդես է գալիս որպես ուսումնական հաստատությունը ղեկավարելու, այսինքն` դրա բնականոն աշխատանքն ու ընթացիկ գործունեությունը կազմակերպելու, վարչական գործառույթներ իրականացնող անձ, իսկ մյուս դեպքերում` ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Մասնավորապես եթե «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական դպրոցի տնօրենի, որպես գործադիր մարմնի, վրա դրված են կառավարչական-կազմակերպչական բնույթի որոշ գործառույթներ, ապա այդ նույն օրենքով առկա են այլ լիազորություններ, որոնք կատարվում (տեղի են ունենում) և վերաբերում են ուսմանը, հետապնդում են ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու նպատակ, առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ծառայում են դաստիարակելուն` լինելով դաստիարակությանը հատուկ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերապահված այն լիազորությունները խախտելը, որոնք միտված են ուսման պրոցեսը կազմակերպելուն և ղեկավարելուն, այսինքն` առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ուսումնական-դաստիարակչական են, հիմք են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու, այսինքն` տնօրենի` որպես ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի, հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքի կիրառմամբ լուծելու համար, եթե առկա է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են այն արարքները, որոնք կարող են անհամատեղելի համարվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի աշխատանքը շարունակելու հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ չի սահմանում, թե որոնք են այն արարքները, որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվում են անհամատեղելի: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք թույլ տված աշխատողը, ինչպես արդեն իսկ նշվեց, պետք է հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Երկրորդ, թույլ տրված արարքները վերոգրյալ դիրքորոշումների հաշվառմամբ պետք է հանդիսանան այնպիսին, որ խաթարած լինեն հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված վերը նշված պարտականությունների կատարման էությունը և նպատակը` արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին:

Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարզպետը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով և 226-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով իր 07.10.2020 թվականի թիվ 01/13/06194-2020 գրությունն ու Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից 12.09.2020 թվականի թիվ 12 գրությամբ ներկայացված բացատրությունը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջները չպահպանելու, վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով 13.10.2020 թվականին կայացրել է թիվ ՄՈ/420-2020 որոշումը, որով Աստղիկ Մխիթարյանին ազատել է Դպրոցի տնօրենի պաշտոնից` լուծելով նրա հետ կնքված Պայմանագիրը:

Վերը նշված որոշման հիմքում, ըստ էության, դրվել են Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված այն արարքները, որոնք արձանագրվել են Մարզպետի 23.09.2020 թվականի թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 23.09.2020 թվականից մինչև 25.09.2020 թվականը Դպրոցում իրականացված ուսումնասիրության ընթացքում: Աշխատանքային խմբի կողմից կազմված արձանագրությամբ, որպես Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված արարքներ, առաջին խմբում նշվել են հետևյալը`

- արձակված բոլոր հրամանների կառուցվածքը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին` սկսած հրամանների վերնագրերից, դրանց կառուցվածքից, դրանցում հղումների կիրառումից, նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակումից, դրանց հերթական համարակալումից մինչև դրանց ստորագրումը,

- Ա. Մխիթարյանի կողմից սահմանված չէ իր կողմից` որպես տնօրենի, արձակված հրամանների հաշվառման և պահպանման կարգը, իրականացված չէ դրանց պատշաճ իրազեկումն այն աշխատակիցներին, որոնց ուղղված են այդ հրամանները,

- Դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանի կողմից արձակված հրամանների ձեռագիր վարվող հրամանագրքում ստորագրված և կնքված չեն 08.01.2020 թվականի թիվ 99-100, 02.02.2020 թվականի թիվ 101-102, 21.02.2020 թվականի թիվ 103, 24.02.2020 թվականի թիվ 104, 04.05.2020 թվականի թիվ 106-108, 10.05.2020 թվականի թիվ 109, ինչպես նաև առանց ժամանակագրական տվյալների գրանցման թիվ 105 և թիվ 110-112 հրամանները,

- Դպրոցի կառավարման խորհրդի նիստերի արձանագրությունների գրանցամատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանում արձանագրված 2020 թվականի հունվարից մինչև հաշվետու ժամանակահատվածը` սեպտեմբերի 23-ից 25-ը ներառյալ, փետրվարի 11-ի թիվ 2, հուլիսի 24-ի թիվ 4 և սեպտեմբերի 2-ի թիվ 5 արձանագրություններում նշված են, որ նիստերին մասնակցել են խորհրդի ութ անդամներից յոթը, սակայն բոլոր այդ արձանագրությունները խորհրդի նախագահի կողմից ստորագրված չեն, ինչպես նաև թիվ 4 արձանագրությունը ստորագրված չէ խորհրդի անդամ Լ. Հակոբյանի, իսկ թիվ 5 արձանագրությունը` Լ. Գյուլխասյանի, Լ. Հակոբյանի և Ս. Ալահվերդյանի կողմից:

Երկրորդ խմբում նշվել են թույլ տրված հետևյալ արարքները`

- Դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանի կողմից «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչ Քնարիկ Կարապետյանին 01.08.2020 թվականին տրվել է աշխատանքից առաջիկա հնարավոր ազատման մասին ծանուցում, որում հղում է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի և 115-րդ հոդվածի պահանջներին, մինչդեռ ՀՀ կրթության և գիտության նախարարի 13.09.2017 թվականի թիվ 1081-Ա/2 հրամանով Դպրոցում ներդրված է «Ազգային երգ ու պար» առարկան, իսկ Քնարիկ Կարապետյանին աշխատանքից ազատելուց հետո նշված առարկայի կրճատում չի կատարվել,

- Ա. Մխիթարյանի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածն ինչպես Քնարիկ Կարապետյանի, այնպես էլ Դպրոցի մի խումբ աշխատակիցների պարագայում, որոնց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` խախտելով նաև նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, իսկ ըստ Ա. Մխիթարյանի հայտարարության` կարգապահական տույժերի մասին աշխատակիցներին տեղեկացրել է բանավոր,

- Հարություն Հովհաննիսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, սկզբում որպես ժամանակավոր, ապա որպես ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից, հաղթող ճանաչվելով տնօրենի 01.10.2019 թվականի թիվ 82 հրամանով, նշանակվել է Դպրոցի զինղեկ,

- Դպրոցում «Կերպարվեստ» առարկայի ուսուցչին փոխարինել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետն ավարտած և «Գրաֆիկա» մասնագիտությամբ, մանկավարժի որակավորում չունեցող Մանե Աբելյանը, իսկ «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը վերապահվել են պարապելու բարձրագույն կրթություն և մանկավարժի որակավորում չունեցող Դպրոցի պահակ Սամվել Մկրտչյանին:

Երրորդ խմբում նշվել են թույլ տրված հետևյալ արարքները`

- չնայած համապատասխան իրավակարգավորումների պարտադիր պահանջների` 25.09.2020 թվականի դրությամբ դեռ հաստատված չէին Դպրոցի 2020-2021 թվականների ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի կազմը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, դասացուցակն ամբողջությամբ, 2020-2021 թվականների ուսումնական տարվա պլանը հաստատված էր առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու, իսկ Դպրոցում տիրում էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:

Նույն արձանագրության մեջ նշվել է նաև, որ քննարկվել են Դպրոցի ուսուցիչների կողմից 22.09.2020 թվականին Մարզպետին հասցեագրված դիմումներից մեկում նշված` «տնօրեն Ա. Մխիթարյանն ուսուցիչներին ստիպում է Դպրոցի սանհանգույցները սեփական միջոցներով ապահովել հիգիենայի պարագաներով` սահմանելով հերթապահություն և գնահատման սանդղակ», «կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելիչ միջոցառումների համար պահանջվող ախտահանիչ միջոցները դասղեկները Դպրոցի տնօրենի ցուցումով պահանջել են երեխաներից» փաստարկները, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում գործող «Թեժ գիծ» հեռախոսակապով դպրոցի ծնող Ալինա Վաղարշակյանի կողմից կատարված ահազանգն այն մասին, որ «տնօրենը բոլոր դասարանների ծնողներին ստիպում է ալկոգելեր գնել և Դպրոց բերել, իսկ ուսուցիչներին էլ ժողովի է կանչել և հրահանգել, որ այդ հարցում խստապահանջ լինեն և դրանից բացի բոլոր ծնողներին ստիպում է դասասենյակները մաքրել, իսկ մաքրելուց հետո էլ, եթե չի հավանում, նորից է պարտադրում մաքրել» ու դիմումատուները հաստատել են իրենց կողմից նշված փաստարկները:

Չորրորդ խմբում նշվել են թույլ տրված հետևյալ արարքները`

- ի խախտումն կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) պայմաններում դպրոցում գործունեության կազմակերպման ուղեցույցի պահանջների` Դպրոցում թվով 589 աշակերտների համար նախատեսված գծանշումների թիվն ինն էր և դրանք ըստ դասարանների չէին նշված, մեկուսացումն ապահովելու համար դասասենյակ կամ տարածք չկար առանձնացված, աշխատանքային խմբի եռօրյա այցերի ժամանակ` սեպտեմբերի 23-ին և 24-ին Դպրոցի մուտքերի մոտ նախ ջերմաչափեր չեն եղել և աշխատանքային խմբի անդամների ջերմաչափում էլ չի իրականացվել:

Հինգերորդ խմբում նշվել են թույլ տրված հետևյալ արարքները`

- Ա. Մխիթարյանի կողմից պաշտոնավարման ժամանակահատվածում տնօրենի աշխատասենյակի վերանորոգման, ինչպես նաև գույքի և տեխնիկայի ձեռքբերման համար ծախսված գումարի արժեքը կազմում է 1.883.850 ՀՀ դրամ` առանց մատուցված աշխատանքների կամ ծառայությունների հաշվարկների,

- տնօրեն Ա. Մխիթարյանի 24.01.2020 թվականի թիվ 21 հրամանով պարգևատրվել են Դպրոցի դռնապան Ա. Ավագյանը, գործավար Վ. Մկրտչյանը, գրադարանավար Ա. Հարթենյանը` յուրաքանչյուրին 10.000-ական ՀՀ դրամ` առանց հիմնավորման, իսկ 25.03.2020 թվականի թիվ 41 և 25.05.2020 թվականի թիվ 49 հրամաններով` պահակ-փականագործ Ս. Մկրտչյանը` համապատասխանաբար 30.000 և 40.000 ՀՀ դրամ` Դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Արդյունքում Դպրոցում իրականացվել է ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարում:

Աստղիկ Մխիթարյանը հայց է ներկայացրել Դատարան` նաև հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին` հայցի հիմքում դնելով նաև այն, որ իր` որպես Դպրոցի տնօրենի լիազորությունների բովանդակությունից ակնհայտ է, որ իր աշխատանքային գործառույթների կազմում ուսումնադաստիարակչական գործառույթը ներառված չէ, ինքը` որպես Դպրոցի տնօրեն կատարել է բացառապես վարչական աշխատանք, իսկ արձանագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ դրանում նշված խախտումներից և ոչ մեկը չի վերաբերում ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացմանը, բացի այդ, արձանագրված արարքները չեն կարող որակվել որպես այնպիսի արարքներ, որոնք անհամատեղելի են աշխատանքը շարունակելու հետ:

Դատարանի 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է նաև վերը նշված պահանջի մասով` անվավեր է ճանաչվել Մարզպետի 13.10.2020 թվականի Աստղիկ Մխիթարյանին Դպրոցի տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ ՄՈ/420-2020 որոշումը: Դատարանը, Աստղիկ Մխիթարյանին, ըստ էության, համարելով ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և գտնելով, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերջինս կարող էր ազատվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, այնուամենայնիվ եզրահանգել է, որ վերջինիս կողմից թույլ տրված արարքները չեն բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից, քանի որ դրանք միմիայն վերաբերում են դպրոցի տնօրենի օրենքով սահմանված պարտականությունների ոչ ճիշտ, թերի կատարմանը, այլ ոչ թե ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրված այնպիսի արարքին, որն անհամատեղելի է տվյալ աշխատանքը շարունակելու հետ:

Միևնույն ժամանակ անդրադառնալով գործում առկա` Դպրոցի ուսուցիչների բացատրագրերին այն մասին, որ տնօրենը անմարդկային, կոպիտ է, վիրավորում է` գտել է, որ դրանք նախ վերացական են, ինչպես նաև դպրոցի մի շարք աշխատակիցների բացատրագրերի հետ հակասական են, բացի այդ, կոնկրետ ապացույցներով գործի դատաքննությամբ չեն հաստատվել, պատասխանողը դրանց վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել, ավելին` ուղղված չեն հենց բուն բարոյական նորմերի դեմ, ուստիև անհամատեղելի չեն դարձնում Աստղիկ Մխիթարյանի հետագա աշխատանքը:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի հետևությունների հետ այն մասին, որ Աստղիկ Մխիթարյանը համարվում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, 09.07.2021 թվականի որոշմամբ Մարզպետի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 12.02.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ «Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված խախտումներից ոչ մեկը, այդ թվում նաև` «դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը», չեն բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջից, քանի որ դրանք վերաբերում են նրան վերագրվող ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող Ա. Մխիթարյանի` տվյալ դեպքում որպես դպրոցի տնօրենի` օրենքով սահմանված պարտականությունների ոչ ճիշտ, թերի կատարմանը, այլ ոչ թե ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրված այնպիսի արարքների, որոնք անհամատեղելի են տվյալ աշխատանքը շարունակելու հետ»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում գործի փաստերից, քանի որ գնահատական տալով վերը նշված արարքներից յուրաքանչյուրին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներքոշարադրյալ խախտումները Աստղիկ Մխիթարյանի կողմից կատարվել են ոչ միայն նրա, որպես վարչական գործառույթներ իրականացնող անձի, այլև Դպրոցի տնօրենի` որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, համար սահմանված լիազորությունների շրջանակում.

i

- Դպրոցի տնօրենի 01.10.2019 թվականի թիվ 82 հրամանով Դպրոցի զինղեկի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Հարություն Հովհաննիսյանը և նշանակվել է այդ պաշտոնում նախ ժամանակավորապես, ապա մշտական հիմունքներով` այն պայմաններում, երբ չի ունեցել բարձրագույն կրթություն, որպիսի պահանջը պարտադիր է ուսուցչի համար: Արդյունքում խախտվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 14.10.2010 թվականի թիվ 1391-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ՀՀ-ում հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի 11-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ կրթության և գիտության նախարարի 15.04.2013 թվականի թիվ 396-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 15-րդ կետը, ինչպես նաև Աստղիկ Մխիթարյանի` որպես Դպրոցի տնօրենի կողմից հայտարարված և «Հայրենականչ» հասարակական-քաղաքական, մշակութային թերթով 2019 թվականի սեպտեմբերի 2-11-ին հրապարակված մրցույթի պարտադիր պահանջները:

- Դպրոցի տնօրենը «Կերպարվեստ» առարկայի ուսուցչին փոխարինել է Մանե Աբելյանով, ով ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետը և չի ունեցել «Գրաֆիկա» մասնագիտությամբ մանկավարժի որակավորում, ինչի հետևանքով խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը:

- Դպրոցի տնօրենի 07.10.2019 թվականի թիվ 85 հրամանով 07.10.2019 թվականից մինչև 05.11.2019 թվականը Դպրոցի 5-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը վերապահվել են պարապելու Դպրոցի պահակ Սամվել Մկրտչյանին` այն պայմաններում, երբ նա չի ունեցել բարձրագույն կրթություն և մանկավարժի որակավորում, որպիսի պահանջները «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր են ուսումնական հաստատության ուսուցչի համար,

- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում դպրոցում գործունեության կազմակերպման ուղեցույցի 6-րդ կետի 1-ին ենթակետով Դպրոցի տնօրենը նշանակվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու: Նույն ուղեցույցի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվել է, որ օրվա ընթացքում Դպրոցի անձնակազմն ու սովորողներն ապահովվում են անհրաժեշտ պարագաներով (դիմակներ, ախտահանիչ միջոցներ և այլն), իսկ 11-րդ կետով սահմանվել է Դպրոցի ախտահանման կարգը:

Դպրոցի ուսուցիչների կողմից 22.09.2020 թվականին Մարզպետին հասցեագրված դիմումներից մեկում նշվել է, որ «տնօրեն Ա. Մխիթարյանն ուսուցիչներին ստիպում է Դպրոցի սանհանգույցները սեփական միջոցներով ապահովել հիգիենայի պարագաներով` սահմանելով հերթապահություն և գնահատման սանդղակ», «կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելիչ միջոցառումների համար պահանջվող ախտահանիչ միջոցները դասղեկները Դպրոցի տնօրենի ցուցումով պահանջել են երեխաներից» փաստարկները, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում գործող «Թեժ գիծ» հեռախոսակապով դպրոցի ծնող Ալինա Վաղարշակյանը ահազանգել է այն մասին, որ «տնօրենը բոլոր դասարանների ծնողներին ստիպում է ալկոգելեր գնել և Դպրոց բերել, իսկ ուսուցիչներին էլ ժողովի է կանչել և հրահանգել, որ այդ հարցում խստապահանջ լինեն և դրանից բացի բոլոր ծնողներին ստիպում է դասասենյակները մաքրել, իսկ մաքրելուց հետո էլ, եթե չի հավանում, նորից է պարտադրում մաքրել» ու դիմումատուները հաստատել են իրենց կողմից նշված փաստարկները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված և Դպրոցի տնօրենի` որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, կողմից թույլ տրված արարքներն իրենց համակցության մեջ բավարար են եղել այն հետևությունն անելու համար, որ դրանք իրենց բնույթով անհամատեղելի են եղել Աստղիկ Մխիթարյանի` Դպրոցի տնօրենի աշխատանքը շարունակելու հետ, քանզի, ըստ էության, խաթարել են հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված պարտականությունների կատարման էությունը և նպատակը` արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը:

Վերը նկարագրված խախտումներից երեխաների կրթությունն ու դաստիարակությունը համապատասխան կրթություն և որակավորում չունեցող անձանց վստահելը, հիգիենայի պարագաներով դպրոցն ապահովելու և դպրոցի մաքրության պարտականությունը երեխաներին և նրանց ծնողներին սեփական միջոցներով և ուժերով կատարելուն պարտադրելը հակասում են բարոյականության համընդհանուր նորմերին և բացասաբար են ազդում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացի վրա, ինչպես նաև նսեմացնում են երեխաների և նրանց ծնողների արժանապատվությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ստորադաս դատարանները սխալ են գնահատել Դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված խախտումների բնույթը, քանի որ, ի թիվս այլ խախտումների, վերոգրյալները հանդիսանում են ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրված այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են տվյալ աշխատանքը շարունակելու հետ, հետևաբար դրանք բավարար հիմք են աշխատողի հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և դրանց հիմնավորումներին, քանի որ դրանք այլևս նշանակություն չունեն բողոքի քննության համար:

Միաժամանակ, վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով բողոք բերած անձ Մարզպետը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարները:

i

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Աստղիկ Մխիթարյանի հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, սակայն նկատի ունենալով, որ մինչև 31.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի հիմքով` Աստղիկ Մխիթարյանն ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 28 ապրիլի 2022 թվական:

 

 

Միասնական կայք 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.04.2022
N ԱՐԴ/3713/02/20
Որոշում