Սեղմել Esc փակելու համար:
1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1042.070912

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 սեպտեմբերի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված` Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2012 թվականի հուլիսի 11-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում` միջազգային իրավունքի նորմերի համաձայն, դեպի ծով ելք չունեցող պետություններին պատշաճ տարանցիկ առևտրի հնարավորություն տրամադրելու նպատակով:

2. Կոնվենցիան պարտավորություններ է նախատեսում այն պետությունների համար, որոնք դեպի ծով ելք չունեցող պետություններին պարտավորվում են տրամադրել նախօրոք համաձայնեցված երթուղիներով տարանցման համար հնարավորություն և միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի պայմանների համաձայն տարանցիկ փոխադրման և փոխադրամիջոցների համար ստանում է տարանցման ազատություն, ինչպես նաև որպես ցամաքային տարանցիկ պետություն հանդես գալու պարագայում ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

. դեպի ծով ելք չունեցող պետությունների տնտեսական զարգացումը լիովին խթանելու համար նշված պետություններին տրամադրել ազատ և անսահմանափակ տարանցման իրավունք այնպես, որ նրանք կարողանան բոլոր հանգամանքներում և յուրաքանչյուր տեսակի ապրանքի համար ազատ մասնակցել տարածաշրջանային և միջազգային առևտրին,

. Կոնվենցիայի համաձայն տարանցվող ապրանքների նկատմամբ չկիրառել որևէ մաքսատուրք,

. տարանցման փոխադրամիջոցների համար չգանձել հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են Հայաստանի Հանրապետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի և տուրքերի չափը,

. ՀՀ օրենսդրությանը համապատասխան` թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձանց անցումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք այն անձանց մուտքը, որոնց տեղաշարժն անհրաժեշտ է տարանցիկ փոխադրման համար,

. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության որևէ մարմին Կոնվենցիայով սահմանված տարանցիկ փոխադրման նկատմամբ չի կիրառի մաքսատուրքեր կամ ներմուծման կամ արտահանման հարկեր կամ տարանցման հատուկ տուրքեր,

. բացառապես տարանցիկ փոխադրման ընթացքում վերահսկման և կառավարման հետ կապված ծախսերը ծածկելու համար տարանցիկ փոխադրման համար վճարներ գանձելու պարագայում ապահովել, որպեսզի նշված վճարների չափը հնարավորինս համապատասխանի ծածկվելիք ծախսերի չափին, և, պահպանելով այդ պայմանը, վճարները գանձել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված անխտրականության պահանջին համապատասխան,

. հնարավորության սահմաններում մուտքի և ելքի կետերում, անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքների փոխաբեռնման կետերում, տրամադրել համապատասխան փոխադրամիջոցներ և բեռնման ու բեռնաթափման սարքավորումներ, որպեսզի տարանցիկ փոխադրումն իրականացվի առանց անհարկի ձգձգումների,

. կիրառել այնպիսի վարչական և մաքսային միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարելու ազատ, անընդհատ և շարունակական տարանցիկ փոխադրում, հարկ եղած դեպքում վարել բանակցություններ` համաձայնեցնելու համար այն միջոցները, որոնք ապահովում և դյուրացնում են նշված տարանցիկ փոխադրումը,

. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման ողջ ընթացքում կիրառել մաքսային, տրանսպորտային և վարչական այլ ընթացակարգերի իրականացմանը վերաբերող փաստաթղթերի պարզեցված համակարգ և արագ մեթոդներ` տարանցիկ փոխադրման, այդ թվում` դրա ընթացքում տեղի ունեցող փոխաբեռնման, պահեստավորման, խմբաքանակի բաժանման, փոխադրամիջոցի տեսակը փոխելու առնչությամբ,

. որպես տարանցման պետություն տրամադրել պահեստավորման առնվազն այնպիսի բարենպաստ պայմաններ, ինչպիսիք տրամադրում են այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են կամ արտահանվում Հայաստանի Հանրապետություն,

. բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, ձեռնարկել միջոցներ` խուսափելու համար տարանցիկ փոխադրման ձգձգումներից կամ տարանցման նկատմամբ սահմանափակումներից,

. երաշխավորել, որ Կոնվենցիան կշարունակի ուժի մեջ մնալ պատերազմի ընթացքում այնքանով, որքանով նշված իրավունքներն ու պարտավորությունները թույլ են տալիս,

. կիրառել Կոնվենցիայի դրույթները փոխադարձության սկզբունքի հիման վրա:

4. Կոնվենցիայի եզրափակիչ դրույթները նվիրված են վերջինիս ստորագրմանն ու վավերացմանը, դրա ուժի մեջ մտնելուն և վերանայմանը, դրան միանալուն կամ կիրառման հետ կապված հնարավոր վեճերի լուծմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

 

ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված` Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1042

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.09.2012
N ՍԴՈ-1042
Որոշում