ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0860/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0860/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մաթևոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արմաս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարչի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Կառավարչի հայցի ընդդեմ Ընկերության, Արմեն Մկրտչյանի, երրորդ անձինք «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շենգավիթի բաժնի ավագ հարկադիր կատարողի` Ընկերության և Արմեն Մկրտչյանի միջև 14.07.2008 թվականին կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և Արմեն Մկրտչյանի միջև 14.07.2008 թվականին կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 29.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 27.10.2008 թվականի վճիռը բեկանվել է` Ընկերության մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով վճիռը փոփոխվել է, այն է` Կառավարչի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել տվյալ դեպքում կիրառման ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և սխալ է մեկնաբանել նշված իրավական նորմը:
Այսպես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ստորադաս դատարանն առանց բավարար հիմքերի հիմնավորված է համարել, որ կողմերի միջև կնքված գործարքը կրել է անհատույց բնույթ»: Մինչդեռ Դատարանում սույն գործի քննության ընթացքում հաստատվել է այն փաստը, որ Ընկերության և վերջինիս հիմնադիր-տնօրեն` Արմեն Մկրտչյանի միջև դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը կնքելու պահին` 14.07.2008 թվականին, գոյություն չունեին ո՛չ թիվ 01 լրացուցիչ համաձայնագիրը, ո՛չ հեղուկ քլորի տարաների կափույրների առուվաճառքի մասին պայմանագիրը, ո՛չ էլ 09.07.2008 թվականով թվագրված Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 05 արձանագրությունը:
Դատարանի` 19.09.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով (ըստ դիմումի «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին), հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերությունն ակտիվներ չունի:
Բացի այդ, 14.07.2008 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով հատուցում նախատեսված լինելու դեպքում Արմեն Մկրտչյանը պետք է ընդգրկված լիներ Ընկերության դեբիտորների ցուցակում, սակայն 15.08.2008 թվականին կազմված` Ընկերության դեբիտորների և կրեդիտորների վերաբերյալ տեղեկանքը որևէ նշում չի պարունակում Արմեն Մկրտչյանի մասին:
Ակնհայտ է, որ դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրի անհատույց լինելու հանգամանքը հերքելու նպատակով Արմեն Մկրտչյանի կողմից Դատարանին ներկայացված ապացույցները` 14.07.2008 թվականով թվագրված թիվ 01 լրացուցիչ համաձայնագիրը և հեղուկ քլորի տարաների կափույրների առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 09.07.2008 թվականով թվագրված Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 05 արձանագրության քաղվածքը, կազմված են հետին ամսաթվով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 27.10.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով Կառավարչին հնարավորություն է ընձեռված դատական կարգով հետ ստանալու այն փոխանցումները, որոնք կատարվել են անհատույց: Ընկերության և Արմեն Մկրտչյանի միջև կնքված ապրանքի առուվաճառքի պայմանագիրը, պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը և դրա թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը ուղղակիորեն խոսում են հատուցելի գործարքի մասին: Խնդրել է Ընկերության սնանկության գործով Կառավարչի վճռաբեկ բողոքը մերժել
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 19.09.2008 թվականի թիվ ԵՔԴ/0633/04/08 վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել: Վճռում որպես հաստատված հանգամանք նշվել է, որ Ընկերության պարտավորությունները կազմում են 11.135.842 ՀՀ դրամ (կրեդիտորներ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ` 7.145.142 ՀՀ դրամ, ՀՀ պետական բյուջե 3.990.700 ՀՀ դրամ), իսկ այլ ակտիվներ չունի: Նշված հանգամանքը հաստատված է նաև «Արմաս» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի ստորագրած առ 15.08.2008 թվականի դրությամբ «Արմաս» ՍՊ ընկերության դեբիտորների և կրեդիտորների վերաբերյալ տեղեկանքով:
2) Ընկերության միակ մասնակից և տնօրեն Արմեն Մկրտչյանի և Ընկերության միջև 14.07.2008 թվականին կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով Ընկերությունը զիջել է թիվ 01/05-92/08 կատարողական վարույթի շրջանակներում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից հօգուտ Ընկերության բռնագանձվելիք գումարի պահանջի իրավունքը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացրել միայն դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը:
3) 14.07.2008 թվականի դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրի անբաժանելի մասն են ՀՀ տնտեսական դատարանի 03.12.2007 թվականի թիվ Տ-2298 վճիռը և 18.12.2007 թվականի թիվ Տ-2298 լրացուցիչ վճիռը:
4) 14.07.2008 թվականի լրացուցիչ համաձայնագրի համաձայն` Ընկերությունը և Արմեն Մկրտչյանը հաստատել են, որ 14.07.2008 թվականի դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով 01/05-92/08 կատարողական վարույթի շրջանակներում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից հօգուտ Ընկերության բռնագանձվելիք գումարի պահանջի իրավունքը զիջվել է որպես 14.07.2008 թվականի հեղուկ քլորի տարաների կափույրների առուվաճառքի պայմանագրի 2-րդ պարբերությամբ նախատեսված ապրանքի վճարման նախավճար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու` պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:
i
Վերաքննիչ դատարանը Կառավարչի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանը բավարարել է Ընկերության պահանջը` արժանահավատ չհամարելով 14.07.2008 թ. պայմանագրի և նույն օրով թվագրված լրացուցիչ համաձայնագրի շինծու չլինելը և եզրահանգել, որ «եթե դատարանն արժանահավատ չի համարել պայմանագրի շինծու չլինելը, ուրեմն այն համարել է շինծու, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այն գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է»: «Տվյալ դեպքում վիճարկվող գործարքը չէր կարող շինծու գործարք որակվել, քանի որ այն մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված չէ, համենայնդեպս ստորադաս դատարանը տալով նման որակում` չի նշել այն գործարքը, որի քողարկման նպատակով էլ կնքվել է վիճելի գործարքը»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը նշված հանգամանքը վերագրել է ոչ թե 14.07.2008 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագրին, այլ 14.07.2008 թվականի հեղուկ քլորի տարաների կափույրների պայմանագրին և նույն օրով թվագրված լրացուցիչ համաձայնագրին: Բացի այդ, Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի, այլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի պահանջները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հեղուկ քլորի տարաների կափույրների առուվաճառքի մասին 17.07.2008 թվականի պայմանագիրը և լրացուցիչ թիվ 01 համաձայնագիրը կնքվել են «Արմաս» ՍՊԸ-ի և Արմեն Մկրտչյանի միջև 14.07.2008 թվականի կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրի անհատուցանելիությունը քողարկելու նպատակով հետևյալ պատճառաբանությամբ.
i
14.07.2008 թվականի դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրի անբաժանելի մասն են ՀՀ տնտեսական դատարանի 03.12.2007 թվականի թիվ Տ-2298 վճիռը և 18.12.2007 թվականի թիվ Տ-2298 լրացուցիչ վճիռը: Դատարանի 19.09.2008 թվականի թիվ ԵՔԴ-0633/04/08 վճռով որպես հաստատված հանգամանք նշվել է, որ Ընկերության պարտավորությունները կազմում են 11.135.842 ՀՀ դրամ (կրեդիտորներ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ` 7.145.142 ՀՀ դրամ, ՀՀ պետական բյուջե` 3.990.700 ՀՀ դրամ), իսկ այլ ակտիվներ չունի: Նշված փաստը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ապացուցման կարիք չունի: Վերոգրյալից հետևում է, որ Արմեն Մկրտչյանը Դատարանի 19.09.2008 թվականի վճռի կայացման պահին դեբիտորական կամ կրեդիտորական հարաբերության մեջ չի գտնվել ընկերության հետ, այլապես Արմեն Մկրտչյանից ստանալիք ակտիվը, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, արտացոլված պետք է լիներ դեբիտորական պարտքերի ցուցակում: Նշված ակտիվի բացակայության մասին է վկայում նաև ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի ստորագրած առ 15.08.2008 թվականի դրությամբ ընկերության դեբիտորների և կրեդիտորների վերաբերյալ տեղեկանքը:
Այսինքն` հիմնավոր է բողոքի փաստարկն այն մասին, որ 14.07.2008 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը ի սկզբանե կնքվել է անհատույց, իսկ հեղուկ քլորի տարաների կափույրների առուվաճառքի պայմանագիրը և լրացուցիչ համաձայնագիրը կնքվել են ավելի ուշ` 14.07.2008 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագրի անհատույց լինելը քողարկելու նպատակով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը իրավացիորեն է կարճել պատասխանող Ընկերության մասով գործի վարույթը:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը`
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի որոշման` 14.07.2008 թվականին կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու մասը և այն փոփոխել. «Արմաս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի հայցը բավարարել` անվավեր ճանաչել «Արմաս» ՍՊԸ-ի և Արմեն Մկրտչյանի միջև 14.07.2008 թվականին կնքված դրամական պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ա. Մաթևոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան