Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 178-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ           Քաղաքացիական գործ թիվ 3-1435 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1155/2007 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

դատավորներ` Գ. Մատինյան

Գ. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանվել Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Վոլոդյա և Միշա Նիկողոսյանները պահանջել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 51 տան նկատմամբ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների, Քնարիկ Աղազարյանի ունեցած բնակելի տարածության օգտագործման իրավունքները 738.992 (յոթ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր քսաներկու) ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ դադարեցնել և նրանց վտարել վերոգրյալ բնակելի տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մանվել Սարիբեկյանը և Քնարիկ Աղազարյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Րաֆֆու փողոցի թիվ 51 տան բակում կառուցված բնակելի սենյակի և դրան կից օժանդակ հարմարությունների տակ գտնվող 48 քմ հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչելով հակընդդեմ հայցով պատասխանողներ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Առանձին հայցով դիմելով դատարան` Մանվել Սարիբեկյանը և Քնարիկ Աղազարյանը պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Րաֆֆու փողոցի թիվ 51 տան նկատմամբ անշարժ գույքի կադաստրի գրանցամատյանում պատասխանողների` Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2006 թվականի վճռով Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է դադարեցնել Երևան քաղաքի Րաֆֆու թիվ 51 տան նկատմամբ Սոֆիկ, Մելանյա և Սամվել Սարիբեկյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը 443350 (չորս հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ: Հայցը մնացած մասով մերժվել է:

Նշված վճռով Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հակընդդեմ հայցը բավարարվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.03.2007 թվականի վճռով Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցը բավարարել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.05.2007 թվականի «Թիվ 07-1155 և թիվ 07-1960 քաղաքացիական գործերը մեկ վարույթում միացնելու մասին» որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.07.2007 թվականի վճռով Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների հայցը բավարարվել է, իսկ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հակընդդեմ հայցը և առանձին ներկայացված հայցը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Սարիբեկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 280-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 178-րդ, 274-րդ և 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորների հայրը` Բաբկեն Նիկողոսյանը, որը հանդիսանում է Րաֆֆու փողոցի թիվ 51 հասցեի հողամասի սեփականատերը 1960-ական թվականներին առաջարկել է Սարիբեկ Սարիբեկյանին իր ընտանիքի անդամների հետ նրա կողմից չօգտագործվող հողամասում կառուցել տուն` բնակության նպատակով: Բաբկեն Նիկողոսյանը երբևիցե չի խոչընդոտել Սարիբեկ Սարիբեկյանի կողմից հողատարածքի օգտագործմանը:

Բաբկեն Նիկողոսյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի իմաստով իր գործողություններով փաստացի հրաժարվել է հողամասի այդ մասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, իսկ Սարիբեկ Սարիբեկյանն ու նրա իրավահաջորդներն իրենց հերթին Բաբկեն Նիկողոսյանի կողմից իրենց տրամադրված հողատարածքի այդ մասի վրա կառուցել են բնակելի տուն և բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելով այդ գույքը` դարձել են դրանով փաստացի զբաղեցրած հողամասի սեփականատերեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երքաղխորհրդի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի 31.08.1988 թվականի թիվ 937 տեխնիկական անձնագրի համաձայն` Բաբկեն Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանել է Արաբկիրի 44 փողոցի (քննարկվող գործով` Րաֆֆու փողոցի) թիվ 51 հասցեում գտնվող տունը և օգտագործման իրավունքով 918 քմ հողամասը: 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով նշված հողամասը դարձել է Բաբկեն Նիկողոսյանի սեփականությունը:

2) Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչներ Ավետիք և Էմմա Աղամիրյանների, Արաքսյա Հակոբյանի, Վոլոդյա Սեյրանյանի, Աղվան Գրիգորյանի և Զիրավարդ Զազյանի 29.11.2006 թ. հայտարարության համաձայն` 1964 թվականին Բաբկեն Նիկողոսյանը Սարիբեկ Սարիբեկյանին գյուղից տեղափոխվելու նպատակով Երևանի Րաֆֆու 51 հասցեի հողամասի որոշ հատված հատկացրել է նրան բնակելի տուն կառուցելու և բնակություն հաստատելու համար:

3) «Շենքերի, շինությունների պահպանում և սպասարկում» ՓԲԸ-ի սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 12 տեղամասի 21.11.2006 թ. տեղեկանքի համաձայն` Մանվել Սարիբեկյանը 1964 թվականից բնակվում է Երևանի Րաֆֆու 51 հասցեում:

4) Սարիբեկ Սարիբեկյանի կողմից կատարվել է 1994-1997 թվականների, 1999 և 2004 թվականների համար Երևանի Րաֆֆու 51 հողի հարկի վճարումները (գ.թ. 16-21):

5) Բաբկեն Նիկողոսյանը մահացել է 04.03.1996 թվականին: Բաբկեն Նիկողոսյանի մահվանից հետո բացված ժառանգական գույքն ընդունած ժառանգներ են ճանաչվել նրա որդիները` Միշա և Վոլոդյա Նիկողոսյանները, որոնք հավասար բաժիններով ժառանգել են Րաֆֆու փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Բաբկեն Նիկողոսյանին պատկանող անշարժ գույքը: Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններին 17.01.2006 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական, որում հողամասի չափը նշվել է 0,3386 հա:

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 08.12.2006 թվականի թիվ Ս/Շ Ել-3766ա գրության համաձայն` Րաֆֆու 51 հասցեի հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 388,6 քմ (երեք հարյուր ութսունութ ամբողջ վեց տասնորդական), որից քաղաքացիներ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի ինքնակամ զբաղեցրած հողատարածքը կազմում է 24,3 քմ (քսանչորս ամբողջ երեք տասնորդական), որը ծանրաբեռնված է ինքնակամ շինություններով. շինությունների ներքին մակերեսների գումարը կազմում է 22,9 քմ (քսաներկու ամբողջ ինը տասնորդական):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Սույն քաղաքացիական գործով Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչներ` Ավետիք և Էմմա Աղամիրյանների, Արաքսյա Հակոբյանի, Վոլոդյա Սեյրանյանի, Աղվան Գրիգորյանի և Զիրավարդ Զազյանի 29.11.2006 թ. հայտարարության համաձայն` 1964 թ. Բաբկեն Նիկողոսյանը Սարիբեկ Սարիբեկյանին գյուղից տեղափոխվելու նպատակով Երևանի Րաֆֆու 51 հասցեի հողամասի որոշ հատված հատկացրել է նրան բնակելի տուն կառուցելու և բնակություն հաստատելու համար: Իսկ «Շենքերի, շինությունների պահպանում և սպասարկում» ՓԲԸ-ի սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 12 տեղամասի 21.11.2006 թ. տեղեկանքի համաձայն` Մանվել Սարիբեկյանը 1964 թվականից բնակվում է Երևանի Րաֆֆու 51 հասցեում: Սարիբեկ Սարիբեկյանի կողմից կատարվել է 1994-1997 թվականների, 1999 և 2004 թվականների համար Երևանի Րաֆֆու 51 հողի հարկի վճարումները:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող` Մանվել Սարիբեկյանը 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա հողատարածքը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Սարիբեկյանի Աղազարյանի կողմից զբաղեցված հողատարածքի` 10 տարի անընդմեջ տիրապետումը ուղղակիորեն հիմնավորվում է Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչների և «Շենքերի, շինությունների պահպանում և սպասարկում» ՓԲԸ-ի սեփական տնատիրության հայտարարությամբ, որոնցում նշվում է Մանվել Սարիբեկյանի կողմից 1964 թվականից գույքի տիրապետման փաստը, բացահայտությունը հիմնավորվում է տիրապետման մասին իրենց իրազեկվածությամբ (հողատարածքի սեփականատիրոջ և նույն փողոցի բնակիչների), այսինքն, տիրապետումը չի եղել հողատարածքի սեփականատիրոջ և այլ անձանցից գաղտնի եղանակով, իսկ բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հողամասի սեփականատեր Բաբկեն Նիկողոսյանը անձամբ է հրավիրել Մանվել Սարիբեկյանին և հատկացնելով առանձին հողատարածք` թույլատրել այդ հողամասի վրա կառուցել բնակելի տուն: Այսինքն` հողատարածքի սեփականատիրոջ կողմից Մանվել Սարիբեկյանին տուն կառուցելու նպատակով հողամաս տրամադրելը, վերջինիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա այդ հողատարածքը տիրապետելու է որպես սեփական գույք, իսկ Բաբկեն Նիկողոսյանը, թույլատրելով կառուցել տուն և 1991 թվականից սկսած (այն պահից, երբ նա դարձել է հողատարածքի սեփականատեր) այն հետ չպահանջելով, փաստացի կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են իր կողմից այդ հողամասից հրաժարվելու մասին:

Ինչ վերաբերում է վեճի առարկա հողատարածքը որպես սեփական գույք տիրապետելուն, ապա դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ Մանվել Սարիբեկյանը մասնակցել է գույքի կառավարմանը` կառուցել է տուն, հոգ է տարել դրա պահպանման համար` վճարելով հողի հարկի գումարները:

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (իրավական հիմնավորումը տե՛ս Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով)):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, թե երբ է ներկայացվել սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը:

Սույն քաղաքացիական գործով սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը ներկայացվել է 2006 թվականի նոյեմբերի 16-ին կայացած դատական նիստի ընթացքում, այսինքն` Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման կայացումից 20 օր անց: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը բավարար չէր իրավակիրառ պրակտիկայում Վճռաբեկ դատարանի համապատասխան դիրքորոշման արմատավորման համար: Հետևաբար, այդ պայմաններում հայցվորը, ողջամտորեն կարող էր շարունակել ենթադրել, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը վիճարկելով, ըստ էության վիճարկում է սեփականության իրավունքի գրանցումը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն վեճով սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ կարող է անբարենպաստ դատավարական հետևանքներ առաջացնել հայցվորի համար: Մասնավորապես, նա ստիպված կլինի նույն իրավունքի պաշտպանության համար կրկին դիմել դատարան, այս անգամ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վճռաբեկ դատարանը նման իրավիճակը դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի ոչ արդյունավետ իրացման օրինակ, և այդ իսկ պատճառով հնարավոր է համարում սույն գործով ներկայացված սեփականության իրավունքի գրանցման վկայականի անվավերության պահանջը նոր քննության ժամանակ դիտել որպես սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1435(ՎԴ)
Որոշում