Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-346(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2811/2006 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 28.12.2006 թվականի կայացված վճռի դեմ` ըստ հայցի Ընկերության բաժնետեր Ալբերտ Հակոբյանի ընդդեմ Ընկերության` 5.964.395 (հինգ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, և Ընկերության հակընդդեմ հայցի` Ալբերտ Հակոբյանից հօգուտ Ընկերության 337.720 (երեք հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր քսան) դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ Տ-2811 քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Տնտեսական դատարան` հայցվորը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 5.964.395 (հինգ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ գումար:

Ընկերությունը հակընդդեմ հայցով պահանջել է Ալբերտ Հակոբյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 337.720 (երեք հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ գումար:

Տնտեսական դատարանի 28.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրված է ապացույցներ ներկայացնելու` գործին մասնակցող անձի իրավունքը: Քննարկվող գործով Ընկերության կողմից լրացուցիչ ապացույց ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է վերջին նիստում հայցվորի կողմից ներկայացրած բացատրությունների և փաստաթղթերի կապակցությամբ: Հնարավոր չէր կանխատեսել հայցվորի բացատրությունների բովանդակությունը և նրա կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցները, որպեսզի նախապես ներկայացվեին նրա պնդումները հերքող ապացույցներ:

Նշված պայմաններում գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը հիմնավորված է եղել, հետաձգումը թելադրված է եղել լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Դատավարական նորմերի խախտման հետևանքով չեն պարզվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, սխալ են գնահատվել գործում առկա ապացույցները, իսկ դատավարական իրավունքի նման խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 28.12.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սույն գործով կայացված 28.12.2006 թվականի դատական նիստում հայցվորի կողմից ներկայացվել են նոր ապացույցներ, որոնց հիման վրա փոփոխվել է նախնական հայցապահանջով ներկայացված բռնագանձման գումարի չափը:

2) Ընկերության ներկայացուցչի կողմից միջնորդություն է արվել գործի քննությունը հետաձգելու մասին` հիմք ընդունելով հայցվորի կողմից ներկայացված նոր ապացույցներին ծանոթանալու և դրանց դեմ իր առարկությունները ներկայացնելու անհրաժեշտությունը:

3) Վերը նշված միջնորդությունը մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորի կողմից 28.12.2006 թվականի դատական նիստի ժամանակ ներկայացվել են նոր ապացույցներ, որոնց հիման վրա փոփոխվել է նախնական հայցապահանջով ներկայացված բռնագանձման գումարի չափը (յոթ միլիոն հինգ հարյուր ութսուն հազար չորս հարյուր քսանվեց դրամ գումարի պահանջը փոխարինվել է հինգ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր իննսունհինգ դրամ գումարի պահանջով):

Ընկերության ներկայացուցչի կողմից միջնորդություն է արվել գործի քննությունը հետաձգելու մասին` հիմք ընդունելով հայցվորի կողմից ներկայացված նոր ապացույցներին ծանոթանալու և դրանց դեմ իր առարկությունները ներկայացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից: Այսինքն, եթե դատական նիստում կողմը ներկայացրել է լրացուցիչ ապացույց(ներ), իսկ մյուս կողմը միջնորդում է դատական նիստը հետաձգել` դրան(ց) ծանոթանալու և դրա(նց) դեմ առարկություններ ներկայացնելու նպատակով, ապա դատարանը գործի քննությունը հետաձգելու իր դատավարական լիազորությունն իրականացնելիս պետք է պարզի, թե արդյո՞ք միջնորդություն ներկայացնող կողմը ունի ողջամիտ հնարավորություն դատական նույն նիստի ընթացքում ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու այդ ապացույցների առնչությամբ, թե՞ ոչ: Հակառակ պարագայում դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետով հետաձգել գործի քննությունը` կողմին հնարավորություն տալով ծանոթանալու լրացուցիչ ապացույցներին և առարկություններ ներկայացնելու դրանց դեմ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ` այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և սխալ մեկնաբանելով նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը` պատասխանողին զրկել է դատարանում իր դատավարական իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից:

Արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):

 

Այսպիսով, սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և այն դիտում բավարար հիմք` Տնտեսական դատարանի 28.12.2006 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.12.2006 թվականի թիվ Տ-2811 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-346 (ՏԴ)
Որոշում