ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
i
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԲԵՌՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԲԱՆ
Պայմանավորվող կողմերը,
ցանկանալով բարելավել բեռների միջազգային փոխադրումները,
նկատի ունենալով սահմաններով բեռների անցկացմանը աջակցելու անհրաժեշտությունը,
նշելով, որ հսկողության միջոցները սահմաններում իրականացնում են հսկողության տարբեր ծառայություններ,
ընդունելով, որ հսկողության այդ տեսակների իրականացման պայմանները կարող են զգալի չափով համաձայնեցվել առանց դրանց նպատակներին, դրանց պատշաճ անցկացմանը վնաս հասցնելու և առանց դրանց արդյունավետության նվազեցման,
համոզված լինելով, որ սահմանային հսկողության անցկացման պայմանների համաձայնեցումը իրենից ներկայացնում է այդ նպատակների ձեռքբերման համար կարևոր միջոցներից մեկը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Կոնվենցիային համապատասխան`
ա) «մաքսատուն» նշանակում է պետական ծառայություն, որը պատասխանատվություն է կրում մաքսային օրենսդրության կատարման ապահովման և ներմուծման ու արտահանման տուրքերի և հարկերի հավաքման, ինչպես նաև բեռների ներմուծմանը, տարանցմանը և արտահանմանը վերաբերող այլ օրենքների և կանոնների կիրառման համար,
բ) «մաքսային հսկողություն» նշանակում է օրենքների և կանոնների կատարման ապահովման նպատակներով կիրառվող միջոցներ, որոնց պահպանման համար պատասխանատվություն են կրում մաքսատները,
գ) «բժշկասանիտարական հսկողություն» նշանակում է մարդկանց կյանքի և առողջության պահպանության նպատակներով իրականացվող հսկողություն, բացառությամբ անասնաբուժական հսկողության,
դ) «անասնաբուժական հսկողություն» նշանակում է մարդկանց և կենդանիների կյանքի և առողջության պաշտպանության նպատակով կենդանիների և կենդանական ծագման ապրանքների նկատմամբ իրականացվող սանիտարական, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող առարկաների կամ բեռների նկատմամբ հսկողություն,
ե) «ֆիտոսանիտարական հսկողություն» նշանակում է պետական սահմաններով բույսերի և բուսական ծագման ապրանքների վնասատուների տարածման և փոխադրման կանխարգելմանն ուղղված հսկողություն,
զ) «հսկողություն տեխնիկական չափանիշների համապատասխանության» նշանակում է հսկողություն համապատասխան օրենքներով և կանոններով սահմանված միջազգային կամ ազգային չափանիշների նվազագույն պահանջներին բեռների համապատասխանության ապահովման նկատմամբ,
է) «որակի հսկողություն» նշանակում է վերոհիշյալներից տարբերվող ցանկացած այլ հսկողություն, որն իրականացվում է համապատասխան օրենքներով և կանոններով սահմանված որակի միջազգային կամ ազգային նվազագույն ցուցանիշներին բեռների համապատասխանության ապահովման նպատակով,
թ) «հսկողության ծառայություն» նշանակում է ցանկացած ծառայություն, որի վրա դրված է հսկողության վերոհիշյալ բոլոր կամ որոշ տեսակների իրականացման պարտականությունը կամ հսկողության ցանկացած այլ տեսակները, որոնց պարբերաբար ենթարկվում են ներմուծման, արտահանման կամ տարանցման բեռները:
ՀՈԴՎԱԾ 2. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ
Բեռների միջազգային փոխադրման դյուրացման նպատակով սույն Կոնվենցիան նպատակ ունի կրճատել ձևականությունների պահպանման նկատմամբ պահանջները, ինչպես նաև հսկողության տեսակները և տևողությունը, մասնավորապես, հսկողության ընթացակարգերի և դրանց կիրառման մեթոդների ազգային և միջազգային համակարգման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 3. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է մեկ կամ ավել ծովային, օդային կամ ցամաքային սահման հատող բոլոր բեռների ներմուծման, արտահանման կամ տարանցման դեպքում:
2. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող կողմերի հսկողության բոլոր ծառայությունների նկատմամբ:
ԳԼՈՒԽ 2
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հնարավորության սահմաններում կազմակերպել մաքսային և հսկողության այլ ծառայությունների համաձայնեցված աշխատանքը:
ՀՈԴՎԱԾ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հսկողության ծառայությունների պատշաճ գործունեության ապահովման համար, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որպեսզի տվյալ ծառայությունները հնարավորության դեպքում և ազգային օրենսդրության շրջանակներում իրենց տրամադրության տակ ունենան.
ա) բավարար քանակով որակյալ անձնակազմ, հաշվի առնելով փոխադրումների պահանջարկը,
բ) սարքավորումներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են ստուգում անցկացնելու համար, հաշվի առնելով հսկողության ենթակա տրանսպորտի և բեռների տեսակը և փոխադրումների պահանջարկը,
գ) պաշտոնական հրահանգներ պաշտոնատար անձանց համար` նրանց միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին, ինչպես նաև ազգային գործող կարգադրություններին գործելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սույն Կոնվենցիայի նպատակների ձեռքբերման համար Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համագործակցել միմյանց հետ և իրականացնել անհրաժեշտ համագործակցության իրավասու միջազգային մարմինների հետ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձգտել կնքելու նոր բազմակողմ կամ երկկողմ պայմանագրեր կամ համաձայնագրեր:
ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ընդհանուր ցամաքային սահմանի հատման բոլոր դեպքերում շահագրգիռ Պայմանավորվող կողմերը, երբ դա հնարավոր է, ձեռնարկում են բեռների փոխադրման դյուրացման համար համապատասխան միջոցներ, մասնավորապես`
ա) նրանք գործադրում են բոլոր ջանքերը բեռների և փաստաթղթերի համատեղ հսկողության կազմակերպման համար` համատեղ օգտագործվող սարքավորման տեղադրման միջոցով,
բ) նրանք գործադրում են բոլոր ջանքերը այն բանի ապահովման համար, որպեսզի համանման լինեն.
սահմանային պահակակետերի, այդ պահակակետերում իրենց գործունեությունը իրականացնող հսկողության ծառայության աշխատաժամերը,
բեռների տեսակները, տրանսպորտային միջոցները և միջազգային տարանցման համակարգերը, որոնք կարող են ընդունվել կամ օգտագործվել այդ երկրներում:
ՀՈԴՎԱԾ 8. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Պայմանավորվող կողմերը, համապատասխան խնդրանքի առկայության դեպքում, փոխանակում են տեղեկություն, որը, հավելվածներում նշված պայմաններին համապատասխան, անհրաժեշտ է սույն Կոնվենցիայի կիրառման համար:
ՀՈԴՎԱԾ 9. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Պայմանավորվող կողմերը կձգտեն իրենց միջև և իրավասու միջազգային մարմինների հետ փոխհարաբերություններում լայնորեն օգտագործել Միավորված ազգերի կազմակերպության նմուշ-օրինակին համապատասխան կազմված փաստաթղթեր:
2. Պայմանավորվող կողմերը ընդունում են ցանկացած համապատասխան տեխնիկական գործընթացի օգտագործմամբ պատրաստված փաստաթղթեր, պայմանով, որ նրանք համապատասխանում են իրենց ձևին, նույնականությանը և վավերականությանը վերաբերող պաշտոնական կանոններին, ինչպես նաև պայմանով, որ դրանք հեշտությամբ կարդացվում և հասկացվում են:
3. Պայմանավորվող կողմերը ապահովում են, որպեսզի անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստվեն և հաստատվեն, համաձայն համապատասխան օրենսդրությանը:
ԳԼՈՒԽ 3
ՏԱՐԱՆՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 10. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերը, ըստ հնարավորության, համաձայնում են կիրառել տարանցիկ բեռների նկատմամբ պարզ և արագացված ռեժիմ, հատկապես միջազգային մաքսային տարանցման համակարգին համապատասխան փոխադրվող բեռների նկատմամբ` նախատեսելով դրանց հսկողության իրականացումը միայն այն դեպքերում, երբ դա արդարացված է ստեղծված հանգամանքներով կամ ռիսկերով: Բացի այդ, նրանք նկատի են ունենում դեպի ծով ելք չունեցող երկրների դրությունը: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը ավելացնելու ժամանակի տևողությունը, որի ընթացքում կարող է կատարվել միջազգային մաքսային տարանցման որևէ համակարգին համապատասխան փոխադրվող բեռների մաքսային տուրքի վճարման համար հանձնում և այդ բնագավառում գոյություն ունեցող մաքսատների իրավասության ընդլայնում:
2. Նրանք գործադրում են բոլոր ջանքերը բավարար անվտանգություն ապահովող բեռնարկղերում կամ այլ փաթեթավորման միջոցներում տեղափոխվող բեռների տարանցումը առավելագույնս դյուրացնելու համար:
ԳԼՈՒԽ 4
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ
1. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խոչընդոտում հասարակական կարգի նկատառումներով ներմուծման, արտահանման կամ տարանցման նկատմամբ արգելքներ կամ սահմանափակումներ մտցնելուն, և, մասնավորապես, հասարակական անվտանգության, բարոյականության և առողջապահության կամ շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության կամ արդյունաբերական, առևտրային և մտավոր սեփականության պահպանության նպատակներով:
2. Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերը ձգտում են վերոհիշյալ` 1-ին կետում հիշատակված միջոցների կիրառման հետ կապված հսկողության տեսակների նկատմամբ, երբ դա հնարավոր է առանց վնասելու հսկողության նման տեսակների արդյունավետությանը, համար վնասի, կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես, 6-ից 9-րդ հոդվածների դրույթները:
ՀՈԴՎԱԾ 12. ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋՈՑՆԵՐ
1. Արտակարգ միջոցները, որոնք Պայմանավորվող կողմերը ստիպված կարող են մտցնել հատուկ հանգամանքների բերումով, պետք է համապատասխանեն դրանց կիրառումը առաջացրած պատճառներին և այդ պատճառների վերացման դեպքում դրանց իրականացումը պետք է դադարեցվի կամ վերացվի:
2. Բոլոր դեպքերում, երբ դա վնաս չի հասցնում այդ միջոցների արդյունավետությանը, Պայմանավորվող կողմերը հրապարակում են այդպիսի միջոցների վերաբերյալ համապատասխան դրույթներ:
ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
1. Սույն Կոնվենցիային կից Հավելվածները հանդիսանում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը:
2. Հսկողության այլ տեսակներին վերաբերող նոր հավելվածները կարող են ներառվել սույն Կոնվենցիայում` 22-րդ և 24-րդ հոդվածներում սահմանված ընթացակարգին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 14. ԱՅԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Առանց վնաս հասցնելու 6-րդ հոդվածի դրույթներին, սույն Կոնվենցիան չի ազդում այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը կնքել են նախքան տվյալ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր դառնալը:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում ավելի լայն արտոնությունների կիրառմանը, որոնք երկու կամ ավելի Պայմանավորվող կողմեր կցանկանան տրամադրել միմյանց և չի ոտնահարում 16-րդ հոդվածում հիշատակված տնտեսական ինտեգրացիայի բնագավառում տարածաշրջանային կազմակերպությունների իրավունքները, իրենց ներքին սահմաններում հսկողության նկատմամբ իր օրենսդրությունը կիրառել, պայմանով, որ դա ոչ մի ձևով չի նվազեցնում սույն Կոնվենցիայից բխող արտոնությունների ծավալը:
ՀՈԴՎԱԾ 16. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ
1. Սույն Կոնվենցիան, որը ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, բաց է մասնակցության համար բոլոր պետությունների և ինքնիշխան պետություններից բաղկացած տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների համար, որոնք իրավասու են սույն Կոնվենցիայում նախատեսված հարցերին վերաբերող միջազգային համաձայնագրերի բանակցությունների վարելու, կնքելու և կիրառելու առնչությամբ:
2. 1-ին կետում հիշատակված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները, իրենց իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ, իրենց անունից կարող են տվյալ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր հանդիսացող անդամ պետությունների համար սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ իրականացնել և պարտավորություններ կատարել: Այդպիսի դեպքերում նման կազմակերպությունների անդամ պետությունները չեն կարող ինքնուրույն իրականացնել այդ իրավունքները, ներառյալ` քվեարկության իրավունքը:
3. Պետությունները և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային վերոհիշյալ կազմակերպությունները կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`
ա) ստորագրումից հետո` վավերագրի ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով, կամ
բ) միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով:
4. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար բոլոր պետությունների և 1-ին կետում հիշատակված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում 1983 թվականի ապրիլի 1-ից մինչև 1984 թվականի մարտի 31-ը ներառյալ:
5. 1983 թվականի ապրիլի 1-ից Կոնվենցիան բաց է նաև միանալու համար:
6. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 17. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ պետությունների կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման մասին իրենց փաստաթղթերը ի պահ տալու օրվանից երեք ամիս հետո:
2. Այն բանից հետո, երբ հինգ պետությունների կողմից ի պահ կհանձնվեն վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը, սույն Կոնվենցիան մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:
3. Սույն Կոնվենցիայի ցանկացած ուղղման ուժի մեջ մտնելուց հետո վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին ի պահ տրված ցանկացած փաստաթուղթ վերաբերում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին:
4. 22-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան, որևէ ուղղման ընդունումից հետո ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ, մինչև դրա ուժի մեջ մտնելը, համարվում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին վերաբերող այդ ուղղման ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 18. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումը ստանալու օրվանից 6 ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 19. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Եթե սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների թիվը հինգից պակաս լինի հաջորդական տասներկու ամիսներից բաղկացած ցանկացած ժամանակաշրջանում, ապա վերոհիշյալ տասներկուամսյա ժամկետի ավարտից հետո սույն Կոնվենցիան ուժը կորցնում է:
ՀՈԴՎԱԾ 20. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ ըստ հնարավորության լուծվում է նրանց միջև բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցներով, կողմերից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային դատարան, որը կազմվում է հետևյալ կերպ. վեճի յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկ իրավարար, իսկ այդ իրավարարները նշանակում են երրորդին, որը դառնում է դատարանի նախագահը: Եթե խնդրանքը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը իրավարար չի նշանակել կամ իրավարարները չեն կարողացել ընտրել նախագահ, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` իրավարար կամ արբիտրաժային դատարանի նախագահ նշանակելու խնդրանքով:
3. 2-րդ կետի դրույթներին համապատասխան նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը վերջնական է և պարտադիր ուժ ունի վեճի կողմերի համար:
4. Արբիտրաժային դատարանը սահմանում է ընթացակարգի իր կանոնները:
5. Արբիտրաժային դատարանը իր որոշումները ընդունում է ձայների մեծամասնությամբ` վեճի կողմերի միջև գոյություն ունեցող պայմանագրերի և ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա:
6. Արբիտրաժային որոշման մեկնաբանման և կատարման վերաբերյալ վեճի կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխանցել այդ որոշումն ընդունած արբիտրաժային դատարանի քննարկմանը:
7. Վեճի յուրաքանչյուր կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի և արբիտրաժային դատաքննությանը կից իր ներկայացուցիչների ծառայությունների օգտագործման հետ կապված ծախսերը: Նախագահի և այլ ծառայությունների օգտագործման հետ կապված ծախսերը վեճի կողմերը կրում են հավասար չափով:
ՀՈԴՎԱԾ 21. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-ից 7-րդ կետերով: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի այդ կետերով` նման վերապահում արած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, վերապահում արած ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահին հանել այդ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված վերապահումների, սույն Կոնվենցիայի վերաբերյալ որևէ այլ վերապահում չի թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 22. ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն Կոնվենցիայում ուղղումները, ներառյալ դրանց կից հավելվածները, կարող են ներկայացվել ցանկացած Պայմանավորվող կողմի առաջարկությամբ` սույն հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայում առաջարկված ցանկացած ուղղում քննարկվում է բոլոր Պայմանավորվող կողմերից բաղկացած Վարչական կոմիտեի կողմից` 7-րդ հավելվածում շարադրված ընթացակարգի կանոններին համապատասխան: Ցանկացած նման ուղղում, որը քննարկվել կամ մշակվել է Վարչական կոմիտեի նիստի ընթացքում և ստացել է նրա հավանությունը, ընդունման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերին:
3. Նախկին կետին համապատասխան ուղարկված ցանկացած առաջարկված ուղղում բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում նախատեսվող ուղղման մասին հայտնելու տարեթվից հետո տասներկուամսյա ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամիս հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմ հանդիսացող որևէ պետությունից կամ սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների համապատասխան գործող տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունից չի ստացել առաջարկված ուղղման դեմ որևէ առարկություն:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացված ուղղման դեմ առարկության դեպքում, ուղղումը ընդունված չի համարվում և նրա հետ կապված որևէ միջոց չի ձեռնարկվում:
ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՐՑՈՒՄՆԵՐ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին 22-րդ հոդվածին համապատասխան արված բոլոր հարցումների, հաղորդումների կամ առարկությունների և յուրաքանչյուր ուղղման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
ՀՈԴՎԱԾ 24. ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի հետո ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով խնդրել համաժողով հրավիրել սույն Կոնվենցիայի վերանայման նպատակով, նշելով այդ համաժողովի քննարկմանը ներկայացվող առաջարկությունները: Այդ դեպքում.
ա) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է դրանց մասին բոլոր Պայմանավորվող կողմերին և առաջարկում նրանց եռամսյա ժամկետում նախնական առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել իրենց դիտողությունները, ինչպես նաև այլ առաջարկություններ, որոնց քննարկումը համաժողովում նրանց համար ցանկալի է,
բ) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հայտնում է բոլոր Պայմանավորվող կողմերին ցանկացած արած առաջարկությունների տեքստը և վերանայման համաժողով է հրավիրում, եթե ծանուցումից հետո վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը ծանուցում է նրան նման համաժողով հրավիրելու իր համաձայնության մասին,
գ) սակայն եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ վերանայման մասին առաջարկությունը կարելի է դիտել որպես 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ուղղում մտցնելու մասին առաջարկություն, ապա առաջարկություն կատարած Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, նա կարող է վերանայման ընթացակարգի փոխարեն ձեռնամուխ լինել 22-րդ հոդվածում նախատեսված ուղղումներ մտցնելու ընթացակարգին:
ՀՈԴՎԱԾ 25. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Բացի 23-րդ և 24-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումների և հաղորդումների, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր պետություններին.
ա) 16-րդ հոդվածին համապատասխան, ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին,
բ) 17-րդ հոդվածին համապատասխան, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարեթվերի մասին,
գ) 18-րդ հոդվածին համապատասխան, չեղյալ հայտարարումների մասին,
ե) 19-րդ հոդվածին համապատասխան, սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին,
զ) 21-րդ հոդվածին համապատասխան, արված վերապահումների մասին:
ՀՈԴՎԱԾ 26. ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԱՏՃԵՆՆԵՐ
1984 թվականի մարտի 31-ից հետո Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի պատշաճորեն հաստատված երկու պատճենները ուղարկում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին և բոլոր Պայմանավորվող կողմեր չհանդիսացող պետություններին:
Կատարված է Ժնև քաղաքում 1982 թվականի հոկտեմբերի 21-ին, մեկ բնօրինակով` անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Ի վկայություն որի` պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Հավելված 1
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1. Հաշվի առնելով բոլոր սահմանների վրա մաքսատների առկայությունը և դրանց աշխատանքի ընդհանուր բնույթը, հսկողության այլ տեսակների կազմակերպումը, ըստ հնարավորության, համակարգվում է մաքսային հսկողության հետ:
2. Այդ սկզբունքի կատարման համար, անհրաժեշտության դեպքում, թույլատրվում է հսկողության բոլոր կամ առանձին տեսակները ոչ սահմանի վրա, պայմանով, որ օգտագործվող ընթացակարգերը օժանդակում են բեռների միջազգային փոխադրումների դյուրացմանը:
ՀՈԴՎԱԾ 2
1. Մաքսատունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա իրավաբանական կարգադրությունների կամ կանոնների մասին, որոնք կարող են պահանջել մաքսայինից տարբեր հսկողության այլ տեսակների իրականացում:
2. Եթե սահմանված է հսկողության այլ տեսակների իրականացման անհրաժեշտությունը, մաքսատունը ապահովում է, որպեսզի մասնակից ծառայությունները տեղեկացված լինեն դրա մասին և համագործակցում են նրանց հետ:
ՀՈԴՎԱԾ 3. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Անհրաժեշտության դեպքում, մի վայրում հսկողության մի քանի տեսակներ անցկացնելիս, իրավասու ծառայությունները ձեռնարկում են բոլոր պատշաճ միջոցները նրա համար, որպեսզի, ըստ հնարավորության, դրանք անցկացնեն միաժամանակ և հնարավորին սեղմ ժամկետներում: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը նրա համար, որպեսզի համակարգեն իրենց պահանջմունքները փաստաթղթերում և տեղեկատվությունում:
2. Մասնավորապես, իրավասու ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, ապահովելու անհրաժեշտ անձնակազմ և սարքավորումներ այն վայրում, որտեղ անցկացվում է հսկողությունը:
3. Մաքսատները կարող են, իրավասու ծառայությունների կողմից իրենց ուղղակի ձևով լիազորությունների տրամադրման դեպքում, նրանց անունից կատարել հսկողության բոլոր կամ որոշ տեսակներ, որոնց կատարման համար պատասխանատվություն կրում են այդ ծառայությունները: Այդ դեպքում, այդ ծառայությունները ապահովում են, որպեսզի մաքսատներին փոխանցվեն բոլոր անհրաժեշտ միջոցները:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. Սույն Կոնվենցիայով ընդգրկվող բոլոր հարցերով հսկողության ծառայությունները և մաքսատները անհապաղ փոխանակում են ամբողջ համապատասխան տեղեկությունը` հսկողության համապատասխան տեսակների արդյունավետությունը ապահովելու նպատակով:
2. Անցկացված հսկողության արդյունքների հիման վրա իրավասու ծառայությունը որոշում է ընդունում այն մասին, թե ինչպես վարվել տվյալ բեռի հետ և, անհրաժեշտության դեպքում, տեղեկացնում է դրա մասին հսկողության այլ տեսակներ անցկացնող իրավասու ծառայություններին: Այդ որոշման հիման վրա մաքսատունը սահմանում է նման բեռի համար համապատասխան մաքսային ռեժիմ:
Հավելված 2
ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Բժշկասանիտարական հսկողությունը, որտեղ այն իրականացվի, կատարվում է սույն Կոնվենցիայում և, մասնավորապես, դրան կից 1-ին հավելվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պահվում է, որ ցանկացած շահագրգիռ անձի անհապաղ տրամադրվի հետևյալ տեղեկությունները.
բժշկասանիտարական հսկողությանը ենթակա բեռների մասին`
վայրերի մասին, որտեղ տվյալ բեռները կարող են հսկողության համար ներկայացվել,
բժշկասանիտարական հսկողության վերաբերյալ օրենսդրական ակտերով և կանոններով նախատեսված պահանջների մասին, ինչպես նաև սովորաբար կիրառելի ընթացակարգերի մասին:
ՀՈԴՎԱԾ 3. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Հսկողության ծառայությունները հետևում են նրան, որպեսզի սահմանային պահակակետերը, որտեղ կարող է անցկացվել բժշկասանիտարական հսկողություն, զինվեն անհրաժեշտ սարքավորումներով:
2. Բժշկասանիտարական հսկողությունը կարող է իրականացվել նաև երկրի ներսում տեղադրված կետերում, եթե ներկայացված վկայությունները և փոխադրման միջոցը պարզ վկայում են այն մասին, որ բեռները փոխադրման ժամանակ չեն կարող փչանալ կամ դառնալ վարակի աղբյուր:
3. Գործող կոնվենցիաների շրջանակներում Պայմանավորվող կողմերը ձգտում են, հնարավորության դեպքում, կրճատել շուտ փչացող փոխադրվող բեռների ֆիզիկական հսկողությունը:
4. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է բեռները պահել մինչև բժշկասանիտարական հսկողության արդյունքների ստացումը, Պայմանավորվող կողմերի հսկողության իրավասու ծառայությունները միջոցներ են ձեռնարկում նրա համար, որպեսզի բեռները պահվեն դրանց պահպանությունը ապահովող պայմաններում` պահպանելով մաքսային ձևականությունների նվազագույնը:
ՀՈԴՎԱԾ 4. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
Գործող կոնվենցիաների շրջանակներում, եթե գոյություն չունի վարակի վտանգ, Պայմանավորվող կողմերը, հնարավորության դեպքում, ազատում են տարանցիկ բեռները բժշկասանիտարական հսկողությունից:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Բժշկասանիտարական ծառայությունները համագործակցություն են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան ծառայությունների հետ` բժշկասանիտարական հսկողության ենթակա շուտ փչացող բեռների սահմանի անցման արագացման նպատակով, մասնավորապես, օգտակար տեղեկության փոխանակման միջոցով:
2. Այն դեպքերում, երբ շուտ փչացող բեռների խմբաքանակի բժշկասանիտարական հսկողությունը ձգձգվում է, իրավասու ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի, հնարավորին սեղմ ժամկետներում, տեղեկացնի արտահանող երկրի համապատասխան ծառայությանը այդ ձգձգման պատճառների և բեռների հետ կապված ձեռնարկված միջոցների մասին:
Հավելված 3
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Անասնաբուժական հսկողությունը, որտեղ որ այն իրականացվի, կատարվում է սույն Կոնվենցիայում և, մասնավորապես, դրան կից 1-ին հավելվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «դ» ենթակետում սահմանված անասնաբուժական հսկողությունը, ներառում է նաև կենդանիների և կենդանական ծագում ունեցող ապրանքների փոխադրման միջոցների և պայմանների նկատմամբ հսկողությունը: Այն կարող է նաև ներառել որակի, չափանիշների և տարբեր կանոնների նկատմամբ հսկողությունը, օրինակ, վերացման վտանգի տակ գտնվող տեսակների նկատմամբ հսկողությունը, որը, արդյունավետության նկատառումներով, հաճախ կապված է անասնաբուժական հսկողության հետ:
ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որպեսզի ցանկացած շահագրգիռ անձի անհապաղ տրամադրվեն հետևյալ տեղեկությունները.
անասնաբուժական հսկողությանը ենթակա բեռների մասին,
վայրերի մասին, որտեղ տվյալ բեռները կարող են հսկողության համար ներկայացվել,
հիվանդությունների մասին, որոնց մասին ծանուցումը պարտադիր է,
անասնաբուժական հսկողության վերաբերյալ օրենսդրական ակտերով և կանոններով նախատեսված պահանջների մասին, ինչպես նաև սովորաբար կիրառելի ընթացակարգերի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը ձգտում են.
ստեղծել անասնաբուժական հսկողության համապատասխան սարքեր, այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և հնարավոր, փոխադրումների պահանջներին համապատասխան,
աջակցել բեռների տեղափոխմանը, մասնավորապես, անասնաբուժական և մաքսային ծառայությունների աշխատանքային ժամերի համակարգման և աշխատանքի սովորական գրաֆիկով չնախատեսված ժամերին բեռների մաքսային հսկողություն կատարելու հնարավորության ապահովման միջոցով, եթե դրանց ժամանման մասին ծանուցումը կատարվել է նախապես:
2. Կենդանական ծագման ապրանքների անասնաբուժական հսկողությունը կարող է կատարվել երկրի ներսում տեղադրված կետերում, եթե ապացուցվի, և, եթե օգտագործվող տրանսպորտային միջոցները այնպիսին են, որ այդ ապրանքները չեն կարող փչանալ կամ դրանց փոխադրման ժամանակ չեն կարող դառնալ վարակի աղբյուր:
3. Գործող կոնվենցիաների շրջանակներում Պայմանավորվող կողմերը ձգտում են, ըստ հնարավորության, կրճատել շուտ փչացող բեռների ֆիզիկական հսկողությունը:
4. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է բեռները պահել մինչև անասնաբուժական հսկողության արդյունքների ստացումը, Պայմանավորվող կողմերի հսկողության իրավասու ծառայությունները միջոցներ են ձեռնարկում` իրականացնելու բեռների պահպանությունը մաքսային ձևականությունների նվազագույնի պահպանմամբ և դրանց վստահելի կարանտինը և պահպանությունը ապահովող պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
Գործող կոնվենցիաների շրջանակներում Պայմանավորվող կողմերը այն դեպքերում, երբ գոյություն չունի վարակի վտանգ, հնարավորության դեպքում, ազատում են տարանցիկ փոխադրվող կենդանական ծագում ունեցող ապրանքները անասնաբուժական հսկողությունից:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Անասնաբուժական հսկողության ծառայությունները համագործակցություն են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան ծառայությունների հետ` անասնաբուժական հսկողության ենթակա բեռների սահմանի անցման արագացման նպատակով, մասնավորապես, օգտակար տեղեկության փոխանակման միջոցով:
2. Այն դեպքերում, երբ շուտ փչացող բեռների կամ կենդանիների խմբաքանակի անասնաբուժական հսկողությունը ձգձգվում է, իրավասու ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի, հնարավորին սեղմ ժամկետներում, տեղեկացնի արտահանող երկրի համապատասխան ծառայությանը այդ ձգձգման պատճառների և բեռների հետ կապված ձեռնարկված միջոցների մասին:
Հավելված 4
ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Ֆիտոսանիտարական հսկողությունը, որտեղ այն իրականացվի, կատարվում է սույն Կոնվենցիայում սահմանված սկզբունքներին համապատասխան և, մասնավորապես, դրան կից 1-ին հավելվածում:
ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «ե» ենթակետում սահմանված ֆիտոսանիտարական հսկողությունը, ներառում է նաև բույսերի և բուսական ծագում ունեցող ապրանքների փոխադրման միջոցների և պայմանների նկատմամբ հսկողությունը: Այն կարող է նաև ներառել վերացման վտանգի տակ գտնվող բույսերի տեսակների պահպանությունը:
ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որպեսզի ցանկացած շահագրգիռ անձի անհապաղ տրամադրվեն հետևյալ տեղեկությունները`
բեռների մասին, որոնց վրա տարածվում են հատուկ ֆիտոսանիտարական պայմաններ,
վայրերի մասին, որտեղ առանձին բույսեր և բուսական ծագում ունեցող ապրանքները կարող են հսկողության համար ներկայացվել,
բույսերի վնասատուների և բուսական ծագում ունեցող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ գործում են արգելանքներ կամ սահմանափակումներ,
ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ օրենսդրական ակտերով և կանոններով նախատեսված պահանջների մասին, ինչպես նաև տեղեկատվություն` սովորաբար կիրառելի ընթացակարգերի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը ձգտում են`
այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և հնարավոր, փոխադրումների պահանջներին համապատասխան ստեղծել ֆիտոսանիտարական հսկողության, պահպանման, դեզինսեկցիայի և ախտահանման համար համապատասխան սարքեր,
աջակցել բեռների տեղափոխմանը, մասնավորապես, անասնաբուժական և մաքսային ծառայությունների աշխատանքային ժամերի համակարգման և աշխատանքի սովորական ժամանակացույցով չնախատեսված ժամերին բեռների մաքսային հսկողություն կատարելու հնարավորության ապահովման միջոցով, եթե դրանց ժամանման մասին ծանուցումը կատարվել է նախապես:
2. Բույսերի և բուսական ծագում ունեցող ապրանքների ֆիտոսանիտարական հսկողությունը կարող է կատարվել երկրի ներսում տեղադրված կետերում, եթե ապացուցվի, և, եթե օգտագործվող տրանսպորտային միջոցները այնպիսին են, որ այդ ապրանքների փոխադրման ժամանակ չեն կարող դառնալ վարակի աղբյուր:
3. Գործող կոնվենցիաների շրջանակներում Պայմանավորվող կողմերը ձգտում են, ըստ հնարավորության, կրճատել փոխադրվող շուտ մահացող բույսերի և շուտ փչացող ապրանքների ֆիզիկական հսկողությունը:
4. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է բեռները պահել մինչև ֆիտոսանիտարական հսկողության արդյունքների ստացումը, Պայմանավորվող կողմերի հսկողության իրավասու ծառայությունները միջոցներ են ձեռնարկում` իրականացնելու բեռների պահպանությունը իրականացվի մաքսային ձևականությունների նվազագույնի պահպանմամբ և դրանց վստահելի կարանտինը և պահպանությունը ապահովող պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
Գործող կոնվենցիաների շրջանակներում, բացառությամբ դեպքերի, երբ նման միջոցներ անհրաժեշտ են իրենց երկրներում բույսերի պաշտպանության համար, Պայմանավորվող կողմերը, հնարավորության դեպքում, ազատում են տարանցիկ բեռները ֆիտոսանիտարական հսկողությունից:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Ֆիտոսանիտարական ծառայությունները համագործակցություն են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան ծառայությունների հետ` ֆիտոսանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական ծագում ունեցող ապրանքների սահմանի անցման արագացման նպատակով, մասնավորապես, օգտակար տեղեկության փոխանակման միջոցով:
2. Այն դեպքերում, երբ բույսերի կամ բուսական ծագում ունեցող ապրանքների խմբաքանակի ֆիտոսանիտարական հսկողությունը ձգձգվում է, իրավասու ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի, հնարավորին սեղմ ժամկետներում, տեղեկացնի արտահանող երկրի համապատասխան ծառայությանը այդ ձգձգման պատճառների և բեռների հետ կապված ձեռնարկված միջոցների մասին:
Հավելված 5
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Սույն Կոնվենցիայում նախատեսված բեռների վերաբերյալ տեխնիկական չափանիշների համապատասխանեցման նկատմամբ հսկողությունը, որտեղ այն իրականացվի, կատարվում է սույն Կոնվենցիայում և, մասնավորապես, դրան կից 1-ին հավելվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որպեսզի ցանկացած շահագրգիռ անձի անհապաղ տրամադրվեն հետևյալ տեղեկությունները.
իր կողմից կիրառվող չափանիշների մասին,
վայրերի մասին, որտեղ տվյալ բեռները կարող են հսկողության համար ներկայացվել,
տեխնիկական չափանիշների համապատասխանության հսկողության վերաբերյալ օրենսդրական ակտերով և կանոններով նախատեսված պահանջների մասին, ինչպես նաև սովորաբար կիրառելի ընթացակարգերի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 3. ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ
Միջազգային չափանիշների բացակայության դեպքում ազգային չափանիշներ կիրառող Պայմանավորվող կողմերը միջազգային համաձայնագրեր կնքելու միջոցով ջանքեր են գործադրում դրանց համաձայնեցման համար:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը ձգտում են.
այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և հնարավոր, փոխադրումների պահանջներին համապատասխան, ստեղծել տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողության կետեր,
աջակցել բեռների տեղափոխմանը, մասնավորապես, տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողության համար պատասխանատու ծառայությունների աշխատանքային ժամերի համակարգման և աշխատանքի սովորական ժամանակացույցով չնախատեսված ժամերին բեռների մաքսային հսկողություն կատարելու հնարավորության ապահովման միջոցով, եթե դրանց ժամանման մասին ծանուցումը կատարվել է նախապես:
2. Տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողությունը կարող է կատարվել երկրի ներսում տեղադրված կետերում, եթե ապացուցվի, և, եթե օգտագործվող տրանսպորտային միջոցները այնպիսին են, որ այդ ապրանքները, և մասնավորապես շուտ փչացող ապրանքները չեն կարող փչանալ դրանց փոխադրման ժամանակ:
3. Գործող կոնվենցիաների շրջանակներում Պայմանավորվող կողմերը ձգտում են, ըստ հնարավորության, կրճատել տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողության ենթակա փոխադրվող շուտ փչացող բեռների ֆիզիկական հսկողությունը:
4. Պայմանավորվող կողմերը կազմակերպում են տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողությունը, միշտ համաձայնեցնելով, երբ դա հնարավոր է, հսկողության այդ տեսակների համար պատասխանատու ծառայությունների կողմից կիրառվող ընթացակարգերը և հսկողության ու զննման այլ տեսակների անցկացման համար պատասխանատու ծառայությունների կողմից կիրառվող մյուս ընթացակարգերը:
5. Այն դեպքում, երբ շուտ փչացող բեռները պահվում են մինչև տեխնիկական չափանիշների համապատասխանության հսկողության արդյունքների ստացումը, Պայմանավորվող կողմերի հսկողության իրավասու ծառայությունները միջոցներ են ձեռնարկում նրա համար, որպեսզի բեռների պահպանությունը կամ տրանսպորտային միջոցների կանգառը իրականացվի մաքսային ձևականությունների նվազագույնի պահպանմամբ և բեռների պահպանությունը ապահովող պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
Տեխնիկական չափանիշների համապատասխանության հսկողությունը սովորաբար չի կատարվում միջանցիկ տարանցման ռեժիմում փոխադրվող բեռների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայությունները համագործակցում են մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան ծառայությունների հետ` տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողության ենթակա շուտ փչացող բեռների սահմանի անցման արագացման նպատակով, մասնավորապես, օգտակար տեղեկության փոխանակման միջոցով:
2. Այն դեպքերում, երբ շուտ փչացող ապրանքների խմբաքանակի տեխնիկական չափանիշների համապատասխանության նկատմամբ հսկողությունը ձգձգվում է, իրավասու ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի, հնարավորին սեղմ ժամկետներում, արտահանող երկրի համապատասխան ծառայությանը տեղեկացնի այդ ձգձգման պատճառների և բեռների հետ կապված ձեռնարկված միջոցների մասին:
Հավելված 6
ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Սույն Կոնվենցիայում նախատեսված բեռների որակի նկատմամբ հսկողությունը, որտեղ այն իրականացվի, կատարվում է սույն Կոնվենցիայում և, մասնավորապես, դրան կից 1-ին հավելվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որպեսզի ցանկացած շահագրգիռ անձի անհապաղ տրամադրվեն հետևյալ տեղեկությունները.
վայրերի մասին, որտեղ տվյալ բեռները կարող են հսկողության համար ներկայացվել,
որակի նկատմամբ հսկողության վերաբերյալ օրենսդրական ակտերով և կանոններով նախատեսված պահանջների մասին, ինչպես նաև սովորաբար կիրառելի ընթացակարգերի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 3. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը ձգտում են.
այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և հնարավոր, փոխադրումների պահանջներին համապատասխան, ստեղծել որակի նկատմամբ հսկողության կետեր,
աջակցել բեռների տեղափոխմանը, մասնավորապես, որակի նկատմամբ հսկողության ծառայությունների աշխատանքային ժամերի համակարգման և աշխատանքի սովորական ժամանակացույցով չնախատեսված ժամերին բեռների մաքսային հսկողություն կատարելու հնարավորության ապահովման միջոցով, եթե դրանց ժամանման մասին ծանուցումը կատարվել է նախապես:
2. Որակի հսկողությունը կարող է կատարվել երկրի ներսում տեղադրված կետերում, պայմանով, որ կիրառվող ընթացակարգերը օժանդակում են բեռների միջազգային փոխադրումներին:
3. Գործող կոնվենցիաների շրջանակներում, Պայմանավորվող կողմերը ձգտում են, ըստ հնարավորության, կրճատել որակի նկատմամբ հսկողության ենթակա փոխադրվող շուտ փչացող բեռների ֆիզիկական հսկողությունը:
4. Պայմանավորվող կողմերը կազմակերպում են որակի հսկողությունը, միշտ համաձայնեցնելով, երբ դա հնարավոր է, հսկողության այդ տեսակների համար պատասխանատու ծառայությունների կողմից կիրառվող ընթացակարգերը և հսկողության ու զննման այլ տեսակների անցկացման համար պատասխանատու ծառայությունների կողմից կիրառվող մյուս ընթացակարգերը:
ՀՈԴՎԱԾ 4. ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐ
Որակի նկատմամբ հսկողությունը միջանցիկ տարանցման ռեժիմում փոխադրվող բեռների նկատմամբ սովորաբար չի կատարվում:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Որակի նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայությունները համագործակցում են մյուս Պայմանավորվող կողմերի համապատասխան ծառայությունների հետ` որակի նկատմամբ հսկողության ենթակա շուտ փչացող բեռների սահմանի անցման արագացման նպատակով, մասնավորապես, օգտակար տեղեկության փոխանակման միջոցով:
2. Այն դեպքերում, երբ շուտ փչացող ապրանքների խմբաքանակի որակի նկատմամբ հսկողությունը ձգձգվում է, իրավասու ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի, հնարավորին սեղմ ժամկետներում, տեղեկացնի արտահանող երկրի համապատասխան ծառայությանը այդ ձգձգման պատճառների և բեռների հետ կապված ձեռնարկված միջոցների մասին:
Հավելված 7
ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 1. ԱՆԴԱՄՆԵՐ
Վարչական կոմիտեի անդամներն են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը:
ՀՈԴՎԱԾ 2. ԴԻՏՈՐԴՆԵՐ
1. Վարչական կոմիտեն կարող է որոշում ընդունել, հրավիրելու Պայմանավորվող կողմեր չհանդիսացող բոլոր պետությունների իրավասու վարչակազմերին կամ Պայմանավորվող կողմեր չհանդիսացող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` որպես դիտորդներ, ներկա լինելու Կոմիտեի նիստերին իրենց հետաքրքրող հարցերի քննարկման ժամանակ:
2. Այնուհանդերձ, առանց վնաս հասցնելու 1-ին հոդվածի դրույթներին, 1-ին կետում հիշատակված իրավասու միջազգային կազմակերպությունները իրավունք ունեն որպես դիտորդ մասնակցել Վարչական կոմիտեի աշխատանքին, սույն Կոնվենցիային կից հավելվածներով կարգավորվող հարցերի քննարկման ժամանակ:
ՀՈԴՎԱԾ 3. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոմիտեի քարտուղարության համար անձնակազմ հատկացնում է Եվրոպայի համար Տնտեսական կոմիտեի Գործադիր քարտուղարը:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՐԱՎԵՐ
Եվրոպայի համար Տնտեսական կոմիտեի Գործադիր քարտուղարը հրավիրում է Կոմիտեն.
ա) Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի անց,
բ) այնուհետև Կոմիտեի կողմից սահմանված ժամկետներում, սակայն առնվազն 5 տարին մեկ անգամ,
գ) Պայմանավորվող կողմեր հանդիսացող առնվազն 5 պետությունների իրավասու մարմինների խնդրանքով:
ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ
Իր յուրաքանչյուր նիստում Կոմիտեն ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ:
ՀՈԴՎԱԾ 6. ՔՎՈՐՈՒՄ
Որոշումների ընդունման համար անհրաժեշտ է քվորում, որը կազմում է Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների առնվազն մեկ երրորդը:
ՀՈԴՎԱԾ 7. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ա) Առաջարկությունները քվեարկության են դրվում:
բ) Նիստին ներկայացված Պայմանավորվող կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն:
գ) Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման դեպքում, սույն Կոնվենցիայի մասնակից հանդիսացող տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք նաև սույն Կոնվենցիայի մասնակից են, քվեարկության ժամանակ ունեն իրենց անդամ պետությունների ձայների ընդհանուր թվին հավասար ձայն: Այս վերջին դեպքում անդամ պետությունները չեն օգտվում իրենց ձայնի իրավունքից:
դ) Հաշվի առնելով ներքոհիշյալ «ե» կետում շարադրված դրույթները, առաջարկությունները ընդունվում են քվեարկությանը ներկա և մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` «բ» և «գ» ենթակետերում սահմանված պայմաններին համապատասխան:
ե) Սույն Կոնվենցիայում ուղղումները ընդունվում են քվեարկությանը ներկա և մասնակցող անդամների երկու երրորդի ձայների մեծամասնությամբ` «բ» և «գ» ենթակետերում սահմանված պայմաններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 8. ԶԵԿՈՒՅՑ
Նիստը փակելուց առաջ Կոմիտեն հաստատում է իր զեկույցը:
ՀՈԴՎԱԾ 9. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Հավելվածում, պատշաճ դրույթների բացակայության դեպքում, կիրառվում են Եվրոպայի համար Տնտեսական կոմիտեի ընթացակարգի կանոնները, եթե Կոմիտեն այլ որոշում չընդունի:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 8-ից: