041.0497.200899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 1999 թվականի թիվ 497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
(1-ին կետն ուժը կորցրել է 23.03.00 թիվ 121 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «17. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 72 2 -»:
(2-րդ կետն ուժը կորցրել է 23.03.00 թիվ 121 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ապարատի աշխատողների թվի ավելացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախարարության ապարատի պահպանման համար նախատեսված միջոցների սահմաններում:
(3-րդ կետն ուժը կորցրել է 23.03.00 թիվ 121 որոշում)
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 740 որոշման 1-ին կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 20-ի N 497 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության փոստի և
հեռահաղորդակցության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել և իրականացնել, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Նախարարության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
6. Նախարարության հիմնական խնդիրներն են`
i
ա) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության կարգավորումը` ուղղված քաղաքացիների ու իրավաբանական անձանց, փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական ծառայությունների մատուցման կարիքների բավարարմանը.
բ) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
գ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումն ու գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը.
դ) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
ե) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում գործող ու նոր ստեղծվող հեռահաղորդակցության ցանցերի և տվյալ բնագավառի այլ սարքավորումների ու ծառայությունների սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը.
զ) փոստի և հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի այլ միջոցների ու կառույցների օգտագործման կարգի սահմանումը.
է) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում մոբիլիզացման ծրագրի մշակումն ու արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության գործող ցանցերի և այլ միջոցների համակարգումը.
ը) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում գործող լիցենզիաների ու նորմատիվ փաստաթղթերի պայմանների և պահանջների կատարման, ինչպես նաև փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացումը.
թ) հեռահաղորդակցության հանրային համակցված ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանումը.
ժ) հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման և կարգավորման, ինչպես նաև օգտագործման նորմերի կարգի ու պայմանների հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի պարտականությունների իրականացումը.
ժա) բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատումն ու հրապարակումը.
ժբ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.
ժգ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար հանրապետական միասնական տեղեկատվական ցանցերի ու համակարգերի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը ապահովելով դրանց համատեղելիությունն ու փոխգործակցությունը միջպետական, ԱՊՀ անդամ պետությունների և այլ տեղեկատվական ցանցերի հետ.
ժդ) պետական տեղեկատվական ռեսուրսների հիման վրա քաղաքացիների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համար տեղեկատվության ապահովման պայմանների ստեղծումը.
ժե) տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների ու դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորմանն աջակցությունը.
ժզ) տեղեկատվայնացման բնագավառի ընթացիկ և հեռանկարային պլանավորումը.
ժէ) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառների աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
ժը) միջազգային կազմակերպություններում փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը.
ժթ) տեղեկատվայնացման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունների սահմաններում տարվող աշխատանքների համաձայնեցումն ու համակարգումը:
7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման ենթակառուցվածքի զարգացման ծրագրի նախագիծը.
բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման ցանցերի զարգացման ու դրանց կառավարման սխեմաները.
գ) իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխումն ու օգտագործման վերահսկումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ համակարգի կազմակերպությունների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան ապահովում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.
զ) իրականացնում է մենաշնորհային գործունեության սահմանափակման ուղղված քաղաքականությունը և օժանդակում հեռահաղորդակցության բնագավառում նոր տնտեսական կառույցների ստեղծմանը,
է) փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում իրականացնում է ներդրումների քաղաքականությունը.
ը) իրականացնում է իր կողմից տրված լիցենզիաների հաշվառումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի թեման, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները, կազմակերպում դրանց հրապարակումն ու տարածումը, ինչպես նաև իրականացնում է փոստային ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային օբյեկտների ինդեքսավորումը.
ժ) հաստատում է փոստային վճարումների, փոստային ծրարների և բացիկների նմուշները, սահմանում անվանագներն ու տպաքանակները, կազմակերպում դրանց հրատարակումը և տարածումը.
ժա) կազմակերպում և քննարկում է համակարգի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կատարելագործման աշխատանքները և դրանց հիման վրա կազմում ընդհանրացված հաշվապահական հաշվետվություն.
ժբ) կազմակերպում է փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բնագավառներում մասնագետների պատրաստման աշխատանքները.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրներ ու գործառույթներ:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
8. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:
9. Նախարարությունը մյուս պետական մարմինների հետ իրականացնում է գործարար ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:
10. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
12. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:
13,. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
14. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
15. Նախարարը`
ա) ղեկավարում է նախարարության և համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգի 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.
ը) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.
թ) աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարների հետ.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
16. Նախարարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը:
17. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ:
18. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալներն ի պաշտոնե, նախարարության ղեկավար աշխատողներ:
19. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) քննության է առնում բնագավառի զարգացման հարցերը, քննարկում համակարգի կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների, բաժինների և համակարգի կազմակերպությունների հաշվետվությունները:
20. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:
21. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
22. Նախարարությունը բնագավառում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում ու տարածում և զարգացնում ու համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:
23. Նախարարությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար կարող է ստեղծել խորհուրդներ, հանձնաժողովներ, խմբեր:
24. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 20-ի N 497 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության փոստի և
հեռահաղորդակցության նախարարության
կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Հեռահաղորդակցության վարչություն
Փոստի վարչություն
Տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և ռեսուրսների վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Իրավաբանական և կադրերի վարչություն
Միջազգային հարաբերությունների վարչություն
Հակամենաշնորհային քաղաքականության և լիցենզիաների վարչություն
Ռազմամոբիլիզացիոն վարչություն
Առաջին բաժին
Ընդհանուր բաժին