ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ավան և Նոր Նորք համայնքների Քաղաքացիական գործ թիվ 3-2125 (Ա)
առաջին ատյանի դատարանի վճիռ 2006թ.
քաղաքացիական գործ թիվ 2-3505-2006թ.
նախագահող դատավոր` Մ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ըստ Արփենիկ Ոսկանյանի դիմումի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` դիմողը պահանջել է հաստատել Արփենիկ Ոսկանյանի Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 16 տան հասցեում գտնվող 0.045 հա հողամասի սեփականության իրավունքով տիրապետման փաստը:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Վճռվել է հաստատել Արփենիկ Ոսկանյանի կողմից Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 16 տան հասցեում գտնվող 0.045հա հողամասը սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Արփենիկ Ոսկանյանը ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
1/ Դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչի արդյունքում թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
նշված հասցեում առկա է 29.9 քմ մակերեսով ինքնակամ կառույց, հետևաբար դատարանը պարտավոր էր գործը քննել հայցային վարույթի կարգով և ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն գործի քննությանը մասնակից դարձներ հողամասի սեփականատիրոջ լիազորություններն իրականացնող սուբյեկտին` Երևանի քաղաքապետին:
Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածը կիրառելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 16 տան հասցեում գտնվող 0.045 հա հողամասը տրամադրվել է Արփենիկ Ոսկանյանի ամուսնուն` Խաչիկ Ոսկանյանին: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 254 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 29.9 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մերժվել է` իրավունքը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու հիմքով: Դատարանը պետք է գործին մասնակից դարձներ կադաստրի ներկայացուցչին, գործը քններ հայցային վարույթի կանոններով, դիմումատուին հնարավորություն ընձեռելով վիճարկելու պաշտոնատար անձի գործողությունները:
Այսինքն, դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Երևանի քաղաքապետի, ինչպես նաև կադաստրի մարմնի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
ա/ Արփենիկ Ոսկանյանի ամուսնուն` Խաչիկ Ոսկանյանին 1957-59 թվականներին հատկացվել է 0.045հա հողամաս` անհատական կարգով բնակարան կառուցելու համար:
բ/ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճռով բավարարվել է Արփենիկ Ոսկանյանի դիմումն` ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և 05.05.1993 թվականին մահացած ամուսնու` Խաչիկ Ոսկանյանի ժառանգական գույքի` Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 16 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
գ/ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 09.03.2005 թվականին վերը նշված վճռից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու մասին Ա.Ոսկանյանի դիմումը մերժվել է իրավունքը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու հիմքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Նշված օրենսգրքի համաձայն` բնակելի տան շինարարության համար տրամադրված հողամասն անհատույց կարգով սեփականության իրավունքով թողնվել է Խ.Ոսկանյանին: Փաստորեն, Խ.Ոսկանյանն օրենքի ուժով նշված հողամասի սեփականատեր է դարձել, հետևաբար հողամասը կազմել է վերջինիս ժառանգական զանգվածի մասը:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճռով Ա.Ոսկանյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած Երևանի Ավան, 7-րդ փողոցի թիվ 16 տան նկատմամբ և վերջինս այդ հիմքով դարձել է տան սեփականատեր:
Հողամասը քաղաքացու սեփականության ներքո գտնվելու պայմաններում անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, քանի որ սույն գործի փաստերից ելնելով դատարանը Երևանի քաղաքապետի և կադաստրի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ չի կայացրել:
ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ սույն գործի հիմքում ընկած հարաբերությունների վրա նշված հոդվածը չի տարածվում այն պատճառաբանությամբ, որ վիճելի հողամասի հատկացումը 1957-59 թվականների ընթացքում կատարվել է այդ պահին գործող օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Տվյալ դեպքում, երբ տունը և հողամասը գտնվում են Ա.Ոսկանյանի սեփականության ներքո, իրավունքի մասին վեճն առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը Վճռաբեկ դատարանը կիրառելի չի համարում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ