Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ           Քաղաքացիական գործ թիվ 3-1451 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-389

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

դատավորներ` Ա. Թումանյան

Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Մարուսյա Աբրահամյանը և Ռուբիկ Սիմոնյանը պահանջել են փոխհատուցմամբ դադարեցնել Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան նկատմամբ և վտարել:

Հակընդդեմ հայցով Միխաել Սիմոնյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել վերը նշված տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը տան մասի և կից հողատարածքի մասի նկատմամբ:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցի հայցապահանջի` սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաել Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռուբիկ Սիմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Մակիչ Սիմոնյանը 1963 թվականին վաճառել է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի իրենց բնակարանը և ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանի Նորագավիթ 2 փողոցի 28 հասցեի Սուսաննա Զաքարյանի տանը, որը 1966 թվականին վիճելի բնակարանը նվիրել է Մակիչ Սիմոնյանի ավագ որդուն` Մելիք Սիմոնյանին: 1967 թվականի մարտի 19-ին ընտանեկան անհաշտության պատճառով Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև վկաների ներկայությամբ կնքվել է համաձայնագիր, համաձայն որի վիճելի տունը և հողամասը բաժանվել է երկու հավասար մասերի:

Երևանի Լենինյան շրջանի ժողդատարանի 01.11.1983 թվականի կայացված վճռով հաստատվել է Մելիք Սիմոնյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան նկատմամբ, սակայն հետագայում` հայցվորը ավելի քան 15 տարվա ընթացքում իր սեփականության իրավունքով պատկանող գույքից պատասխանողին վտարելու մասին որևէ պահանջ չի ներկայացրել:

Բացի այդ, հայցվորը երբևիցե չի կատարել պատասխանողի կողմից զբաղեցրած տարածքի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված վճարումները, ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրերի կնքումը: ՈՒստի, հայցվորի գործողություններից բխում է, որ վերջինս հրաժարվել է իրեն պատկանող սեփական գույքի այդ մասից:

Փոխարենը պատասխանողները 1983 թվականից սկսած բացահայտ, բարեխղճորեն և անընդմեջ տիրապետում են տան վիճելի տարածքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Բողոք բերած անձի կողմից վկայակոչված նյութական իրավունքի նորմերը տվյալ գործով կիրառելի չեն, քանի որ դրանք կարգավորվում են բացառապես տիրազուրկ գույքի օգտագործման հետևանքով առաջացող հարաբերությունները:

Սույն քաղաքացիական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ վիճելի գույքը երբեք տիրազուրկ չի եղել և ներկայումս էլ այն սեփականության իրավունքով պատկանում է հայցվորներին: Ավելին, պատասխանողները նշված տան նկատմամբ ունեցել են բնակելի տարածության օգտագործման իրավունք, որից բխող հարաբերությունները ենթակա էին կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որն էլ դատարանի կողմից իրավացիորեն կիրառվել է:

Ակնհայտ է, որ պատասխանողները, որպես օգտագործողներ, բնակվելով այդ տանը, իրավունք ունեին բացահայտ օգտագործել այն, միաժամանակ, նրանք պարտավոր էին հոգալ իրենց օգտագործման հետևանքով առաջացած բոլոր ծախսերը: Այսպիսով, վերջիններիս կողմից իրենց իրավունքի իրականացումը, ինչպես նաև դրանից բխող պարտականությունների կատարումը որևէ կերպ չի նշանակում, որ նրանք գույքն օգտագործել են որպես սեփական գույք և այդ գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 19.03.1967 թվականին Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեն բաժանվել է երկու մասերի, որոնցից մեկում բնակվել է Միխաել Սիմոնյանի հայրը` Մակիչ Սիմոնյանը, իսկ մյուսում Ռուբիկ Սիմոնյանի հայրը` Մելիք Սիմոնյանը:

2) Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Միքայել Սիմոնյանը 1962 թվականից բնակվում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տանը:

3) Երևանի Լենինյան շրջանի ժողդատարանի 01.11.1983 թվականի վճռով հաստատվել է Մելիք Սիմոնյանի սեփականության իրավունքը Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեի նկատմամբ:

4) 1983 թվականից սկսած Միխաել Սիմոնյանը իր ընտանիքով տիրապետում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեի իր մասը, մինչ օրս կատարում է բոլոր կոմունալ վճարումները:

5) Ռուբիկ Սիմոնյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ Միխաել Սիմոնյանին որևէ պահանջ չի ներկայացրել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` Գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

19.03.1967 թվականի Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեն բաժանվել է երկու մասերի, որոնցից մեկում բնակվել է Միխաել Սիմոնյանի հայրը` Մակիչ Սիմոնյանը, իսկ մյուսում Ռուբիկ Սիմոնյանի հայրը` Մելիք Սիմոնյանը:

Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Միքայել Սիմոնյանը 1962 թվականից բնակվում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տանը: Միխաել Սիմոնյանը վիճահարույց գույքի տիրապետման ընթացքում, իրականացրել է դրա պահպանման ծախսերը, այդ հանգամանքը ընդունվել է նաև Ռուբիկ Սիմոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում: Բացի այդ Ռուբիկ Սիմոնյանը 1983 թվականից (վեճի առարկա տան նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահից) որևէ պահանջ չի ներկայացրել Միխաել Սիմոնյանին իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից օգտվելը սահմանափակելու համար:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող` Մանվել Սիրաբեկյանը 10 տարվա ընթացքում, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա հողատարածքը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Մասնավորապես, Միխաել Սիմոնյանի կողմից վեճի առարկա գույքի 10 տարի տիրապետման անընդմեջությունը և բացահայտությունը ուղղակիորեն հիմնավորվում է Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքով: Այդ հանգամանքը, չի հերքվում նաև պատասխանողի կողմից:

Վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ այն երկու մասի է բաժանվել Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի համաձայնությամբ: Այսինքն, տունը երկու մասերի բաժանելը, վերջինիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա տան այդ մասը տիրապետելու է որպես սեփականը, իսկ Ռուբիկ Սիմոնյանը Միխաել Սիմոնյանի կողմից գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պահանջ չներկայացնելով փաստացի կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են իր կողմից այդ գույքից հրաժարվելու մասին:

Ինչ վերաբերում է վեճի առարկա գույքը որպես սեփական գույք տիրապետմանը, ապա այն հիմնավորվում է այն հանգամանքով, որ Միխաել Սիմոնյանը վիճահարույց գույքի տիրապետման ընթացքում, իրականացրել է դրա պահպանման ծախսերը: Այդ հանգամանքը հաստատվել է նաև Ռուբիկ Սիմոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն պատճառաբանությանը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ գույքի նկատմամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակված չէ միայն տիրազուրկ գույքով: Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող մեկնաբանվել որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակող դրույթ: Այն հանգամանքը, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով, ինքնին չի ենթադրում, որ նույն եղանակով սեփականության իրավունք չի կարող ձեռք բերվել այլ անշարժ գույքի նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալ երկու հոդվածները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել այն գույքի նկատմամբ, որը տիրազուրկ է (օրենքով սահմանված կարգով ճանաչվել է տիրազուրկ) կամ որը տիրազուրկ չէ, բայց դրա սեփականատերը օրենքով սահմանված ժամկետում անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել դրա նկատմամբ:

Այսպիսով, բողոքի հիմքերի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատարանի վճռին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ս. Գյուրջյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1451(ՎԴ)
Որոշում