Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ թիվ 3-480 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                  2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1078

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Զ. Սարկավագի փողոցի 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ և բռնագանձում տարածել բնակարանի այդ մասի վրա:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և չի կիրառել նախկին ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը, նախկին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական և հանրային ֆոնդի տներում բնակարանները, որպես սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272-րդ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետը, 04.03.1991 թվականի թիվ 155-րդ որոշման 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Երևանի Զ. Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի վարձակալ Սոսիկ Բաղդասարյանը 1993 թվականին դիմել է Խորհրդային շրջխորհրդի գործկոմին` ընտանիքի 7 անձով բնակարանն անհատույց սեփականաշնորհելու համար:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել, որ 20.03.1993 թվականին Սոսիկ Բաղդասարյանի դիմումին կցվել է տեղեկանք անձերի թվի վերաբերյալ, որոնք բնակվում էին տվյալ բնակարանում: Պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը վարձակալի թոռն էր և նրա ընտանիքի անդամը, որն այդ ժամանակ անչափահաս էր:

Հետևաբար, լինելով վարձակալի ընտանիքի անդամ, նա նույնպես օրենքի ուժով դարձել է Երևանի Զ. Սարկավագի (նախկին` Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի համասեփականատեր:

2) Վերաքննիչ դատարանի չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Ընկերության կողմից որպես իրավական փաստարկ մատնանշված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) որոշումը, որում առկա գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ:

Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ հիշատակված դատական ակտը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի Կամոյի (ներկայիս Զ. Սարկավագի) փողոցի թիվ 126/1 թիվ 14 բնակարանը վաճառել Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին որպես սեփականություն` հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը:

2) Խորհրդային շրջանի 1, 2 և 3 բնակարանային շահագործման տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի համաձայն` Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած է 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև Սոս Աշոտի Բաղդասարյանը:

3) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով Սոս Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 4.715.050 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր:

Նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, որի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն` վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Սույն գործի փաստերի համաձայն` Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի Կամոյի (ներկայիս` Զ. Սարկավագի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը վաճառել նշված բնակարանի վարձակալ` Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին, որպես սեփականություն` հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը: Խորհրդային շրջանի 1, 2, 3 բնակարանային շահագործման տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի համաձայն` Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած էր 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքին բնակվելու համար հատկացված Երևանի Զ. Սարկավագի (նախկին` Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը չէր կարող վաճառվել ընտանիքի մեկ անդամին` մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Զ. Սարկավագի (նախկին` Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին վաճառելիս, տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 6 անդամների` այդ թվում նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքը:

Հետևաբար, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճելի բնակարանն անձնական սեփականության իրավունքով հանձնվել է Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին և պատասխանողը չի կարող ճանաչվել Երևանի Զ. Սարկավագի (նախկին` Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի որևէ մասի սեփականատեր:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Ընկերության կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն, դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ, որոշելով դրանց նույնական լինելու կամ չլինելու հարցը:

Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 10/235 որոշմամբ թույլատրվել էր Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանը վաճառել բնակարանի վարձակալին որպես սեփականություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի 5 անձով ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնել վերոհիշյալ բնակարանը: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էին վարձակալի ընտանիքի 5 անդամները: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկու սենյականոց բնակարանը վարձակալին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 5 անդամների սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներն են` շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշման առկայությունը, որով թույլատրվել էր բնակարանը վաճառել բնակարանի վարձակալներին, հաշվի առնելով, որ նրանք իրենց ընտանիքի անդամներով ներկայացրել էին անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու բնակարանը: Երկու գործերում էլ բարձրացվում է վարձակալի ընտանիքի անդամի` սեփականաշնորհման սուբյեկտ լինելու հարցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-506 (ՎԴ) գործով կայացված որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար հիմք է Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքի ճանաչման մասով Ընկերության հայցը բավարարելու համար:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով` Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է բնակարանի` Սոս Աշոտի Բաղդասարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու Ընկերության հայցապահանջին, ապա այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Նշված հոդվածից հետևում է, որ պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, երբ բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, և երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց:

Սույն գործում առկա փաստերի համաձայն` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանից հօգուտ Ընկերությանը բռնագանձել է 4.715.050 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, Ընկերությունը պահանջելով ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի մասի նկատմամբ և բռնագանձումը տարածել բնակարանի այդ մասի վրա, չի ներկայացրել որևէ ապացույց ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու մասին:

Հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցվորն իր պահանջը պետք է ներկայացներ նաև գործին մասնակից չդարձած և վիճելի բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած Սոս Աշոտի Բաղդասարյանի ընտանիքի բոլոր անդամներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի` Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասը և այն փոփոխել: Ընկերության հայցը բավարարել մասնակիորեն` ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Զ. Սարկավագի (նախկին` Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-480(ՎԴ)
Որոշում