Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ԵՎ 113-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ 2/0038/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ 2/0038/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Վաղարշակ Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 26.965.003 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` բռնագանձվել է 24.439.753 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 59.3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում նշել է, որ ըստ հայցադիմումի` հաշվարկն իրականացվել է 21.08.2007 թվականի դրությամբ, ինչպես նաև այն, որ հաշվարկի մեջ մտցվել է նաև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը: Սակայն, ըստ հայցադիմումի, Վաղարշակ Մկրտչյանի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվել է 15.11.2007 թվականի դրությամբ:

Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտի ամսական հաշվարկի 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը Դատարանն ընդունել է որպես 2007 թվականի հոկտեմբեր ամսվա պարտավորություն և այդ գումարը հաշվի չառնելով` չի բռնագանձել: Մինչդեռ 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը վերաբերում է մինչև 14.09.2007 թվականն ընկած ժամանակաշրջանին:

Վճռով հիմք է ընդունվել 2007 թվականի Վաղարշակ Մկրտչյանի 8 լրիվ ամիսների համար հաշվարկված պարտավորությունը և 2006 թվականի նոյեմբերի պարտավորությունը մեկ խողովակին համար, սակայն Վաղարշակ Մկրտչյանն իրականում գործունեություն է իրականացրել երկու խողովակով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճիռը` հայցը մերժելու մասը, և փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Մասիս քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով 03 ՍԼ 806 պետհամարանիշի ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու մասին:

2. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Աշտարակ քաղաքում մեկ խողովակով 01 ՍՏ 188 պետհամարանիշի ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու մասին:

3. 14.09.2007 թվականին Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել 14.09.2007 թվականից գազալիցքավորման գործունեության անժամկետ դադարեցման մասին:

4. Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտում 2007 թվականի սեպտեմբերի հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է պարզի կողմերի ներկայացրած պահանջների և առարկությունների, ինչպես նաև այն իրավական ակտերի հիման վրա, որոնք կիրառելի են տվյալ գործով: Դրանց միջոցով է Դատարանի համար պարզ դառնում, թե տվյալ գործով որ փաստի (փաստերի) առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հայցը բավարարելու կամ մերժելու և համապատասխան իրավական նորմերը տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի դարձնելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1. գնահատում է ապացույցները,

2. որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել,

3. որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը,

4. որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Դատարանը հաստատված է համարել, որ 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար պատասխանողի հիմնական պարտքը կազմել է 18.000.000 ՀՀ դրամ: Դատարանը, դրան ավելացնելով 2006 թվականի նոյեմբեր ամիսը, հաստատագրված վճարների գծով պարտքի հիմնական գումարը հաշվարկել է 19.125.000 ՀՀ դրամ` հիմք ընդունելով, որ Վաղարշակ Մկրտչյանը 2006 թվականին գործունեություն է իրականացրել մեկ խողովակով:

Մինչդեռ սույն գործում առկա է Վաղարշակ Մկրտչյանի 07.11.2006 թվականի հայտարարությունը Մասիս քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: 07.11.2006 թվականի Վաղարշակ Մկրտչյանի մեկ այլ հայտարարության մեջ նշված է Աշտարակ քաղաքում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոհիշյալ հայտարարություններից հետևում է, որ Վաղարշակ Մկրտչյանի կողմից ներկայացված յուրաքանչյուր հայտարարություն առանձին հայտարարություն է մեկ խողովակով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Հետևաբար` 2006 թվականի նոյեմբեր ամսին Վաղարշակ Մկրտչյանը գազալցման գործունեություն է իրականացրել ոչ թե մեկ խողովակով, այլ երկու առանձին խողովակներով, որոնց վերաբերյալ տվել է առանձին հայտարարություններ: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

Դատարանը գտել է նաև, որ անճշտությունն առաջացել է հաշվարկի մեջ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը ներառելու հետևանքով:

Մինչդեռ սույն գործում առկա Վաղարշակ Մկրտչյանի հաստատագրված վճարի անձնական հաշվի քարտում 2007 թվականի հունվար ամսվա հաշվարկները կատարվել են 01.02.2007 թվականի դրությամբ: Նման տրամաբանությամբ էլ սեպտեմբեր ամսվա հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականի դրությամբ: Մինչդեռ Դատարանը բռնագանձվող գումարի մեջ չի հաշվարկել 2007 թվականի սեպտեմբեր ամսվա 14 օրվա (մինչև գործունեության դադարեցումը) համար նախատեսված 975.000 ՀՀ դրամի չափով հաստատագրված գումարը:

Այսինքն` հաստատագրված վճարների գծով գումարը պետք է հաշվարկվի 2006 թվականի նոյեմբեր ամսվա համար` 2.250.000 ՀՀ դրամի չափով` երկու խողովակով գազալիցքավորման գործունեություն իրականացնելու համար, 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար` 18.000.000 ՀՀ դրամ և 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար 975.000 ՀՀ դրամ` որպես 14 օրվա հաստատագրված վճարի գումար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճռի մասը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ 2/0038/05/08
Որոշում