ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0250/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0250/02/08
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուդիկ Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Ռուդիկ Գասպարյանի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուդիկ Գասպարյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի 4/5 մասը և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 31.03.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 31.03.2008 թվականի վճիռը բեկանվել, և դիմումը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդիկ Գասպարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները, վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերը, որի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է միայն հարևանների կողմից ներկայացված հայտարարությունը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ հայտարարությունները հերքվում են նույն ապացուցողական նշանակությունն ունեցող մեկ այլ` տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված փաստաթղթով:
Գործի քննության ժամանակ չի հաստատվել Ռոբերտ և Հովհաննես Գասպարյանների կողմից Ռուդիկ Գասպարյանին և նրա ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, քանի որ ֆինանսական միջոցների փոխանցման փաստը հավաստող փաստաթուղթ դատարանին չի ներկայացվել:
Բացի այդ, գործում առկա չէ Ռոբերտ և Հովհաննես Գասպարյանների Հայաստանի Հանրապետություն այցելելու փաստը հաստատող ապացույց:
Վերաքննիչ դատարանը, ապացույցը դատական ակտի հիմքում դնելով, չի պարզել այդ ապացույցի թույլատրելիության հանգամանքը որը հնարավոր էր պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների անմիջական կիրառմամբ: Ընդ որում, նշված հանգամանքը պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար հայցն առանց քննության թողնելու դատավարական իրավունքի նորմերին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.03.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 29.07.2008 թվականի գրության համաձայն` Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեի բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է 26.07.1990 թվականից` Ռոբերտ Մարտինի Գասպարյանի և Ռուդիկ Մարտինի Գասպարյանի անվամբ, իսկ 20.02.1997 թվականից` նաև Հովհաննես և Մարտին Գասպարյանների անվամբ (գ.թ. 65):
2) Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչների 08.08.2008 թվականի հայտարարության համաձայն` Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների գտնվելու վայրն անհայտ չի եղել, նրանք չեն հրաժարվել Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, ժամանակ առ ժամանակ այցելել են Երևան` այդ ընթացքում բնակվելով յուրաքանչյուրն իր տանը (գ.թ. 64):
3) Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանները գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ:
i
Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին (Տես «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-445 (Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է 26.07.1990 թվականից Ռոբերտ Մարտինի Գասպարյանի և Ռուդիկ Մարտինի Գասպարյանի անվամբ, իսկ 20.02.1997 թվականից` Հովհաննես և Մարտին Գասպարյանների անվամբ, Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչների 08.08.2008 թվականի հայտարարությամբ Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների գտնվելու վայրն անհայտ չէ, նրանք չեն հրաժարվել Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, ժամանակ առ ժամանակ այցելել են Երևան` այդ ընթացքում բնակվելով յուրաքանչյուրն իր տանը, Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանները վիճելի բնակելի տունը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին գործի քննությանը չեն մասնակցել:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու դիմումի քննության ժամանակ վեճ է ծագել Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան սեփականության իրավունքի մասին, վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման փաստի և Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների իրավունքների ծավալի փոփոխության միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ազատամարտիկների (նախկինում` Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի մասին վեճը պետք է քննվի հայցային վարույթի կանոններով` շահագրգիռ անձանց գործի քննությանը մասնակից դարձնելով, իսկ դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին` թողնվի առանց քննության:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելը:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերողի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում` դիմումն առանց քննության թողնելու և նշված փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չդարձվելու` դատավարական իրավունքների սահմանափակման (գործի քննությանը մասնակից չդառնալու) արդյունքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան