Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ԵՎ 26...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ԵՎ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ             Քաղաքացիական գործ թիվ 3-779(ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2863/2006 թ.                            2007 թ.

Նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ Տ-2863 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ դիմումի Արտյոմ Ասլանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 2006 թվականի հունիսի 23-ի թիվ 1302776 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտյոմ Ասլանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 2006 թվականի հունիսի 23-ի թիվ 1302776 ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Արտյոմ Ասլանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վեճի առարկա ստուգման ակտի կազմման հիմք է հանդիսացել Արտյոմ Ասլանյանի հայտարարությունը, որով նա ընդունել է իր կողմից առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը և նշել օրական շրջանառության գումարի ու դրանից ստացած հասույթի չափերը:

Վերոնշյալ պատճառաբանությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Արտյոմ Ասլանյանի իրացման շրջանառությունը որոշելիս հաշվի է առնվել նրա կողմից տրված գրավոր բացատրությունը:

 

Ինչ վերաբերում է դիմողի 3 տարվա շրջանառության չափի որոշմանը, ապա այն հարկային մարմնի աշխատակիցների կողմից հաշվարկվել է, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շուկան, որտեղ նա իրականացրել է առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, հանգստյան օրեր չի ունեցել:

 

2) Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վիճելի ստուգման ակտի կազմման հիմք է հանդիսացել Ա. Ասլանյանի հայտարարությունը, որը նա տվել է Ծառայության աշխատակիցներին առանց որևէ պարտադրանքի: Ինչ վերաբերում է Դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքին, որ ստուգմանը մասնակից է դարձվել Երևան քաղաքի դատախազի օգնական Ա. Հակոբյանը, ապա այդ հանգամանքը հիմնավորող ապացույցը գործում բացակայում է:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Վճռաբեկ բողոքում բացակայում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը չկիրառելու մասին բողոք բերած անձի պատճառաբանության հիմնավորումները: Բացի այդ, անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ գործում առկա չէ ստուգմանը Երևան քաղաքի դատախազի օգնական Ա.Հակոբյանի մասնակից դարձվելու մասին որևէ ապացույց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 1302776 հանձնարարագրով հանձնարարվել է Արտյոմ Ասլանյանի մոտ կատարել առանց պետական գրանցման, առանց սահմանված ժամկետում հարկային մարմնում հաշվառման, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա, օրենսդրությամբ թույլատրված վայրից դուրս օրենսդրությամբ արգելված գործունեության ստուգում:

2) 2006 թվականի հունիսի 22-ին կազմվել է թիվ 1302776 ստուգման ակտը, որով Արտյոմ Ասլանյանի նկատմամբ առանց պետական գրանցման, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հաշվարկվել է 20 531 300 (քսան միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ տուգանք:

3) 2006 թվականի հունիսի 23-ին Արտյոմ Ասլանյանի կողմից տրված բացատրության համաձայն` Երևանի Վարդանանց փողոցում գտնվող տնտեսական շուկայում 2001 թվականից առանց պետական գրանցման զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

4) Գործի նյութերում բացակայում է ստուգմանը դատախազի օգնական Ա.Հակոբյանի մասնակցությունը հիմնավորող ապացույցը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը երբ անհնար է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Այդ դեպքերում հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է` հիմնվելով հարկ վճարողի ակտիվների, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի, գույքագրման և չափագրման տվյալների, օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների վրա:

Բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Արտյոմ Ասլանյանի իրացման շրջանառությունը որոշելիս հաշվի է առնվել նրա կողմից տրված գրավոր բացատրությունը, անհիմն է, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Տվյալ դեպքում օրենսդիրը, հղում կատարելով նույն օրենքի 22-րդ հոդվածին, ի նկատի է ունեցել այն դեպքը (ապօրինի գործունեության իրականացում), երբ անհնար է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Հետևաբար, նման դեպքերում հարկային տեսչության համար ծագում է պարտավորություն` հաշվարկելու հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմնվելով օրենքով սահմանված չափանիշների վրա:

Անհիմն է նաև բողոք բերած անձի պատճառաբանությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը չկիրառելու մասով, քանի որ Դատարանը, վճռի հիմքում դնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հարկային պարտավորության հաշվարկման կարգի խախտման հանգամանքը, կիրառել է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի նորմերը:

 

2) Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն որևէ էական նշանակություն չունի սույն վեճի լուծման տեսանկյունից:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ տրված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստարկը բավարար չէ Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-779(ՏԴ)
Որոշում