Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Քաղաքացիական վերաքննիչ               Քաղաքացիական գործ թիվ 3-367 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-4294

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռիտա Ալիխանյանի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռիտա Ալիխանյանի ընդդեմ Սարգիս Մենենթյանի, երրորդ անձ Նվարդ Մենենտյանի, Սիրուշ Մենենթյանի` զավթած հողամասն ապօրինի տիրապետումից հետ վերցնելու և կառուցած քարե ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին և հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության հիմքով հողամասի սեփականատեր ճանաչելու, այդ մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ռիտա Ալիխանյանը պահանջել է պարտավորեցնել Սարգիս Մենենթյանին վերադարձնել Երևանի Այգեստան 11 փողոցի թիվ 231 հասցեի ապօրինի զավթած 53,5 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև քանդել կառուցված քարե ցանկապատը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սարգիս Մենենթյանը, Նվարդ Մենենտյանը և Սիրուշ Մենենթյանը պահանջել են նշված հասցեի 53,5 քմ մակերեսով հողամասը ճանաչել տիրազուրկ, ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել նշված հողամասի սեփականատեր, ինչպես նաև ճանաչել 1992 թվականի առուվաճառքի պայմանագրով գնված 446,5 քմ մակերեսով հողամասի սեփականատեր, գրանցել սեփականության իրավունքը 500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել Ռիտա Ալիխանյանի սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիտա Ալիխանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճռի պատճառաբանական մասում հաստատված է համարել, որ Երևանի Այգեստան 11 փողոցի թիվ 231 հասցեի 53,5 քմ մակերեսով հողամասը պատասխանողները բարեխղճորեն օգտագործում են շուրջ 15 տարի, իսկ Ռիտա Ալիխանյանը 13-15 տարիների ընթացքում երբևէ պահանջ չի ներկայացրել, այսինքն` իր գործողություններով հրաժարվել է սեփականության այդ մասից: Մինչդեռ, վեճի առարկա հողամասը տիրազուրկ չէ, Ռիտա Ալիխանյանը երբևիցե չի հրաժարվել իր սեփականությունից: Սարգիս Մենենթյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռիտա Ալիխանյանը տևական ժամանակով բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինքնակամ Ռիտա Ալիխանյանին պատկանող հողամասից զավթել է 53,5 քմ մակերեսով հողամասը և այն սահմանազատել է քարե պարսպով:

Սույն քաղաքացիական գործի նյութերում առկա են 1992-2007 թվականների համար հողի հարկի վճարման անդորրագրերը, ինչը ևս վկայում է այն մասին, որ Ռիտա Ալիխանյանը չի հրաժարվել իրեն պատկանող հողամասից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցը դատարան է ներկայացվել 2006 թվականի նոյեմբերին, իսկ քարե պարիսպն իրականում կառուցվել է 1999 թվականին` Ռիտա Ալիխանյանի` քաղաքից բացակայելու ընթացքում, այլ ոչ թե 1990-1992 թվականներին, այսինքն` 7, այլ ոչ թե շուրջ 15 տարի առաջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 25.12.2007 թվականի վճիռը բեկանել մասնակի` հայցի և հակընդդեմ հայցի բավարարված մասերով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 10.08.2006 թվականի գրության համաձայն` Այգեստան 11 փողոցի թիվ 231 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը Ռիտա Ալիխանյանն է, որի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 534 քմ մակերեսով հողամաս և 133,4 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն: Հողամասի մակերեսը փաստացի կազմում է 480,5 քմ, որը պակասել է 53,5 քմ-ով, որն օգտագործվում է Երևանի Այգեստան 11 փողոցի թիվ 229 հասցեի սեփականատերերի կողմից:

2) Կադաստրի 30.03.2007 թվականի գրության համաձայն` 26.03.2007 թվականի կատարված չափագրումների արդյունքների համաձայն` Այգեստան 11 փողոցի թիվ 231 հասցեի սեփականատեր Ռիտա Ալիխանյանին պատկանող 534 քմ մակերեսով հողամասից 53,5 քմ մակերեսն առանց իրավահաստատող փաստաթղթերի օգտագործվում է Այգեստան 11 փողոցի թիվ 229 հասցեի սեփականատերերի կողմից, որի վրա առկա է 32,9 քմ մակերեսով լողավազան և 3,2 քմ պարիսպ, որոնք ինքնակամ շինություններ են:

3) Սույն գործում առկա են Ռիտա Ալիխանյանի կողմից 1994-1998, 2001-2007 թվականների հողի հարկի վճարման անդորրագրեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողի գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով հայցվորի բացատրությունները, Երևանի Այգեստան 11-րդ փողոցի բնակիչների հայտարարությունը, հաստատված է համարել, որ Սարգիս Մենենթյանը Երևանի Այգեստան 11-րդ փողոցի թիվ 231 տան 53,5 քմ մակերեսով հողամասը բարեխղճորեն և անընդմեջ օգտագործում է շուրջ 15 տարի, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործում բացակայում են բավարար ապացույցներ, որով կարող էր հաստատվել Սարգիս Մենենթյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը: Գործով հիմնավորված չէ, որ այդ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ սույն քաղաքացիական գործով չի հիմնավորվել գույքի փաստացի տիրապետողներ Սարգիս և Սիրուշ Մենենթյանների, Նվարդ Մենենտյանի կողմից վեճի առարկա անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.12.2007 թվականի վճռի` հայցի և հակընդդեմ հայցի բավարարված մասերը և գործն այդ մասերով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-367 (ՎԴ)
Որոշում