Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը, հրավիրված 1972 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 21-ը` Փարիզում, իր տասնյոթերորդ նստաշրջանում`

նշելով, որ մշակութային և բնության ժառանգությանը գնալով ավելի մեծ ավերում է սպառնում ոչ միայն քայքայման ավանդական պատճառներով, այլև սոցիալական ու տնտեսական պայմանների փոփոխությամբ, որն իրավիճակը խորացնում է վնասի և ավերման է՛լ ավելի վտանգավոր երևույթներով,

համարելով, որ մշակութային կամ բնության ժառանգության ցանկացած օբյեկտի վնասվելը կամ անհետանալը հանդիսանում է աշխարհի բոլոր ժողովուրդների ժառանգության կործանարար աղքատացում,

համարելով, որ այդ ժառանգության պաշտպանությունն ազգային մակարդակով հաճախ լինում է ոչ լիարժեք` դրա համար պահանջվող մեծ ծախսերի և այն երկրի տնտեսական, գիտական ու տեխնիկական ռեսուրսների պակասի պատճառով, որի տարածքում գտնվում է պաշտպանության ենթակա արժեքը,

հիշելով, որ Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ այն կընդունի և կտարածի գիտելիք` մարդկության համընդհանուր ժառանգության պահպանումն ու պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև շահագրգիռ ազգերին միջազգային համապատասխան կոնվենցիաներ առաջարկելու միջոցով,

համարելով, որ մշակութային և բնության արժեքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային կոնվենցիաները, հանձնարարականներն ու բանաձևերը վկայում են բոլոր ժողովուրդների համար այս եզակի և անփոխարինելի արժեքների կարևորության մասին` անկախ նրանից, թե որ ժողովրդին են դրանք պատկանում,

համարելով, որ մշակութային և բնության ժառանգության որոշ արժեքներ ներկայացնում են բացառիկ հետաքրքրություն և այդ պատճառով պետք է պահպանվեն որպես համայն մարդկության համաշխարհային ժառանգության մաս,

համարելով, որ դրանց սպառնացող նոր վտանգների ծավալն ու լրջությունը հաշվի առնելով` միջազգային ողջ հանրության պարտքն է մասնակցել բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող բնության և մշակութային ժառանգության պաշտպանությանը` տրամադրելով կոլեկտիվ օգնություն, որը, չփոխարինելով շահագրգիռ պետության գործունեությանը, արդյունավետ կերպով կլրացնի այն,

համարելով, որ այդ նպատակով անհրաժեշտ է ընդունել կոնվենցիայի տեսքով նոր դրույթներ` ստեղծելով բացառիկ համընդգրկուն արժեքների` մշտական հիմքով և ժամանակակից գիտական մեթոդներին համապատասխան կազմակերպված կոլեկտիվ պաշտպանության արդյունավետ համակարգ,

որոշելով իր տասնվեցերորդ նստաշրջանում, որ այդ հարցը միջազգային կոնվենցիայի առարկա է,

ընդունեց 1972 թ. նոյեմբերի 16-ին սույն Կոնվենցիան:

 

1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշակութային ժառանգություն» են համարվում.

հուշարձանները` ճարտարապետական, մոնումենտալ քանդակագործության և գեղանկարչության ստեղծագործությունները, հնագիտական բնույթի տարրերը կամ կառուցվածքները, արձանագրությունները, անձավային կացարանները և տարրերի համադրումները, որոնք ունեն պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,

համալիրները` մեկուսացված կամ իրար միացած կառույցների խմբերը, որոնք իրենց ճարտարապետության, միասեռության կամ բնապատկերում իրենց տեղի շնորհիվ հանդիսանում են պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,

տեսարժան վայրերը` ձեռակերտ աշխատանքները կամ մարդու և բնության համատեղ ստեղծագործությունները, ինչպես նաև հնագիտական տեսարժան վայրեր ընդգրկող գոտիները, որոնք հանդիսանում են պատմության, գեղագիտության, ազգագրության կամ մարդաբանության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «բնության ժառանգություն» են համարվում.

բնության հուշարձանները` կազմված ֆիզիկական և կենսաբանական կազմավորումներից կամ նման կազմավորումների խմբերից, որոնք հանդիսանում են գեղագիտության կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,

երկրաբանական և ֆիզիոգրաֆիական կազմավորումները և հստակ սահմանազատված գոտիները, որոնք ներկայացնում են գիտության կամ կոնսերվացման տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող և վտանգի ենթակա կենդանիների ու բույսերի տեսակների արեալներ,

բնության տեսարժան վայրերը կամ խիստ սահմանազատված բնական գոտիները, որոնք ունեն գիտության, կոնսերվացման կամ բնական գեղեցկության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն պետք է որոշի և սահմանազատի իր տարածքում գտնվող և վերոհիշյալ 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսվող տարբեր արժեքները:

 

2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն ընդունում է, որ 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված և իր տարածքում գտնվող մշակութային ու բնության ժառանգության հայտնաբերումը, պաշտպանությունը, պահպանությունը, հանրամատչելի դարձնելը և ապագա սերունդներին հանձնումն ապահովելու պարտավորությունը դրվում է նախ և առաջ իր վրա: Այդ նպատակով այն պետք է անի ամեն ինչ իր ռեսուրսների ընձեռած հնարավորությունների շրջանակում և, անհրաժեշտության դեպքում, միջազգային օգնության և համագործակցության միջոցով, մասնավորապես, ֆինանսական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական օգնության միջոցով, որը նա կարող է ձեռք բերել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն` երաշխավորելու համար, որ իր տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու համար ձեռնարկվում են արդյունավետ և ակտիվ միջոցառումներ, ձգտում է, ըստ հնարավորին, իր պայմաններին համապատասխան.

ա) վարել ընդհանուր քաղաքականություն` մշակութային և բնության ժառանգությանը հասարակական կյանքում որոշակի գործառույթներ հաղորդելու նպատակով, և այդ ժառանգության պաշտպանությունը ներառել ընդհանուր պլանավորման ծրագրերում,

բ) իրենց տարածքում ստեղծել, եթե դեռևս ստեղծված չեն, մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու մեկ կամ մի քանի ծառայություններ` համապատասխան անձնակազմով և միջոցներով, որոնք թույլ կտան իրականացնելու դրանց գործառույթները,

գ) զարգացնել գիտական և տեխնիկական ուսումնասիրություններ ու հետազոտություններ և կատարելագործել աշխատանքի այն մեթոդները, որոնք պետությանը հնարավորություն են տալիս հակազդելու իր մշակութային և բնության ժառանգությանը սպառնացող վտանգներին,

դ) ձեռնարկել իրավական, գիտական, տեխնիկական, վարչական և ֆինանսական համապատասխան միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այդ ժառանգության հայտնաբերման, պաշտպանության, պահպանության, հանրամատչելի դարձնելու և վերականգնման համար, և

ե) աջակցել մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու բնագավառում կադրերի վերապատրաստման ազգային կամ տարածաշրջանային կենտրոնների ստեղծմանը կամ զարգացմանը, ինչպես նաև խրախուսել այդ բնագավառում գիտական հետազոտությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Լիովին հարգելով այն պետությունների ինքնիշխանությունը, որոնց տարածքում գտնվում է 1-ին և 2-րդ հոդվածներում նշված մշակութային և բնության ժառանգությունը և, չխոչընդոտելով ազգային օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքին` սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ այն համընդհանուր ժառանգություն է, որի պաշտպանությունը միջազգային ողջ հանրության պարտքն է:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան օգնություն տրամադրել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված մշակութային և բնության ժառանգության հայտնաբերմանը, պաշտպանությանը, պահպանությանն ու հանրամատչելի դարձնելուն, եթե այդ մասին կխնդրեն պետությունները, որոնց տարածքում այն գտնվում է:

3. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է չկատարել որևէ դիտավորյալ գործողություն, որը կարող է ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառել 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված, սույն Կոնվենցիայի մյուս մասնակից պետությունների տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար մշակութային և բնության համաշխարհային ժառանգության միջազգային պաշտպանություն ասելով` հասկանում ենք միջազգային համագործակցության և օգնության համակարգի ստեղծում` Կոնվենցիայի մասնակից պետությունների` այդ ժառանգության պահպանմանն ու հայտնաբերմանն ուղղված ջանքերին օգնություն ցույց տալու համար:

 

3. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում հիմնադրվում է Բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող մշակութային և բնության ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտե, որն անվանվում է «Համաշխարհային ժառանգության կոմիտե»: Այն կազմված է Կոնվենցիայի մասնակից տասնհինգ պետություններից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի հերթական նստաշրջանում` ընդհանուր ժողովի հրավիրված` սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից: Կոմիտեի կազմի մեջ մտնող պետությունների թիվը կհասցվի քսանմեկի` սկսած Գլխավոր խորհրդաժողովի այն հերթական նստաշրջանից, որը կանցկացվի սույն Կոնվենցիայի` առնվազն քառասուն պետությունների համար ուժի մեջ մտնելուց հետո:

2. Կոմիտեի անդամների ընտրության ժամանակ պետք է ապահովվի աշխարհի տարբեր տարածաշրջանների և մշակույթների արդարացի ներկայացուցչությունը:

3. Կոմիտեի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներկա գտնվել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը (Հռոմի կենտրոն), Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ներկայացուցիչը (ԻԿՈՄՈՍ) և Բնության ու բնական պաշարների պահպանության միջազգային միության ներկայացուցիչը (ՄՍՈՊ), որոնց, Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի հերթական նստաշրջանում` ընդհանուր ժողովի հրավիրված` սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խնդրանքով, կարող են միանալ համանման խնդիրներ հետապնդող միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ պետություններն իրենց լիազորություններն իրականացնում են` սկսած Գլխավոր խորհրդաժողովի այն հերթական նստաշրջանի ավարտից, որի ժամանակ իրենք ընտրվել են, մինչև դրան հաջորդող երրորդ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Առաջին ընտրությունների ժամանակ նշանակված անդամների մեկ երրորդի լիազորություններն ավարտվում են Գլխավոր խորհրդաժողովի այն առաջին հերթական նստաշրջանի վերջում, որը հաջորդում է այն նստաշրջանին, որի ժամանակ նրանք ընտրվել են, իսկ այդ նույն ժամանակ նշանակված անդամների երկու երրորդի լիազորություններն ավարտվում են Գլխավոր խորհրդաժողովի` իրենց ընտրությանը հաջորդող երկրորդ հերթական նստաշրջանի վերջում: Կոմիտեի այդ անդամների անունները վիճակահանությամբ որոշվում են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի նախագահի կողմից` առաջին ընտրություններից հետո:

3. Կոմիտեի անդամ պետությունները որպես իրենց ներկայացուցիչներ ընտրում են մշակույթի կամ բնության ժառանգության բնագավառի որակյալ մասնագետների:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեն ընդունում է իր Ընթացակարգի կանոնները:

2. Կոմիտեն ցանկացած ժամանակ կարող է իր նիստերին հրավիրել հասարակական կամ մասնավոր կազմակերպությունների, կամ առանձին անձանց` կոնկրետ հարցերով խորհրդակցության համար:

3. Կոմիտեն կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնք անհրաժեշտ է համարում իր գործառույթների իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն, ըստ հնարավորության, Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնում է իր տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության այն արժեքների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված ցուցակում: Այդ ցանկը, որը չպետք է սպառիչ համարել, պետք է բովանդակի փաստաթղթեր տվյալ արժեքների գտնվելու վայրի և դրանց նշանակության վերաբերյալ:

2. Պետությունների կողմից 1-ին կետին համապատասխան ներկայացվող ցանկերի հիման վրա Կոմիտեն կազմում, համալրում և «Համաշխարհային ժառանգության ցուցակ» անվամբ հրատարակում է մշակութային և բնության ժառանգության մաս կազմող արժեքների ցուցակ, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում, որոնք Կոմիտեն համարում է բացառիկ համընդգրկուն արժեք` իր սահմանած չափանիշներին համապատասխան: Համալրված ցուցակն ուղարկվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ:

3. Համաշխարհային ժառանգության ցուցակում արժեքի ընդգրկումը պահանջում է շահագրգիռ պետության համաձայնությունը: Այն տարածքում գտնվող արժեքի ընդգրկումը, որի նկատմամբ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը մի քանի պետությունների կողմից վիճարկվում է, ոչ մի կերպ չի անդրադառնում վիճող կողմերի իրավունքների վրա:

4. Կոմիտեն, երբ պահանջում են հանգամանքները, կազմում, համալրում և «Վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակ» անվամբ հրատարակում է Համաշխարհային ժառանգության ցուցակում հիշատակված այն արժեքների ցուցակը, որոնց պահպանության նպատակով պահանջվում են զգալի աշխատանքներ, և որոնց համար սույն Կոնվենցիայի շրջանակներում օգնություն է խնդրվել: Այդ ցուցակում նշվում է գործողությունների մոտավոր արժեքը: Ցուցակում կարող են ընդգրկվել մշակութային և բնության ժառանգության մաս կազմող այն արժեքները միայն, որոնց սպառնում են լուրջ և կոնկրետ վտանգներ, ինչպես, օրինակ, ուժեղացող ավերման հետևանքով անհետացման վտանգը, հասարակական կամ մասնավոր խոշորամասշտաբ աշխատանքների ծրագրերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացման ծրագրերը, հողի նշանակության կամ սեփականության իրավունքի փոփոխման հետևանքով ավերածությունները, անհայտ պատճառներով լուրջ վնասվածքները, այս կամ այն պատճառով լքվածությունը, զինված ընդհարումների բռնկումն ու սպառնալիքը, տարերային աղետներն ու կատակլիզմները, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունը, ջրհեղեղները և մակընթացությունները: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է ցանկացած պահի Վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել նոր արժեք և անհապաղ հայտնել այդ մասին:

5. Կոմիտեն սահմանում է այն չափանիշները, որոնց հիման վրա մշակութային կամ բնության ժառանգությանը պատկանող արժեքը կարող է ընդգրկվել սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում նախատեսված երկու ցուցակներ:

6. Նախքան արժեքը` սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված երկու ցուցակներից որևէ մեկում ընդգրկելու խնդրանքը մերժելը, Կոմիտեն խորհրդակցում է այն մասնակից պետության հետ, որի տարածքում է գտնվում մշակութային կամ բնության ժառանգության տվյալ արժեքը:

7. Կոմիտեն, շահագրգիռ պետությունների հետ պայմանավորվածության համաձայն, համակարգում և խրախուսում է սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում նշված ցուցակները կազմելու համար անհրաժեշտ ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացումը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Այն փաստը, որ մշակութային կամ բնության ժառանգության այս կամ այն արժեքը չի ընդգրկվել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված երկու ցուցակներից որևէ մեկում, ոչ մի դեպքում չի նշանակում, թե այդ օբյեկտը չունի բացառիկ համընդգրկուն արժեք որևէ այլ առումով, քան այդ ցուցակներում ընդգրկվելը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեն ստանում և ուսումնասիրում է միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացրած դիմումները` իրենց տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության մաս կազմող այն արժեքների առնչությամբ, որոնք ներառված են կամ կարող են ներառվել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված ցուցակներում: Նման դիմումների նպատակը կարող է լինել այդ արժեքների պաշտպանության, պահպանության, հանրամատչելի դարձնելու կամ վերականգնման ապահովումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան միջազգային օգնության վերաբերյալ դիմումները կարող են վերաբերել նաև 1-ին և 2-րդ հոդվածներում սահմանված մշակութային կամ բնության ժառանգության հայտնաբերմանը, այն դեպքում, երբ նախնական հետազոտությունները վկայում են, որ հետագա հարցումները կարդարացվեն:

3. Կոմիտեն որոշում է, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն այդ դիմումների կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում սահմանում է իր օգնության բնույթն ու ծավալը և իր անունից լիազորում անհրաժեշտ համաձայնագրերի կնքումը շահագրգիռ կառավարության հետ:

4. Կոմիտեն սահմանում է իր գործողությունների առաջնահերթության կարգը: Ընդ որում, նա հաշվի է առնում պաշտպանություն պահանջող արժեքի կարևորությունը մշակութային և բնության համաշխարհային ժառանգության համար, շրջակա միջավայրի կամ աշխարհի ժողովուրդների հանճարի ու պատմության առավել ներկայացուցչական արժեքներին միջազգային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը և ձեռնարկվելիք աշխատանքների հրատապությունը, այն պետությունների ռեսուրսների ծավալը, որոնց տարածքում են գտնվում վտանգված արժեքները և, մասնավորապես, որքանով նրանք կկարողանան ապահովել այդ արժեքների պահպանությունն իրենց միջոցներով:

5. Կոմիտեն կազմում, համալրում և հրապարակում է այն արժեքների ցուցակը, որոնց համար միջազգային օգնություն է տրամադրվում:

6. Կոմիտեն որոշում է ընդունում սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան ստեղծված հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ: Նա փնտրում է այդ միջոցներն ավելացնելու աղբյուրներ և այդ նպատակով ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները:

7. Կոմիտեն համագործակցում է միջազգային և ազգային, կառավարական և ոչ կառավարական այն կազմակերպությունների հետ, որոնք հետապնդում են սույն Կոնվենցիայի նպատակներին համանման նպատակներ: Կոմիտեն իր ծրագրերի և նախագծերի կատարման համար կարող է, մասնավորապես, դիմել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի (Հռոմի կենտրոն), Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ու Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության (ՄՍՈՊ), ինչպես նաև պետական ու մասնավոր մարմինների և առանձին անձանց օգնությանը:

8. Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ: Քվորում կազմում է Կոմիտեի անդամների մեծամասնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեին օգնում է Քարտուղարությունը` նշանակված Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից:

2. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը, առավելագույնս օգտագործելով Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի (Հռոմի կենտրոն), Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ու Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության (ՄՍՈՊ) ծառայությունները նրանց իրավասությունների և համապատասխան հնարավորությունների ոլորտներում, պատրաստում է Կոմիտեի փաստաթղթերը, նրա նիստերի օրակարգը և ապահովում նրա որոշումների կատարումը:

 

4. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույնով հիմնվում է Բացառիկ համընդգրկուն արժեքի մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության հիմնադրամ, որն անվանվում է «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»:

2. Այդ հիմնադրամը, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ֆինանսական կանոնադրության համապատասխան հոդվածների համաձայն, համարվում է նպատակային հիմնադրամ:

3. Հիմնադրամի միջոցները կազմված են`

ա) սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտադիր և կամավոր մուծումներից,

բ) ավանդներից, նվերներից և կտակված գումարներից, որոնք կարող են արվել`

(i) այլ պետությունների կողմից,

(ii) Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և այլ միջկառավարական կազմակերպությունների կողմից,

(iii) պետական կամ մասնավոր մարմինների կամ առանձին անձանց կողմից,

գ) Հիմնադրամից փոխառված գումարների տոկոսներից,

դ) Հիմնադրամի օգտին կազմակերպված միջոցառումներից ստացված տուրքերի և մուտքերի գումարներից,

ե) ցանկացած այլ աղբյուրներից, որոնք թույլատրվում են Հիմնադրամի կանոնադրությամբ` մշակված Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից:

4. Մուծումները` Հիմնադրամ և Կոմիտեին տրամադրվող օգնության մյուս ձևերը կարող են օգտագործվել միայն Կոմիտեի սահմանած նպատակներով: Կոմիտեն կարող է ընդունել մուծումներ, որոնք նախատեսված են միայն որոշակի ծրագրի կամ նախագծի համար, պայմանով, որ նա որոշում կայացրած լինի այդ ծրագրի կամ նախագծի կատարման վերաբերյալ: Մուծումները Հիմնադրամ չեն ուղեկցվում քաղաքական որևէ պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, առանց խոչընդոտելու ցանկացած կամավոր մուծումը, պարտավորվում են երկու տարին մեկ անգամ կանոնավոր Համաշխարհային ժառանգության հիմնադրամ վճարել մուծումներ, որոնց չափը, բոլոր պետությունների համար կազմելով միևնույն տոկոսը, կսահմանի Կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեան` հրավիրված Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանի ժամանակ: Գլխավոր ասամբլեայի այդ որոշման ընդունումը պահանջում է ներկա գտնվող և քվեարկող այն մասնակից պետությունների ձայների մեծամասնությունը, որոնք չեն կատարել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը: Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտադիր մուծումը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության սովորական բյուջե կատարվող նրանց մուծման մեկ տոկոսը:

2. Սակայն սույն Կոնվենցիայի 31-րդ կամ 32-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր պետություն կարող է Կոնվենցիան վավերացնելու, ընդունելու կամ նրան միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին հայտարարել, որ ինքը սույն հոդվածի 1-ին կետի դրույթներով կապված չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը կատարած Կոնվենցիայի մասնակից պետությունը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել վերոհիշյալ հայտարարությունը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցելու միջոցով: Սակայն հայտարարության չեղյալ հայտարարումն այդ պետության պարտադիր մուծման վրա ազդեցություն կունենա մասնակից պետությունների հերթական Գլխավոր խորհրդաժողովի օրվանից միայն:

4. Որպեսզի Կոմիտեն կարողանա արդյունավետորեն ծրագրավորել իր գործունեության իրականացումը, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարություններ կատարած սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների մուծումները պետք է կատարվեն կանոնավոր, առնվազն երկու տարին մեկ անգամ, և չպետք է կատարվեն մուծումներ այն գումարից պակաս, որ նրանք պետք է մուծեին այն դեպքում, եթե կապված լինեին սույն հոդվածի 1-ին կետի դրույթներով:

5. Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետություն, որն ընթացիկ տարվա և դրան անմիջականորեն նախորդած օրացուցային տարվա համար իր պարտադիր կամ կամավոր մուծումների պարտք ունի, չի կարող ընտրվել Համաշխարհային ժառանգության հիմնադրամի կոմիտեում` չնայած սույն դրույթը չի կիրառվում առաջին ընտրությունների ընթացքում:

Կոմիտեի անդամ հանդիսացող նման պետության լիազորությունները դադարում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընտրությունների ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները խրախուսում են ազգային, պետական կամ մասնավոր հիմնադրամների, կամ ընկերակցությունների ստեղծմանը, որոնց նպատակն է նվիրատվություններ ներգրավել մշակութային և բնության ժառանգության պաշտպանության համար, ինչպիսին սահմանված է սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն օգնում են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հովանու ներքո համաշխարհային ժառանգության հիմնադրամի կողմից կազմակերպվող միջոցների հավաքման միջազգային միջոցառումներին: Նրանք այդ նպատակով աջակցում են 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված մարմինների կողմից անցկացվող դրամահավաքներին:

 

5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետություն կարող է դիմել իր տարածքում գտնվող` բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող և մշակութային կամ բնության ժառանգության մաս կազմող արժեքին միջազգային օգնություն տրամադրելու խնդրանքով: Իր դիմումի հետ միասին նա պետք է ներկայացնի 21-րդ հոդվածում նախատեսված տեղեկատվություն և փաստաթղթեր, որ ունի իր տրամադրության ներքո, և որոնք անհրաժեշտ են Կոմիտեին` որոշում ընդունելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Կոնվենցիային համապատասխան, միջազգային օգնությունը կարող է տրամադրվել մշակութային և բնության ժառանգության մաս կազմող միայն այն արժեքների համար, որոնք Համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշել է կամ կարող է որոշել ներառել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված որևէ ցուցակում, 13-րդ հոդվածի 2-րդ կետի, 22-րդ հոդվածի (c) ենթակետի և 23-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեն սահմանում է միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ ստացվող դիմումների քննության և խնդրանքի բովանդակությունը ճշտելու ընթացակարգը, որով պետք է որոշվի ենթադրյալ գործողությունների բնույթը, անհրաժեշտ աշխատանքների ծավալը, վերջինների մոտավոր արժեքը, հրատապության աստիճանը և այն պատճառները, որոնք օգնության խնդրանքով դիմած պետությանը թույլ չեն տալիս ինքնուրույն կատարել բոլոր անհրաժեշտ ծախսերը: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, դիմումներին կցվում են փորձագետների եզրակացությունները:

2. Աղետների և տարերային աղետների կապակցությամբ ներկայացված օգնության վերաբերյալ դիմումները, այն աշխատանքների հրատապության առումով, որոնք, հնարավոր է, անհրաժեշտ լինի իրականացնել, Կոմիտեն պետք է քննի առաջնահերթ, ընդ որում, նա իր տրամադրության ներքո պետք է ունենա նման դեպքերի համար նախատեսված պահուստային հիմնադրամ:

3. Նախքան որոշում ընդունելը` Կոմիտեն կարող է անցկացնել հետազոտություններ կամ խորհրդակցություններ, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից տրամադրվող օգնությունը կարող է ունենալ հետևյալ ձևերը`

ա) գեղարվեստական, գիտական ու տեխնիկական այնպիսի հիմնահարցերի վերաբերյալ հետազոտություններ, որոնք բխում են մշակութային և բնության ժառանգության պաշտպանությունից, պահպանությունից, հանրամատչելի դարձնելուց և վերականգնումից, ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում,

բ) փորձագետների, տեխնիկական մասնագետների և որակյալ մասնագետների գործուղում` հաստատված նախագծի բավարար կատարումն ապահովելու համար,

գ) մշակութային և բնության ժառանգության հայտնաբերման, պաշտպանության, պահպանության, վերականգնման և հանրամատչելի դարձնելու բնագավառի բոլոր մակարդակների անձնակազմերի մասնագետների պատրաստում,

դ) սարքավորման տրամադրում, որը շահագրգիռ պետությունը չունի կամ ի վիճակի չէ ձեռք բերելու,

ե) երկարաժամկետ փոխառությունների տրամադրում ցածր տոկոսադրույքով կամ առանց տոկոսադրույքի,

զ) բացառիկ և հատուկ հիմնավորված դեպքերում անհատույց նպաստների տրամադրում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Համաշխարհային ժառանգության կոմիտեն կարող է նաև միջազգային օգնություն տրամադրել մշակութային և բնության ժառանգության հայտնաբերման, պաշտպանության, պահպանության, վերականգնման և հանրամատչելի դարձնելու բնագավառի բոլոր մակարդակների անձնակազմերի և մասնագետների պատրաստման ազգային կամ տարածաշրջանային կենտրոններին:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Մեծ ծավալի օգնություն տրամադրելուն պետք է նախորդեն գիտական, տնտեսական ու տեխնիկական մանրակրկիտ հետազոտություններ: Այդ հետազոտություններում անհրաժեշտ է օգտագործել մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության, վերականգնման ու հանրամատչելի դարձնելու համար ամենաառաջադեմ մեթոդները, և դրանք պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի նպատակներին:

Հետազոտություններում պետք է ձգտել նաև մատնանշել շահագրգիռ պետության առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիները:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Ընդհանուր կանոնի համաձայն` անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորումը միայն մասամբ պետք է դրվի միջազգային հանրության վրա: Միջազգային օգնությունից օգտվող պետության ֆինանսական մասնակցությունը կազմում է յուրաքանչյուր ծրագրի կամ նախագծի համար տրամադրվող միջոցների զգալի մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ռեսուրսներն այդ չեն թույլատրում:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Համաշխարհային ժառանգության կոմիտեն և օգնություն ստացող պետությունն իրենց կնքած համաձայնագրով սահմանում են այն պայմանները, որոնցով պետք է իրականացվի սույն ծրագիրը կամ նախագիծը, որի համար սույն Կոնվենցիայի պայմաններին համապատասխան միջազգային օգնություն է տրամադրվում: Այդ միջազգային օգնությունից օգտվող պետության պարտականությունն է համաձայնագրում սահմանված պայմաններին համապատասխան շարունակել պաշտպանել, պահպանել և հանրամատչելի դարձնել պահպանության ենթակա արժեքները:

 

6. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ձգտում են, կիրառելով բոլոր համապատասխան միջոցները և, մասնավորապես, կրթական ու տեղեկատվական ծրագրերը, ամրապնդել իրենց ժողովուրդների հարգանքն ու կապվածությունը Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում սահմանված մշակութային և բնության ժառանգության նկատմամբ:

2. Նրանք պարտավորվում են հասարակությանը լայնորեն տեղեկացնել այդ ժառանգությանն սպառնացող վտանգների, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կիրառվող միջոցառումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Սույն Կոնվենցիային համապատասխան միջազգային օգնություն ստացող Կոնվենցիայի մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նման օգնություն ստացած ժառանգության կարևորությանը և օգնության դերին ծանոթացնելու նպատակով:

 

7. ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին, վերջինիս սահմանած ժամկետներով և ձևով ներկայացրած զեկույցներով, տեղեկացնում են սույն Կոնվենցիայի կատարման նպատակներով իրենց ընդունած օրենսդրական ու վարչական դրույթների և այլ գործողությունների, ինչպես նաև այդ բնագավառում իրենց կուտակած փորձի մասին:

2. Այդ զեկույցները հանձնվում են Համաշխարհային ժառանգության կոմիտեին:

3. Կոմիտեն իր գործունեության մասին զեկույց է ներկայացնում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում:

 

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Սույն Կոնվենցիան կազմված է անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, բոլոր հինգ տեքստերն էլ հավասարազոր են:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետությունների կողմից իրենց սահմանադրություններով նախատեսված կարգով:

2. Վավերագրերը կամ ընդունման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

1. Սույն Կոնվենցիան բաց է միանալու Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետության համար, որը Կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովից կստանա միանալու հրավեր:

2. Միանալը կատարվում է միանալու փաստաթուղթը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ ընդունման կամ միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց, բայց միայն այն պետությունների համար, որոնք իրենց վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնել նշված օրը կամ ավելի վաղ: Ցանկացած այլ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Հետևյալ դրույթները կիրառվում են սույն Կոնվենցիայի մասնակից այն պետությունների նկատմամբ, որոնք ունեն դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգ`

ա) սույն Կոնվենցիայի այն դրույթների առնչությամբ, որոնց կատարումը գտնվում է դաշնային կամ կենտրոնական օրենսդրական իշխանության իրավազորության ներքո, դաշնային կամ կենտրոնական կառավարության պարտականությունները կլինեն նույնը, ինչ և դաշնային պետություններ չհանդիսացող մասնակից պետություններինը,

բ) սույն Կոնվենցիայի այն դրույթների առնչությամբ, որոնց կատարումը գտնվում է յուրաքանչյուր առանձին նահանգի, երկրի, մարզի, կենտրոնի իրավազորության ներքո, որոնք դաշնության սահմանադրական համակարգին համապատասխան պարտավոր չեն ձեռնարկել օրենսդրական միջոցներ, դաշնային կառավարությունը նման նահանգների, երկրների, մարզերի և կանտոնների իրավասու իշխանություններին տեղեկացնում է նշված դրույթների մասին` հանձնարարելով ընդունել դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան:

2. Չեղյալ հայտարարելը ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման փաստաթուղթն ստանալուց տասներկու ամիս անց: Այն ոչ մի դեպքում չի անդրադառնում չեղյալ հայտարարող պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների վրա մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամ պետություններին, 32-րդ հոդվածում հիշատակված Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը հաղորդում է 31 և 32-րդ հոդվածներում հիշատակված վավերացման, ընդունման կամ միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ի պահ հանձնելու, ինչպես նաև 35-րդ հոդվածում նշված չեղյալ հայտարարելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

1. Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից: Սակայն վերանայված տեքստը կպարտավորեցնի միայն այն պետություններին, որոնք կդառնան վերանայված Կոնվենցիայի մասնակից կողմեր:

2. Այն դեպքում, եթե Գլխավոր խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի լրիվ կամ մասնակի վերանայման արդյունքում ընդունի նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիան չբովանդակի այլ կարգ, սույն Կոնվենցիան վավերացման, ընդունման կամ միանալու համար փակ կլինի վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն, սույն Կոնվենցիան կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
16.11.1972
Կոնվենցիա