Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/0652/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0652/04/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) 13.06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս թույլատրվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2020 թվականի որոշմամբ Դատարանի 13.02.2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է և հարցն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն (ի պաշտոնե ներկայացուցիչ` տնօրեն Կամո Մելքոնյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կոմիտեն նախ և առաջ պետք է իր կողմից ներկայացված միջնորդությունն ուղարկեր նաև գործին մասնակցող այլ անձանց, այդ թվում և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանին և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, քանի որ ենթադրվում էր, որ պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին Դատարանի հնարավոր որոշումը կարող էր ազդել վերջիններիս իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի վրա:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով անդրադարձել է այն հանգամանքին, որ օրենսդիրը սահմանել է ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու եռօրյա ժամկետ, որն ինքնանպատակ չէ:

Միաժամանակ սույն գործով անհրաժեշտ է պարզել, թե արդյոք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Կոմիտեի կողմից ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու միջնորդությունը մինչև Դատարան ներկայացնելը Կոմիտեն պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդությունը նախօրոք ներկայացնել գործին մասնակցող մյուս անձանց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` կայացնելով նոր դատական ակտ կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 12.02.2020 թվականին ՀՀ սնանկության դատարանին ներկայացրել է միջնորդություն` խնդրելով թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում: Միջնորդությանը կցվել է ապացույց: Մինչդեռ նշված միջնորդությունը և դրան կցված ապացույցը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ին չեն ուղարկվել: «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն չի ծանուցվել նաև միջնորդության քննարկման ժամանակի և վայրի մասին: Այսինքն` «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն զրկված է եղել ներկայացված միջնորդության և ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Փաստորեն, առկա են եղել միջնորդությունը չքննարկելու դատավարական իրավունքի նորմերով սահմանված հիմքերը: Մինչդեռ Դատարանը, կոպիտ կերպով խախտելով դատավարական իրավունքի նորմերի պահանջները, ոչ միայն քննարկել է միջնորդությունը, այլև բավարարել է այն:

Նման պայմաններում Դատարանը թույլ է տվել մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ գործին մասնակցող անձը զրկվել է ներկայացված միջնորդության և դրան կցված ապացույցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` մրցակցային վարույթի անհարկի սահմանափակման:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը և մեկնաբանելով նշված նորմը` հանգել է միանգամայն ճիշտ հետևության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

1) Կոմիտեն 12.02.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին: Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 102-105):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտի մոտ համալիր հարկային ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մինչև դատարան ներկայացնելն արդյոք Կոմիտեն պարտավոր է միջնորդությանը կից ներկայացնել միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության մասին հիմնավորումները, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա, իսկ 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ նախ «միջնորդություն» եզրույթն իրենից ներկայացնում է պաշտոնական գրություն` ուղղված դատարանին, համապատասխան գործի շրջանակներում և դրա քննության ընթացքում դատարանի կողմից որևէ գործողություն կատարելու, որևէ հարցի այս կամ այն ընթացքը լուծելու համար: Նշված իրավանորմերից հետևում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով միջնորդության ներկայացման կարգը, ամրագրել է, որ դատական նիստից դուրս միջնորդությունը ներկայացրած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել գործին մասնակցող մյուս անձանց կամ, դրա անհնարինության դեպքում, ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Միաժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից կատարել է բացառություն այն դեպքերի համար, երբ միջնորդությունն իր բնույթով բացառապես այն ներկայացնող անձի իրավունքների իրականացման միջոց է, և չի ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Այսինքն, օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ գործին մասնակցող այլ անձանց միջնորդության վերաբերյալ իրազեկելը պարտադիր պայման է, եթե միայն նշված միջնորդությունը որևէ կերպ առնչվում է վերջիններիս իրավունքներին, պարտականություններին, շահերին, կարգավիճակին կամ դատավարության ընթացքին:

Սույն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «հարկային ստուգում» հասկացությանը և դրա իրականացման նպատակին ու ընթացակարգին:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ծանոթացման: (...)

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտին համալիր հարկային ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու պարտականություն է սահմանել: Ստուգման հանձնարարագիրը եռօրյա ժամկետում հարկ վճարողին ներկայացնելու օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Հանձնարարագրի մասին հարկ վճարողին ներկայացնելու համապատասխան ժամկետը սահմանելիս օրենսդիրը հիմք է ընդունել հարկային ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, օրենսդրի նման սահմանումը նպատակ ունի մի կողմից պաշտպանելու հարկ վճարողի շահերը, քանի որ վերջինս իրականացվող ստուգման մասին տեղեկացվում է ստուգումն իրականացվելուց երեք օր առաջ, մյուս կողմից` չի խախտվում հարկային մարմնի կողմից համապատասխան տնտեսվարողի մոտ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքը (տե՛ս, «ՎԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0895/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2022 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 12.02.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին: Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները:

Դատարանը, 13.02.2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում իրականացնելու թույլտվություն տալու մասին» որոշմամբ, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, գնահատելով Կոմիտեի ներկայացրած պատճառաբանությունները` գտել է, որ Կոմիտեի միջնորդությունը հիմնավոր է, և վերջինիս պետք է թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը քննել է Կոմիտեի` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունը, որին կից ներկայացված չեն եղել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով բացառապես Կոմիտեի լիազորությունների, այն է` հարկային ստուգում անցկացնելու, իրականացման միջոց է, Դատարանը չի պահանջել Կոմիտեից այդ միջնորդության մասին իրազեկել գործին մասնակցող մյուս անձանց:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ սույն գործի շրջանակներում Կոմիտեն նախ և առաջ պետք է իր կողմից ներկայացված միջնորդությունն ուղարկեր նաև գործին մասնակցող այլ անձանց, այդ թվում և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանին և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, քանի որ ենթադրվում էր, որ պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին Դատարանի հնարավոր որոշումը կարող էր ազդել վերջիններիս իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի վրա: Հստակ է նաև, որ Դատարանն էլ իր հերթին պարտավոր էր միջնորդության քննարկման կապակցությամբ հրավիրել դատական նիստ` քննարկվելիք միջնորդության կապակցությամբ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց, այդ թվում` «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի պատշաճ ծանուցումը, որից հետո միայն գար համապատասխան եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, գործին մասնակցող անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև բողոքաբերներ` «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի առարկությունների հիմնավորվածությունը գնահատելու անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է վերացնել Դատարանի 13.02.2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն դեպքում Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է համալիր հարկային ստուգումների հանձնարարագրին, որը հրապարակելուց հետո միայն հարկային մարմինը կարող է անցկացնել ստուգում կամ ուսումնասիրություն. ընդ որում, համալիր հարկային ստուգումների հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց զատ դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը), և այս փուլում այն չի ազդել գործին մասնակցող անձանց որևէ իրավունքի, որևէ պարտականության, որևէ շահի, որևէ կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Ավելին` հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը նախ և առաջ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ պետության հանդեպ հարկային պարտավորությունները ճշտելն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համալիր հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` Ընկերությանը, միջնորդության մասին իրազեկելու պարտավորություն չի ունեցել, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 13.02.2020 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2020 թվականի որոշումը և ՀՀ սնանկության դատարանի 13.02.2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 27 մայիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2022
N ՍնԴ/0652/04/19
Որոշում