Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 201-ՐԴ, 278-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-410(ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                           2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-240

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    դատավորներ`        Տ. Սահակյան

                       Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրածին Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2007 թվականի հունվարի 21-ի թիվ 07-240 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Գոհար Հակոբյանի ընդդեմ պատասխանող Հրածին Վարդանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, ըստ Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցի` սեփականության վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին վերացնել ապօրինի կառուցված շինությունը և վերադարձնել ապօրինի զբաղեցրած տարածքը, իսկ պատասխանողը հակընդդեմ հայցով պահանջել է Գոհար Հակոբյանի սեփականության վկայականը մասնակի` 21 քմ շինության (ըստ հատակագծի թիվ 3) մասով ճանաչել անվավեր և ձեռքբերման վաղեմության ուժով 21 քմ հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը (այսուհետ` Դատարան) 2006 թվականի օգոստոսի 3-ի վճռով Գոհար Հակոբյանի սկզբնական հայցն ընդդեմ Հրածին Վարդանյանի մերժել է,իսկ Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Գոհար Հակոբյանի` բավարարել:

Վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 21-ի վճռով Գոհար Հակոբյանի սկզբնական հայցն ընդդեմ Հրածին Վարդանյանի բավարարվել է, իսկ Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցը ձեռքբերման վաղեմության ուժով 21 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը` մերժվել: Միաժամանակ քաղաքացիական գործի վարույթը Գոհար Հակոբյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով` կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել սկզբնական հայցով պատասխանող Հրածին Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել հայցվոր Գ. Հակոբյանը:

Բողոք բերած անձը ներկայացրել է վճռաբեկ բողոքի լրացում:

Վճռաբեկ բողոքի լրացման պատասխան է ներկայացրել Գ. Հակոբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 201-րդ, 278-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

1995 թվականի հունիսի 13-ին Շուշիկ Աբաջյանը 21 քմ մակերեսով խորդանոցը վաճառել է Հրածին Վարդանյանին: Այդ առուվաճառքի վերաբերյալ Շուշիկ Աբաջյանը կազմել է գրավոր փաստաթուղթ, որը ստորագրել են Շուշիկը և հարևաններ Ժենյան, Արևիկը և Ռուզաննան: 21 քմ մակերեսով խորդանոցը վաճառելիս Արշակունյաց պողոտա 286 հասցեի տունը պետական գրանցում և սեփականության իրավունքի գրանցման վկայական չի ունեցել, որի պատճառով էլ վաճառքը նոտարական կարգով չի վավերացվել:

Շուշիկ Աբաջյանը 2000 թվականի հոկտեմբերի 13-ին նոտարական կարգով կնքված առուվաճառքի պայմանագրով Երևանի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող տունը և հողամասը վաճառել է Գոհար Հակոբյանին, որի հիման վրա` Գ. Հակոբյանը 2000 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից ստացել է թիվ 0257862 սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Վերաքննիչ դատարանի վճռում նշված այն հանգամանքը, որ ըստ կադաստրային գործի նյութերի` տնօրինության սեփականատերն է հանդիսացել Իշխան Աբաջյանը, և վիճարկվող գույքը տնօրինել է Շուշիկ Աբաջյանը, այն է` 1995 թվականի հունիսի 13-ին 21 քմ հողամասն առանց նոտարական կարգով վավերացման պայմանագրի և առանց համապատասխան գրանցում կատարելու իրեն վաճառելու իրավունք չի ունեցել, հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ.

1995 թվականի դրությամբ Իշխան Աբաջյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չլինելու պատճառով ոչ Շուշիկ Աբաջյանը, և ոչ էլ Հրածին Վարդանյանը չէին կարող 21 քմ մակերեսով խորդանոցի վերաբերյալ 1995 թվականի հունիսի 13-ի առուվաճառքի պայմանագիրը վավերացնել նոտարական կարգով: Եթե խորդանոցը գնելու պահին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարված լիներ Իշխան Աբաջյանի անվամբ, ապա առուվաճառքի պայմանագիրը կվավերացվեր նոտարական կարգով:

Գ. Հակոբյանը 2000 թվականի հոկտեմբերի 13-ին Շուշիկի հետ համաձայնվել է տունը գնել նրա կողմից փաստացի օգտագործվող հողամասի չափով և վաճառքի գինը վճարել է Շուշիկին այն չափով, ինչ չափով որ եղել է հողի փաստացի մակերեսը:

Դատարանը 2006 թվականի օգոստոսի 2-ին կատարել է տեղատեսություն և պարզել, որ կողմերի փաստացի օգտագործվող շինություններն ու հողատարածքները սահմանազատված են ցանկապատով և քարե պարսպով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից Գ. Հակոբյանին 2000 թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 0257862 սեփականության իրավունքի գրանցման վկայականը տալու ժամանակ նոր չափագրում չի կատարվել, և փաստացի օգտագործվող հողամասի սեփականության իրավունքը գրանցվել է տան հին հատակագծի հիման վրա, որի պատճառով էլ Գ. Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականում ընդգրկվել է դեռևս 1997 թվականին քանդած և գոյություն չունեցող, ըստ հին հատակագծի` 21 քմ մակերեսով, թիվ 3 խորդանոց շինությունը:

Վերաքննիչ դատարանի վճռում նշված այն հանգամանքը, որ հողամասը Հ. Վարդանյանի կողմից բարեխղճորեն տիրապետելու վերաբերյալ Դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել, անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

Դատարանի կողմից 2006 թվականի օգոստոսի 2-ին կատարված տեղատեսությամբ արձանագրված է, որ 21 քմ մակերեսով խորդանոցը Հ. Վարդանյանի կողմից քանդվել է, և տարածքը միացվել է իր տան ճանապարհին, հարևանի և իր օգտագործման հողամասերը ցանկապատով տարանջատելով` առանձնացրել ու մեկուսացրել է, բազալտե սալիկներով պարսպի երկայնքով կառուցել ծաղկանոց և աճեցրել է խաղողի վազեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների համաձայն` վերը նշված փաստարկներով ապացուցվում է հակընդդեմ հայցվորի պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, իսկ գործի դատաքննությունը կատարվել է թերի. Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված յուրաքանչյուր ապացույց գնահատելու և գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և իր ներքին համոզմունքը ստեղծելու համար պետք է կատարեր տեղատեսություն, որ չի կատարել:

Վիճելի գույքը փաստացի գտնվել է տիրազուրկ վիճակում, իսկ Հ.Վարդանյանը, դեռևս չհանդիսանալով այդ գույքի սեփականատեր, միևնույն ժամանակ այն ավելի քան տասը տարի` 1995 թվականից մինչև 2006 թվականը (10 տարի 7 ամիս և 25 օր), բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է որպես սեփական գույք և ձեռքբերման վաղեմության ուժով այդ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Նման հանգամանքներում Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ, 178-րդ, 187-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 186-188-րդ հոդվածների պահանջներով պետք է տիրազուրկ ճանաչեր Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեի տան հատակագծում նշված թիվ 3 21 քմ անշարժ գույքը և ձեռքբերման ուժով այդ գույքի նկատմամբ ճանաչեր իր սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով վճիռ կայացնելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հստակեցնել, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել և որոշել տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 12-ի թիվ 07-240 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

Հայցվորը գտնում է, որ վճռաբեկ բողոքում բերված փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

1) Հ. Վարդանյանն առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանում չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց, որը կհաստատեր վճռաբեկ բողոքում նշված փաստերը:

Վիճելի խորդանոցի առուվաճառքի պայմանագիրն իրավական ուժ չի կարող ունենալ, քանի որ ՀՀ կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի թիվ 420 որոշմամբ հստակ սահմանված է, որ տնամերձի, այգեգործական (ամառանոցային) նպատակներով տրված հողամասերի և այգետնակների, ու այդ հողամասերում գտնվող մյուս կառույցների օտարման (վաճառք, նվիրատվություն և այլն) կամ փոխանակման ու ժառանգման փաստաթղթերը պետք է վավերացվեն նոտարական կարգով և գրանցվեն դրանց գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում:

ՈՒժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Այդ դեպքում նոտարական ձևը չպահպանելն անվավեր է դարձնում գործարքը: Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, իսկ 59-րդ հոդվածի համաձայն` անվավեր ճանաչված գործարքն անվավեր է համարվում այն կնքելու պահից:

Վերը նշված հոդվածների պահանջները հիմք են տալիս պնդելու, որ 1995 թվականի հունիսի 13-ի Շուշիկ Աբաջյանի և Հրածին Վարդանյանի առուվաճառքի պայմանագիրն իրավական ուժ չունի, և նա չի կարող որևէ պահանջ ներկայացնել վիճելի խորդանոցի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների պահանջները, ըստ որի` Հ.Վարդանյանը պարտավոր էր ապացուցելու իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև ներկայացնել սույն վեճի հետ կապված իր առարկությունները հիմնավորող ապացույցները, ինչը նրա կողմից չի արվել:

 

2) Ինչ վերաբերում է վիճելի գույքի տիրազուրկ լինելու հանգամանքին, որը նշել է Հ. Վարդանյանը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածների ուժով ցանկանում է սեփականության իրավունք ձեռք բերել այդ խորդանոցի նկատմամբ, ապա հայցվորը գտնում է, որ նման պահանջն անհիմն է, քանի որ Հ. Վարդանյանն իր հակընդդեմ հայցապահանջի հիմքում չի դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջը, ինչը հանդիսացել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցը մերժելու պատճառներից մեկը: Ավելին, վիճելի խորդանոցն անգամ ցանկության դեպքում չէր կարող ճանաչվել տիրազուրկ գույք, քանի որ տվյալ խորդանոցը որպես սեփականություն պատկանել է Իշխան Աբաջյանին, այնուհետև Գոհար Հակոբյանին, ինչը հաստատված է գործում առկա բոլոր ապացույցներով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված պնդմանը, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ, 178-րդ, 187-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 186-188-րդ հոդվածների պահանջներով պետք է տիրազուրկ ճանաչեր վեճի առարկա խորդանոցը, այն առավել ևս անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը պարզապես չէր կարող նման պահանջ քննարկեր դատարանում նման պահանջի բացակայության պատճառով, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ չէր կարող նման պահանջ բարձրացնել և քննարկել:

Ինչ վերաբերում է Հ. Վարդանյանի կողմից վճռաբեկ բողոքում նշված նոր երևան եկած հանգամանքին` Վերաքննիչ դատարանը սույն գործի քննության ընթացքում և վճիռ կայացնելիս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի պահանջներին, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից վճիռ կայացնելիս չի նշվել հանձնման ենթակա գույքի արժեքը, քանի որ նման հարց Վերաքննիչ դատարանում չի բարձրացվել:

 

2.2 Վճռաբեկ բողոքի լրացման հիմքերը և փաստարկները.

Վճռաբեկ բողոքի պատասխանում տեղ գտած կասկածն այն մասին, որ Հրածին Վարդանյանը 1989 թվականին չի գնել Լ. Հակոբյանի տունը և չի գրանցվել այնտեղ 1994 թվականից, հերքվում և փարատվում են հետևյալ ապացույցներով`

1.Լ. Հակոբյանի տունը 30.03.1989 թվականին իր կողմից գնելու համաձայնագիրը, որը բողոքին կից ներկայացվել է:

2. Հ. Վարդանյանի անձնագիրը` նշումով 1994 թվականին Արշակունյաց պող. 286 հասցեում գրանցված լինելու մասին, որը նույնպես կցվել է վճռաբեկ բողոքին:

3. Բնակության վայրի տեղեկանքն այն մասին, որ ինքը բնակվում է Արշակունյաց պողոտա 286 տանը, որը կցվել է հակընդդեմ հայցին:

4. Դատական նիստի արձանագրությամբ, դատաշինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ, դատարանի կողմից տեղատեսություն կատարելու մասին արձանագրությունով ապացուցվում է, որ Հ.Վարդանյանն իր տան ճանապարհը բարեկարգելու նպատակով իր կողմից զբաղեցրած տարածքը առանձնացրել է Աբաջյանների հողամասից և իր տան ճանապարհի երկայնքով կառուցել է ծաղկանոց և խաղողի թարմա:

5. Տան ճանապարհի լուսանկարներով բավական պարզ և հստակ երևում են, թե ծաղկանոցը, թե պարիսպն ու մուտքի դուռը:

6. Արշակունյաց պողոտա 286 հասցեի հարևանների հայտարարություններով ապացուցվում է, որ Լ. Հակոբյանի տունը գնել է 1989 թվականին և մինչ այսօր փաստացի տիրապետում և օգտագործում է Հրածին Վարդանյանը որպես իր սեփականություն:

Շուշիկ Հակոբյանի կողմից խորդանոցը Հրածին Վարդանյանին վաճառելու մասին ամուսնու համաձայնությունը ստացվել է հեռախոսազրույցի արդյունքում, ինչը հավաստվում է հարևանների կողմից:

Գոհար Հակոբյանի կողմից տունը գնելուց հետո` 2001 թվականին, Հրածին Վարդանյանը չէր կարող քանդել նրան պատկանող խորդանոցը: Վերջինս այն քանդել է և կառուցել պարիսպը 1997-1998 թվականներին:

Մինչև 2006 թվականը Գ. Հակոբյանը չի վիճարկել խորդանոցի պատկանելիության հարցը` նախապես գիտենալով, որ Շուշիկը 1995 թվականին այն վաճառել է Հ. Վարդանյանին: 2006 թվականին Գ.Հակոբյանն իր տարածքում ձեռնարկել է ինքնակամ շինարարություն, որն արգելվել է թաղապետարանի կողմից: Կասկածելով, որ Հ. Վարդանյան է մատնել, նա աղմուկ է բարձրացրել և դիմել դատարան:

Այն միտքը, թե տունը պատկանել է Ի. Աբաջյանին և նրա կինն իրավունք չի ունեցել այդ տունը վաճառելու, հերքվում է, քանի որ հենց վերջինս է լիազորագրով վաճառել այդ տունը Հ. Վարդանյանին:

Բողոք բերած անձը պահանջել է իր բողոքի լրացումը միացնել վճռաբեկ բողոքին, քննության առնել համատեղ և վերանայել գործն ու դատական ակտը, իսկ հայցվորի պատասխանում տեղ գտած առարկությունները թողնել առանց բավարարման:

 

2.3 Վճռաբեկ բողոքի լրացման պատասխանի հիմքերը և փաստարկները.

1. Վճռաբեկ բողոքի լրացման մեջ նշված համաձայնագիրը իրենից ներկայացնում է ներքին առուվաճառքի պայմանագիր և չունի նոտարական վավերացում, ուստի և չունի օրինական ուժ:

2. Հ. Վարդանյանը ոչ թե գրանցված է Արշակունյաց պող. 286 հասցեում, այլ ընդամենը հաշվառված է որպես բնակիչ, որը չունի ոչ մի սեփականության իրավունք այն տարածքի և գույքի նկատմամբ, որը զբաղեցնում և տնօրինում է: Որևէ ստույգ հասցեում բնակվելը դեռևս չի նշանակում այդ տարածքի և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առկայություն:

3. Հ. Վարդանյանն ապօրինի պարիսպ կառուցելով` իր կողմից ապօրինի տնօրինվող տարածքներին է միացրել Գ. Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող համար 3 շինությունը:

4. Հարևանների հայտարարություններն այն մասին, որ Լ. Հակոբյանից Հ. Վարդանյանը գնել է տունը և օգտագործում է 1989 թվականից չի ապացուցվել և ոչ մի օրինական փաստաթղթով:

5. Եթե որպես ապացույց այն մասին, որ պարիսպը կառուցվել է Գ. Հակոբյանի կողմից տունը գնելուց հետո` 2001 թվականի ապրիլ ամսին, կարող է ծառայել Հ. Վարդանյանի կողմից նշված լուսանկարները, ապա գոյություն ունի լուսանկար, որում պարզ երևում է, որ ներկայումս երկու տները միմյանցից առանձնացնող պարիսպը գոյություն չի ունեցել:

6. Հ. Վարդանյանը ներկայացնում է ներքին առուվաճառքի օրենքի ուժ չունեցող փաստաթուղթ և պնդում, որ ինքը չէր կարող օրինական ճանապարհով գնել Աբաջյանների հողատարածքը, քանի որ այն պետական գրանցում չի ունեցել 1995 թվականին: Այնինչ, Աբաջյանները իրենց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացել են 1992 թվականին: Այն, որ Հ. Վարդանյանին է պատկանում համար 3 շինությունը, ոչ մի օրինական հիմք չունի, և տրամաբանական չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1992 թվականի օգոստոսի 7-ի Հայկական ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 710 Կարգադրության համաձայն` Երևանի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող տունը ճանաչվել է օրինական` Իշխան Ավետիսի Աբաջյանի անվամբ` ամրակցելով 400 քմ հողամաս:

2) 1992 թվականի օգոստոսի 10-ին տրված սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող տան (հողամասը ընդհանուր 400 քմ) նկատմամբ Իշխան Աբաջյանի իրավունքները ստացել են պետական գրանցում:

3) 1995 թվականի հունիսի 13-ին Աբաջյան Շուշիկի (Իշխան Աբաջյանի կնոջ) կողմից գրվել է «Առք ու վաճառքի» վերնագրված փաստաթուղթ, ըստ որի. «Ես Աբաջյան Շուշիկս` ապրել եմ Արշակունյաց 286 հասցեում: 1995 թվականին Ռուսաստանից եկա ծնողներիս տեսնելու, գումար չունեի որ ետ գնաի: Կարիքից ելնելով վաճառեցի ինձ պատկանող 21 ք.մ. տուալետը, Հրածին Վարդանյանին 200 ամն դոլարով, տոմս առա գնացի ամուսնուս մոտ: Առք ու վաճառքին ներկա են եղել հարևանները: Որի համար պատասխանատու եմ»: Նշված փաստաթուղթը ստորագրված է Շ. Աբաջյանի, «հարևաններ` Փ. Ժենյա, Գ. Արևիկ, Վ. Ռուզան» կողմից:

4) 2000 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխան Ավետիսի Աբաջյանի անվամբ տրված թիվ 0257627 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` գրանցվել է նրա սեփականության իրավունքը` Երևանի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող տան նկատմամբ (որը ներառում է` 1. բնակելի տուն, 2. խանութ, 3. խորդանոց), և օգտագործման իրավունքը նույն հասցեում գտնվող 400 քմ հողամասի նկատմամբ:

5) 2000 թվականի հոկտեմբերի 13-ին Իշխան Աբաջյանի լիազոր ներկայացուցիչ Շուշիկ Ղուլումյանի և Գոհար Հակոբյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում որպես սեփականություն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող 400 քմ հող (օգտագործում) և բնակելի տուն:

6) 2000 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է թիվ 0257862 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, որի համաձայն` պետական գրանցում է ստացել Գոհար Հակոբյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 286 հասցեում գտնվող 123,2 քմ տան նկատմամբ (որը ներառում է` 1. բնակելի տուն, 2. խանութ, 3. խորդանոց) և օգտագործման իրավունքը նույն հասցեում գտնվող 400 քմ հողամասի նկատմամբ:

7) Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 02.11.2005 թվականին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող Գոհար Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող տանը փոստային առաքումների համար տրվել է Արշակունյաց պողոտա թիվ 286/3 հասցեն:

8) Գ. Հակոբյանը 02.11.2005 թվականին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստանալու համար:

8) 04.11.2005 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Գ. Հակոբյանը ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ առանց իրավահաստատող փաստաթղթերի քանդված են օրինական շինությունները, պակասել է հողամասի չափը, տեղում առկա են ինքնակամ շինություններ և չեն կատարված սահմանված վճարումները:

9) Հրածին Վարդանյանը քանդել է 21 քմ մակերեսով շինությունը (խորդանոցը), 21 քմ հողամասը պարսպով առանձնացրել և այն օգտագործել` որպես ճանապարհ:

10) 07.07.2006 թվականի շինարարատեխնիկական փորձաքննության թիվ 14650607 եզրակացության համաձայն` տեղազննվել և ուսումնասիրվել է Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող տան ըստ հատակագծի թիվ 3 շինության դիմացի պատը (որը ծառայում է որպես պարիսպ) և դրան կից երկու կողմում գտնվող պարիսպները, որոնք ունեն կառուցման մոտ 30 տարվա վաղեմություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին սեփականության իրավունքով պատկանող գույքը ձեռքբերման վաղեմության ուժով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ի սեփականություն անցնելուն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետության սեփականությունը հանդիսացող վեճի առարկա հողամասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով չի կարող ճանաչվել որևէ անձի սեփականություն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք և/կամ այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք: Նշված հոդվածի բովանդակությունից հստակ երևում է, որ խոսքը գնում է ոչ թե գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին, այլ գույքի օգտագործման և/կամ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի մասին: Ավելին, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

Փաստորեն, սույն գործով քննվող վեճի կարգավորումը տրված է ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ` ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Նշված հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ դրա բովանդակությունից հստակ երևում է, որ այն վերաբերում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից իրենց սեփականության իրավունքից հրաժարվելուն և իր մեջ չի ներառում պետության կողմից իրեն պատկանող գույքից հրաժարվելու հնարավորություն:

Բացի այդ, պետական հողը տիրազուրկ ճանաչելու ինստիտուտ գոյություն չունի: Ավելին, գործում է մեկ այլ` հողի նկատմամբ պետական սեփականության կանխավարկածի սկզբունք, որի բովանդակությունը կայանում է նրանում, որ սեփականատեր չունեցող բոլոր հողերը համարվում են պետության սեփականությունը: Նշված սկզբունքն իր արտացոլումն է ստացել ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածներում, որոնց համաձայն` քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի խախտմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հոդվածի խախտումը նույնպես բացակայում է, քանի որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ գույքի տիրապետումը իրականացվում է օրենքի կամ պայմանագրի հիման վրա: Տվյալ դեպքում տիրապետումն իրականացվել է առանց իրավական հիմքի, այսինքն` հիմնված չի եղել ոչ օրենքի և ոչ էլ պայմանագրի վրա:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված են գործում առկա այլ ապացույցների հետազոտման և գնահատման վրա, որոնք բավարար են եղել Վերաքննիչ դատարանի կողմից վճիռ կայացնելու համար:

 

Ինչ վերաբերում է գույքը տիրազուրկ ճանաչելու հարցին, ապա պետք է նկատել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերության և 215-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը գործը քննում է ներկայացված հայցի հիմքի և առարկայի սահմաններում: Մինչդեռ սույն գործով հակընդդեմ հայցով հայցվորը գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ չի ներկայացրել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չէր կարող անդրադառնալ գույքը տիրազուրկ ճանաչելու հարցին:

 

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի տրամաբանությամբ` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի` սույն գործով կայացված Վերաքննիչ դատարանի վճռի սխալ պատճառաբանված լինելն ինքնին հիմք չէ դատական ակտը բեկանելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հրածին Վարդանյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 21-ի թիվ 07-240 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-410 (ՏԴ)
Որոշում