ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Ավան և Նոր-Նորք Քաղաքացիական գործ թիվ 3-1835 (Ա)
համայնքների առաջին ատյանի 2007թ.
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-1379
Նախագահող դատավոր` Խ. Բաղդասարյանի
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 09.03.2007 թվականի վճռի դեմ` ըստ Սիմոն Սարգսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սիմոն Սարգսյանը պահանջել է ճանաչել Երևան քաղաքի Մյասնիկյան 47 հասցեում գտնվող 2890 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
ՀՀ Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 09.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Սիմոն Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, 72-րդ հոդվածի 3-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սիմոն Սարգսյանը վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ դրանով նախատեսված է պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ նախապատվության իրավունքի ձեռք բերման հնարավորություն, այլ ոչ թե սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որի համաձայն` Դատարանը պետք է կիրառեր ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը, անհիմն է, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի հիշատակված դրույթը վերաբերում է այլ սեփականատիրոջը պատկանող հողամասերին, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով:
Հիմնավորված և արդարացված է նաև Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառումը, քանի որ հայցվորի կողմից տասնյակ տարիներ, այն է` 1967 թվականին անհատական բնակելի տունը և այգին ձեռք բերելու պահից վերջինիս կողմից են վճարվել բոլոր կոմունալ և այլ ծառայությունների համար վճարները, հողի հարկը և մնացած այլ տուրքերը, ինչը հիմնավորվում է գործին կցված` նշված վճարումներն հիմնավորող ապացույցներով: Հիշյալ անդորրագրերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վիճելի գույքն օգտագործվել է անընդմեջ, բարեխղճորեն և բացահայտ, ինչը հայցապահանջի բավարարման հիմք կարող է հանդիսանալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 19.03.1966 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրով Սիմոն Սարգսյանը գնել է Նորքի Ավանի ձորում գտնվող այգին պտղատու ծառերով:
2) Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքի ղեկավարի տեղակալի 24.10.2003 թվականի տեղեկանքի համաձայն` Սիմոն Սարգսյանն ընտանիքով գրանցված բնակվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի N 47 տանը և տիրապետում է հողատարածքը:
3) Գործում բացակայում է վիճելի հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք: Այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի նկատմամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:
Սույն քաղաքացիական գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, հետևաբար, գործում է դրա` պետական սեփականություն լինելու կանխավարկածը:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով կիրառելի է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի նորմերը: Հետևաբար, անհիմն է դատարանի եզրահանգումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսվում է ոչ թե գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, այլ սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու նախապատվության իրավունքի ձեռք բերման հնարավորություն, հետևաբար, անհիմն է դատարանի վճիռը` հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ:
Վերոնշյալ հիմնավորումներով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված պատճառաբանությունները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 09.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ