ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
i
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-1822 (ՏԴ)
տնտեսական դատարանի վճիռ 2006 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-710.2006 թ.
Նախագահող դատավոր` Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թվականի հոկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Խուդինյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով կայացված ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 157.500 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գծով հարկային պարտավորություն, այդ թվում` 91.900 ՀՀ դրամ ապառք և 65.600 ՀՀ դրամ տույժ` բռնագանձումը տարածելով վերջինիս գույքի վրա:
ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`
1) դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 119-րդ հոդվածի 2-րդ կետը:
Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի ներկայացրել պարտավորության իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը, հաշվի չի առել նիստը հետաձգելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, մինչդեռ հարկային գործում առկա է եղել 10.08.1998 թվականի դիմումը` երկրորդ կիսամյակի ելակետային տվյալները հաստատելու մասին և հայտարարությունը` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) որպես հայցապահանջը հիմնավորող ապացույց Տեսչությունը ներկայացրել է 2002 թվականի օգոստոսի 1-ի փոխադարձ հաշիվների ստուգման ակտը, որը կազմվել և հաստատվել է միայն Տեսչության կողմից:
2) ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2002 թվականի որոշմամբ հայտարարվել է Ձեռնարկատիրոջ և նրա գույքի հետախուզում և կասեցվել է գործի վարույթը: Կատարողական վարույթը դատական ակտերի հարկադիր կատարման Երևանի ստորաբաժանման Շենգավիթի բաժանմունքի հարկադիր կատարողի 16.01.2003 թվականի որոշմամբ ավարտվել է պարտապանի բացակայության պատճառաբանությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:
Սույն գործով Տեսչությունը ներկայացրել է իր կարծիքով պատասխանողի հարկային պարտավորությունը հաստատող ապացույցներ` 01.08.2002 թվականի փոխադարձ հաշիվների ստուգման ակտը և Տեսչության տվյալների մշակման և ինֆորմացիայի բաժնի տեղեկանքը, որոնք հետազոտվել են դատական նիստում` հայցվորի մասնակցությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Սույն գործով Տեսչության կողմից դատարան ներկայացված ապացույցները տնտեսական դատարանը իրավաչափորեն գնահատել է որպես փաստաթղթեր, որոնք չեն կարող գնահատվել որպես այդ պարտավորության իրավական հիմքեր:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը Վճռաբեկ դատարանը նույնպես անհիմն է համարում, քանի որ այդ հոդվածի համաձայն` դատարանը իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:
Այս հիմքով դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Առավել ևս, երբ սույն գործով Տեսչությունը մինչև դատարան դիմելը բավարար ժամանակ է ունեցել հիմնավոր հայց ներկայացնելու, այդ թվում` պատշաճ ապացույցներ հավաքելու և դատարանին ներկայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից դատավարական հայեցողական լիազորության կիրառումը կամ նման լիազորության չկիրառումը չի կարող դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ