Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-259 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3340/2006 թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Հախվերդյանի իրավահաջորդ Նարինե Հախվերդյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի թիվ 06-3340 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Ռազմիկ Սարգսյանի և Լիդա Սևոյանի հայցի ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի` առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են լուծել իրենց և Ռ. Հախվերդյանի միջև 09.10.1998 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել դրա հիման վրա տրված թիվ 027770 սեփականության իրավունքի վկայականը:

ՀՀ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 27.04.2006 թվականի թիվ 2-1894 վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի թիվ 06-3340 վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Հախվերդյանի ներկայացուցիչ Գ. Շիրինյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել հայցվորների ներկայացուցիչները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 331-րդ, 332-րդ հոդվածների և 335-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վիճարկվող պայմանագրի կնքման պահից անցել է 8 տարի: Հայցվորները 1999 թվականի հուլիսից իմացել են իրենց իրավունքների խախտման մասին: Գործի դատաքննության ժամանակ միջնորդություն է արվել կիրառել հայցային վաղեմություն, ինչը չի կիրառվել դատարանի կողմից:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը կարևոր հարցեր չպարզաբանելով, չկատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, չնշանակելով դատաձեռագրաբանական փորձաքննություն` ճիշտ եզրակացության չի հանգել: Գործի նյութերում բացակայում է ապացույց այն մասին, որ պարտավորագիրը գրվել է հենց հանգուցյալ Ռաֆիկ Հախվերդյանի կողմից, իսկ դատարանը չի նշանակել համապատասխան փորձաքննություն այդ հանգամանքը պարզելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի թիվ 06-3340 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները.

 

Ըստ պատասխան ներկայացրած անձի` վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1) Անհիմն են հայցային վաղեմության ժամկետ չկիրառելու մասին բողոքի պատճառաբանությունները, քանի որ գործի նյութերում առկա Արմենտել փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տվյալներից երևում է, որ 2000-2004 թվականների ընթացքում Լիդա Սևոյանը բազմիցս զանգահարել է պատասխանողին: Նրանց միջև ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն պատասխանողին մինչև 2005 թվականի մայիս ամիսը արտոնյալ ժամկետ տրամադրելու մասին: Հետևաբար, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել Ռ. Հախվերդյանի մահվան օրվանից` 2005 թվականի մայիսի 28-ից:

2) Անհիմն է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման փաստարկը, քանի որ բողոք բերած անձը չի նշել, թե ինչ խախտում է թույլ տվել դատարանը:

3) Դատաքննության ընթացքում պարտավորագրի իսկությունը պատասխանողի կողմից չի վիճարկվել, դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն չի հարուցվել: Ավելին, նա ընդունել է, որ պարտավորագիրը ստորագրված է իր հանգուցյալ ամուսնու կողմից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռազմիկ Սարգսյանի և պատասխանողի իրավանախորդ Ռաֆիկ Հախվերդյանի միջև 1998 թվականի հոկտեմբերի 9-ին կնքվել է Երևանի Ֆրունզեի փողոցի 18 շենքի թիվ 56 բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որի 3-րդ կետի համաձայն` բնակարանի վաճառքի գինը կազմում է 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ:

2) 09.10.1998 թվականին Ռաֆիկ Հախվերդյանի կողմից ստորագրված պարտավորագրի համաձայն` նախորդ կետում նշված բնակարանը ձեռք է բերել 12 000 ԱՄՆ դոլարով, որի համար արդեն իսկ կանխիկ վճարել է 5000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած` 7000 ԱՄՆ դոլարը պարտավորվում է վճարել մայիս ամսին:

3) 09.10.1998 թվականին կնքված գործարքից ծագող իրավունքները գրանցվել են, 29.10.1998 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 027770 վկայականը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է` միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացվելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

Սույն գործով պատասխանողը միջնորդություն է ներկայացրել դատարանին հայցային վաղեմության ժամկետ կիրառելու և հայցը մերժելու մասին:

Դատարանը, մերժելով հայցային վաղեմության ժամկետի կիրառումը պատճառաբանել է, որ տվյալ պահանջն անհիմն է, քանի որ առուվաճառքի պայմանագրով գույքը գնորդին չի հանձնվել, և այն մինչ օրս գտնվում է հայցվորի տիրապետման տակ:

Նշված պատճառաբանությունը հիմնավորված չէ, քանի որ չի նշվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որի պահանջներին համապատասխան տվյալ դեպքում հնարավոր է չկիրառել հայցային վաղեմության ժամկետը:

Դատարանի այն պատճառաբանությունը, որ բնակարանի արժեքի մնացած մասը վճարելու մասին պարտավորագրում կոնկրետ ժամկետ նշված չէ, Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հիման վրա անհիմն է համարում, քանի որ պարտավորագրում որպես պարտավորության կատարման ժամկետ նշված է մայիս ամիսը:

Նշված փաստերը հիմք են տալիս գալու այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարել հաջորդ տարվա մայիս ամսվա վերջին օրը (1999 թվականի մայիս), քանի որ Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի պատասխանի այն փաստարկը, համաձայն որի հայցվորի և պատասխանողի միջև ձեռք է բերված եղել պայմանավորվածություն, որով Ռաֆիկ Հախվերդյանին տրվել է լրացուցիչ ժամանակ պարտավորությունը կատարելու համար, անհիմն է, քանի որ պարտավորության կատարման ժամկետի փոփոխության փաստ ստորադաս դատարանում չի հաստատվել, իսկ պայմանագրի մյուս կողմի հետ հեռախոսազանգ ունենալու մասին ապացույցը չի կարող բավարար համարվել պայմանագրային ժամկետների փոփոխման մասին համաձայնություն ձեռք բերված լինելը ապացուցելու համար:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, բողոք բերած անձը չի նշել, թե որ ապացույցն է դատարանը գնահատել միակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ հետազոտությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման հիմնավորումների բացակայությունն ինքնին անհիմն է դարձնում բողոքի հիմքը, և վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների հետազոտման և գնահատման օրինականության ստուգման հիմք առկա չէ:

Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ նկատառումներով հիմնավոր է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման բացակայության մասին բողոքի պատասխանի փաստարկը:

Ինչ վերաբերվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ 61-րդ և 62-րդ հոդվածների խախտման մասին բողոքի հիմքին, ապա այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը փորձաքննություն նշանակում է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի պատասխանում վկայակոչված պատճառաբանություններն այն մասին, որ բողոք բերած անձը չի վիճարկել պարտավորագիրը, դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն չի հարուցել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից:

Այսպիսով, բողոքում նշված հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Ռաֆիկ Հախվերդյանի իրավահաջորդ Նարինե Հախվերդյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարելու և վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, 27.04.2006 թվականի թիվ 2-1894 վճռով կողմի միջնորդության հիման վրա կիրառելով հայցային վաղեմության ժամկետ, կայացրել է ըստ էության ճիշտ վճիռ:

Վերոգրյալ պատճառաբանությամբ առաջին ատյանի դատարանի սույն գործով կայացված վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի թիվ 06-3340 վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 27.04.2006 թվականի թիվ 2-1894 վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-259(ՎԴ)
Որոշում