Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 0351/02/08-(ՇԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 0351/02/08

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Չապ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Ընկերության` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և ըստ Ընկերության հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակից ապամոնտաժել Ընկերությանը պատկանող բոլոր սարքավորումները և հեռուստաաշտարակը վերադարձնել:

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է սահմանել հարկադիր սերվիտուտ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի և փաստացի զբաղեցրած 26,04 քմ հողատարածքի օգտագործման համար:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանի 29.02.2008 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցը բավարարվել է, իսկ Ընկերության հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 29.02.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Կ. Թումանյանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն գրությամբ դիմել էր ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյո՞ք «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փող. 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով: Ընկերությունը տվյալ տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետում չէր ստացել և այն ստանալու համար միջնորդել էր Դատարանին գործի քննությունը հետաձգել` հնարավորություն ընձեռելով տվյալ ապացույցը ներկայացնելու: Սակայն Դատարանը միջնորդությունը մերժել էր` պատճառաբանելով, որ Ընկերությունը բավարար ժամանակ էր ունեցել տվյալ ապացույցը ներկայացնելու համար:

Բացի այդ, Ընկերությունը միջնորդություն էր ներկայացրել «դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին»` փորձագետին առաջադրելով համապատասխան հարցեր: Ընկերությունը տվյալ միջնորդությամբ նպատակ էր ունեցել անհրաժեշտ մասնագետի միջոցով Դատարան ներկայացնել հատակագիծ ծանրաբեռնված գույքի վերաբերյալ` սերվիտուտով ծանրաբեռնված գույքի նշագծումով: Դատարանի կողմից տվյալ միջնորդությունը նույնպես մերժվել էր:

Փաստորեն, վերը նշված նորմերի խախտման արդյունքում Ընկերությունը զրկվել էր դատաքննության ընթացքում հավասար և մրցակցային պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր պահանջը հիմնավորելու հնարավորությունից, որի արդյունքում դատավարության մյուս կողմը` Քաղաքապետարանը, հայտնվել էր ավելի շահեկան դիրքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի կողմից 23.02.2005 թվականին տրված թիվ 98 լիցենզիայի համաձայն` Ընկերության գործունեության տեսակն է` հեռուստահաղորդումների հեռարձակումը, սփռման տարածքը` ք. Գյումրին, հեռուստահաղորդումների հեռարձակման կապուղին` 33-րդը, լիցենզիայի գործողության ժամկետը` առ 23.02.2012 թվականը:

2. Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի, Վ. Սարգսյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը սեփականության իրավունքով պատկանում է Քաղաքապետարանին:

3. Ընկերությունը 25.02.2008 թվականի գրությամբ` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանից խնդրել է տրամադրել տեղեկատվություն` Ընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով:

4. Ընկերության 25.02.2008 թվականի դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության համաձայն` Ընկերությունը խնդրել է նշանակել դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն` փորձագետներին առաջադրելով համապատասխան հարցեր: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է:

5. Ընկերության 26.02.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու միջնորդության համաձայն` Ընկերությունը խնդրել է հետաձգել գործի քննությունը 25.02.2008 թվականի գրության պատասխանը ներկայացնելու համար: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի գործի քննության հետաձգման հայեցողական իրավունքը, կարող է իրականացվել, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին (տես` Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-346 (ՏԴ) Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը սեփականության իրավունքով պատկանում է Քաղաքապետարանին: 23.02.2005 թվականին տրված թիվ 98 լիցենզիայի հիման վրա` Ընկերության գործունեության տեսակն է հեռուստահաղորդումների հեռարձակումը, սփռման տարածքը` ք. Գյումրին, հեռուստահաղորդումների հեռարձակման կապուղին` 33-րդը, լիցենզիայի գործողության ժամկետը` մինչև 23.02.2012 թվականը: Ընկերությունը 25.02.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին` փորձագետներին առաջադրելով համապատասխան հարցեր, որը Դատարանի կողմից մերժվել է: 25.02.2008 թվականի գրչությամբ` Ընկերությունը դիմել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին և խնդրել է տրամադրել տեղեկատվություն` Ընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով, այնուհետև 26.02.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին` 25.02.2008 թվականի գրության պատասխանը ներկայացնելու համար, որը Դատարանի կողմից նույնպես մերժվել է:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության 25.02.2008 թվականի դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին, 26.02.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունները Դատարանի կողմից մերժվելիս Ընկերությունը զրկվել է իր գործը Դատարանին արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որով խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի իրավահավասարության և մրցակցության հիմնարար սկզբունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N 0351/02/08
Որոշում