Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-106 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2965

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

դատավորներ` Ա. Խառատյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի հունվարի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Դատարան) 2006 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 06-2965 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` հայցվորները պահանջել են ճանաչել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 հասցեում գտնվող հողամասի և շինության նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:

2006 թվականի հունիսի 28-ի թիվ 2-50-06 վճռով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է և ճանաչել հայցվորների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 տան 400 քմ հողատարածքի և այնտեղ գտնվող շինության նկատմամբ:

2006 թվականի հոկտեմբերի 13 թիվ 06-2965 վճռով Դատարանը հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել նույն օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջներով, որը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմանը (ձեռքբերման վաղեմություն): Դատարանի կողմից վճիռ կայացնելիս հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից 2005 թվականի հոկտեմբերի 13-ին տրված արխիվային քաղվածքի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 հասցեում գտնվող հողատարածքը պատկանել է Ն. Շենգավիթի Կալինինի անվան կոլտնտեսությանը, և վերջինս այն հատկացրել է Գյուլխանում Սիսակի Գասպարյանին:

Հայցվորների կողմից փաստացի օգտագործվող 400 քմ մակերեսով հողամասը անգամ վերջիններիս սեփականությունը դիտելու պարագայում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ի կատարումն վերը նշված հոդվածի` ՀՀ կառավարության կողմից 18.05.2006 թվականին ընդունվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, որով սահմանվել է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կարգը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի և 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Նշված նորմերի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Դատարանի կողմից վճռի պատճառաբանական մասում չի նշվել որևէ իրավական ակտի նորմ, որի հիման վրա բավարարվել է հայցվորների պահանջը: ՈՒստի Դատարանի կողմից կայացված դատական ակտը հիմնավորված չէ:

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով պահանջել է բեկանել Դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 13 թիվ 06-2965 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայցվորներ Գյուլխանում և Մկրտիչ Գասպարյանները ամուսիններ են:

2) Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Երևան քաղաքի Ն. Շենգավիթի Կալինինի անվան կոլտնտեսության վարչության 1971 թվականի դեկտեմբերի 12-ի նիստի թիվ 13 արձանագրության համաձայն` Գյուլխանում Սիսակի Գասպարյանը ընդունվել է աշխատանքի 3-րդ բրիգադում, և նրան որպես տնամերձ հողամաս հատկացվել է 400 քմ հողատարածք:

3) ՀՀ հարկային պետական տեսչության 28.07.1996 թվականի համար 238013 թիվ 4/964 վճարման ծանուցագրի համաձայն` հայցվորները վճարել են հողի հարկը:

4) Կադաստրի 2005 թվականի նոյեմբեր 21-ի թիվ 1Կ-04/4-5538 գրության համաձայն` Երևան քաղաքի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տուն 29 հասցեում անշարժ գույք գրանցված չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականի ՀՀ Հողային օրենսգրքի (Ն-0248-I) 9-րդ հոդվածի համաձայն` հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են որպես տնամերձ` հողամասի հատկացման պահի վիճակով հաշվարկված կադաստրային գնահատման արժեքի վճարմամբ, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք հարգելի պատճառներով հողային բարեփոխումների ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրացնելու հողի նկատմամբ սեփականության իրավունքը կամ չեն հանդիսացել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամ: Այդ քաղաքացիներին տնամերձ հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Գյուլխանում Սիսակի Գասպարյանը հանդիսացել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամ (ընդունվել է աշխատանքի 3-րդ բրիգադում), և նրան որպես տնամերձ հողամաս հատկացվել է 400 քմ հողատարածք: Հետևաբար նշված հողամասի նկատմամբ 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով ծագել է հայցվորի սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` հայցվորները կարող էին դիմել Դատարան նշված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից այդ հողատարածքի վրա գտնվող տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչմանը, ապա բողոքն այս մասով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի (սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը) համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:

Միաժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է ինքնակամ կառույց հասկացությունը, համաձայն որի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Սույն գործի փաստերը հաստատում են այն հանգամանքը, որ հողամասի վրա կառուցված շինությունները օրինական չեն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված տունն ինքնակամ կառուցված համարելու համար Դատարանը բավարար հիմքեր է ունեցել:

Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական:

Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով, մասնավորապես` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի համաձայն` ինքնակամ կառույցները ենթակա են քանդման: Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

Երևանի քաղաքապետը հայցվորին պատկանող կառույցը օրինական չի ճանաչել: Հետևաբար, Դատարանի կողմից ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայել է:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 21.12.2006 թվականի քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը, կարևորելով վճռաբեկ բողոքի սույն հիմքում արված իրավական հարցադրումը, հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին, քանի որ ներքոշարադրյալ դատողությունները վերաբերում են նաև Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված վճռին:

Յուրաքանչյուր դեպքում Դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես Դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, արտացոլում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, Դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է Դատարանը վեճը լուծելիս:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն:

Սույն քաղաքացիական գործի վարույթը Երևան քաղաքի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 տան նկատմամբ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Հիմք ընդունելով սույն որոշման առաջին հիմքի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 06-2965 վճիռը Երևան քաղաքի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 տան նկատմամբ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասով և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.01.2007
N 3-106(ՎԴ)
Որոշում