Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 318-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 318-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-2091 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                       2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏՎ-170

Նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան

դատավորներ` Լ. Սոսյան

Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 12.07.2006 թվականի հուլիսի 12-ի թիվ ՏՎ-170 վճռի դեմ` ըստ Հենրիկ Սիմոնյանի հայցի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ)` Հայաստանի Հանրապետությունից 5.215.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

«Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերության) հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետությունից 8.151.770 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին:

Առաջին ատյանի դատարանի կանոններով գործի քննության ժամանակ Ընկերությունը նվազեցրել է հայցապահանջը և պահանջել Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 5.215.000 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանը 2005 թվականի օգոստոսի 10-ի թիվ Տ-1918 վճռով հայցը բավարարել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 27.01.2006 թվականի թիվ 3-192 (ՏԴ) որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 2005 թվականի օգոստոսի 10-ի թիվ Տ-1918 վճիռը բեկանվել է:

ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի մայիսի 3-ի թիվ ՏՎ-121/2006 որոշմամբ Ընկերության հայցը թողնվել է առանց քննության:

2006 թվականի հունիսի 1-ին Հ.Սիմոնյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 5.215.000 ՀՀ դրամի Ընկերության պահանջի իրավունքը զիջվել է իրեն, ինչի հիման վրա պահանջել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի ուժով իրավահաջորդության կարգով իրեն հայցվոր ճանաչել, վերսկսել քաղաքացիական գործի վարույթը և Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 5.215.000 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի հունիսի 5-ի որոշմամբ իրավահաջորդության կարգով հայցվոր է ճանաչվել Հ. Սիմոնյանը, և քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:

ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ ՏՎ-170 վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ: Այդ հիմքով Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանը չէր կարող պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքել իր հետ` արդեն որպես ֆիզիկական անձ:

2) ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

2005 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագիրը շինծու է, քանի որ այն կնքվել է ոչ թե 2005 թվականի սեպտեմբերի 20-ին, այլ հետագայում` նպատակ ունենալով Ընկերության լուծարումից հետո ապահովել իրավահաջորդություն կատարողական վարույթում:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 703-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը պատվիրատուի կողմից օբյեկտը 2003 թվականի հոկտեմբերի 10-ին չընդունելու պարագայում չի վիճարկել վերջինիս անգործությունը և չի փորձել դատական կարգով պահանջել օբյեկտի ընդունում: ՈՒստի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածի ուժով կատարված աշխատանքների արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը և դրանց պահպանումն իրականացնելու պարտականությունը դրված էին հայցվորի վրա մինչև օբյեկտի հանձնումը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 2001 թվականի օգոստոսի 13-ին Ընկերությունը Հիմնարկի հետ կնքել է թիվ ՀՀ ՔՆ ՀԿ ՊՀ-ԱՇՁԲ-2 շինարարության կապալի մասին պայմանագիրը:

2) 01.10.2003 թվականի հոկտեմբերի 10-ին Ընկերությունը կատարել է պայմանագիրը, ինչի մասին հայտնել է պատասխանողին և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին:

3) Հիմնարկն աշխատանքների ավարտման մասին տեղեկացվելուց հետո միջոցներ չի ձեռնարկել աշխատանքի արդյունքներն ընդունելու համար:

4) Ընկերության և Հիմնարկի միջև 2003 թվականի փետրվարի 27-ին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով Ընկերությանն օգտագործման իրավունքով տրամադրվել են Որոտան գետի համապատասխան հիդրոտեխնիկական կառույցները:

5) Կողմերի միջև կնքված կապալի պայմանագրով իրականացված աշխատանքների արդյունքները Հիմնարկի կողմից չընդունելու պատճառով Ընկերությունը Որոտան գետի համապատասխան հիդրոտեխնիկական կառույցները 2004 թվականի մարտի 1-ի պայմանագրով հանձնել է պահպանության:

6) Հիդրոտեխնիկական կառույցների պահպանության համար Ընկերությունը կատարել է 8.151.770 ՀՀ դրամի ծախս:

7) Ընկերության լուծարային հանձնաժողովը (ի դեմս հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանի) Ընկերության պահանջի իրավունքը 2005 թվականի սեպտեմբերի 20-ի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ: Սույն գործով Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանը Ընկերության պահանջի իրավունքը 2005 թվականի սեպտեմբերի 20-ի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ.Սիմոնյանին, որը նույն ֆիզիկական անձն է:

Հետևաբար, սույն գործով առկա է դեպք, երբ ներկայացուցիչը ներկայացվողի անունից գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքին հակասող գործարքները անվավեր են, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է, կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Օրենքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի խախտմամբ կնքված գործարքը չի գնահատել որպես առոչինչ գործարք և չի նախատեսել նման խախտման այլ առանձնահատուկ հետևանքներ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի ուժով նման գործարքը վիճահարույց է և կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից:

Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանի` Ընկերության պահանջի իրավունքը Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին զիջելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դատարանին չի ներկայացվել:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շինծու է համարվում մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը:

Շինծու գործարքի առկայությունը վճռաբեկ բողոք բերած անձը հիմնավորում է այն փաստարկով, որ նման գործարքը կնքվել է` նպատակ ունենալով Ընկերության լուծարումից հետո ապահովել իրավահաջորդություն կատարողական վարույթում:

Նման պատճառաբանությունը Վճռաբեկ դատարանը բավարար չի համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի (շինծու գործարքի) առկայությունը ապացուցված համարելու համար, քանի որ`

1. նախ` բողոք բերած անձը չի ներկայացրել դատարանին որևէ ապացույց հաստատելու համար այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտային դատարանին եզրահանգելու նման գործարքի շինծու լինելու մասին: Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում ներկայացրել է միայն իր ենթադրությունը, ինչը չի կարող դրվել դատական ակտի հիմքում.

2. Շինծու գործարքն առկա է այն դեպքում միայն, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Բողոք բերած անձի փաստարկներում բացակայում է հղում այն իրավահարաբերություններին, որոնք կողմերը ցանկացել են ներկայացնել երրորդ անձանց:

Այսինքն, քանի որ բողոք բերած անձը չի նշել այն գործարքը, որը ցանկացել են քողարկել կողմերը Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանի` Ընկերության պահանջի իրավունքը Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին զիջելու մասին պայմանագիրը կնքելիս, անհնար է տալ վերջինիս իրավական գնահատականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 703-րդ հոդվածը սահմանում է կապալային պայմանագրի կողմերի միջև ռիսկերի բաշխման կարգը: Նշված հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` կատարված աշխատանքի արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը մինչև պատվիրատուի կողմից այն ընդունելը կրում է կապալառուն: Սակայն նույն հոդվածը նաև սահմանում է, որ աշխատանքի արդյունքը ընդունելու կետանցի դեպքում ռիսկը կրում է պատվիրատուն: Սույն գործով պատվիրատուն աշխատանքի արդյունքն ընդունելու կետանց է թույլ տվել, ուստի այս առումով կապալառուի ռիսկը բացառվում է օրենքի ուժով:

Բացի այդ, գործի համար էական նշանակություն ունեցող փաստերից հետևում է, որ պատասխանողն իր գործողություններով փաստացի համաձայնություն է տվել փոխհատուցել օբյեկտի պահպանության ծախսերը, հետևաբար դատարանի կողմից ճիշտ է կիրառվել նյութական նորմը, և բացակայում է նյութական իրավունքի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքում առկա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հիշատակմանը, քանի որ նախ` բողոք բերած անձը այդ մասին նշել է բողոքի ընդունելիությունը հիմնավորող բաժնում և երկրորդ` նշված հոդվածի կիրառելիության մասին որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ ՏՎ-170 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-2091(ՏԴ)
Որոշում