Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀԱԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ 3-506 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-4063

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Ռոզա Մխիթարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ջուլիետա Ղազարյանի ընդդեմ Արմավիրի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստաթղթում ուղղում կատարելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ջուլիետա Ղազարյանը պահանջել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականում նշված տան կիսանկուղը ճանաչել որպես առաջին հարկ, իսկ առաջին հարկը որպես երկրորդ հարկ և պարտավորեցնել Արմավիրի գյուղապետարանին տնտեսական գրքում և տնտեսական գրքի 9/850 քաղվածքի հիման վրա տրված 19.05.2000 թվականի տեղեկանքում կատարել ուղղում և ավելացնել իր անունը, իսկ Կադաստրին պարտավորեցնել Արմավիր գյուղում գտնվող տան չվաճառված մասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 25.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Մխիթարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ջուլիետա Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.07 թվականի թիվ 07-1017 գործով կայացված վճռով Ջուլիետա Ղազարյանի և Արտաշես Եղիազարյանի հայցն ընդդեմ Աշոտ Եղիազարյանի, Ռոզա Մխիթարյանի, նոտար Ա. Ցականյանի և երրորդ անձ Կադաստրի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին` մերժվել է: Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, գործի քննությունը կարճելու փոխարեն ըստ էության այն քննության առնելով` հայցը բավարարել է:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածը, ՀԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կադաստրը վրիպակ է թույլ տվել, քանի որ Ռոզա Մխիթարյանի և Ռոբերտ Անտոնյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի սխեմատիկ հատակագծում նախանշված են ինչպես նկուղային, այնպես էլ բնակելի և օժանդակ մասերը և պատշգամբները: Հետևաբար, Ռոզա Մխիթարյանի և Ռոբերտ Անտոնյանի սեփականության իրավունքը գրանցվել է և նկուղային, և բնակելի, և օժանդակ մասերի նկատմամբ, սակայն թվաբանական սխալի պատճառով մակերեսը պակաս է արձանագրվել:

Բացի այդ, Ռոզա Մխիթարյանը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճռով վեճի առարկա բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչվել է բարեխիղճ ձեռքբերող:

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով Հոկտեմբերյանի ժողդատարանի 23.12.1983 թվականի վճիռը և վիճելի տունը դիտելով, որպես ամուսինների գույք, սխալ է մեկնաբանել նշված վճիռը, քանի որ վճռով վիճելի անշարժ գույքը որպես ամուսինների գույք չի ճանաչվել, այլ դիտվել է որպես ծխապատկան գույք և այդ իրավահարաբերությունները կարգավորվել են նախկին ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 127-133-րդ հոդվածներով: Նշված վճռով գույքը, որպես ծխապատկան գույք բաժանվել է ոչ թե ամուսինների, այլ ծխի անդամների միջև, հետևաբար տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն: Ավելին, տվյալ ժամանակաշրջանում գործող կարգին համապատասխան հայցվորը վերը նշված վճիռը չի ներկայացրել կատարման` համապատասխան գյուղական կամ շրջանային գործկոմներին գրանցման և ձևակերպման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել` Ջուլիետա Ղազարյանի հայցը` Արմավիրի մարզի Արմավիրի համայնքում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված տան կիսանկուղային հարկի և ըստ հատակագծի 1-ին հարկի 78,7 և 10,9 քմ պատշգամբների նկատմամբ սեփականատեր ճանաչելու և իրավունքը գրանցելու մասով` մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

 

Երրորդ անձ Ռոզա Մխիթարյանն իր բողոքի հիմքում դրել է այնպիսի փաստեր, որոնք միմյանց հակասում են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Հոկտեմբերյանի ժողդատարանի 23.12.1983 թվականի վճռով վճռվել է վիճելի բնակարանի 1-ին հարկի 34 քմ և 18,45 քմ սենյակները սեփականության իրավունքով հատկացնել Ջուլիետա Ղազարյանին` երկու որդիների հետ մեկտեղ:

Ջուլիետա Ղազարյանի սեփականության իրավունքը հիշյալ տան նկատմամբ ավելի շուտ է գրանցվել, քան Աշոտ Եղիազարյանինը, քանի որ տնտեսական գրքում Ջուլիետա Ղազարյանը հաշվառված է 722 համարի տակ, իսկ Աշոտ Եղիազարյանը` 850 համարի տակ:

Վեճի առարկա հանդիսացող տունը Աշոտ Եղիազարյանը ձեռք է բերել ամուսնության ընթացքում և այն նրանց ընդհանուր համատեղ սեփականությունն է, հետևաբար Աշոտ Եղիազարյանը իրավունք չուներ այդ տունը վաճառել առանց Ջուլիետա Ղազարյանի և Արտաշես Եղիազարյանի համաձայնության:

Վեճը դատարանում քննելու ժամանակ սեփականության իրավունքի վկայականում շտկված չի եղել վրիպակ կոչվածը, քանի որ դատական նիստի ժամանակ չի ներկայացրել ուղղված վկայականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աշոտ Եղիազարյանին 22.05.2000 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականում բնակելի տան հատակագծի մեջ նշված են նաև կիսանկուղային հարկի և 1-ին հարկի պատշգամբները:

2) 26.09.2006 թվականին Աշոտ Եղիազարյանի և Ռոզա Մխիթարյանի միջև կնքված բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում բնակելի տուն իր տնամերձ հողամասով, որը կազմում է 0,20 հա: Ամբողջ տունն ունի 85,2 քմ բնակելի մակերես, 106,3 քմ մակերեսով օժանդակ շինություն:

3) Ռոզա Մխիթարյանին և Ռոբերտ Անտոնյանին 03.10.2006 թվականին տրված թիվ 2225406 սեփականության իրավունքի վկայականում բնակելի տան հատակագծում նշված են նաև կիսանկուղի և 1-ին հարկի պատշգամբները:

4) 09.02.2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելուն, դրա հիման վրա կնքված գործարքն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքները կիրառելուն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.02.2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելուն, դրա հիման վրա կնքված գործարքն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքները կիրառելուն: Որպես հայցի հիմք ներկայացվել է այն հանգամանքը, որ խախտվել է հայցվորների սեփականության իրավունքը, քանի որ վիճելի բնակելի տան նկատմամբ նրանք հանդիսանում են համասեփականատեր: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջը վերաբերում է Կադաստրի փաստաթղթերում ուղղում կատարելուն և չվաճառված գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառման հիմքը բացակայում է, քանի որ սույն քաղաքացիական գործի և նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից քննված գործի հիմքը և առարկան տարբեր են:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար կարևոր է Աշոտ Եղիազարյանի և Ռոզա Մխիթարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի առարկան որոշելը: Առուվաճառքի պայմանագրի առարկան որոշելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի մեկնաբանմանը:

Սույն քաղաքացիական գործով 26.09.2006 թվականի բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրում նշվել է, որ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում բնակելի տուն իր տնամերձ հողամասով, որը կազմում է 0,20 հա: Ամբողջ տունն ունի 85,2 քմ բնակելի մակերես, 106,3 քմ մակերեսով օժանդակ շինություն:

Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս եկել է այն եզրահանգման, որ իրականում առուվաճառքի պայմանագրի առարկա են հանդիսանում միայն այդ տարածքները, իսկ նույն տան կիսանկուղը և պատշգամբները պայմանագրի առարկան չեն կազմում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

Հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պայմանագրի առարկա է հանդիսանում ամբողջ բնակելի տունը` որպես մեկ ամբողջական միավոր: Չնայած պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ կիսանկուղը և պատշգամբները, որոնք պայմանագրում հատուկ նշված չեն, չեն վաճառվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 2-րդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով` Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. Ջուլիետա Ղազարյանի հայցը` Արմավիրի մարզի Արմավիրի համայնքում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված տան կիսանկուղային հարկի և ըստ հատակագծի 1-ին հարկի 78,7 և 10,9 քմ պատշգամբների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և գրանցելու մասով, մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.09.2008
N 3-506(ՎԴ)
Որոշում