ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1656/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/1656/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ասիյա Մարկոսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի, երրորդ անձինք Հասմիկ Մարտիրոսյանի, Հայկարամ Հակոբյանի` Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ասիյա Մարկոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումը:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Մարտիրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ասիյա Մարկոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 34-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածները, «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Ասիյա Մարկոսյանը 1980 թվականին ընտանեկան անախորժությունների հետևանքով 11.12.1980 թ. թվագրմամբ «անհայտ հասցե» նշումի կատարմամբ, դուրս է եկել Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի հաշվառումից և շուրջ 30 տարուց ավելի չի բնակվում վիճելի հասցեում:
Հետևաբար Ասիյա Մարկոսյանը ոչ թե «ժամանակավոր բացակայող է» եղել, այլ այդ իրավունքը «կորցրած», քանի որ նա ամուսնացել է Արբակ Իսրաելյանի հետ և 1982 թվականին հաշվառվել և մշտական բնակության է տեղափոխվել Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարան` դուրս գալով Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանի հաշվառումից: Այսպիսով, Ասիյա Մարկոսյանը չէր կարող միաժամանակ հաշվառված լինել երկու բնակարաններում:
Ասիյա Մարկոսյանը Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 14.07.1994 թվականի թիվ 20/173 որոշմամբ, որպես հաշվառված անձ, մասնակցել է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանի սեփականաշնորհմանը և դարձել այդ բնակարանի 1/6 բաժնի սեփականատեր:
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 12/79 որոշմամբ վիճելի բնակարանը թույլատրվել է սեփականաշնորհել Գուրգեն Սարգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականություն: ՈՒստի, Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումն ընդունվել է ոչ թե օրենքի խախտմամբ, այլ տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
i
Ավելին, Ասիյա Մարկոսյանը վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել Շենգավիթի թաղապետարանի կողմից` նվիրատվության պայմանագրի հիման վրա, որն էլ անվավեր է ճանաչվել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով (դրան օրինական ուժ է տրվել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի թիվ 3-470 (ՎԴ) որոշմամբ):
i
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186, 1225 և 1226 հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Գուրգեն Սարգսյանի առաջին հերթի ժառանգ Հասմիկ Մարտիրոսյանը հոր մահից հետո վեցամսյա ժամկետում` 10.06.2005 թվականին, ընդունել է նրա ժառանգությունը` հայտարարություն տալով նոտարական գրասենյակում:
Ավելին, 10.06.2005 թվականի հայտարարությունը, 05.08.2005 թվականի համատիրության կողմից տրված տեղեկանքը և պետական կոմունալ վճարման անդորրագրերը հաստատում են այն հանգամանքը, որ Հասմիկ Մարտիրոսյանը դեռևս 1994 թվականից սկսած իր երեխաների հետ փաստացի ապրել է վիճելի բնակարանում, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը և վճարել ժառանգատուի պարտքերը, դրանով իսկ ընդունելով ժառանգությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները
Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ բնակարանային օրենսգրքի 59-րդ հոդվածը` հաստատված համարելով Ասիյա Մարկոսյանի վիճելի բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքի պահպանման փաստը, քանի որ այն դատական կարգով կորցված չի ճանաչվել: Տվյալ դեպքում Ասիյա Մարկոսյանի վարձակալության իրավունքը ճանաչվել է 16.06.1977 թվականի վճռով և պահպանվել է բնակարանի սեփականաշնորհման պահին, իսկ բնակարանի հաշվառումից դուրս գրվելը կատարվել է ոչ օրինական հիմքերով:
Ինչ վերաբերում է Հասմիկ Մարտիրոսյանի կողմից ժառանգությունն ընդունելու փաստին, ապա այն սույն գործի քննության համար էական նշանակություն չունի, քանի որ Ասիյա Մարկոսյանի կողմից վիճարկվել է ոչ թե Երևանի քաղաքապետի նշված որոշման ուժով Գուրգեն Սարգսյանի սեփականության իրավունքի և Հասմիկ Մարտիրոսյանի ժառանգության իրավունքի առաջացման փաստը, այլ Երևանի քաղաքապետի որոշմամբ Ասիյա Մարկոսյանի իրավունքների խախտման փաստը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի հաշվառման քարտի համաձայն` Ասիյա Մարկոսյանը 11.12.1980 թվականին «անհայտ հասցե» նշումի կատարմամբ դուրս է գրվել նշված հասցեից (գ. թ. 10):
2) Ասիյա Մարկոսյանը 28.01.1982 թվականից հաշվառված է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում (գ. թ. 5):
3) Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշմամբ թույլատրվել է Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանը սեփականաշնորհել Գուրգեն Սարգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ, որպես ընդհանուր համատեղ սեփականություն (գ. թ. 8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:
i
29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն` վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք երեք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանը Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշմամբ թույլատրվել է սեփականաշնորհել Գուրգեն Սարգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականություն: Ասիյա Մարկոսյանը 11.12.1980 թվականին «անհայտ հասցե» նշումի կատարմամբ դուրս է գրվել Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեից և 28.01.1982 թվականից հաշվառվել է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ասիյա Մարկոսյանը, 11.12.1980 թվականին դուրս գալով Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեից և 28.01.1982 թվականին հաշվառվելով Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում, սեփականաշնորհման պահին վեճի առարկա բնակտարածությունում գրանցում չուներ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի առարկա բնակարանի սեփականաշնորհման պահին Ասիյա Մարկոսյանի մոտ առկա չէր սեփականաշնորհման սուբյեկտ լինելու համար վերը նշված երեք պարտադիր վավերապայմաններից մեկը` բնակտարածությունում գրանցումը: Հետևաբար Ասիյա Մարկոսյանը «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով սեփականաշնորհման սուբյեկտ չէ:
Այսպիսով, վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումն ընդունվել է տվյալ իրավահարաբերության ժամանակ գործող օրենքներին համապատասխան:
2) Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ Հասմիկ Մարտիրոսյանի ժառանգության իրավունքի առաջացման փաստը Ասիյա Մարկոսյանի կողմից սույն վարչական գործով չի վիճարկվել:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Ասիյա Մարկոսյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան