Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 279...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 279-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-54 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3813/2007 թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ Տ. Սահակյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Մարությանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ճանաչել ժառանգության իր իրավունքը Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի թիվ 31 տան Արփենիկ Մարությանի 5/8-րդ բաժնից 1/2-րդի, ամբողջ հողատարածքի 1/2-րդ մասի նկատմամբ, ինչպես նաև մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի կողմից 17.01.2007 թվականին Անահիտ և Ստեփան Մարությանների անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անահիտ և Ստեփան Մարությանները պահանջել են ընդհանուր գույքից առանձնացնել յուրաքանչյուրին պատկանող 1/3-րդ մասերը:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մարությանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ապացույցների գնահատման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգը, ինչպես նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելով, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել Նոր Արեշի 2-րդ փողոց, 31-րդ տան վերաբերյալ տրված Անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, համաձայն որի` վերոհիշյալ անշարժ գույքի 5/8-րդ մասը պատկանում է Արփենիկ Մարությանին, իսկ 1/8-ական մասերով` Անահիտ, Ստեփան և Ռազմիկ Մարությաններին, ինչի արդյունքում իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Անահիտ Մարությանը, արդեն իսկ լինելով անշարժ գույքի համասեփականատեր, այն է` տիրապետելով, տնօրինելով և օգտագործելով ընդհանուր գույքում ունեցած իր բաժնեմասը, փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը վճռում չի նշել վերոհիշյալ ապացույցը մերժելու փաստարկները:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` սեփականության և սեփականության անձեռնմխելիության իրավունքները, կիրառել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Անահիտ Մարությանին զրկել է մինչև Արփենիկ Մարությանի ժառանգության բացումը վերոհիշյալ հասցեում ունեցած անշարժ գույքից:

Վերաքննիչ դատարանը, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելով, միաժամանակ, վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` օտարերկրացիների համար հողի նկատմամբ սեփականության իրավունքի արգելք սահմանող նորմը` անտեսելով այն հանգամանքը, որ ժառանգական զանգվածի մաս է կազմում նաև հողամաս չհանդիսացող այլ անշարժ գույք:

i

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու պահանջը, ըստ էության խախտել է տվյալ իրավունքը սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված իմպերատիվ նորմը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը, և գործը վերադարձնել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի թիվ 31 տունը համատեղ բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Արփենիկ Մարությանին (5/8), Ռազմիկ Մարությանին (1/8), Ստեփան Մարությանին (1/8) և Անահիտ Մարությանին (1/8):

2. Արփենիկ Մարությանը մահացել է 06.07.2005 թվականին:

3. ՀՀ Երևանի Էրեբունու թաղապետարանի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 08.12.2006 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արփենիկ Մարությանի մահվանից հետո Անահիտ Մարությանը շուրջ 5 ամիս բնակվել է Նոր Արեշի 2-րդ փողոց 31-րդ տանը:

4. ՀՀ Երևանի Էրեբունու թաղապետարանի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.12.2006 թվականի տեղեկանքով հաստատվել է 5 անձանց հայտարարությունն այն մասին, որ Անահիտ և Ստեփան Մարությանները Արփենիկ Մարությանի մահվանից հետո տիրապետել են վիճելի ժառանգական գույքը, որը փաստացի առանձնացված չէ տվյալ հասցեում նրանց ունեցած գույքից: Անահիտ Մարությանը կատարել է Արփենիկ Մարությանի թաղման հետ կապված բոլոր ծախսերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործի քննության ժամանակ գործող 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)): Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Անահիտ Մարությանի կողմից Արփենիկ Մարությանի ժառանգական գույքը փաստացի տիրապետմամբ ընդունած չլինելը հանգամանքը, չի նշել քաղաքացիական գործում առկա մի շարք ապացույցների (ՀՀ Երևանի Էրեբունու թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.12.2006 և 08.12.2006 թվականների տեղեկանքների) մերժման պատճառները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի խախտում, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման,

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել վեճի առարկա տան Անահիտ Մարությանին սեփականության իրավունքով պատկանող բաժնին, ինչպես նաև չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ մասը,

3) բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Ռազմիկ Մարությանի հայցի բավարարման արդյունքում Անահիտ Մարությանի հայցապահանջը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-54 (ՎԴ)
Որոշում