Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-691 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-2263/2006 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թևոս Սաֆարյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 06-2263 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Ջուլիետա Պետրոսյանի, Կարեն Դավթյանի և Արման Դավթյանի ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանը պահանջել են Թևոս Սաֆարյանից բռնագանձել 11 434 500 (տասնմեկ միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` որպես նրա կողմից իրենց պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 35ա շենքի թիվ 34 բնակարանն ազատելուց հրաժարվելու հետևանքով պատճառված վնաս:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 06-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի հուլիսի 13-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թևոս Սաֆարյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես բացակայում է ապացույց այն մասին, որ հայցվորները 2003 թվականի ապրիլից սկսած Թևոս Սաֆարյանից պահանջել են ազատելու բնակարանը:

Վերաքննիչ դատարանը, ապացուցված համարելով այն հանգամանքը, որ հայցվորները բազմիցս պահանջել են ազատել բնակարանը, եկել է այն եզրահանգման, որ նրանք զրկվել են այդ բնակարանը վարձակալությամբ հանձնելու հնարավորությունից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորները նման հնարավորությունից զրկված էին` բնակարանն արգելանքի տակ լինելու պատճառով: Դա ապացուցվում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին 2006 թվականի հունիսի 05-ի որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մայիսի 06-ի թիվ 2-1579 վճռով Թևոս Սաֆարյանը, ընտանիքի անդամների հետ միասին վտարվել է Ջուլիետա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 35ա շենքի թիվ 34 բնակարանից:

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2005 թվականի դեկտեմբերի 06-ի վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ Թևոս Սաֆարյանը բնակարանի սեփականատերերի գիտությամբ և թույլտվությամբ 2001 թվականից բնակվել է նրանց բնակարանում և որ մինչև 2005 թվականը նրանց կողմից Թևոս Սաֆարյանին բնակարանից վտարելու միջոցներ չեն ձեռնարկվել:

3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի պետի 2006 թվականի հունիսի 05-ի որոշմամբ վերացվել է հարկադիր կատարողի արգելադրված գույքը (Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 35ա շենքի թիվ 34 բնակարանը) հարկադիր աճուրդով իրացնելու մասին 2006 թվականի մայիսի 30-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոնշյալ հոդվածի ուժով սեփականատերն ունի իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունք, որի իրականացման դեպքում մյուս կողմի` ապօրինի տիրապետողի, մոտ ծագում է պարտավորություն այն վերադարձնելու սեփականատիրոջը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ վեճի առարկա բնակարանի սեփականատերերը 2003 թվականի ապրիլից սկսած Թևոս Սաֆարյանից պահանջել են ազատելու բնակարանը, եկել է այն եզրահանգման որ վերջինիս կողմից բնակարանը զբաղեցված է եղել ապօրինի:

Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Սույն քաղաքացիական գործով այդպիսին է համարվում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2005 թվականի դեկտեմբերի 06-ի վճիռը, որով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Թևոս Սաֆարյանը բնակարանի սեփականատերերի գիտությամբ և թույլտվությամբ 2001 թվականից բնակվել է նրանց բնակարանում և որ մինչև 2005 թվականը նրանց կողմից Թևոս Սաֆարյանին բնակարանից վտարելու միջոցներ չեն ձեռնարկվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի` Թևոս Սաֆարյանի կողմից վեճի առարկա բնակարանն ապօրինի կերպով զբաղեցնելու վերաբերյալ եզրահանգումը:

Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի վճռի 11 434 500 (տասնմեկ միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ որպես բաց թողած օգուտ բռնագանձելու մասը, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր:

Այսպիսով, բաց թողած օգուտն այն եկամուտն է, որը սեփականատերը քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում կստանար, եթե չխախտվեր նրա իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողած օգուտի առկայությունը, այսինքն` անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները: Մասնավորապես, բաց թողած օգուտի առկայությունը որոշելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, (մասնավորապես, սույն քաղաքացիական գործով այդպիսին կարող է լինել իրավունքի ենթադրյալ խախտման պահին, այսինքն` բնակարանը հետ պահանջելու պահին, այլ անձի հետ բնակարանի վարձակալության պայմանագիր կնքված լինելը) կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (այդպիսին կարող է լինել, օրինակ` իրավունքը խախտված անձի կողմից այլ անձանց ուղարկված համապատասխան օֆերտան):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բաց թողած օգուտի առկայությունը` առանց վերը հիշատակված վերլուծությունները կատարելու, մասնավորապես, բնակարանի սեփականատերերի կողմից բնակարանը վարձակալությամբ հանձնելու մտադրությունը հիմնավորող բավարար ապացույցների առկայության:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ: Այսինքն` եթե նույնիսկ վեճի առարկա բնակարանը զբաղեցնելու հետևանքով բնակարանի սեփականատերերը վնասներ են կրել, ապա այս դեպքում այն պատճառվել է տուժողի համաձայնությամբ:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ վեճի առարկա բնակարանի սեփականատերերը այն չէին կարող վարձակալությամբ հանձնել, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի պետի 2006 թվականի հունիսի 05-ի որոշմամբ հաստատվում է, որ բնակարանը եղել է արգելանքի տակ, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի պետի որոշումից պարզ չէ, թե երբ է բնակարանը եղել արգելանքի տակ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-691(ՎԴ)
Որոշում