040.0597.160512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 686-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
50. Միասնական քննությունների կազմակերպումը`
i
1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում: Առաջին փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա հունվարի 6-ը, երկրորդ փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը, երրորդ փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.
2) առաջին փուլի միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա հունվարի 10-ը, իսկ երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննական կենտրոնների ղեկավարների ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 25-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.
3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.
4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Առաջին փուլի միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը, իսկ երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննությունները` տվյալ տարվա հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.
5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 20 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.
6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.
7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: ԳԹԿ-ի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.
8) քննական կենտրոնի ղեկավարին, ԳԹԿ ներկայացուցիչներին, կազմակերպիչներին նշանակում է ԳԹԿ տնօրենը` միասնական քննությունից մեկ օր առաջ: Կազմակերպիչներին և ԳԹԿ ներկայացուցիչներին ըստ քննասենյակների բաշխում է քննական կենտրոնի ղեկավարը.
9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.
10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.
11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.
12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի կազմակերպիչներին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, ըստ խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.
13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`
ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,
բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.
14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.
15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.
16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.
17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.
18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.
19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.
19.1) դիմորդը մոտենում է մուտքի կազմակերպիչներին, մետաղորսիչով ստուգվում է հեռախոսի և էլեկտրոնային այլ սարքերի առկայությունը: Հեռախոս կամ այլ սարքեր հայտնաբերվելու դեպքում թողնում է մուտքի մոտ.
20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.
21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո ԳԹԿ ներկայացուցիչը, քննական կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքին.
22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.
23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:
(50-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
51. Միասնական քննության անցկացումը`
i
1) թեստերի փաթեթները բացելու համար ներկայացուցիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.
2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.
3) առաջին փուլի միասնական քննությունները բոլոր քննական կենտրոններում սկսվում են ժամը 11:30-ին, երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննությունները` ժամը 10:00-ին.
4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.
5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.
6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով` քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.
7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.
8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է` «Խոտանված է».
9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.
10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.
11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.
12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում` հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.
13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում են այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.
14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին երրորդ փուլի քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.
15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.
16) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում երրորդ փուլի միասնական քննության օրը:
(51-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
52. Միասնական քննության ավարտը`
1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.
2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.
3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.
4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.
5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.
6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:
53. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`
1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.
2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.
3) ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
54. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`
1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.
2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.
3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:
55. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`
1) միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը` բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.
2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.
3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.
4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.
5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ.
6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.
7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.
8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները.
9) վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.
10) դիմորդները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձը հաստատող փաստաթուղթը:
56. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`
1) բողոքարկումը կարող է լինել`
ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,
բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.
2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.
3) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.
4) պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.
5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.
6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.
7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.
8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.
9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երրորդ փուլի քննությանը.
10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.
11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել այն.
12) արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.
13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին և երկրորդ փուլերի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:
VI. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
57. Ներբուհական քննությունների առարկայական հանձնաժողովի ստեղծումը`
1) ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով).
2) քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից.
3) քննական հանձնաժողովը կազմում է քննական աշխատանքների տարբերակները և քննական այլ նյութեր.
4) քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին:
58. Ներբուհական քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`
1) ներբուհական քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.
2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան և դիմորդների ցուցակում ստորագրում իրենց անվան դիմաց.
3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննության անցաթղթի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.
4) ներբուհական քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.
5) դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորային համակարգով.
6) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.
7) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.
8) ներբուհական քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում է ևս 2 քննող դասախոս.
9) ներբուհական քննությունները տեսաձայնագրվում են:
59. Ներբուհական քննության արդյունքների հրապարակումը և բողոքարկումը`
1) ներբուհական քննությունների գնահատականները, քննության առանձնահատկություններով պայմանավորված, դիմորդին հայտնվում են քննության օրը` քննասենյակում կամ հաջորդ օրը` մինչև 16:00-ն.
2) ներբուհական այն քննությունը, որի արդյունքը գնահատվում և դիմորդին հայտնվում է քննասենյակում, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում դիմորդը, մինչև քննասենյակից դուրս գալը, կարող է բողոքարկել քննական հանձնաժողովի նախագահին.
3) ներբուհական այն քննությունը, որի գնահատականը դիմորդը ստանում է հաջորդ օրը, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում գնահատականների փակցնելու հաջորդ օրը` ժամը 9:00-18:00-ի ընթացքում կարող է բողոքարկել.
4) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.
5) դիմումում նշվում է ներբուհական քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.
6) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.
7) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքը ստուգած անդամը քննարկում են ներբուհական քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.
8) բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.
9) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.
10) ներբուհական քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում ԳԹԿ է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.
11) ներբուհական քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական քննության քննական կենտրոնում:
60. Ներբուհական քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից:
61. Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:
62. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:
VII. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
63. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:
64. Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:
65. Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի` մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
66. Հիմնական և լրացուցիչ փուլերի մրցույթների անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:
i
67. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:
(67-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
68. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20-միավորային համակարգին:
69. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի համաձայն մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված քաղաքացիները չեն մասնակցում բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգի ընդունելության ընդհանուր մրցույթին:
i
70. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 20-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ` թափուր տեղերի մրցույթին` առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:
(70-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
71. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
72. Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել միասնական քննությունների արդյունքներով:
73. Նպատակային ուսուցման դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են`
1) անվճար ուսուցման համակարգ` առանձին մրցույթով` առաջին փուլում հայտագրած մասնագիտությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվճար տեղերի` մինչև 50 տոկոսի չափով.
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում` ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին:
74. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:
75. Նպատակային ուսուցման դիմած դիմորդներն ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են պայմանագիր:
76. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.
2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին` ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.
3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, բացառությամբ կարգի 44-րդ կետում նշված դեպքի.
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին.
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
77. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (*) աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար`
1) ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.
2) 10-միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,
բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,
գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,
դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,
ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,
զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,
է. «10»-ը համարժեք է 20 միավորին.
3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5-միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,
բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,
գ. «5»-ը համարժեք է 20 միավորին:
i
78. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
(78-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1884-Ն որոշում)
i
79. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում ընդունվում և սահմանված կարգով պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցում են ստանում`
1) հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.
2) առանց ծնողական խնամքի մնացած` մինչև 23 տարեկան երեխաները:
(79-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1884-Ն, 25.04.2024 թիվ 579-Ն որոշումներ)
80. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները` զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս:
81. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները` մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում` ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:
82. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
VIII. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
83. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:
i
84. Հանրապետական ընդունող հանձնաժողովը (այսուհետ` նաև հանձնաժողով) կազմված է 26 անդամից: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը և մեկ ներկայացուցիչ, որը հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ռեկտորները: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
(84-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
i
84.1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռավար` տեսաձայնային կապի միջոցներով: Հանձնաժողովի նիստի հեռավար անցկացման կարգը սահմանում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու պատասխանատու քարտուղարը:
(84.1-ին կետը լրաց. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)
85. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`
i
1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.
2) հաստատվում են սույն կարգի 73-րդ և 78-81-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.
3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար և վճարովի համակարգի պահուստային տեղերը.
4) հաստատվում և վերաբաշխվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած ազգային փոքրամասնություններին պատկանող դիմորդների` անվճար մրցույթի արդյունքները` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հատկացրած տեղերի.
5) ըստ անհրաժեշտության և բուհերի առաջարկությունների հիման վրա` վերաբաշխվում են «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի տեղերը տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով):
(85-րդ կետը փոփ. 11.05.2023 թիվ 720-Ն որոշում)
86. Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
87. Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
88. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ` թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
89. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո դիմորդը բուհ է ներկայացնում`
1) ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը).
4) զինվորական գրքույկ (բնօրինակը)` առկայության դեպքում.
5) սույն կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
(հավելվածը խմբ. 01.04.2021 թիվ 469-Ն, 07.04.2022 թիվ 476-Ն որոշումներ)