ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական Քաղաքացիական գործ թիվ 3-299 (ՏԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-2471/2006 թ.
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև դատարան) 13.12.2006 թվականի թիվ Տ-2471 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ` ըստ հայցի «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանի ընդդեմ Երևանի Արաբկիր թաղապետարանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվոր «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչը պահանջել է պատասխանողից բռնագանձել 21.137.471 ՀՀ դրամ:
Դատարանի 13.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ, 44-րդ հոդվածի 5-րդ մասի, 119-րդ հոդվածի 1-ին կետերի, 48-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ` տվյալ դեպքում հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները: Այս գործով հայցվորը պետք է ապացուցեր աշխատանքների կատարված լինելը, այլ ոչ թե պատասխանողը` աշխատանքների չկատարված կամ թերի կատարված լինելը: Հայցվորը այս հանգամանքը չի ապացուցել, իսկ դատարանը հայցը բավարարել է` տվյալ փաստի ապացուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելով:
Դատարանը մերժել է նիստը հետաձգելու և թաղապետարանի կոմունալ և ֆինանսական բաժինների պետերի ներկայությունը ապահովելու վերաբերյալ թաղապետարանի ներկայացուցչի միջնորդությունը: Այս պաշտոնատար անձինք որպես վկաներ հայցվորի կողմից ներգրավված էին գործի քննությանը, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէին կարողացել ներկայանալ դատական նիստին: Նշված անձինք անմիջականորեն վերահսկել են աշխատանքների կատարումը և միայն նրանք կարող էին հիմնավոր տեղեկություններ հայտնել աշխատանքների ծավալների վերաբերյալ և նրանց վկայությունները կարող էին ապացույց հանդիսանալ աշխատանքները չկատարելու և թերի կատարելու վերաբերյալ:
Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, ապա դատարանն իրավունք ունի որոշում կայացնելու նրանց հարկադիր բերման ենթարկելու մասին:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ և 779-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ, 727-րդ, 737-րդ, 518-րդ և 519-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, որոնք պետք է կիրառվեին:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Նշված հոդվածները սահմանում են պատվիրատուի` տվյալ դեպքում Արաբկիրի թաղապետարանի իրավունքները պայմանագրով նախատեսված աշխատանքները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
Համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված կատարողական ակտերի բացակայությունն ապացույց է այն մասին, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:
Դատարանի կողմից անտեսվել է թաղապետարանի ներկայացուցչի այն պնդումը, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել կամ կատարվել են թերի և այդ պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել, որի մասին գրավոր տեղյակ է պահվել «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն:
Դատարանը ընկերության կողմից 2005 թվականի նոյեմբերին պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարված լինելը հիմնավորված է համարել նաև հայցվոր կողմի ներկայացրած ուղեգրերի փաթեթով, որոնք տվյալ ժամանակաշրջանում տրվել են աղբատար մեքենաների վարորդներին: Դրանք բավարար ապացույց չեն կարող համարվել, քանի որ ուղեգրերը տրվում են միայն հայցվորի կողմից, այսինքն միակողմանիորեն կազմված և հաստատված փաստաթղթեր են:
Վճիռ կայացնելիս, հետազոտելով ապացույցները, դատարանը հաշվի է առել թաղապետարանի գանձումների բաժնի պետի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի միջև կազմված ակտը, որը կնքված է միայն «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի կնիքով և բացակայում է թաղապետարանի կնիքը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` ֆինանսական բոլոր փաստաթղթերը ստորագրում է համայնքի ղեկավարը, այսինքն նա է համարվում ֆինանսական գլխավոր կարգադրիչը և միայն համայնքի ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո, ակտը կարող է օրինական ուժ ունենալ, ինչպես նաև ստանալ հաշվապահական ձևակերպում:
Թաղապետարանի գանձումների բաժնի պետն ակտը ստորագրելու իրավասություն չի ունեցել, հետևաբար այդ ակտն առոչինչ է:
Բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցը բավարարելու մասով բեկանել դատարանի 13.12.2006 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ, 727-րդ, 737-րդ, 518-րդ և 519-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի են:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են համայնքի ղեկավարի լիազորություններին, այնինչ դատարանը նշված լիազորությունները չի սահմանափակել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտելու վերաբերյալ փաստարկն անհիմն է, քանի որ գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է, այլ ոչ` պարտականությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ տնտեսական դատարանի 05.12.2005 թվականի վճռով «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն ճանաչվել է անվճարունակ:
2) 02.05.2005 թվականին Արաբկիրի թաղապետարանի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի միջև կնքվել է ԵԱԹ-Գ/Հ-ԱՇՁԲ-6 պայմանագիրը` Արաբկիր համայնքում շինարարական աղբի մաքրման և տեղափոխման աշխատանքների մասին, որի 1-ին կետի համաձայն` թաղապետարանը պարտավորվել է ընդունել այդ աշխատանքը և վճարել ներկայացված կատարողական ակտերին համապատասխան:
3) ԵԱԹ-Գ/Հ-ԱՇՁԲ-6 պայմանագրի 1.2-րդ կետով պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 31.12.2005 թվականը:
4) 01.06.2005 թ. կողմերի միջև կնքվել է ԵԱԹ-Բ/Մ-ԾՁԲ-5 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն` «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալով, ձևով և ժամկետներում իրականացնել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի փողոցների և հրապարակների սանիտարական մաքրման ծառայություններ, իսկ թաղապետարանը պարտավորվել է ընդունել այդ ծառայությունները և վճարել դրա համար կատարողական ակտերին համապատասխան:
5) ԵԱԹ-Բ/Մ-ԾՁԲ-5 պայմանագրի 1.2-րդ կետով պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրի ստորագրման պահից մինչև 31.12.2005 թվականը:
6) Նշված պայմանագրերի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի առանց աշխատանքի արդյունքի դիմաց վարձատրելու միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցել իրեն պատճառած վնասները, եթե կատարողի կողմից կատարվող աշխատանքները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված պահանջներին:
7) «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մ. Հովսեփյանը և Արաբկիրի թաղապետարանի գանձումների բաժնի պետ Վ. Ղահրամանյանը կատարել են փոխադարձ հաշվարկների ստուգում և պարզել են, որ Արաբկիրի թաղապետարանի գանձումների բաժնի կողմից 2005 թվականի (01.01.2005 թ. մինչև 31.12.2005 թ.) ընթացքում տարածքների ժամանակավոր օգտագործման թվով 216 պայմանագրերով հավաքվել են նաև աղբահանության գումարներ 2.763.900 դրամ:
8) 2005 թվականի նոյեմբեր ամսվա` շինարարական և կենցաղային աղբի մաքրման և տեղափոխման, ինչպես նաև փողոցների և հրապարակների սանիտարական մաքրման աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական ակտերը 01.12.2005 թվականին ընկերության կողմից ներկայացվել է թաղապետարանի կոմունալ բաժին:
9) Թաղապետարանի կողմից կատարողական ակտերը չեն հաստատվել այն պատճառաբանությամբ, որ վերոհիշյալ աշխատանքներն ընկերության կողմից կատարվել են թերություններով և ներկայացված կատարողական ակտերը չեն համապատասխանել փաստացի կատարված աշխատանքների ծավալներին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վեճի հիմքում ընկած պայմանագրերի համաձայն` պատվիրատուն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վճարել դրա դիմաց` ներկայացված կատարողական ակտերի համաձայն: Այսինքն որպես նշված աշխատանքների դիմաց վճարման հիմք` կողմերը փոխադարձ համաձայնությամբ համարել են կատարողական ակտերը:
Մինչդեռ հայցվորը 2005 թվականի նոյեմբեր ամսին կատարված աշխատանքների ընդունման և կատարողական ակտերի հաստատման մասին որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել դատարան:
Հայցի բավարարման հիմքում դատարանը դրել է նաև թաղապետարանի գանձումների բաժնի պետի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի միջև կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, որը հաստատված չէ համայնքի ղեկավարի կողմից:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` ֆինանսական բոլոր փաստաթղթերը ստորագրում է համայնքի ղեկավարը, այսինքն նա է համարվում ֆինանսական գլխավոր կարգադրիչը և միայն համայնքի ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո, ակտը կարող է օրինական ուժ ունենալ, ինչպես նաև ստանալ հաշվապահական ձևակերպում: Հետևաբար, նշված ակտն ընկերության կողմից պայմանագրերով սահմանված աշխատանքները պատշաճ կերպով կատարված լինելու մասին փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույց չէ, քանի որ այն հաստատված չէ համայնքի ղեկավարի կողմից և վերաբերում է ընդամենը թաղապետարանի կողմից աղբահանության վարձավճարների գանձմանը` առանց նշում պարունակելու, թե վարձավճարները կոնկրետ որ ամսվա աղբահանության դիմաց են գանձվել: Բացի այդ, թաղապետարանի կողմից աղբահանության դիմաց վճարումների գանձման փաստն ինքնին հիմք չի կարող հանդիսանալ աղբահանության աշխատանքների պատշաճ կատարումը ապացուցված համարելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Սույն գործով կայացված վճռով դատարանը աշխատանքները կատարված չլինելու վերաբերյալ պատասխանող կողմի պնդումներն անհիմն է համարել, վերջինիս կողմից մասնավորապես` աշխատանքը թերություններով կատարելու մասին և պայմանագրով նախատեսված աշխատանքները փաստացի կատարված չլինելու վերաբերյալ երկկողմանի կազմված ակտեր չներկայացնելու պատճառաբանությամբ: Այսպիսով, դատարանը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջները` ընդհանուր հայցային վարույթի գործով ապացուցման պարտականությունը դրել է պատասխանողի վրա, այնինչ աշխատանքները պատշաճ որակով և ծավալով կատարված լինելու հանգամանքն ապացուցելը հայցվորի պարտականությունն է:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը խախտելու մասին հիմքը, հետևյալ պատճառաբանությամբ:
Դատավարության մասնակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը բավարար հարգելի պատճառ չէ դատաքննությանը չներկայանալու և դրա հիմքով գործի քննությունը հետաձգելու համար: Գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հետաձգելու համար անհրաժեշտ են առնվազն երկու հանգամանքների միաժամանակյա առկայություն.
- վկայի դատական նիստին չներկայանալը հարգելի պատճառներով,
- գործի լուծման համար դատաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցների անբավարարությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածը դատարանին հնարավորություն է տալիս դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով վկայի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում վերջինիս բերման ենթարկել, եթե գործում առկա ապացույցները բավարար չեն գործի լուծման համար:
Մինչդեռ դատարանը վիճելի աշխատանքները կատարված լինելու, ինչպես նաև դրանք պատվիրատուի կողմից ընդունելու վերաբերյալ հանգամանքները ապացուցված է համարել առանց գործի քննությանը որպես վկաներ ներգրավված` թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բացատրությունները լսելու և բավարարվել է գործում առկա ապացույցներով, որոնցով, ըստ էության, այդ հանգամանքները չէին կարող ապացուցվել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատավարական իրավունքի խախտումները կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի վերը նշված դատավարական իրավունքների խախտումները բավարար հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը բեկանելու համար:
2) Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի բոլոր փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել` կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան