Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի  Քաղաքացիական գործ թիվ 3-2236(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                             2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2010/2006թ.

Նախագահող դատավոր` Վ.Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Լիանա Կազկոյի, անչափահաս Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների օրինական ներկայացուցիչ Լիանա Կազկոյի վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Թաղապետարանը պահանջել է 750 000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքները:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիանա Կազկոն` որպես նաև անչափահաս Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների օրինական ներկայացուցիչ:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննության մասին պատասխանողներին պատշաճ ձևով չի ծանուցել, գործը քննվել է նրանց բացակայությամբ, որի արդյունքում խախտվել է Կոնվենցիայով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 24-րդ և 34-րդ հոդվածները, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոքում նշված չեն սույն հիմքի հիմնավորումները:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանում հաշվառված են Ալվինա Կազկոն` 1982 թվականից, Լիանա Կազկոն` 1991 թվականից, Արամ Մարկոսյանը` 1996 թվականից:

2) Պատասխանողներ Ֆրունզ Մարկոսյանը` ծնված 27.01.1993 թվականին, և Նարեկ Մարկոսյանը` ծնված 15.04.1996 թվականին Լիանա Կազկոյի և Արամ Մարկոսյանի երեխաներն են:

3) 06.04.2006 թվականին դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 2006 թվականի ապրիլի 25-ին:

4) 11.04.2006 թվականին դատարանը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի թիվ 32 բնակարանի հասցեով պատասխանողներին ուղարկել է հայցադիմումը և կից նյութերը` սահմանված կարգով առարկություններն ու այն հաստատող փաստաթղթերը դատարան ուղարկելու համար: Միաժամանակ պատասխանողներին ուղարկվել է ծանուցում դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

5) Պատասխանողներին ուղարկված նամակը վերադարձվել է դատարան «տվյալ հասցեում չեն ապրում: (Բնակարանը պատկանում է պետությանը) (հարևանների հավաստմամբ) 14.04.06.» գրառմամբ և ստորագրությամբ:

6) 28.08.2006 թվականին Ալվինա Կազկոն մահացել է (մահվան վկայականը ներկայացվել է բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ծանուցում): Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու մասին:

Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռնված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում:

Սույն գործով հաստատված փաստերից հետևում է, որ դատարանը 06.04.2006 թվականին հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել 2006 թվականի ապրիլի 25-ին: Նույն օրվա դատական նիստում դատարանը, պատճառաբանելով, որ «դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված պատասխանողներ Ալվինա և Լիանա Կազկոն, Արամ, Ֆրունզիկ և Նարեկ Մարկոսյանները չներկայացան դատարան», որոշել է գործը քննել պատասխանողների բացակայությամբ:

Մինչդեռ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատասխանող Լիանա Կազկոյին` որպես նաև անչափահասներ Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների օրինական ներկայացուցչի, պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրանց բացակայությամբ ու վճիռ կայացրել:

Դատավարական նորմի նման խախտումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջին համապատասխան, դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները, պատասխանողներ Լիանա Կազկոյին, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններին զրկել է դատարանում իրենց դատավարական իրավունքներից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է նրանց` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:

 

2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.

Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանություններին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը քննվել և վճիռը կայացվել է պատասխանողներ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների դատավարական իրավունքների սահմանափակումների պայմաններում, որի արդյունքում նրանց փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձվել: Հետևաբար, այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի կողմից քննության առարկա:

Բողոք բերած անձի կողմից ՀՀ Սահմանադրության 24-րդ և 34-րդ հոդվածները, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը դատարանի կողմից չկիրառելու մասին բողոքի հիմքի հիմնավորումները ներկայացրած չլինելու պատճառաբանությամբ դրանք չեն կարող քննության առարկա դառնալ:

 

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2236 (Ա)
Որոշում