040.0117.250208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2008 թվականի N 117-Ն
«ՋՐՀՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ջրհոս» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ջրհոս» փակ բաժնետիրական ընկերությունը:
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:
2) Լուծարման հանձնաժողովին`
ա. մինչև լուծարման հաշվեկշռի հաստատումը բաժնետիրական ընկերության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերը և պահանջի այլ իրավունքներ վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ. բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ