Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-918 (ՏԴ)

տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-841/2007 թ.

Նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19 վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության ընդդեմ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` 11 191 000 (տասնմեկ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ բռնագանձելու և հակընդդեմ հայցի` Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ՍԱ-148469 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 11 191 000 (տասնմեկ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ:

Ընկերությունը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ԱԱ-148469 ստուգման ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 2007 թվականի փետրվարի 19-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ և 50-60-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառվեին:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ ստուգման ընթացքի կասեցման հրամանը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու կամ այդ մասին նրան տեղյակ պահելու հարկային մարմնի պարտավորությունը:

Այնուհանդերձ, տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվել է ինչպես ստուգման ժամկետը երկարաձգելու, այնպես էլ ստուգման ընթացքը կասեցնելու մասին:

2) Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը, 44-րդ հոդվածի 1-ին կետը, 46-րդ հոդվածը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում իրականացնելու համար ստուգման ժամանակաշրջան է սահմանվել 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը, իսկ շահութահարկի մասով ստուգման ժամանակաշրջան է սահմանվել 2001 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը: Ստուգում իրականացնող անձինք շահութահարկի մասով ստուգումն իրականացրել են սահմանված ժամանակաշրջանի համար և վերստուգումն իրականացրել են 2001 թվականի համար ներկայացված հաշվետվություններում արտացոլված տարեկան արդյունքներով, քանի որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շահութահարկի գումարը որոշվում է յուրաքանչյուր տարվա արդյունքներով, այսինքն` ստուգում իրականացնող անձինք շահութահարկի գծով ստուգումն իրականացրել են հանձնարարագրով սահմանված ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանում և գործել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթների համաձայն:

3) Դատարանը սխալ է կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 8-ի թիվ 148469 հանձնարարագրով Ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կրկնակի ստուգում/վերստուգում իրականացնելը հանձնարարվել է Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ Ռուբիկ Դավթյանին և Սերյոժա Սարգսյանին: Վերստուգումը փաստացի սկսվել է 2005 թվականի փետրվարի 23-ին, սակայն Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 1-07/58Ա հրամանով վերստուգումը կասեցվել է, իսկ 2006 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1-07/587-Ա հրամանով վերստուգումը վերսկսվել է: Վերջինիս հրամանով Ծառայության աշխատակից Ռուբիկ Դավթյանը, որը մինչ այդ փոխադրվել էր աշխատանքի Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության վերահսկողության և գանձումների թիվ 2-րդ բաժին` գլխավոր հարկային տեսուչի հաստիքով, ներգրավվել է կասեցված վերստուգման աշխատանքներին, այսինքն` վերստուգմանը նոր անձ չի ընդգրկվել և ստուգումն իրականացնող անձին այլ անձով փոխարինելու մասին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձին տեղյակ պահելու անհրաժեշտություն չի առաջացել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճիռը` հայցի մերժման և հակընդդեմ հայցը բավարարելու մասերով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վարչապետի 2005 թվականի հունվարի 18-ի թիվ 084-213 հանձնարարությամբ Ծառայության պետին հանձնարարվել է Ընկերությունում 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում:

2) Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 8-ի թիվ 148469 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է Ընկերությունում 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում, որից շահութահարկի գծով վերստուգումը հանձնարարվել է կատարել 2001 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար:

3) Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 1-07/158-Ա հրամանով վերստուգման ընթացքը կասեցվել է:

4) Գործում բացակայում է Ծառայության կողմից ստուգման ընթացքի կասեցման մասին Ընկերությանը տեղեկացնելու վերաբերյալ ապացույցը:

5) Ծառայության պետի 2006 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1-07/-587-Ա հրամանով վերստուգումը վերսկսվել է 2006 թվականի օգոստոսի 7-ից, վերստուգման ժամկետը երկարաձգվել է 10 անընդմեջ աշխատանքային օրով: Վերստուգումն ավարտվել է 2006 թվականի սեպտեմբերի 5-ին:

6) Ծառայության պետի 2006 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1-07/-587-Ա հրամանով Ընկերությունում վերստուգում իրականացնող Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ռուբիկ Դավթյանի փոխարեն վերստուգմանը ներգրավվել է Ծառայության հանքարտադրողների ոլորտային հանքային տեսչության վերահսկողության և գանձումների թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ռուբիկ Դավթյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի սույն հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել բողոքում վկայակոչված հետևյալ իրավական հարցադրումները`

1. արդյոք հարկային մարմինը պարտավոր է ստուգման ընթացքի կասեցման հրամանը տնտեսվարող սուբյեկտին հանձնել կամ այդ մասին նրան տեղյակ պահել,

2. որն է ստուգման ընթացքի կասեցման հրամանը տնտեսվարող սուբյեկտին չհանձնելու իրավական հետևանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է ստուգումների իրականացման բնագավառում վարչական վարույթի իրականացման կարգը և առանձնահատկությունները, իսկ նման առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում գործում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Հետևաբար, եթե ստուգման ընթացքի կասեցման հրամանի մասին ստուգվող տնտեսավարող սուբյեկտին տեղյակ պահելու հարկային մարմնի պարտավորության վերաբերյալ հարաբերությունները չեն կարգավորվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ապա կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է վարչական վարույթի կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ձևով ուղարկելու վարչական մարմնի պարտականությունը, որպիսին չիրականացնելը խախտել է տնտեսավարող սուբյեկտի այդ ակտին տեղյակ լինելու իրավունքը:

Հետևաբար, վճռաբեկ բողոքի հիմքում ընկած այն փաստարկը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում բացակայում է ստուգման ընթացքի կասեցման հրամանի մասին Ընկերությանը տեղյակ պահելու հարկային մարմնի պարտավորությունը, հետևաբար և Ծառայությունը գործել է օրենքի շրջանակներում, անհիմն է:

Պատասխանելու համար այն հարցին, թե որն է վերոնշյալ հոդվածի խախտման իրավական հետևանքը, նախ և առաջ հարկ է քննարկման առարկա դարձնել այն հարցադրումը, թե ինչպիսի իրավական ակտ է հանդիսանում վերստուգման ընթացքը կասեցնելու մասին հրամանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեություն է: Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված` հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունում:

Ինչ վերաբերում է ստուգման ընթացքը կասեցնելու մասին որոշմանը, ապա այն հանդիսանում է վարչական վարույթի ընթացքում ընդունվող ընթացակարգային, այլ ոչ թե վարչական ակտ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերստուգման ընթացքը կասեցնելու մասին հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ այն իրենից ներկայացնում է վարչական վարույթի իրականացմանն ուղղված գործառույթ և անմիջականորեն ուղղված չէ այլ անձանց համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական ակտ է նույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների համար:

Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ընթացքը կասեցնելու Ծառայության պետի հրամանը հանդիսանում է անհատական իրավական ակտ, քանի որ դրան բնորոշ են վերոնշյալ հոդվածով նախատեսված հատկանիշները: Մասնավորապես, կասեցման մասին որոշումը սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված պաշտոնատար անձանց համար և ընդունվել է նորմատիվ իրավական ակտի` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն դրա սահմանած շրջանակում:

Իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից: Եթե նույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ընթացքը կասեցնելու մասին հրամանը, հանդիսանալով անհատական իրավական ակտ, վարքագծի կանոններ է սահմանում դրանում անհատապես նշված հարկային տեսուչների համար և ուժի մեջ է մտնում նրանց հանձնելու պահից:

Հետևաբար, անհիմն են Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ վերստուգման ընթացքը կասեցնելու մասին հրամանի վերաբերյալ Ընկերությանը չծանուցելու պայմաններում հրամանն ուժի մեջ չի մտել, խախտվել է ստուգման համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը և այն տևել է 2005 թվականի փետրվարի 25-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 5-ը, քանի որ վերոնշյալ իրավական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, այլ ոչ թե Դատարանի կողմից կիրառված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ վերստուգումը սկսելու վերաբերյալ հրամանն Ընկերությանը հանձնվել է 2006 թվականի օգոստոսի 10-ին, իսկ վերստուգումը սկսվել է 2006 թվականի օգոստոսի 7-ին, և հետևաբար, վերստուգման արդյունքում կազմված ակտի հիմքում դրվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված տեղեկություններ, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու կամ գործողությունը վիճարկելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:

Նշված նորմը սահմանում է պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտը դատարանի կողմից անվավեր ճանաչելու կամ գործողությունը վիճարկելու հնարավորություն բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմքեր (պայմաններ): Այդ հիմքերն են`

1. ակտն օրենքին հակասելը,

2. դիմողի` ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Դատարանը, անդրադառնալով վերստուգումը սկսելու վերաբերյալ հրամանն օրենքով նախատեսված ժամկետում Ընկերությանը չհանձնելու հանգամանքին, գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե վերոնշյալ հրամանն Ընկերությանն ուշացումով հանձնելու արդյունքում Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված որ իրավունքներն են խախտվել, և նման խախտման ենթադրյալ առկայությունը որքանով է ազդել ստուգման արդյունքներին` Ընկերության իրավունքների պաշտպանությանը.

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է նույն հոդվածով սահմանված կարգով:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կրկնակի ստուգում/վերստուգում իրականացնելը Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 8-ի թիվ 148469 հանձնարարագրով հանձնարարվել է Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ Ռուբիկ Դավթյանին և Սերյոժա Սարգսյանին: Այնուհետև Ծառայության աշխատակից Ռուբիկ Դավթյանը փոխադրվել է աշխատանքի Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության վերահսկողության և գանձումների թիվ 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչի հաստիքով և ներգրավվել է վերստուգման աշխատանքներին: Այսինքն` ստուգումն իրականացնող անձը չի փոփոխվել, իսկ նրա պաշտոնի փոփոխության մասին տնտեսավարող սուբյեկտին տեղյակ պահելու անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բացակայում է, քանի որ օրենսդրի տրամաբանությամբ ստուգում իրականացնող անձի պաշտոնի փոփոխությանը տեղյակ լինելով կամ չլինելով տնտեսավարող սուբյեկտին որևէ իրավունք կամ պարտականություն չի վերապահվում.

3) բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ:

Սույն քաղաքացիական գործով ՀՀ վարչապետի 2005 թվականի հունվարի 18-ի թիվ 084-213 հանձնարարությամբ Ծառայության պետին հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Մինչդեռ, Ծառայության պետի 2005 թվականի փետրվարի 8-ի թիվ 148469 հանձնարարագրի համաձայն, Ընկերությունում շահութահարկի գծով վերստուգումը հանձնարարվել է կատարել 2001 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այսինքն` շահութահարկի գծով վերստուգում իրականացնելիս Ծառայությունը դուրս է եկել ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանի սահմաններից և չի պահպանել ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:

Հետևաբար, դատարանի վճիռը` շահութահարկի գծով 2001 թվականի համար հաշվարկված պարտավորության գումարի բռնագանձումը մերժելու և նշված պարտավորության մասով ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասով հիմնավոր է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճռի` հայցի` շահութահարկի գծով 2002 և 2003 թվականների, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գծով` 2001, 2002 և 2003 թվականների համար առաջադրված հարկային պարտավորությունների գումարի բռնագանձումը մերժելու, ինչպես նաև հակընդդեմ հայցը` նույն հարկային պարտավորությունների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ՍԱ-148469 ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճռի մնացած հայցի մասը բավարարելու, հայցի` շահութահարկի գծով 2001 թվականի համար առաջադրված հարկային պարտավորության գումարի բռնագանձումը մերժելու, ինչպես նաև հակընդդեմ հայցի` նույն հարկային պարտավորության վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ՍԱ-148469 ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասերը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2007
N 3-918 (ՏԴ)
Որոշում