Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1228-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ թիվ 3-2305 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                 2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-2357

Նախագահող դատավոր` Գ.Մատինյան

    դատավորներ`        Լ.Գրիգորյան

                       Ն.Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մառլեն Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքն ըստ Ալինա Ավետիսյանի հայցի ընդդեմ Մառլեն Հակոբյանի` ըստ օրենքի հասանելիք ժառանգական գույքն առանձնացնելու պահանջի մասին թիվ 06-2357 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.10.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է համատեղ սեփականություն հանդիսացող գույքից որպես ժառանգական գույք առանձնացնել իր հանգուցյալ ամուսնու` Արսեն Հակոբյանի բաժինը և հարգելի ճանաչել ժառանգության ընդունման ժամկետի բացթողումը:

Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 10.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մ.Հակոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Հայցվորը դատարանին չի ներկայացրել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու` օրենքով նախատեսված հարգելի պատճառ: Մինչդեռ, վերաքննիչ դատարանն Ա.Ավետիսյանի կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողումն անհիմն ճանաչել է հարգելի:

 

2) վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը և 31-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը, 201-րդ հոդվածը և 1186-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Գործի քննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ վեճի առարկան` Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան 35 հասցեում գտնվող տունը հանդիսանում է հանգուցյալ Արսեն Հակոբյանի սեփականությունը: Դատարանը, ըստ էության, առանց պատշաճ հիմնավորման, ճանաչել է Ալինա Ավետիսյանի և նրա երեխաների սեփականության իրավունքը Մառլեն Հակոբյանի սեփականությունը հանդիսացող տան նկատմամբ:

 

3) վերաքննիչ դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Նշված հոդվածի համաձայն, իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների գործողությունները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 10.10.2005 թվականին, և սահմանում են, որ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք, չեն կարող տարածվել 1963 թվականին պատասխանողի հոր կողմից կառուցված շինության վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.10.2006 թվականի վճիռը` տան և տնամերձ հողամասի մասով և այդ մասով գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 35 բնակելի տունը կառուցվել է 1963 թվականին` Երանոս Հովհաննեսի Հակոբյանի կողմից: Այդ տունը գրանցվել է նրա որդի Մառլեն Երանոսի Հակոբյանի անունով, որտեղ ավելացել են նաև օժանդակ կառույցներ և շենքը վերակառուցվել է:

2) 05.04.1991 թվականին հողի սեփականաշնորհմանը մասնակցել են Մառլեն Հակոբյանը, նրա կինը` Ալվարդ Թումանյանը, դուստրը` Ալիսա Հակոբյանը, որդին` Արմեն Հակոբյանը և հայցվորի ամուսինը` Արսեն Հակոբյանը, որոնց սեփականաշնորհվել է 0,66 հա հողամաս:

3) Արսեն Հակոբյանը ծնվել է 1965 թվականին, ամուսնացել է Ա.Ավետիսյանի հետ 1996 թվականին, համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա` Արման Արսենի Հակոբյան և Ալլա Արսենի Հակոբյան: Արսեն Հակոբյանը մահացել է 19.05.2004 թվականին:

4) Ժառանգության իրավունքի վկայական ստանալու խնդրանքով Ա.Ավետիսյանը դիմել է նոտարական գրասենյակ, սակայն ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը: Սույն գործով հայցը ներկայացվել է դատարան 01.03.2006 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դատարանը կարող է հարգելի ճանաչել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները միայն այն դեպքում, երբ ժառանգը կապացուցի, որ չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, այսինքն` ժառանգատուի մահվան մասին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդված) և այն պայմանով, որ իմանալուց հետո վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան:

Նշված պատճառաբանությունների հիման վրա հիմնավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ վերաքննիչ դատարանն առանց որևէ պատճառաբանության հարգելի է ճանաչել Ա.Ավետիսյանի կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողումը:

2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Մառլեն Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների, այդ թվում` Արսեն Հակոբյանի, կողմից 05.04.1991 թվականին հողամասը սեփականաշնորհելու հանգամանքը, միաժամանակ, ճանաչել է Արսեն Հակոբյանի սեփականության իրավունքը 1963 թվականին կառուցված տան նկատմամբ: Այսինքն` ըստ էության, ժառանգական զանգվածի մեջ ընդգրկվել է նաև ժառանգատուին չպատկանող գույք:

Վերը նշված պատճառաբանության հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են նաև ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Մառլեն Հակոբյանի սեփականության (սեփականության իրավունքը գրանցված է) նկատմամբ, առանց դրա դադարելու, ըստ էության, ճանաչվել է մեկ այլ անձի` Արսեն Հակոբյանի սեփականության իրավունքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով: Այսպիսով, դատարանի կողմից խախտվել է նաև Կոնվենցիայի 1-ին արձանագրության նշված հոդվածի պահանջը:

3) վճռաբեկ բողոքն երրորդ հիմքով անհիմն է:

Բողոքարկվող վճռում վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասը չի կիրառել, հետևաբար այդ հիմքով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը չկիրառելու (խախտելու) վերաբերյալ ներկայացված` սույն բողոքի երրորդ հիմքի փաստարկն անհիմն է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է համարում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.10.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2006
N 3-2305(ՎԴ)
Որոշում