Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ, 122...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ, 1225-ՐԴ ԵՎ 1226- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական                     Քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                     2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1050

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Դ. Խաչատրյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի  

                                              Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձինք Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանները պահանջել են բաժանել ժառանգական գույքը` Երևանի Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների բաժիններին համապատասխան:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին ճանաչել Հովհաննես Գասպարյանի ժառանգներ` յուրաքանչյուրին ժառանգական գույքի 1/7-ական բաժնով:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 132-րդ (իրականում 218-րդ) հոդվածների պահանջները, որոնց արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այդ թվում` Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի գրանցումները, որոնց համաձայն` պատասխանողները օրենքով սահմանված կարգով չեն դիմել նոտարական գրասենյակ և բաց են թողել օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները, հիմք է ընդունել նոտարի գրությունն այն մասին, որ պատասխանողը և երրորդ անձինք դիմել են նոտարին, սակայն գործում առկա չէ պատասխանողի և երրորդ անձանց դիմումը, որը հանձնվել է նոտարին և գրանցվել գրանցամատյանում կամ նոտարի կողմից վավերացված դիմում, որը հանձնվել է խորհրդատուին: Տվյալ դեպքում, նոտարի գրությունը հակասում է Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի քաղվածքին: Վերաքննիչ դատարանը նշված քաղվածքը որպես ապացույց չի գնահատել և չի պատճառաբանել գործում առկա ապացույցները մերժելու փաստարկները:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի որոշման պատճառաբանություններն այն մասին, որ Հովհաննես Գասպարյանի սեփականության իրավունքը Երևանի Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ գրանցվել է Անժելա Ղազարյանի հետ համատեղ կյանքի ընթացքում, Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա, սույն գործի քննությամբ կրկին վիճելի գույքը չի համարել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված: Տվյալ դեպքում Երևանի Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը պետք է ճանաչվեր Անժելա Ղազարյանի և Հովհաննես Գասպարյանի համատեղ սեփականությունը, և այդ գույքի Հովհաննես Գասպարյանի 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ պետք է ճանաչվեին միայն Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ու Շուշանիկ Սարգսյանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճիռը և փոփոխել այն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Անժելա Ղազարյանը և Հովհաննես Գասպարյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 1982 թվականից: Նրանց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 15.04.1987 թվականին:

2) Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա` 16.12.2002 թվականին Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 կոոպերատիվ շենքի թիվ 43 բնակարանը գրանցվել է Հովհաննես Գասպարյանի անվամբ:

3) Հովհաննես Գասպարյանը մահացել է 04.01.2005 թվականին:

4) Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի ժառանգական գործի գրանցման մուտքի թիվ 1 մատյանի քաղվածքի համաձայն` 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգությունն ընդունելու մասին Անժելա Ղազարյանի դիմումը գրանցվել է նոտար Ե. Սարգսյանի մոտ:

5) Շուշանիկ Հովհաննեսի Սարգսյանին հասցեագրված 22.07.2005 թվականի գրությամբ նոտար Ն. Սարգսյանը հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի «մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների մեջ կա վիճաբանության խնդիր», իսկ Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Հովհաննեսի Գասպարյաններին հասցեագրված 15.03.2006 թվականի գրությամբ հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի մահվան օրից` 04.01.2005 թվականից հետո մինչև վեց ամիսը լրանալը դիմել են ժառանգական գործի գրանցման պահանջով, սակայն նոր գործ չի գրանցվել, քանի որ այն արդեն գրանցված է եղել Անժելա Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերով: Գասպարյաններին խորհուրդ է տրվել ներկայանալ նոտարական գրասենյակ 04.07.2005 թվականից հետո, երբ կլրանա իրենց հոր մահվան վեցամսյա ժամկետը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն գործում առկա են Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի ժառանգական գործի գրանցման մուտքի թիվ 1 մատյանի քաղվածքը` մեկ թերթից, ինչպես նաև նոտար Ն. Սարգսյանի Շուշանիկ Հովհաննեսի Սարգսյանին հասցեագրված 22.07.2005 թվականի և Ոսկեհատ, Հրանուշ ու Նունե Հովհաննեսի Գասպարյաններին հասցեագրված 15.03.2006 թվականի գրությունները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գնահատելով նոտար Ն. Սարգսյանի 22.07.2005 թվականի և 15.03.2006 թվականի գրությունները, վճռում չի անդրադարձել 2005 թվականի ժառանգական գործի գրանցման մուտքի թիվ 1 մատյանի քաղվածքին, ժառանգությունն ընդունելու համար միայն Անժելա Ղազարյանի դիմումը գրանցված լինելու ապացույցը մերժելուն և դրա հիմնավորումներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է նրան հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը ենթադրում է գործի հանգամանքները որոշակի ապացույցներով հաստատելու պահանջ: Նման պահանջ ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն` ժառանգությունն ընդունված է համարվում, երբ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգը դիմում է հանձնում ժառանգության բացման վայրի նոտարին: Նշված օրինադրույթը ենթադրում է, որ ժառանգությունն ընդունելու հանգամանքը պետք է հաստատվի դիմումը նոտարին հանձնելու փաստը հաստատող ապացույցի առկայությամբ:

Սույն գործով, նոտարի 15.03.2006 թվականի գրության հիման վրա, հաստատվել է Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների դիմումը նոտարին հանձնելու հանգամանքը, սակայն բացակայում են համապատասխան դիմումները և դրանց ժառանգական գործի գրանցման մուտքի մատյանում գրանցման վերաբերյալ ապացույցները: Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և հանգամանքները, որի արդյունքում հանգել է հետևության, որ Շուշանիկ Սարգսյանը, Ոսկեհատ, Հրանուշ ու Նունե Գասպարյանները ժառանգությունն ընդունած ժառանգներ են, ինչպես նաև չի նշել այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է նշված մասով վճիռ կայացնելիս:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նշված հարցի մեկնաբանմանը, քանի որ նշված հոդվածի խախտման վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551(ՎԴ) որոշմամբ (գ.թ. 111-113): Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կրկին անգամ խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1843(ՎԴ)
Որոշում