020.1361.110417
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԼԱՌԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ «Դ» ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 ապրիլի 2017 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող Լ. Մովսեսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լառա Մովսեսյանի դիմումի հիման վրա` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Լ. Մովսեսյանի` 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի մայիսի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի հունիսի 9-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականի հունիսի 26-ից:
Օրենքի` սույն գործով վիճարկվող` «Ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասը սահմանում է.
«1. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի` ... 2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե` ... դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը»:
Ընդունումից ի վեր օրենքում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Դիմելով դատարան` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն Լառա Մովսեսյանից գումար բռնագանձելու հետադարձ պահանջ է ներկայացրել: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 02.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է: Հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 16.06.2016 թվականի որոշմամբ մերժվել է և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 17.08.2016 թվականի որոշմամբ վերադարձվել է և սահմանվել ժամկետ` վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին բերելու համար: Կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքի առնչությամբ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:
3. Դիմողը գտնում է, որ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 3-րդ, 5-րդ, 6-րդ, 23-րդ, 28-րդ, 39-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին:
Իր դիրքորոշումը դիմողը փաստարկում է նրանով, որ վիճարկվող դրույթով նախատեսված պահանջը «... զուրկ է իրավական սկզբունքներից, միակողմանիորեն պաշտպանում է Ընկերության և ամբողջովին ոտնահարում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ շահերը»: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթում «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել» եզրույթը «...մարդու նկատմամբ առաջադրվող անհիմն մեղադրական եզրույթ է», «...դրանում առհասարակ բացակայում է ապացուցման հիմքեր պարունակող պահանջը», և «...ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ֆինանսական անհիմն հետևանք է ստեղծվում»: Այս համատեքստում դիմողը նշում է, որ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցն այլ անձին շահագործման նպատակով հանձնելն օրենքով թույլատրված է: Սակայն, երբ հանձնման պայմանավորվածությամբ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակով, բայց շահագործողն օրվա ընթացքում որոշում է ավտոմեքենան շահագործել նաև որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա, ապա օրինական չէ, որ օրենքով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջն «ակնհայտ սուտ տեղեկություններ հայտնող» որակել և նրա վրա ակնհայտ չհիմնավորված ֆինանսական պարտավորության բեռ դնել:
Բացի դրանից, դիմողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ իրավական դիրքորոշումներ, նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, նշում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ պայմանագիր կնքելիս ապահովադիրը պարտավոր է չհայտնել սուտ տեղեկատվություն, քանի որ դա վնասում է ավտոտրանսպորտային ռիսկերի ճիշտ և օբյեկտիվ գնահատման գործընթացին, ինչը, իր հերթին, բերում է նյութական վնասի առաջացման, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերահաստատել է այդ իրավական դիրքորոշումը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողել անփոփոխ:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:
Իր դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ վիճարկվող նորմն ապահովագրական ընկերության համար երաշխիք է սահմանում այն անբարեխիղճ անձանց նկատմամբ, ովքեր ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս կանխամտածված կերպով, ապահովագրության ռիսկայնության աստիճանը թաքցնելու նպատակով տրամադրում են իրականությանը չհամապատասխանող, այլ կերպ ասած` ակնհայտ սուտ տեղեկություններ, քանի որ ապահովագրական ընկերության կողմից սեփական ռիսկերի գնահատումն իրականացվում է ապահովագրության ռիսկայնության վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս կապակցությամբ պատասխանողը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն բացառում է այնպիսի իրավիճակի առաջացումը, երբ սեփականատերը չիմանա` իր կողմից ավտոմեքենայի շահագործման դեպքում` սեփական, իսկ լիազորված վարորդի կողմից ավտոմեքենայի շահագործման դեպքում` նրա նպատակը: Միաժամանակ պատասխանողը գտնում է, որ սեփականատերը ևս շահագրգռված պետք է լինի լիազորված վարորդի կողմից այն շահագործելու իրական նպատակի բացահայտման հարցում, և օբյեկտիվորեն նման տեղեկատվություն տրամադրողը չի կարող այդ տեղեկատվությանը լիարժեք չտիրապետել:
Վկայակոչելով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքն ամրագրող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածը` պատասխանողը գտնում է, որ այն երաշխավորում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունն այն դեպքում, երբ լիազորված վարորդը, այնուամենայնիվ, չարաշահելով սեփականատիրոջ վստահությունը կամ խախտելով կողմերի միջև սահմանված պայմանները, համապատասխան ավտոմեքենան օգտագործում է ոչ թե նախապես որոշված, այլ մեկ ուրիշ նպատակով:
Միաժամանակ, վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշումը, արձանագրելով, որ դիմումը հիմնավորված չէ և դիմումում ըստ էության բարձրացված է օրենքի կիրառման իրավաչափության հարց, պատասխանողը խնդրել է կարճել գործի վարույթը:
5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորում է այնպիսի իրավիճակով, երբ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերն ավտոտրանսպորտային միջոցն օգտագործման է հանձնում այլ անձի, որն էլ առանց ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ գիտության ավտոտրանսպորտային միջոցն օգտագործում է այլ նպատակով, քան այն նպատակն է, որը նշվել է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և ապահովագրական ընկերության միջև կնքված պայմանագրում:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող նորմից բխում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պարտականությունը` ապահովագրական պայմանագիրը կնքելիս ապահովագրական ընկերությանը հայտնել պայմանագրի էական պայմանների վերաբերյալ իրականությանը համապատասխանող տեղեկություններ, որոնցից մեկն էլ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակն է: Օրենքի` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանություն» վերտառությամբ հավելվածի 3.3-րդ կետի վերլուծությունից բխում է, որ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը հանդիսանում է ռիսկայնության գործոն, որը հետագայում դրվում է բազային ապահովագրավճարի հաշվարկման բանաձևի տարր հանդիսացող` ռիսկայնության գործակիցների հիմքում: Ի թիվս ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակի, վերը նշված 3.3-րդ կետի համաձայն` ռիսկայնության գործոններ են հանդիսանում նաև տրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվությունը, տրանսպորտային միջոցի տիպը, տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայրը, տրանսպորտային միջոցի հզորությունը, ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի անհատական, մասնավորապես` տարիքային հատկանիշները, ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վարորդական ստաժը, ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի առողջական վիճակի հետ կապված գործոնները, որոնք կարող են ազդել ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա: Ընդ որում, պայմանագիրը կնքելիս ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակի մասին տեղեկությունը վերաբերում է ոչ միայն պայմանագրի կնքման պահին առկա նպատակին, այլև պայմանագիրը կնքելուց հետո ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակին: Այսինքն` պայմանագիրը կնքելիս ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավորվում է պայմանագրի գործողության ողջ ընթացքում ավտոտրանսպորտային միջոցն օգտագործել ապահովագրական պայմանագրում նշված նպատակով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման դեպքերում առկա է լինում երկու գործարք: Մի գործարքը կնքվում է ապահովագրական ընկերության և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ միջև, մյուս գործարքը կնքվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և ավտոտրանսպորտային միջոցը շահագործողի միջև (ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման վերաբերյալ գործարք): Տվյալ դեպքում, փաստորեն, ապահովագրական ընկերությունը և ավտոտրանսպորտային միջոցը շահագործողը միմյանց հանդեպ չունեն որևէ պայմանագրային պարտավորություն և մեկը մյուսի հանդեպ չեն կրում պայմանագրային պարտավորության չկատարմամբ պայմանավորված որևէ պատասխանատվություն: Ընդհակառակը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը գտնվում է պարտավորական հարաբերությունների մեջ ինչպես ապահովագրական ընկերության, այնպես էլ ավտոտրանսպորտային միջոցը շահագործողի հետ: Այսինքն, եթե ավտոտրանսպորտային միջոցը շահագործողի մեղքով տեղի է ունենում ԱՊՊԱ պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ստանձնած պարտականության խախտում, ապա ապահովագրական ընկերության առջև պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը: Իր հերթին, համապատասխան պահանջ ապահովագրական ընկերությունը ներկայացնում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերն էլ` ավտոտրանսպորտային միջոցը շահագործողին: Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում են հետադարձ պահանջի` սուբրոգացիայի և ռեգրեսի ինստիտուտները: Այսինքն, եթե ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում սուբրոգացիայի իրավունք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, ապա ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերն էլ ձեռք է բերում ռեգրեսի իրավունք ավտոտրանսպորտային միջոցը շահագործողի նկատմամբ: Դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններում բացասական հետևանքներից խուսափելու երաշխիքներ են:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն համադրելով սույն գործով ներկայացված փաստարկների հետ` Սահմանադրական դատարանը գտնում է, որ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովագրական ընկերության առջև ստանձնելով պայմանագրի գործողության ողջ ընթացքում ավտոտրանսպորտային միջոցն անձնական նպատակով օգտագործելու պարտականություն, պարտավոր է իր այդ պարտականությունը չխախտելու համար այդ մասին տեղեկացնել ավտոտրանսպորտային միջոցը շահագործողին: Բոլոր դեպքերում, ինչպես արդեն նշվեց, ավտոտրանսպորտային միջոցն օգտագործողն ավտոտրանսպորտային միջոցն ապահովագրական պայմանագրում նշված նպատակով չշահագործելու դեպքում պատասխանատվություն է կրում ոչ թե ապահովագրական ընկերության, այլ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ առջև, իսկ վերջինս` ապահովագրական ընկերության առջև, որի ընթացքում գործում են սուբրոգացիայի և ռեգրեսի ինստիտուտները:
Միաժամանակ, պայմանագրի ազատության և քաղաքացիաիրավական հարաբերություններում կողմերի իրավահավասարության սկզբունքներից բխում է հանրային իշխանության` մասնավոր հասարակական հարաբերությունների իրավակարգավորման ոլորտում միջամտության աստիճանը նվազագույնի հասցնելու պարտականությունը: Կոնկրետ դեպքում` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և օգտագործողի միջև վստահության վրա հիմնված հարաբերություններում օրենսդրի խնդիրը չէ սահմանել ավտոտրանսպորտային միջոցն օգտագործողի` անմիջականորեն ապահովագրական ընկերության առջև պատասխանատվությունը: Պայմանագրային պարտավորություն ստանձնելիս ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, որպես առավել վտանգի աղբյուրի սեփականատեր, պարտավոր է այն ապահովել` անկախ նրանից, թե ով է շահագործում ավտոտրանսպորտային միջոցը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի այն դիրքորոշումները, որ օրենքի վիճարկվող դրույթը միակողմանիորեն պաշտպանում է ապահովագրական ընկերության և ամբողջովին ոտնահարում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ շահերը, կամ որ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վրա ակնհայտ չհիմնավորված ֆինանսական պարտավորության բեռ է դնում:
Այսուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողը պարզապես թվարկելով օրենքի` վեճի առարկա դրույթի ՀՀ Սահմանադրության մեկ տասնյակից ավելի հոդվածներին ենթադրյալ անհամապատասխանության հանգամանքը, դրանց առնչությամբ հիմնավոր փաստարկներ չի ներկայացնում և հիմնականում բարձրացնում է վիճարկվող նորմի կիրառման իրավաչափության հարցը: Բացի դրանից, օրենքի վիճարկվող դրույթի «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել» եզրույթից հետևում է, որ այն քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա է դատարանի կողմից գնահատման` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում և ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Լառա Մովսեսյանի դիմումի հիման վրա` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 ապրիլի 2017 թվականի
ՍԴՈ-1361