ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2020 թվականի N 1799-Լ
ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի նոյեմբերի 17-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 16-ի
N 1799-Լ որոշման
ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում կամ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` փաստացի բնակվել են Արցախի Հանրապետությունում (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից): Սոցիալական աջակցությունն Արցախի քաղաքացուն տրամադրվում է նաև այն դեպքում, եթե նա վերադարձել է Արցախ:
(1-ին կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով` յուրաքանչյուր շահառուի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով (այսուհետ` նվազագույն աշխատավարձ): Եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է նվազագույն աշխատավարձի և շահառուի 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի դրական տարբերության չափով:
3. Արցախի քաղաքացին, որն ունի Արցախի հաշվառում, չի կարող հանդիսանալ սույն միջոցառման շահառու, եթե`
1) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.
2) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.
3) նա հանդիսանում է 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի անձ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից:
(3-րդ կետը փոփ. 27.11.2020 թիվ 1890-Լ որոշում)
4. Սույն միջոցառման այն շահառուն, որը չունի սեփականության (այդ թվում` բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), տրամադրվում է լրացուցիչ աջակցություն` 15,000 դրամի չափով:
5. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը տրամադրվում է ծնողին (օրինական ներկայացուցչին), անկախ ծնողի` սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
(5-րդ կետը փոփ. 27.11.2020 թիվ 1890-Լ որոշում)
6. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով` մինչև 2021 թվականի հունվարի 27-ը, բացառությամբ այն դեպքի, երբ միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ստացված` Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 2105-Լ, 13.01.2021 թիվ 3-Լ, 08.02.2021 թիվ 147-Լ որոշումներ)
7. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի միջոցով: