ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
i
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0380/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0380/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Ցողիկ Հակոբջանյանի` գումարի բռնագանձման, ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ցողիկ Հակոբջանյանից վարչական տուգանք 400.000 ՀՀ դրամ գումարի չափով, պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը և տարածքը բերել նախկին տեսքի:
Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռով հայցը` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է, իսկ ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջի մասով` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Վարչական դատարանը, սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» հասկացությունները, դրանք բովանդակային առումով նույնացրել է և հղում կատարելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասին` գտել է, որ Ցողիկ Հակոբջանյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց` 200.000 ՀՀ դրամի չափով:
Վարչական դատարանն անտեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հողամասը ինքնակամ զավթելով, իսկ նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում նշված զանցանքը` հողամասում շինություն կառուցելով, ինչը կատարվել է Ցողիկ Հակոբջանյանի կողմից հողատարածքը քարերով և մետաղյա ցանկապատով կառուցելու միջոցով սահմանազատելով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանի հայցը 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու հայցը մերժելու մասով և այն փոփոխել. հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Ա. Գրիգորյանի 11.10.2007 թվականի արձանագրությամբ հայտնաբերվել է հետևյալ խախտումները. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Ցողիկ Հակոբջանյանը Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածի 1-ին շենքի դիմաց, իր պատուհանների տակ գտնվող մոտ 25 քմ հողատարածքը սահմանազատել է եզրաքարերով և մետաղյա ցանկապատով:
2. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 24.10.2007 թվականի թիվ Վ-16/4 որոշմամբ Ցողիկ Հակոբջանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` վարչական տուգանքի 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Սույն գործով Վարչական դատարանը, 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, եկել է այն եզրահանգման, որ Ցողիկ Հակոբջանյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց, այսինքն` 200.000 ՀՀ դրամ տուգանք:
Մինչդեռ, վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նրանցում արտացոլված իրավախախտումները (զանցանքները) միմյանցից տարբերվում են ինչպես կատարման ձևերով (օբյեկտիվ կողմով), այնպես էլ վարչական պատասխանատվության միջոցի` վարչական տուգանքի չափով: Ընդ որում, վարչական տուգանքը` 200.000 ՀՀ դրամ գումարի չափով` որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու դեպքում, իսկ վարչական տուգանքը` 400.000 ՀՀ դրամ գումարի չափով` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ինքնակամ զավթել» և «ինքնակամ կառուցել» օրենսդրական եզրույթները միմյանցից տարբերվող հասկացություններ են և չեն կարող նույնացվել:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ցողիկ Հակոբջանյանը, Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածի 1-ին շենքի դիմաց, իր պատուհանների տակ գտնվող մոտ 25 քմ հողատարածքը եզրաքարերով և մետաղյա ցանկապատով սահմանազատելով, ինքնակամ զավթել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ինչպես նաև որպես հողօգտագործման իրավունք չունեցող անձ պետությանը և համայնքին սեփականության պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն: Այսինքն` կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ (զանցանքներ), որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում` վարչական տուգանքի` 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն եզրահանգումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, այսինքն` որևէ շինություն կամ կառույց կառուցելը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.04.2008 թվականի վճռի` Ցողիկ Հակոբջանյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելը մերժելու մասը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան